top of page

Creative Armenia-ի շնորհիվ երեք հայ արվեստագետ Բրյուսելում ստեղծարար կացություն են սկսում

Արվեստագետները կճամփորդեն «Պողոսյան հիմնադրամ»-ի հայտնի Վիլա Էմպեն՝ Եվրոպայի սրտում մեկ ամիս շարունակ իրենց ստեղծագործական նախագծերի վրա աշխատելու նպատակով: 

Սեպտեմբերի 7, 2023թ. |  հեղ.` Creative Armenia

2023_East-West_Residents_Main_Banner_FB.jpg

Creative Armenia-ն, համագործակցելով «Պողոսյան հիմնադրամ»-ի հետ, ուրախ է հայտարարելու East-West Residency ծրագրի նոր մասնակիցներին։ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին երեք ականավոր արվեստագետներ կմեկնեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ Վիլա Էմպեն մշակութային կենտրոնում մեկ ամիս շարունակ ստեղծագործելու նպատակով:

 

2023 թվականի East-West Residency մասնակիցներն են տեսողական արվեստագետ Նարեկ Բարսեղյանը, կոմիքսների նկարիչ Շամիրամ Խաչատրյանը և լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։ Ընտրված արվեստագետները Հայաստանի ամենատպավորիչ տաղանդներից և մշակութային առաջնորդներից են, ովքեր սահմանում են արվեստի հետագիծը իրենց համապատասխան ոլորտներում։ Վիլա Էմպենում կացության ընթացքում ստեղծագործողներն ունենալու են աննախադեպ հնարավորություն մշակելու իրենց ստեղծագործական նախագծերը, համագործակցելու եվրոպացի արվեստագետների հետ և բացահայտելու Բելգիայի դինամիկ մշակութային դաշտը՝ միաժամանակ ներկայացնելով հայ ժամանակակից արվեստը եվրոպական մշակութային ասպարեզում։ 

 

«The East-West Residency ծրագիրը հայ արվեստագետների համար հանդիսանում է կենսական նշանակություն ունեցող կամուրջ, որը կապում է նրանց եվրոպական մշակութային դաշտին։ Ծրագիրն իրականացվում է արդեն չորրորդ անգամ, և մենք ականատես ենք լինում, թե ինչ մեծ փորձ են ձեռք բերում ծրագրի մասնակիցները Բրյուսելում ստեղծարար կացության արդյունքում  և վերադառնում իրենց հայրենիք նոր գաղափարներով և համագործակցություններով», — ասաց Կարին Հովհաննիսյանը` Creative Armenia-ի հիմնադիր տնօրենը։

 

Արդեն հինգերորդ տարին է, ինչ East-West Residency-ն աջակցում է բազմաթիվ հայտնի արվեստագետների՝ օգնելով նրանց իրականացնել հավակնոտ ստեղծագործական նախագծեր։ Խթանելով արվեստագետների փորձի փոխանակման մշակույթը՝ ծրագիրը  առաջ է մղել արվեստի ոլորտում հայ տաղանդաշատ մարդկանց եվրոպական ասպարեզում։ East-West Residency նախորդ մասնակիցների թվում են գեղարվեստական ղեկավար և անիմատոր Տիգրան Առաքելյանը, տեսողական արվեստագետ Գայանե Ավետիսյանը, գրող Աննա Դավթյանը, գեղարվեստական ղեկավար և գեղագիր Ռուբեն Մալայանը և շատ ուրիշներ։ 

 

«Մենք խորապես հավատում ենք, որ Արվեստը մշակույթների միջև ավելի լավ ըմբռնման բանալին է: Creative Armenia-ի հետ հավակնոտ համագործակցությունը ամրապնդում է մեր կապը Հայաստանի և նրա կենսունակ արվեստի դաշտի հետ: Մենք հպարտ ենք ողջունելու առաջատար հայ արվեստագետներին «Պողոսյան հիմնադրամ»-ի  կացության վայրում, որը հանդիսանում է ոչ միայն գաղափարների և ժամանակակից ստեղծագործությունների լաբորատորիա, այլ նաև արվեստագետների, համադրողների, գրողների և գիտնականների միջև միջազգային հանդիպումների և փորձի փոխանակման վայր», — ասաց «Պողոսյան հիմնադրամ»-ի  գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։

 

Ծրագրի և մասնակիցների մասին ավելին կարող եք իմանալ creativearmenia.org/residency կայքում։

 

East-West Residency-ն Creative Armenia-ի և «Պողոսյան հիմնադրամ»-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն  համաշխարհային արվեստի հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում և խթանում է նորարար արվեստագետների արվեստը։ «Պողոսյան հիմնադրամ»-ը ստեղծվել է 1992թ.-ին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժանի և Ալբերտի կողմից՝ զարգացմանը և կրթությանը նպաստելու հիմնական նպատակով։  

bottom of page