
Թորոս Խաչատրյան, 2025թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից
Քաղաքի կենսունակ ստեղծագործական միջավայրում գտնվելով Box Photo Lab-ի հիմնադիր Թորոս Խաչատրյանը գտավ ոչ միայն ստեղծագործելու և ուսումնասիրելու տարածք, այլ նաև իր իրական ստեղծագործական առաքելությունը։ Այս հարցազրույցում Թորոսը պատմում է, թե ինչպես է այս փորձը նոր ուղղություն տվել իր ստեղծագործական նախագծերին և ամրապնդել իր հանձնառութ յունը՝ զարգացնելու լուսանկարչությունը Հայաստանում։
Վերջերս ավարտեցիք ձեր East-West Residency ստեղծարար կացությունը Բրյուսելի Վիլա Էմպենում: Կպատմե՞ք ձեր փորձառության նշանակալից դրվագների մասին:
Ինձ համար ամենակարևորը հենց ընտրվելն էր․ դա ինձ տվեց հստակ նպատակ և խթան՝ ստեղծելու որևէ իմաստալից բան։ Վիլա Էմպենը ինքնին՝ իր ճարտարապետությամբ և մթնոլորտով, շատ ոգեշնչող էր։ Բայց Բելգիայում՝ Եվրոպայի գեղարվեստական կենտրոններից մեկում գտնվելն ավելի ազդեցիկ էր։ Ես հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, այցելեցի թանգարաններ և բացահայտեցի նոր մշակույթ։ Այս ամենի համադրությունն էլ այս կացությունը դարձրեց իսկապես արժեքավոր։
Box Photo Lab-ը ստեղծելուց և տարիներ շարունակ ղեկավարելուց հետո, Վիլա Էմպենում կացությունը ձեզ հնարավորություն տվեց կենտրոնանալ վաղուց մտածած ստեղծագործական գաղափարների վրա: Կարո՞ղ եք ավելին պատմել ձեր նախագծերի, դրանց հիմքում ընկած ոգեշնչման և Բրյուսելում անցկացրած ժամանակի մասին, և թե ինչպես է այն ազդել դրանց զարգացման և առաջընթացի վրա:
Երբ ես առաջին անգամ ժամանեցի Վիլա Էմպեն, պատկերացնում էի, որ վերջապես կունենամ ժամանակ և տարածք՝ ամբոջությամբ կենտրոնանալու իմ ստեղծագործական գաղափարների վրա: Սակայն Բրյուսելում, Բարսելոնայում, Անտվերպենում և Փարիզում նմանատիպ աշխատանք կատարող մարդկանց հետ ճանապարհորդելը և շփվելը խորը ազդեցություն թողեց ինձ վրա:
Այս հանդիպումների միջոցով ես հասկացա. անկախ նրանից, ուզում եմ, թե ոչ, Box Photo Lab-ն ինքնին իմ ստեղծագործական առաքելությունն է: Այն ավելին է, քան պարզապես լաբորատորիա կամ բիզնես. դա այն շրջանակն է, որի միջոցով ես ուզում եմ ձևավորել մշակույթը, ստեղծել հնարավորություններ և տարածք, որպեսզի ուրիշները կարողանան արտահայտվել լուսանկարչության միջոցով: Բրյուսելում անցկացրած ժամանակն ինձ հնարավորություն տվեց լիովին ընդունել այս դերը և կենտրոնանալ Box Photo Lab-ը՝ որպես իմ գեղարվեստական գործունեություն զարգացնելու վրա:
Վերջին տարիներին Box Photo Lab-ը եղել է անալոգային լուսանկարչության ամենահայտնի խաղացողներից մեկը Երևանում, Հայաստանում: Ինչպե՞ս է այն համեմատվում Բելգիայի հետ, և ի՞նչը Բրյուսելի միջավայրից կարող է հարստացնել երևանյան համայնքը։
Բրյուսելում և այլ քաղաքներում ես գտա լաբորատորիաներ, որոնք աշխատում էին նույն մասնագիտական մակարդակով, ինչ Երևանի Box Photo Lab-ը՝ նմանատիպ սարքավորումներով և որակով։ Տարբերությունը մասշտաբն էր՝ տասն անգամ ավելի շատ լաբորատորիաներ և քսանից երեսուն անգամ ավելի շատ ֆիլմեր մշակվում էին ամեն օր։ Այդ գիտակցումը ինձ դրդեց տեսնել, որ Երևանում մեր առաքելությունը չի կարող լինել միայն ծառայությունների մասին։ Մենք պետք է կենտրոնանանք լսարան ձևավորելու, լուսանկարիչներին ցուցահանդեսների և բաց կանչերի միջոցով աջակցելու, երիտասարդ սերունդներին ներգրավելու և Հայաստանի լուսանկարչական արխիվների հետ համագործակցելու վրա՝ դրանք թվայնացնելու և տարածելու համար։ Ահա թե ինչպես կարող ենք իսկապես հարստացնել այստեղի համայնքը։
Կադրեր Թորոս Խաչատրյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությունից
Բացի ձեր սկզբնական մտադրություններից, ի՞նչ նոր գաղափարներ կամ ուղղություններ ի հայտ եկան ձեզ մոտ Բրյուսելում գտնվելու ընթացքում։
Ինչպես ասացի, Բրյուսելում ես հասկացա, որ Box Photo Lab-ը պետք է ծառայություններից զատ վերաճի մշակութային հարթակի՝ աջակցելով ցուցահանդեսներին, բաց մրցույթներին և արխիվներին։ Ես նաև հասկացա, որ մենք ունենք Երևանում միակ մութ սենյակը՝ գերազանց սարքավորումներով, և ես ուզում եմ այն ավելի ակտիվ դարձնել անալոգային տպագրության և ցուցահանդեսների միջոցով։ Բրյուսելը ինձ վստահություն տվեց, որ ես կարող եմ դա անել։
Առաջ նայելով՝ որո՞նք են ձեր նախագծի հաջորդ քայլերը, և որ ուղղություններն եք ամենաշատը ցանկանում ուսումնասիրել։
Ոմանք արդեն գիտեն, որ այս ճանապարհորդության ընթացքում ես հանդիպեցի իմ կյանքի երկրորդ Թորոսին՝ լուսանկարչական լաբորատորիայի սեփականատիրոջ, ով աշխատել էր Անրի Կարտիե-Բրեսոնի, Ժոզեֆ Կուդելկայի, Սեբաստիանո Սալգադոյի և նույնիսկ Դեյվիդ Լինչի հետ։ Նա շատ ոգեշնչեց ինձ։ Առաջինը, ինչ ես արեցի Երևան վերադառնալուց հետո, արխիվների սեփականատերերի և կուրատորների հետ կապ հաստատելն էր՝ առաջարկելով տպագրել ամբողջական ցուցահանդեսներ իմ կողմից՝ առանց որևէ վճարի։ Դրանով մենք դանդաղորեն սկսում ենք շարժվել այն ուղղությամբ, որը ես նկարագրում էի՝ պահպանել սովորական լուսանկարչական լաբորատորիան հիանալի ծառայություններով, բայց նաև ավելի շատ շեշտադրում տալ մշակութային կենտրոն և Երևանի լուսանկարչական եզակի մասնագիտացված տարածքներից մեկը լինելուն։



















