Վան Սարգսյան, 2022 Creative Armenia-AGBU Fellow
Երաժշտությունը Վան Սարգսյանի կյանքի անբաժան մասն է եղել դեռ մանկուց։ Լեգենդար երաժիշտների գործերից ազդված՝ երգահան և երաժիշտ Վանը վաղ հասակից ցանկացել է ստեղծել իր հերոսների ստեղծագործությունների նման ազդեցիկ երաժշտություն: Այս ցանկությունն ուղեկցում է նրան իր ողջ ստեղծագործական կարիերայի ընթացքում՝ ստեղծագործելով բազմաթիվ երաժշտական ժանրերում, իսկ վերջին ժամանակներում երաժշտություն ստեղծելով ֆիլմերի համար և վերջերս գրելով «Անտեսանելի հանրապետություն» (Invisible Republic) Արցախյան պատերազմի մասին գեղարվեստական վավերագրական ֆիլմի երաժշտությունը:
Իմացե՛ք ավելին 2022 Creative Armenia-AGBU Fellow Վան Սարգսյանի ստեղծագործական ուղու մասին՝ կարդալով երաժշտի հետ հարցազրույցը։
«Դրանից հետո ծնողներս ինձ դասական կիթառ նվիրեցին։ Կարծում եմ՝ նրանց ցանկությունն էր, որ ես ակադեմիական երաժտություն սովորեմ, բայց դա ինձ կոտրեց:»
Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեց երաժիշտ դառնալու Ձեր ճանապարհը:
Երաժշտության հետ կապված իմ ամենավաղ հիշողությունը մանկությունից է: Ծնողներս դասական երաժշտության հատվածներ էին միացնում, և երբ հուզականությամբ լեցուն մասեր էին հնչում, արտասվում էի։ Բայց սրանք միայն պատմություններ են, որոնք պատմել են ինձ։
Իմ առաջին, արդեն գիտակված հիշողությունն է, երբ հայրս մեզ CD նվագարկիչ բերեց: Հայրիկիս ընկերները բերում էին R.E.M.-ի, Nirvana-ի, Beatles-ի, Pink Floyd-ի և Մայքլ Ջեքսոնի ձայներիզներ ու ձայնասկավառակներ: Այս ստեղծագործողներին առաջին անգամ լսելը ցնցող էր: Այդ ժամանակ ես դաշնամուր նվագել էի սովորում, բայց չէի պատկերացնում, որ կարող եմ նաև նվագել այդ տեսակ երաժշտություն: Մի անգամ, երբ հավաքույթներից մեկի ժամանակ Սամվել Մկրտչյանը Ջոն Լենոնի երգերից էր նվագում, հիշում եմ, թե կիթառ նվագելու ինչ ուժգին ցանկություն ունեի։ Այդ ժամանակ նա ինձ սովորեցրեց առաջին երկու ակորդները:
Դրանից հետո ծնողներս ինձ դասական կիթառ նվիրեցին։ Կարծում եմ՝ նրանց ցանկությունն էր, որ ես ակադեմիական երաժտություն սովորեմ, բայց դա ինձ կոտրեց: Ինձ տարել էին այն ժամանակվա լավագույն դասական ուսուցչի՝ Հակոբ Ջաղացպանյանի մոտ, սակայն շուտով հասկացա, որ ներդաշնակ չեմ դրա հետ։ Շատ դժվարություններ ունեցա։ Դա տևեց մինչև այն պահը, երբ էլեկտրական կիթառ նվեր ստացա, որն ինձ վերադարձրեց իմ աշխարհ՝ նվագելու այն, ինչ սիրում էի: Խումբ ստեղծեցի և նվագեցի ռոք երաժշտություն՝ միաժամանակ դասական կիթառ պարապելով կոնսերվատորիայի ընդունելության համար:
Ինձ համար բեկումնային էր այն պահը, երբ Մանուկյան հիմնադրամից ստացա ամբողջական կրթաթոշակ՝ սովորելու Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Royal Academy of Music): Սա կյանքը փոխող փորձառություն էր: Այնտեղ ես հաճախեցի Ռութ Բիրչմորի կոմպոզիցիայի դասերին, որտեղ էլ եղավ երգահան դառնալու իմ առաջին փորձը:
Պատմեք Ձեր ստեղծագործական ոգեշնչումների մասին՝ լինեն դրանք մարդիկ, իրեր, թե երևույթներ, և ինչ եք սովորել նրանցից:
Այս պահին ինձ ոգեշնչում են պատմությունները։ Մեզ նման սովորական մարդկանց պատմություններ. թե որքան միայնակ ենք՝ մեզ հետ ունենալով միայն մեր կյանքի սկզբում ժառանգած «կապոցը»։
Ես հասկացել եմ, որ վիզուալ մարդ եմ, գուցե այն պատճառով, որ վիզուալ արվեստագետների ընտանիքից եմ ծնվել։ Իմ ուղեղն այդպես է աշխատում: Ես ստեղծում եմ երաժշտություն՝ դիտելով ֆիլմն առանց ձայնի. տեսողական կադրերն ինձ անմիջապես դնում են շատ հետաքրքիր հոգեվիճակում: Այս առումով ինձ մեծապես ոգեշնչում են Փելեշյանն ու Տարկովսկին։
Վերջերս Դուք երաժշտություն եք գրում բազմաթիվ ֆիլմերի համար, այդ թվում՝ «Անտեսանելի հանրապետություն» (Invisible Republic) Արցախյան պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիլմի, «Կինը» (Woman) կարճամետրաժ ֆիլմի և շատ այլ նախագծերի համար: Ինչպե՞ս է այս գործընթացը տարբերվում երգ գրելու գործընթացից: Ի՞նչն է Ձեզ դուր գալիս և ի՞նչն է դժվար այդ գործընթացում:
«Հիշում եմ, երբ աշխատում էի «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի տարբեր հատվածների վրա՝ արցունքներն իջնում էին աչքերիս: Զգացմունքային առումով դժվար էր այս ֆիլմի համար երաժշտություն գրելը:»
Դա ինձ շատ դուր է գալիս: Ֆիլմի համար ստեղծագործելու իմ առաջին փորձը եղել է Վահագն Խաչատրյանի հետ։ Նա ֆիլմի վրա էր աշխատում և խնդրել էր ինձ երաժշտություն գրել իր նախագծերի համար: Այդ ժամանակ ես հասկացա, որ այդ գործընթացի մեջ կա մի բան, որն իսկապես իմն է, իմ ներսից է գալիս: Այդ հնարավորություններն ինձ մղում էին ստեղծագործելու։
2020 թվականին, երբ սկսեց Արցախյան պատերազմը, իր նկարահանող խմբի հետ եկավ «Անտեսանելի հանրապետություն» (Invisible Republic) գեղարվեստական վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանն, և մենք ինքնաբուխ սկսեցինք գրել մի երգ, որը ֆիլմի գլխավոր հերոս Լիկա Զաքարյանը երգելու էր ֆիլմում։ Դրանից հետո Կարինն ինձ առաջարկեց գրել ֆիլմի պարտիտուրը։ Հիշում եմ, երբ աշխատում էի «Անտեսանելի հանրապետություն» (Invisible Republic) ֆիլմի տարբեր հատվածների վրա՝ արցունքներն իջնում էին աչքերիս: Զգացմունքային առումով դժվար էր այս ֆիլմի համար երաժշտություն գրելը։ Բայց ֆիլմի ռեժիսորի հետ աշխատանքն առաջ տանելու հետաքրքիր ձև էինք մշակել։ Կարծում եմ, որ ֆիլմի համար երաժշտություն գրող յուրաքանչյուր երգահան պետք է սովորի լավ հաղորդակցվել ռեժիսորի հետ, որպեսզի ստեղծվի աշխատանքային լավագույն միջավայր:
Երգ գրելու և ֆիլմի համար երաժշտություն գրելու գործընթացները և՛ նման են, և՛ շատ տարբեր: Երբ երգ ես գրում, դու ազատ ես, քանի որ միակ պատասխանատուն դու ես։ Ֆիլմի դեպքում դա նման է խմբով նվագելուն: Դու պետք է անընդհատ տեղյակ լինես, թե ինչ է կատարվում, որպեսզի թույլ տաս, որ ֆիլմում ճիշտ ժամանակին ձայնը մարի և հետո ճիշտ ժամանակին էլ վերադառնա: Տեսողական կադրերն ինձ շատ են օգնում։ Երբ ես դիտում եմ կադրերը, արդեն մտքումս ինչ-որ բան կա՝ տրամադրություն կամ նույնիսկ նոտաներ, և հետո սկսում եմ իմպրովիզներ անել դրանց հետ:
Այս պահին Դուք աշխատում եք Ձեր առաջին ալբոմի վրա: Որո՞նք են այն թեմաներ և գաղափարներ, որոնք ուսումնասիրում եք դրա հետ:.
Վերջին շրջանում մեծ տեղաշարժ է եղել իմ կարիերայում։ Ալբոմը, որը պատրաստվում էի թողարկել, կթողարկվի որպես իմ առաջիկա կարճամետրաժ ֆիլմի երաժշտություն: Ես արդեն գրել եմ սցենարը և այս աշնանը կնկարահանեմ ֆիլմը։
Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել Fellowship-ի տարում և որո՞նք են Ձեր հաջորդ մեծ նպատակները:
2022 Fellowship-ն ինձ օգնեց զարգացնել իմ գաղափարները և էլ ավելի մեծ երազել: Հաջորդ մեծ նպատակը կլինի իմ դեբյուտային ֆիլմի թողարկումը՝ իմ գրած երաժշտության հետ միասին: Այս պահին աշխատում եմ նաև իմ ստուդիայի վրա, որը թույլ կտա ինձ՝ որպես ռեժիսորի տեղափոխել իմ երաժշտությունն այլ հարթություն։