top of page

Ժամանակի և կադրի խաչմերուկում Սոնա Կարապողոսյանի հետ

Կինոքննադատ և կուրատոր Սոնա Կարապողոսյանը վերհիշում է Բրյուսելում անցկացրած իր ժամանակը 2025 թվականի East-West Residency-ի շրջանակներում:

Դեկտեմբերի 8, 2025թ. |  հեղ.` Creative Armenia

2990cb33-a9ea-4bed-bab8-180176a7bf39.jpeg

Սոնա Կարապողոսյան, 2025թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից

Բրյուսելի Վիլա Էմպենում իր մեկամսյա կացության ընթացքում Սոնան խորասուզվել էր 1980-ականների և 90-ականների հայկական ֆիլմերի մեջ, վերաիմաստավորել այդ շրջանի ֆիլմերը և աշխատել իր հետազոտության վրա։ Կացության ծրագիրը նրան հնարավորություն տվեց ոչ միայն խորությամբ ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը, այլև կապեր հաստատել միջազգային արվեստագետների և մշակութային գործիչների հետ Բրյուսելում:
Մեր հարցազրույցում Սոնան պատմում է Վիլա Էմպենում անցկացրած իր ժամանակի մասին, հայկական կինոյի վերաբերյալ բացահայտումներ կատարելու և ոգեշնչող կապեր ստեղծելու փորձառության մասին:

Վերջերս ավարտեցիք ձեր East-West Residency ստեղծարար կացությունը Բրյուսելի Վիլա Էմպենում: Կպատմե՞ք ձեր փորձառության նշանակալից դրվագների մասին:

Երբ հետ եմ նայում Վիլայում անցկացրած օրերին, առաջին զգացումը, որը վերապրում եմ, պարզապես այնտեղ լինելն է՝ շրջապատված կանաչ բնությունով՝ գեղեցիկ անտառով, լճակով, լույսով և իմ մեծ պատուհանից ներս թափանցող ձայներով։

Ձեր կացության ընթացքում աշխատել եք 1980-ականների և 90-ականների հայկական կինոյի ձեր հետազոտության վրա: Կարող եք ավելին պատմել նախագծի, դրա ոգեշնչման և Բրյուսելում ձեր անցկացրած ժամանակի մասին, թե ինչպես է այն ազդել դրա զարգացման և առաջընթացի վրա։

1980-ականներն ու 90-ականները խորհրդային և հետխորհրդային կինոյում այն ժամանակաշրջանն էին, երբ ազգային կինոարդյունաբերությունները սկսեցին որոշակի ստեղծագործական ազատություն ստանալ՝ գրեթե առանց գրաքննության, միևնույն ժամանակ շարունակելով օգտվել գործող ենթակառուցվածքներից, որոնք հնարավոր էին դարձնում կինոարտադրությունը։


Երբ սկսեցի աշխատել Հայաստանի կինոյի հիմնադրամի ժառանգության բաժնում բաժնում (որը 2020-ին դեռ կոչվում էր Հայաստանի ազգային կինոկենտրոն), հանդիպեցի այդ շրջանի ֆիլմերի լուսանկարների հետ։ Դրանցից մի քանիսը ինձ համար անսովոր համարձակ և նորարարական էին թվում։ Սկսեցի դիտել Վիգեն Չալդրանյանի, Սուրեն Բաբայանի և այլոց ֆիլմերը, որոնք ինձ թարմ օդի շունչ էին հիշեցնում. լի ազատությամբ և փորձարկման ոգով, ինչը բացակայում է ժամանակակից հայկական կինոյում: Իմ գաղափարն էր կազմել մի ծրագիր, որը կներառեր այս շրջանի ֆիլմերը՝ աշխատանքներ, որոնք և՛ հետաքրքիր են, և՛ դեռևս համեմատաբար անհայտ, նույնիսկ հայ հանդիսատեսի համար։


Բրյուսելում գտնվելու ընթացքում ես հնարավորություն ունեցա վերանայել այս ֆիլմերից շատերը և դրանցից մի քանիսը դիտել առաջին անգամ՝ շնորհիվ Հայաստանի կինոյի հիմնադրամի, որը տրամադրել էր նյութերի մեծ մասը: Ներկայումս ավարտում եմ ծրագրի վերջնական ձևավորումը և շուտով կսկսեմ այն առաջարկել տարբեր կինոհաստատություններին և կինոթատրոններին՝ հնարավոր ցուցադրությունների համար։


Ես արդեն սկսել եմ քննարկումներ Բրյուսելի Cinematek-ի հետ, որը հետաքրքրություն է հայտնել նախագծի նկատմամբ: Մենք համաձայնեցինք սկսել մեկ ֆիլմով, որը, հավանաբար, կցուցադրվի Բրյուսելում հաջորդ գարնանը: Ես կվերադառնամ Բելգիա՝ այն ներկայացնելու համար: Մենք այժմ ֆիլմի ընտրության գործընթացում ենք, և ես ուրախ կլինեմ կիսվել ավելի շատ մանրամասներով, երբ ամեն ինչ հաստատվի։

Կադրեր Սոնա Կարապողոսյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությունից

Ձեր փորձից ելնելով՝ արդյո՞ք հայկական կինոն արձագանք է գտնում Բելգիայի և նրա սահմաններից դուրս գտնվող լսարանի մոտ։ Ո՞ր ֆիլմերը կհամարեիք իդեալական այդ հանդիսատեսին ներկայացնելու համար։

Այո, անկասկած։ Բրյուսելում գտնվելու ընթացքում ես մասնակցեցի մի քանի անկախ ցուցադրությունների և տեսա հետաքրքրասեր, հիմնականում երիտասարդ հանդիսատեսի, Նույնիսկ բոլորովին անհայտ ֆիլմերի հեղինակների նիշային ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ էր դահլիճը լի։ Եվ եթե ֆիլմը ներկայացված է այնպիսի երկրից, որի մասին նրանք լսել են, բայց շատ բան չգիտեն, դա դառնում է լրացուցիչ մոտիվացիա՝ ցուցադրությանը մասնակցելու համար։


Բացի այդ, բելգիացի հանդիսատեսը ծանոթ է հայկական կինոյին։ Մի քանի տարի առաջ Cinematek-ը ծրագիր էր անցկացնում համր հայկական ֆիլմերի մասին, իսկ Bozar-ը մի քանի տարի անընդմեջ հյուրընկալում էր ժամանակակից հայկական կինոյի ցուցադրություններ։ Այսպիսով, ես վստահ եմ, որ կա լսարան բոլոր տեսակի կինոյի համար՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից, քանի որ մարդիկ, հատկապես կինոֆիլ համայնքի ներսում, անկեղծորեն ցանկանում են բացահայտել նոր ֆիլմեր և կինոգործիչների։

Բրյուսելում գտնվելու ընթացքում ի՞նչ նոր գաղափարներ կամ նախագծեր են ծագել:

Այս ծրագրին զուգահեռ ես նաև աշխատում էի Եվրոպական կինոյի ամիս  ծրագրի կազմակերպման վրա, որը մենք անցկացնում ենք երկրորդ տարին անընդմեջ՝ Եվրոպական կինոակադեմիայի հետ համատեղ: Իմ Բրյուսելում գտնվելու ժամանակը համընկավ Լոկառնոյի կինոփառատոնի հետ, և ես կարողացա կարճատև ուղևորություն անել այնտեղ: Զարմանալի չէ, որ փառատոնում դիտած ֆիլմերից մի քանիսը ընդգրկվեցին մեր ծրագրում։


Այս պահին ես ավարտում եմ ֆինանսավորումը և բանակցությունները ֆիլմերի հեղինակների հետ, և հուսով եմ, որ մենք կկարողանանք ծրագիրը ներկայացնել երևանյան հանդիսատեսին նոյեմբերի վերջին։
 

Վերհիշելով East-West Residency-ի ընթացքում ունեցած ձեր փորձը, ո՞րն է ամենակարևոր ձեռքբերումը ձեզ համար:

Մարդկային կապերը միշտ ամենակարևորն են նման նախագծերում։ Իմ կացության ընթացքում հանդիպեցի երկու հիասքանչ արվեստագետների՝ Աբդալլա Ալ Օմարիի (Սիրիա/Բելգիա) և Պետրամ Չալախի (Լիբանան) հետ, և մենք իսկապես մտերմացանք։ Ես կատակեցի, որ մեր ստեղծագործական կացությունը նման էր միասին ապրող ընկերների մասին ամերիկյան հեռուստասերիալի։ Կատակները մի կողմ, ես իսկապես հույս ունեմ, որ այս ընկերությունը կվերածվի մեր միջև համագործակցային նախագծի։ Տեսնենք։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page