top of page

Մեկնարկվեց Creative Armenia-ի Artbox Entrepreneur ծրագիրը

Artbox Entrepreneur-ը ծրագիրը կխթանի ստեղծագործական կարիերաները և 2,500 եվրոյի չափով դրամաշնորհներ կտրամադրի անհատ արվեստագետներին և ստեղծագործողներին արվեստի բոլոր ոլորտներից

Դեկտեմբերի 6, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն ուրախ է պաշտոնապես մեկնարկել Artbox Entrepreneur ծրագրի հայտերի ընդունումը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ` «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։ 


Ծրագրին դիմած և ընտրված անհատ արվեստագետները և մշակութային գործիչները 2023թ.-ի ձմռանը հնարավորություն կստանան խթանելու իրենց կարիերան 8-շաբաթյա օնլայն աքսելերացիոն ծրագրի միջոցով։ Աշխատելով աշխարհի առաջատար արվեստագետների և բիզնես փորձագետների հետ՝ նրանք կմշակեն իրենց կարիերայի և բիզնեսի խթանման պլանը և կստանան 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ այն կյանքի կոչելու համար:

 

Ծրագրին դիմելու հայտադիմումների վերջնաժամկետն է 2023թ.-ի հունվարի 10-ը։ Ծրագրին ծանոթանալ և հայտերը ներկայացնել կարող եք https://hy.creativearmenia.org/artbox-entrepreneur կայքէջում։

 

«Հպարտ ենք տաղանդավոր ստեղծագործողներին ներկայացնել Artbox-ի հեղինակային նոր ծրագիրը», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ «Artbox Entrepreneur-ը աննախադեպ է իր մեթոդաբանությամբ, մոտեցմամբ և ստեղծագործողներին իրենց կարիերայի խթանման համար անհրաժեշտ գործիքներ տրամադրելու առաքելությամբ»։

Ծրագրին կարող են դիմել իրենց մասնագիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալող կամ ծավալել պլանավորող անահատ արվեստագետներ և ստեղծագործողներ որոնք ցանկանում են մաքսիմալիզացնել, դրամայնացնել և շուկա հանել իրենց տաղանդը: Հավանական դիմորդները արհեստավարժ, բայց իրենց գործունեության մեջ բիզնես մոտեցման բացակայությամբ անհատ ստեղծագործողներն են, ովքեր ունեն ռազմավարության, բրենդինգի և մասնագիտական համագործակցության հաստատման աջակցության կարիք։

Ծրագիրը փնտրում է արվեստագետների և մշակութային մասնագետների, ովքեր ընդլայնում են ստեղծագործական սահմանները և ցանկանում են զարգացնել իրենց առևտրային հաջողությունն ու շուկայական ներուժը։

 

«Ստեղծագործական ոլորտի առանձնահատուկ կողմերից մեկն այն է, որ այստեղ գերակշռում են միկրոբիզնեսները, որոնք 1-2 հոգանոց բիզնեսներ են: Artbox Entrepreneur-ը ստեղծված է հենց այդ բիզնեսների համար», – ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։ «Այն հասկանում է, որ որպես ստեղծագործող, Դուք եք Ձեր բիզնեսը. Ձեր սեփական ապրանքանիշը և կառավարումը կարևոր են Ձեր հաջողության համար: Ի տարբերություն մեր մյուս Artbox ծրագրերի, որոնք ինկուբացնում և խթանում են ստեղծագործական նախագծերն ու բիզնեսները, Entrepreneur ծրագիրը առանձնահատուկ ձևավորված է անհատապես առաջնորդվող ստեղծագործ ձեռներեցների համար: Դա նկատելի բաց է մեր ուսուցման էկոհամակարգում և Artbox-ն այստեղ է, որպեսզի լրացնի այդ բացը՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և աջակցություն հաջողության հասնելու համար»:

 

Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:

Artbox_Main Banner_16.9 (1)_1.png
bottom of page