top of page

Չարենցը՝ ընդդեմ Փամուքի

Այս երկու գրողները երբեք չեն հանդիպել։ Բայց նրանք կապված են միեւնույն քաղաքի նկատմամբ տածած հիացմունքով, որը պետք է կապեր նրանց ճակատագրերը ու բացահայտեր տարբերությունները։

Նոյեմբերի 7, 2017  |  հեղ.` Անի Ավագյան-Կուրց

Screen Shot 2019-01-21 at 7.16.00 PM.png

«Դե ի՞նչ կարծիք ունեք Մեսչյանի երգերի մասին»,- կրկին հարցնում է լրագրողը։ Ռուբեն Հախվերդյանը խոժոռվում է։ Այս անգամ չի դիմանա։ «Ճիշտն ասած»,- ասում է նա,- «ես դրանք չեմ սիրում»։ «Իսկ ինչո՞ւ»։ Երգիչի աչքերը պտտվում են իրենց բներում։ «Գիտե՞ք ինչ։ Նրա երգերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ինքը տխուր է ոչ թե իր ազգի դրության պատճառով, այլ սեփական ոչ ադեկվատության»։ Եվ այս ասելով՝ Ռուբենն իր գլուխն ուղղում է լրագրողին՝ բարձրացնելով հոնքերը ու կարծես ասելով՝ «Բավարարված ե՞ս»։

 

Չգիտենք՝ ինչպես ենք այստեղ հասել։ Բայց գիտենք, որ պատմությունը սկիզբ է առել գրեթե կես դար առաջ՝ խորհրդային փոքրիկ հանրապետության անդերգրաունդում։ Պատմությունը երկու հերոս ուներ. մեկը ճարտարապետության ուսանող Արթուր Մեսչյանն էր՝ «Առաքյալներ» ռոք խմբի հիմնադիրը, մյուսը՝ թատերականի ուսանող Ռուբեն Հախվերդյաննը՝ իր գնչուական կիթառով։ 1960-ական թվականներն էին։ Տղաները դեռ երիտասարդ էին։ Նրանք կրում էին կաշվե բաճկոններ ու երգում ակումբներում, ցույցերի ժամանակ, մինչեւ որ 1991թ.-ին Խորհրդային Միությունն ի վերջո փլուզվեց։ Հայաստանն անկախ էր։

 

Բայց հենց այդտեղ էլ սկսվեցին անախորժությունները։ Արթուրը հեռացավ բեմից։ Ռուբենը գրավեց այն։ Երգում էր մանկական երգեր. նրա՝ «Իմ փոքրիկ նավակը» դարձավ մեր «Alouette»-ը։ Երգում էր սիրո երգեր. նրա՝ «Մեր սիրո աշունը» դարձավ մեր «Strangers in the Night»-ը։ Երգում էր հայրենասիրական երգեր. նրաէ «Սարերի քամին» դարձավ մեր «Country Roads»-ը։ Երգում էր բողոքի երգեր. նրա՝ «Եզը» դարձավ մեր «Blowin’ in the Wind»-ը։ Կյանքի յուրաքանչյուր էտապ սկսեց սահմանվել Հախվերդյանի երգերով։ «Բարի լույս, տիկի՛ն Արուս» երգում կինը մատներով փորփրում է ձավարը եւ հիշում իր ընտանիքը, որ իրեն լքել է։ Անշուշտ, նա դարձավ մեր «Eleanor Rigby»-ն։ Ու մենք սիրեցինք նրան ստեղծող այդ մարդուն։

Ռուբեն Հախվերդյան` «Խոսքեր»

Բայց Հայաստանը լավ չէր։ Անկախության առաջին իսկ տարում պատերազմը պաշարեց նորաստեղծ հանրապետությունը։ Սահմանները գոցված էին։ Էլեկտրականություն չկար։ Հացի հերթերը ոլորվում էին քաղաքային շենքերի շուրջ։ Ճիշտ է՝ պատերազմում հաղթանակ հետևեց։ Բայց այժմ կոռուպցիան եւ աղքատությունը ցնցեցին երկիրը։ Ապոկալիպտիկ ժամանակներ էին՝ «մութ ու ցուրտ տարիներ»։ Եվ մի քանի տարին մեկ՝ մենք կարիք ունեինք բեմից Արթուր Մեսչյանին լսելու։ Ու նա դա անում էր։ Ու ամեն անգամ նրա մորուքն ավելի սպիտակ էր, հայացքը՝ էլ ավելի մռայլ։ Նա վանականի տեսք ուներ՝ տարիների ընթացքում երեւի նույնիսկ մարգարեի։ Մեզ համար պատկերում էր դալիական հսկայական լանդշաֆտներ՝ ամուլ, բիբլիական անապատներ՝ լցված «խոսող դիմակներով», «ապակե վարագույրներով», «այրվող կամուրջներով»։ Տեսնում էինք բեմի վրա պարող մեր ազգային հիասթափության այլաբանությունները ու լուծման հնարավորությունները։

 

Եվ դրանք այնքան ազդեցիկ էին. մեզնից շատերին չէր էլ հետաքրքրում,  որ Մեսչյանը չի դրանք գրել։ Իր գրեթե բոլոր երգերի բառերը նա վերցնում էր ուրիշների գրած բանաստեղծություններից։ Բայց այնուամենայնիվ նրա համերգներին ներկա լինելով՝ մարդ իրեն մասնակից էր զգում խորապես օրիգինալ մի բանի։ Գուցե այս բառերը վաղուց են գրվել, բայց նախկինում երբևէ չեն ապրել.

 

Անավարտ իմ վերջի՛ն երգ,

Դու իմ վերջի՛ն մայրաքաղաք,

Հիմա մենք ո՞ւմ ենք հավատում,

Ո՞րն է հոգու եկեղեցին։

Մենք հաղթեցինք պատերազմում,

Բայց պարզվում է պարտվեցինք։

 Արթուր Մեսչյան ՝ «Ահա եւ վերջ»

Հայաստանում բողոքի ցույցեր էին մոլեգնում։ Առաջին քաղբանտարկյալներ... Սպանություններ... Իշխող կուսակցությունը փոխվեց, որ է՛լ ավելի ուժգին իրեն ենթարկի։ Ռուբենը երբեմն երգում էր նրանց համար, հետո՝ դադարում։ Նա մեկ այլ կուսակցության համար հիմն գրեց։ Հետո փոխեց դրա բառերը, հետո նորից փոխեց՝ արտացոլելով իր ապակենտրոնացած հայացքները: Պարզ էր, որ Ռուբենի մոտ ամեն ինչ կարգին չէ։ Նրան տեսնում էին Երեւանի պանդոկների աստիճանները բարձրանալիս, հեռուստատեսային էժանագին թոք-շուներում կմկմալիս եւ մասսայական ցույցերի ժամանակ իշխանությունների կամ ինչ-որ մեկի վրա զայրույթ թափելու համար բեմի վրա կաղալիս։ Նա իր երկրի պես փլուզվում էր և վատ ու նողկալի շատ բաներ էր ասում։

 

Բայցևայնպես, մեզ միշտ էլ զգուշացրել է չսիրել իրեն։ «Կանչի՛ր ինձ» երգում նա խոստովանում է, որ տոնական կոստյումով դաժան մարդ է եղել, որը գիտեր՝ ինչպես իրեն դրսևորել դղյակումդ։ Դեմ չի եղել անգամ հորդ հետ խոսել պատերազմի մասին կամ գովաբանել մորդ թխած կարկանդակները։ Շարունակելով՝ երգում է.

 

Կանչի՛ր ինձ քո դղյակը, բայց մի՛ մոռանա,

Որ դղյակիդ ցուրտ պատերում չեմ դիմանա,

Եվ եթե դու ինձ սիրում ես ոչ տոնական, այլ իսկապես,

Քեզ կծեծեմ, կհայհոյեմ առաջվա պես։

 

Իսկ այդ ընթացքում Արթուր Մեսչյանն ապրում էր իր ազնվական լռության մեջ։ Ասում էին՝ Բոստոնում է, բայց հետո վերադարձավ՝ ստանձնելու Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Քաղաքականության մեջ նա չներքաշվեց, եթե իհարկե Երեւանի գլխավոր ճարտարապետ դառնալը քաղաքականություն չէ։ Եվ անկասկած, նա շատ հրաշալի շինություններ հեղինակեց։ Վերջերս նա կառուցեց Մատենադարանի՝ հին հայկական նկարազարդ ձեռագրերի արխիվի նոր մասնաշենքը։

 

Հենց այդտեղ էր, որ մի լրագրող գտավ նրան։ Եվ հենց այդտեղ էր, որ Մեսչյանն առաջին անգամ պատասխանեց իր մասին ասված որոշ բաների վերաբերյալ։ Նա «ադեկվատ» բառն օգտագործեց մեկից ավելի անգամ՝ նկարագրելու ինքն իրեն։ Եվ վերջում ամփոփեց. «Ժողովո՛ւրդ, ինձ հանգիստ թողեք։ Սա՛ է իմ համերգը։ Ես ապրում եմ այս համերգով։ Սա իմ կյանքն է։ Սա իմ վիճակն է։ Կոշիկներիս այս փոշին... Դա իմ ամենօրյա կյանքն է։ Ես ձերը չեմ։ Դուք իմ տեսակը չեք։ Դուք հեռո՛ւ մնացեք ինձնից»։

 

Եվ այսպիսով, գովաբանո՞ւմ ենք մենք Մեսչյանին իր մաքրության համար։ Եվ արդյո՞ք Հախվերդյանին մեղադրում ենք, որ այդքան ներգրավվելով իր ժողովրդի ճակատագրի մեջ՝ ինքն էլ փտել է, ինչպես փտել ենք մենք։ Արդյո՞ք նախընտրում ենք հեռավոր պատմողին, ով տեսնում է (ոմանք կասեն՝ դիտում է) գործընթացի զարգացումը։ Թե՞ թշվառ մարդուն՝ հանճարի մնացորդներին, մինչ նա խորտակվում է իր մութ քաղաքի փորձություններում։  

 

Որովհետեւ նա ստեղծել է այս քաղաքը։ Նա չի երգել բիբլիական (չնայած նրբագեղ) այլաբանություններ, այլ երգել է բարդ երեկոների, տկար շարժուձեւի, Երեւանի զավեշտալի հնչյունների մասին, որոնք գալիս են իր բոլշեւիկ տատիկի մահճակալի ճռճռոցից։


Ո՛չ, մենք Արթուր Մեսչյանի տեսակը չենք։ Մենք այստեղ ենք Ռուբենի հետ։ Մեր հիվանդությունը նրա հիվանդությունն է։ Նա հիվանդ մարդ է։ Նա փայլուն մարդ է։ Նա մեզ կհիասթափեցնի։ Եվ մի օր կմեռնի այս փողոցներից մեկի անկյունում, բավականին պատահական՝ առանց խորհրդանիշի եւ իհարկե առանց վկայության, որ երգ կդառնա։

ՀԵՂԻՆԱԿ

Անի Ավագյան-Կուրցը գրող է. ապրում է Երեւանում։

bottom of page