top of page
NEWS & UPDATES

Creative Armenia-ն 2023 թվականին

Առաջ նայելով դեպի 2024 թվականին՝ անդրադառնում ենք նախորդ տարվա 8 ամենանշանակալի ձեռքբերումներին 

Դեկտեմբերի 28 2023թ. |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia_1.png

Ամբողջ աշխարհի հայերի համար 2023 թվականը մարտահրավերներով լի տարի էր։ Վշտով ենք ապրել Արցախի կորուստը, պատկերել ենք ապագայի նոր հավանականություններ և կրկին անգամ սովորել ենք այդ ամենի հետ մեկտեղ համառորեն առաջ շարժվել։ 

 

Տարին ավարտվում է և ժամանակն է նշելու այն նախագծերը, ստեղծարար բիզնեսները, հաստատությունները և մշակութային առաջնորդությունը, որոնց շուրջ մեր ստեղծագործ համայնքն արարել է Creative Armenia-ի ծրագրերի շրջանակներում և ոչ միայն։

​

10 արվեստագետների աջակցություն Fellowship-երի միջոցով

​

Վերջին հինգ տարիների ընթացքում Creative Armenia-ն ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ ստեղծված Creative Armenia-AGBU Fellowships-ի միջոցով նոր ստեղծագործողների սերունդ է սնուցում: Այս համապարփակ ծրագիրը տրամադրում է 5,000 դոլար ֆինանսավորում, համաշխարհային առաջնորդների կողմից մենթորություն, ինչպես նաև կարիերայի լայնամասշտաբ աջակցություն։ Fellowship ծրագիրն արդեն նպաստել է 38 արվեստագետների բարգավաճմանը:

 

Այս տարի 10 արվեստագետներ իրենց տարին անցկացրել են ստեղծագործելով, իրենց ոլորտներում բովանդակալից կապեր հաստատելով և համաշխարհային ուշադրություն հրավիրելով Արցախի և Հայաստանի շուրջ։ Այս տարվա ստեղծագործողներն են՝ լուսանկարիչ և կինոռեժիսոր Ալեքսիս Փազումյանը (Ֆրանսիա), կինոռեժիսոր Ալիկ Թամար Բարսումյանը (Միացյալ Նահանգներ), լուսանկարիչ և կինոռեժիսոր Դիանա Մարկոսյանը (Միացյալ Նահանգներ), վիզուալ նկարիչ Գայանե Երկանյանը (Նիդերլանդներ), վիզուալ նկարիչ Հարություն Թումաղյանը (Հայաստան), ջազ վոկալիստ Լուսինե Եղիազարյանը (Միացյալ Նահանգներ), կինոռեժիսոր Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը (Հայաստան), գրող և ստեղծագործական պրոդյուսեր Նաիրի Աբրահամյանը (Հայաստան), սաքսոֆոնահար և կոմպոզիտոր Րաֆֆի Կարապետյանը (Միացյալ Նահանգներ) և կինոռեժիսոր Սարին Հայրապետյանը (Միացյալ Նահանգներ, Հորդանան)։

​

Ցանկանու՞մ եք ավելի լավ պատկերացում կազմել նրանց մասին։ Կարդացե՛ք նրանց հարցազրույցները, որոնցում պատմում են իրենց ստեղծագործական կարիերայի, ոգեշնչումների և գալիք նախագծերի մասին։

Տրամադրվել է 34 մենթորություն

​

2023 թվականին Creative Armenia-ի և Artbox-ի արվեստագետները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու տպավորիչ մենթորների հետ, այդ թվում մրցանակակիր հոլիվուդյան կինոգործիչների, փոդքասթի առաջամարտիկների և հաջողակ բիզնես առաջնորդների հետ։

​

2023 թվականի Creative Armenia-AGBU Fellow, գրող և պրոդյուսեր Նաիրի Աբրահամյանն իր գաղափարները քննարկեց «This American Life» ռադիո և հեռուստատեսային հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր Այրա Գլասսի հետ։ Կինոռեժիսոր Ալիկ Թամար Բարսումյանը խորհուրդներ ստացավ «Lobster» (2015թ.) և «Favourite» (2018թ.) ֆիլմերի խմբագիր Յորգոս Մավրոպսարիդիսից։ Սաքսոֆոնահար և կոմպոզիտոր Րաֆֆի Կարապետյանն անդրադարձավ իր երաժշտական կարիերային ամերիկացի ջազային տենոր սաքսոֆոնահար Սոնի Ռոլինսի հետ, ով ջազի ամենակարևոր և ազդեցիկ երաժիշտներից մեկն է։ Նախադեպերը շատ են։

3 արվեստագետ պարգևատրվել են ստեղծարար կացությամբ

​

Տարվա ընթացքում Հայաստանից 3 խոստումնալից արվեստագետների պարգեւատրել ենք Բելգիայի Բրյուսել քաղաքում ստեղծարար կացությամբ։ East-West Residency ծրագրի 2023 թվականի մասնակիցներն են՝ նկարիչ Նարեկ Բարսեղյանը, կոմիքսների նկարիչ Շամիրամ Խաչատրյանը և լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։

​

Պողոսյան հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը թույլ է տալիս Հայաստանի ժամանակակից ստեղծագործողներին խորապես ծանոթանալ Բելգիայի ուշագրավ մշակույթին և հայկական արվեստը դարձնել եվրոպական քննարկումների բաղադրիչ։ Որպես իրենց ճամփորդության մաս՝ արվեստագետները մեկ ամիս կանցկացնեն անկրկնելի Վիլա Էմպենում, հաստատելով կապեր միջազգային արվեստի գործիչների հետ և ստեղծագործելով Եվրոպայի կենտրոնում։

 

Արվեստագետների ճանապարհորդությանը ծանոթանալու համար հետևեք մեր սոցիալական էջերին (Instagram, Facebook, Twitter և LinkedIn), որտեղ գրի կառնենք և կկիսվենք նրանց հաջորդ տարվա սկզբին մեկնարկվող ստեղծագործական արկածներով։

Տրամադրվել է 500,000 եվրո և ավել ֆինանսավորում մի շարք ստեղծարար բիզնեսների, հաստատությունների և արվեստագետների

​

Մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում տաղանդների և Հայաստանի մշակութային ապագայի մեջ ներդրումներ կատարելուն։ Այս տարվա ընթացքում տրամադրված 500,000 եվրոն վկայում է մեր առաքելության մասին։

​

Մեր գործընկերների աջակցությամբ՝ Artbox-ը և Creative Armenia-AGBU Fellowship-երը դրամաշնորհներ են շնորհել ավելի քան 50 ազդեցիկ և նորարար արվեստագետների, Հայաստանյան հաստատությունների և բիզնեսների։ Դրանց թվում են մշակութային այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Մատենադարանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

​

Բացահայտեք Artbox-ի բոլոր արվեստագետներին, կենտրոնները և բիզնեսները։

Իրականացվել է 4 Artbox ծրագիր

​

Դրամաշնորհներն ու ֆինանսավորումը Artbox ծրագրի կարևոր բաղադրիչն են, սակայն մեր ստեղծարար ինկուբատորի և աքսելերատորի գործունեության շրջանակը շատ ավելի ընդարձակ է։

​

2023 թվականին Artbox-ն իրականացրեց իր բոլոր չորս ծրագրերը՝ Incubator-ը, Entrepreneur-ը, Hub-ը, և Accelerator-ը: Տարբեր ստեղծարար ոլորտների կարիքները բավարարելու համար հատուկ մշակված այս ծրագրերը ուղղված են արվեստագետներին, բիզնեսներին և հաստատություններին արդյունավետ գործիքներ և գիտելիք տրամադրելու միջոցով Հայաստանում ստեղծարար տնտեսության խթանմանը։

​

Ներգրավելով ավելի քան 190 մասնակիցներ, գրանցելով 100% լիարժեք մասնակցության ցուցանիշ և անցկացնելով LEGO®-ի, Tate Modern-ի, The Center Pompidou-ի և այլ մեծանուն հաստատություններ ներկայացնող մենթորների առաջնորդությամբ 72 միջոցառումներ և սեմինարներ՝ Artbox-ը սահմանում է Հայաստանում արվեստի և մշակույթի վերընթաց հետագիծը։ 

​

Լավագույն նորությունն այն է, որ 2024 թվականին սպասվում են ավելի շատ ծրագրեր։ Գալիք բաց կանչերին դիմելու համար հետևե՛ք artbox.am-ում արվող գրառումներին։

​

Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։

Գործարկվել է Artbox կայքը և հարթակը

​

Այս տարին Artbox-ում կարևոր իրադարձություն գրանցվեց։ Ոչ միայն կյանքի կոչեցինք Artbox-ի բոլոր չորս ծրագրերը և զգալի դրամաշնորհներ տրամադրեցինք, այլ նաև գործարկեցինք ժամանակակից հարթակը, որը հնարավոր դարձրեց ինկուբացիոն ընթացքի ամբողջությամբ թվային ֆորմատով իրականացումը։

​

Artbox-ի կայքը և հարթակը հարմարեցված են ստեղծարար ինկուբատորի յուրօրինակ կարիքներին։ Հարթակի միջոցով Artbox-ի մասնակիցները և մենթորները հետևում են իրենց առաջընթացին, վարում են սեմինարները և ստուգում առաջադրանքները՝ ամբողջը թվայնացված, կոկիկ դասավորված և հասանելի մեկ վայրում։

​

Ներկայումս հարթակի հատվածը միայն մասնակիցներին է հասանելի, սակայն կարող եք ուսումնասիրել կայքը, չորս ծրագրերը, արվեստագետների մեր համայնքը և մյուս տեղեկատվական հատվածները։ Ինչպես նաև նորություններին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել ինկուբատորի տեղեկագրին։

Հայաստանում քննարկումների շուրջ հյուրընկալել ենք լեգենդար կինոգործիչների

​

2023 թվականին մեր ամենամյա Creative Armenia շաբաթը հետաքրքիր կերպարանք ստացավ։ Այս ամառ համագործակցեցինք GAIFF Pro-ի հետ՝ Հայաստանում հյուրընկալելու պանելային քննարկումներ լեգենդար կինոգործիչներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների և Լավ Դիասի հետ։

​

Երևանում գտնվելու ժամանակ մրցանակակիր կինոգործիչները կիսվեցին իրենց ստեղծագործական կարիերայի մանրամասներով, պատասխանեցին տեղի ստեղծագործ համայնքի հարցերին և ոգեշնչեցին նրանց ձգտել ավելիին։

​

Ինքներդ վայելեք զրույցները մեր YouTube-յան ալիքում։

Ներկայացրինք Արցախը արվեստի առաջնաբեմում

​

Սեպտեմբերի 20-ին, երբ Արցախը շրջափակվեց, աշխարհասփյուռ հայությունը սարսափեց։ Ազգային ողբերգություն, որը բոլորի մոտ հարց առաջացրեց. «Հիմա ի՞նչ է լինելու Արցախի հետ»։ Թեև այս հարցի պատասխանը չգիտենք, այս տարի ևս շարունակել ենք երևան հանել Արցախի մասին կարևոր պատմությունները, որոնք մշտապես ապրելու են։

​

Որպես այս նախաձեռնության մաս՝ մեկնարկել ենք “Watch, Learn, Share” իրազեկման արշավը, ուղեկցված «Չտեսնված հանրապետություն» վավերագրական ֆիլմի թվային թողարկումով, որի հիմքում մեր «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհակիր Լիկա Զաքարյանի օրագիրն է: Արցախի անկման աղետալի լուրից հետո նաև կյանքի կոչեցինք սոցիալական մեդիայի արշավ, որը շեշտադրում է Creative Armenia-ի արվեստագետների կողմից Արցախի համար ստեղծված կարևոր ֆիլմերը, վիզուալ արվեստը, լուսանկարչությունը, երաժշտությունը և գրքերը։

​

Շարունակելու ենք անմահացնել Արցախը և պատկերել նրա ապագան՝ մեր արվեստագետների հետ միասին աջակցելով արցախցիներին։

Շնորհակալ ենք Ձեզ 2023 թվականի համար

​

Այսպիսով՝ ավարտենք տարվա ամփոփումը։

​

Ամանորին ընդառաջ ցանկանում ենք երախտագիտություն հայտնել մեր ամբողջ ստեղծագործական համայնքին։ Վերոնշյալ ծրագրերը, մենթորությունները և տրամադրված հնարավորությունները իրականություն չէին դառնա առանց մեր գործընկերների, հովանավորների և համաշխարհային ստեղծագործ համայնքի առատաձեռն աջակցության։

​

Շնորհակալություն մեր 2023 թվականի մի մասը լինելու համար։ Անհամբեր սպասում ենք 2024 թվականին՝ միասին կերտելու հայկական արվեստն ու մշակույթը։

​

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page