top of page

Կատարյալ փախուստ. Արտավազդ Եղիազարյանը ստեղծագործական ազատություն է գտնում Վիլա Էմպենում

Սցենարիստ և 2024թ. «East-West Residency»-ի մասնակիցը պատմում է իր ստեղծագործական և ինքնաբացահայտման ուղու մասին։

Դեկտեմբերի 13, 2024թ. |  հեղ.` Creative Armenia

Copy of DSCF9325.jpg

Արտավազդ Եղիազարյան, 2024թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից

Երբ սցենարիստ և գրող Արտավազդ Եղիազարյանը հայտնվեց Բրյուսելի Վիլա Էմպենում, նա կենտրոնացավ շրջապատող միջավայրը՝ և ֆիզիկական տարածությունը, և տրամադրությունը զգալու ու հասկանալու վրա՝ իր ստեղծագործական ձգտումները զարգացնելու նպատակով։

 

Լինելով հմուտ պատմասաց՝ Արտավազդը սկսել է իր ստեղծարար ուղին որպես լրագրող, և  այժմ ԵՐԵՎԱՆ ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Նա նաև «Վիշապաքարի գաղտնիքը» երիտասարդ մեծահասակների հաջողված ֆենթզի ժանրի վեպի հեղինակն է և հրատարակել է մի քանի պատմվածքների ժողովածուներ: Որպես սցենարիստ նա իր ներդրումն է ունեցել հայտնի և բարձր գնահատված «Դրախտի դարպասը» դրամայի (2019) և «Lumen Naturae» (2024) կարճամետրաժ ֆիլմի սցենարների մեջ։ 

 

Որպես 2024թ․-ի East-West Residency ծրագրի մասնակից՝ Արտավազդը բացառիկ հնարավորություն ունեցավ բացահայտելու իր կիրքը անիմացիայի նկատմամբ և կարևոր քայլեր ձեռնարկել իր «Վիշապաքարի գաղտնիքը» վեպը անիմացիոն ֆիլմի վերածելու ուղղությամբ: Կարդացեք մեր բացառիկ հարցազրույցը արվեստագետի հետ նրա ստեղծագործական հավակնոտ ձգտումների մասին ավելին իմանալու համար։

Վերջերս ավարտելով Ձեր East-West Residency կացության ծրագիրը Վիլա Էմպենում՝ Ձեր փորձառության ո՞ր կողմերն ամենամեծ տպավորությունը թողեցին Ձեզ վրա: Կա՞ն որոշակի պահեր կամ հանդիպումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել Ձեզ վրա:

 

Ստեղծագործական գործընթացին ժամանակ հատկացնելու ողջ փորձառությունը շատ օգտակար էր, մանավանդ, որ այն շատ տարբերվում էր երևանյան իմ առօրյայից:

Վիլա Էմպենում մնալու ընթացքում Դուք կենտրոնացաք Ձեր հաջողակ «Վիշապաքարի գաղտնիքը» երիտասարդ մեծահասակների ֆենթզի ժանրի վեպը անիմացիայի վերածելու վրա։ Կարո՞ղ եք ավելին պատմել այս նախագծի մասին։ Ի՞նչը հանդիսացավ ոգեշնչման աղբյուր Ձեզ համար և ի՞նչ ազդեցություն ունեցավ Բրյուսելում անցկացրած Ձեր ժամանակը դրա զարգացման և առաջընթացի վրա:

 

Շարունակելով նախորդ հարցին պատասխանելը՝ ուզում եմ նշել Բրյուսելի փողոցներով երկար զբոսանքները, որոնց ընթացքում անդրադարձել եմ իմ նախագծի զարգացմանը։ Մասնակցել եմ նաև մշակութային միջոցառումների, ինչպիսիք են արտ-հաուս ֆիլմեր դիտելը մեծ էկրանին և Վիլլայի հետնամասում գտնվող գեղեցիկ այգում զբոսնելը: Այս բոլոր փորձառությունները չափազանց օգտակար էին:

Բրյուսելը հաճախ համարում են Եվրոպայի կոմիքսների և անիմացիայի մայրաքաղաք: Հաշվի առնելով, որ Դուք ներկայումս աշխատում եք անիմացիոն նախագծի վրա, ինչպե՞ս են քաղաքի յուրահատուկ միջավայրն ու ռեսուրսներն ազդել Ձեր ստեղծագործական գործընթացի վրա:

 

Հետաքրքիր էր տեսնել Թինթինի ներկայությունն ամենուր, քանի որ «Թինթինի արկածները» (1992) մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, երբ ես երեխա էի: Ցավոք, օրիգինալ կոմիքսների հետ ծանոթացել եմ շատ ավելի ուշ։


Այս ամենին ականատես լինելը ինձ ոգեշնչեց ստեղծելու այնպիսի ուշագրավ, բացառիկ և ազդեցիկ մի բան, ինչպիսին Թինթինն է, Սմուրֆները կամ Աստերիքսն ու Օբելիքսը: Բելգիական կոմիքսների և անիմացիոն մշակույթը բարձր նշաձող սահմանեց իմ նախագծի համար. իհարկե չափազանց բարձր նշաձող, բայց կարելի է երազել, այնպես չէ՞:

Կադրեր Արտավազդ Եղիազարյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությունից

Ձեր տպավորիչ և բազմազան փորձառությունը հաշվի առնելով՝ սկսած «ԵՐԵՎԱՆ» ամսագրի գլխավոր խմբագիր լինելուց և «Դրախտի դարպասը» (2019) մրցանակակիր գեղարվեստական ​​ֆիլմի սցենարի վրա աշխատելուց մինչև «Վիշապաքարի գաղտնիքը» երիտասարդ մեծահասակների հաջողված ֆենթզի ժանրի վեպ գրելը, Ձեր կարծիքով, որո՞նք են այն ընդհանուր թեմաները, որոնք կապում են այս բազմազան նախագծերը իրար։


Լինի դա լրագրություն, պատերազմական ֆիլմ, թե վիշապի մասին ֆենթզի ժանրի վեպ, ես միշտ ամենակարևորը համարում եմ մարդկանց մասին պատմություններով կիսվելը։

Այս բոլոր աշխատանքներում մեկ այլ կրկնվող թեմա է անցյալի հետ բախվելը. այն, ինչ մենք փորձում ենք թաքցնել և ինչպես է այն ազդում մեր ներկայի և ապագայի վրա: Կարծում եմ՝ սա է պատճառներից մեկը, թե ինչու այս նախագծերը գտան իրենց լսարանը, և ինչու այդքան շատ մարդիկ արձագանքեցին այս պատմություններին:

Հետադարձ հայացք գցելով East-West Residency ծրագրին՝ որպես մասնակից ի՞նչն եք համարում Ձեր փորձառության մեջ ամենաարժեքավորը:


Առօրյայից լիովին կտրվելը, հիմնականում ստեղծագործական գործընթացի վրա երկար ժամանակ կենտրոնանալու հնարավորությունը, տարբեր երկրների և տարբեր ծագում ունեցող արվեստագետների հետ հանդիպումներն անգնահատելի էին:

Անշուշտ, այն աշխատանքի ծավալը, որ կարողացա կատարել ծրագրի շրջանակում այնտեղ գտնվելու ընթացքում, տպավորիչ էր։ Թեև սցենարը դեռ ավարտված չէ, ես զգալի առաջընթաց գրանցեցի և այժմ ունեմ ամուր հիմք՝ շարունակելու այն զարգացնել:

bottom of page