Ինչպես են նրանք այստեղ հասել
7 խոհ Սոֆյա Կոպոլայից եւ Էյվա Դյուվըրնեյից
Նոյեմբերի 14, 2017 | հեղ.` Դայանա Շի
Այս տարի աշնանը Creative Armenia-ն ներկա գտնվեց The New Yorker փառատոնին՝ լուսաբանելու մերօրյա երկու թոփ կին ռեժիսորների աշխատանքները։ Էյվա Դյուվըրնեյը («Selma») եւ Սոֆյա Կոպոլան («The Beguiled») միանգամայն տարբեր ծագում ունեն։ Դյուվերնեյը մինչեւ 32 տարեկանը ձեռքը տեսախցիկ չի վերցրել եւ տարիներ շարունակ աշխատել է որպես ժամանցային հրապարակախոս՝ գովազդելով եկամտաբեր հիթեր, ինչպես օրինակ «Dreamgirls»-ը եւ «The Help»-ը, նախքան հայտնի կդառնար իր «The Middle of Nowhere»-ով, որի համար 2012թ.-ին Sundance-ում արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակի։ Կոպոլան իհարկե օսկարակիր հայտնի հայր ուներ, բայց խորասուզված էր նորաձեւության ու լուսանկարչության մեջ. նա անգամ հիմնել էր շապիկների իր բիզնեսը նախքան այս հմտությունները կմիաձուլվեին իր դեբյուտային «The Virgin Suicides» ֆիլմում։ Իր ֆիլմերում նորաձեւությունը շարունակում է մնալ ձեռագիր, ուր հագուստներն իրենց երկխոսությունն ունեն։ «The Beguiled» ֆիլմում Կոպոլայի՝ հագուստի վաղեմի դիզայներ Սթեյսի Բաթաթը նախընտրեց հրաժարվել լայն փեշերով շրջազգեստներից՝ արտացոլելու պատերազմից հետո շատ տղամարդկանց տուն հետ չդառնալու արդյունքում կին կերպարների՝ տնային գործերը միայնակ հասցնելու հանկարծակի հրամայականը։
Ահա փառատոնի ժամանակ նրանց ելույթներից 7 մեջբերում.
«Սպիտակ արդյունաբերություն» մուտք գործելու մասին.
ԷԴ - «Սա սպիտակ մարդկանց կողմից ստեղծված արդյունաբերություն է սպիտակ մարդկանց համար բաներ ստեղծելու համար։» - Դյուվըրնեյը շարունակում է. «Ես չէի մտածում այս բնագավառ մտնելու մասին, [...] ես ուղղակի ինքնուրույն ինչ-որ բան էի ստեղծում, [եւ] ես գիտեի, թե ինչպես կապվել մարդկանց հետ… Ես հուսահատության զգացումով չէի առաջնորդվում։
Կինոարտադրությունը բացահայտելու մասին.
ՍԿ - Նա [Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան] միշտ խոսում էր գրելու մասին, եւ ինձ թվում էր՝ ես ողջ կյանքիս ընթացքում սովորում էի գրելու մասին։ Կարծում եմ՝ ինչ-որ կերպ կլանում էի այդ ամենը։
Մոտ 15 կամ 16 տարեկան էի, երբ հայրս ցանկացավ ինձ սցենար գրել սովորեցնել։ Նա ինձ խնդրեց իր հետ սցենար գրել, բայց դե ինքն էլ շեֆ գործընկեր էր։
Ես մի ընկերոջ հետ կարճամետրաժ ֆիլմ նկարահանեցի, ու հենց այդ ժամանակ գիտակցեցի, որ ռեժիսուրան մի բան է, որ կարող եմ անել. եւ զարմացած էի դրանից… Քսան տարեկանում գնացի արվեստի դպրոց. ուզում էի նկարիչ դառնալ… հետո տարվեցի լուսանկարչությամբ։ Հիասթափված էի, որ չգիտեմ՝ ինչ եմ ուզում, որովհետեւ այնքան տարբեր բաներ էի սիրում։
ԷԴ - Իմ նպատակը այս բնագավառ մտնելը չէր։ Դրա մասին չէի էլ մտածում։ Ես մտածում էի իմ աշխատանքի մասին։ Դա անում էի հանուն ֆիլմերի հանդեպ ունեցած սիրո։
Զգեստապահարանի կարեւորության մասին.
ՍԿ - Ոճը եւ հագուստը այն բաներն են, որոնց մասին միշտ եմ մտածում… Կերպարն այն է, ինչ կրում է։ [«The Virgin Suicides»] -ը շատ հղումներ ուներ դրան։ Մի լուսանկարիչ կա՝ Բիլ Օուենսը, նա մի շարք ունի արվարձաններում։ Առաջին անգամ նրա լուսանկարները տեսել եմ մի ֆոտո-ցուցահանդեսում։ [...] Սուրբ ծնունդի կապակցությամբ մայրս ինձ լուսանկար էր նվիրում… եւ ես միշտ հետաքրքրված եմ եղել լուսանկարչությամբ։ Այդպիսով, դա ինձ օգնեց կառուցելու դիրքորոշում, եւ ես արվեստի բաժնի եւ օպերատորների համար մի տեղեկագիր գրեցի։ Մեկնարկային կետի պես մի բան էր։
Սոֆյա Կոպոլան The New Yorker Festival-ում
Փորձի անկարեւորության մասին.
ՍԿ - Երբ կարճամետրաժ ֆիլմ նկարահանեցի, դա վերջապես գագաթնակետն էր։ Ինքս զբաղվեցի թե՛ նկարահանմամբ, թե՛ երաժշտությամբ, թե՛ դիզայնով… Եվ համբերություն չունեցա դրանցից յուրաքանչյուրում փորձագետ դառնալու, բայց իբրև ռեժիսոր՝ ստիպված ես ամեն բնագավառում աշխատել փորձագետների հետ։ Դա ինձ փոքր-ինչ ավելի վստահություն տվեց։
Չճանաչված արտիստիկ ազդեցության մասին.
ԷԴ - Ես կինոյում հայտնվեցի, որովհետեւ իմ ընտանիքում արվեստագետ կար, ում ոչ ոք չէր ճանաչում՝ որպես արվեստագետի, չէր քաջալերում արվեստագետ լինել… Բայց իմ մորաքույր Դենիզն արվեստագետի սիրտ ուներ։ Ընտանիքը նրան չաջակցեց իր արվեստը ստեղծելու հարցում... Ամեն շաբաթ՝ դասերից հետո, երբ էժան ցերեկային ցուցադրումներ էին լինում, մենք գնում էինք ֆիլմեր դիտելու։ Ֆիլմերի կայուն դիետա էր։ Հրաշալի ժամանակ էր, քանզի ես սիրահարվում էի պատկերներին։ Բայց հիմա ավելի խորը մտածելիս հասկանում եմ. հրաշալի էր, քանզի նրա հետ էի ժամանակ անցկացնում։
Էյվա Դյուվըրնեյը The New Yorker Festival-ում
«Lost in Translation»-ի մասին.
ՍԿ - Քսան տարեկան հասակում շատ ժամանակ եմ անցկացրել Ճապոնիայում։ Ես սիրում էի Տոկիոն եւ միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչ է նշանակում այնտեղ ապրել իմ կյանքի այդ ժամանակահատվածում. քսան տարեկան լինելու այն վտանգավոր պահերի մասին, երբ ենթադրվում է, որ սկսելու ես մեծահասակի կյանքդ եւ փորձելու ես բաներ հասկանալ։ [«Lost in Translation»] ֆիլմը ամենանձնականն է. իմ առաջին հեղինակային սցենարն էր։ Ես հիշում եմ, թե ինչպես էի նստում դեղին բարձերով իմ ճաշասենյակի սեղանի մոտ ու մտածում։ Ես զարմացած էի, թե ինչպես մարդիկ կապվեցին ֆիլմին, որովհետեւ այնտեղ հենց այն ամենաանձնական պահերն էին, որ ես վերապրել եմ… եւ Բիլ Մյուռեի հետ հանդիպելու իմ երեւակայությունը։
«Սելմայի» մասին.
ԷԴ - Այդ ֆիլմում ամեն ինչին ես իմ սիրտն եմ տվել։ Ես պետք է թողնեի՝ ինչ-որ ուրիշ մեկի անունը լինի դրա վրա։ Երբ դավաճանում ես ինքդ քեզ, դրանից բան դուրս չի գալիս։ Որովհետեւ ինչ-որ մեկը միշտ վիրավորվում է, եւ սովորաբար դա դու ես։
ՀԵՂԻՆԱԿ
Դայանա Շին Նյու Յորքում բնակվող գրող եւ խմբագիր է։