ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն հայտարարում են «Creative Armenia–AGBU Fellowships» ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը
Մեկամյա այս ծրագիրը կաջակցի հինգ տաղանդավոր արվեստագետների՝ տրամադրելով նրանց ֆինանսական աջակցություն, մենթորություն և առաջխաղացման հնարավորություններ։
Հոկտեմբերի 7, 2025թ. | հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ուրախությամբ հայտարարում են «Creative Armenia–AGBU Fellowships» ծրագրի 2026 թվականի հայտերի ընդունման մասին։ Ծրագրին կարող են դիմել այն ստեղծագործողները, ովքեր իրենց ստեղծագործական ոլորտում գրանցել են որոշակի ձեռքբերումներ և համաշխարհային մակարդակով հաջողության հասնելու ներուժ ունեն։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի նոյեմբերի 9-ն է։
«Creative Armenia–AGBU Fellowships» ծրագիրը մեկ տարվա ընթացքում հինգ մասնակցի (fellow) տրամադրում է 5,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ, ոլորտի առաջատարների և մրցանակակիր արվեստագետների հետ մենթորություններ, ինչպես նաև մասնագիտական առաջխաղացման տարատեսակ հնարավորություններ: Ծրագրին մանրամասն ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք՝ creativearmenia.org/creative-armenia-agbu-fellowships։
««Creative Armenia–AGBU Fellowships»-ը հայ արվեստագետների շրջանում ամենամեծ պահանջարկ վայելող հնարավորություններից է», – նշում է Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։ «Մենք հպարտ ենք, որ մեր ներդրումն ունենք հայկական մշակույթի նոր առաջնորդների բացահայտման, զարգացման և աջակցության գործում»։
2026 թվականին ընտրված հինգ fellow-ները կմիանան «Creative Armenia–AGBU»-ի 38 շրջանավարտների համայնքին, որոնց թվում են երաժիշտներ, նկարիչներ, արվեստագետներ, կուրատորներ, կինոռեժիսորներ, գրողներ և անիմատորներ, որոնք արդեն ստացել են Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի աջակցությունը, զարգացրել են իրենց մասնագիտական գործունեությունը և այժմ հանդես են գալիս որպես Հայաստանի մշակութային դեսպաններ։
Ծրագրի շրջանակներում 100-ից ավելի մենթորների թվում են մրցանակակիր արվեստագետներ, ինչպիսիք են՝ օսկարակիր ֆիլմերի մոնտաժող Յորգոս Մավրոպսարիդիսը («Poor Things», «The Lobster»), ձայնային ձևավորող Մարկ Մանջինին («Mad Max: Fury Road», «Blade Runner», «Dune»), երաժիշտներ Տիգրան Համասյանը և Սերժ Թանկյանը («System of a Down»), կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը («The Sweet Hereafter», «Exotica», «Ararat» և այլն), վիպասան Քրիս Բոհջալյանը («Midwives», «The Flight Attendant», «Hour of the Witch» և այլն) և բազում այլ արվեստագետներ:
«Մենք անհամբեր սպասում ենք 2026 թվականի մասնակիցներին, ովքեր հնարավորություն կունենան անգնահատելի գիտելիքներ ստանալու այսպիսի յուրօրինակ և ճանաչված մենթորների կողմից։ Ոգեշնչվում ենք, երբ ականատես ենք լինում, թե ինչպես է հայ ստեղծագործ ոգին նորովի արտահայտվում և իր նշանակալի հետքը թողնում հայկական արվեստում և մշակույթում», – նշում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը։
Creative Armenia-ն համահայկական մշակութային հիմնադրամ է, որի նպատակն է բացահայտել, աջակցել և խթանել նորարար տաղանդների։
Մեկ դարից ավել Սփյուռքի և Հայաստանի վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն շարունակում է հնարավորություններ ստեղծել հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամռանը պրակտիկաներ անցնելու և մասնագիտական նախագծերի մասնակցելու հնարավորություններ։ Վերջինիս թվում են «Երաժշտական Հայաստան» նախագիծը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գործում են ԱՄՆ-ում 2012 թ.-ին, իսկ Եվրոպայում 2016 թ.-ին հիմնադրված ՀԲԸՄ «Կատարողական արվեստ» բաժնի հովանու ներքո։
