


Այս երեք տաղանդավոր արվեստագետները մեկ ամիս կանցկացնեն Պողոսյան հիմնադրամի խորհրդանշական մշակութային կենտրոնում՝ Բրյուսելի Վիլա Էմպենում ստեղծագործելով, ոգեշնչվելով և նոր բացահայտումներ անելով։

1
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
3
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ
1
ԱՄԻՍ
Ծանոթացե՛ք արվեստագետների հետ

Բիայնա Մահարի
Լուսանկարիչ
Բիայնա Մահարին լուսանկարիչ և վիզուալ պատմասաց է, որի աշխատանքները հրապարակվել են տեղական և միջազգային բազմաթիվ պարբերականներում, այդ թվում՝ Audubon, La República, Madame Figaro և Libération։ ՏՏ ոլորտում կարճատև աշխատանքից հետո նա ամբողջությամբ նվիրվել է լուսանկարչությանը՝ կենտրոնանալով դոկումենտալ լուսանկարչության վրա։ Բիայնան արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ ICP Director Fellowship (Նյու Յորք), CPOY մրցանակների, DMJX դպրոցի ECCA կրթաթոշակի և ավելին։
Իր ստեղծարար կացության ընթացքում նա կկենտրոնանա իր՝ 2020 թվականի արցախյան պատերազմի մասին ընթացիկ նախագծի վրա՝ օրագրային գրառումները ձևավորելով որպես ամբողջական տեքստ, որը լուսանկարների հետ միասին կդառնա գիրք։
Ինստագրամյան էջ՝ @biayna
Վարդան Հարությունյան
Կոմպոզիտոր, հնչյունային արվեստագետ
Վարդան Հարությունյանը ձայնային արվեստի և էլեկտրոնիկայի ոլորտում ստեղծագործող կոմպոզիտոր է, ով կենտրոնացած է ռեզոնանսի ու հաճախականությունների հետազոտության վրա։ Նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանի ու արտերկրի մի շարք արվեստի կենտրոններում։ Վարդանը համագործակցել է Bambir խմբի և Արտո Թունջբոյաջյանի հետ։ Ներկայումս Վարդանը հանդես է գալիս որպես դասական դաշնակահար և ուսանում է երաժշտաթերապիա։
Վիլա Էմպենում Վարդանը կաշխատի իր աուդիովիզուալ ինստալյացիայի վրա, որը համադրում է բնական ձայնային միջավայրերը և իր մշակած օվերտոնային տեխնիկայով ստեղծված երաժշտական ձայնագրությունները։
Ինստագրամյան էջ՝ @vhsound_official


Տոմա Այդինյան
Խորեոգրաֆ
Տոմա Այդինյանը խորեոգրաֆ է, որը ձևավորում է իր սեփական շարժման լեզուն՝ համադրելով բարդ պարային տեխնիկաները առօրյա կյանքից վերցված ժեստերի հետ։ Նա ունի ավելի քան 20 տարվա փորձ և հանդես է եկել որպես պարուհի, խորեոգրաֆ և դասավանդող Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, և այլ երկրներում։ Նա եղել է Compania Giardino Chiuso և Opus Ballet (Իտալիա, 2019) խմբերի առաջատար պարող, ImpArt Dance Company-ի (Գերմանիա–Հունաստան) պարող-բեմադրիչ, ինչպես նաև Käfig Dance Company-ի (Ֆրանսիա, 2023–2024) հիմնական պարող։
Բրյուսելում գտնվելու ընթացքում Տոման կբեմադրի իր նոր մենապարը, ուսումնասիրելով, թե ինչպես են մարդիկ հաղթահարում վիշտը, և շարունակում ապրել՝ պահելով իրենց ներքին ճեղքերը։
Ինստագրամյան էջ՝ @tomaydinyan







