top of page

Նշմարելով Ավրորայի լուսաբացը

Իմացե՛ք ավելին կինոռեժիսոր, պրոդյուսեր և մեր Creative Armenia-AGBU Fellowship-երի ծրագրի շրջանավարտ Իննա Սահակյանի մասին

Ապրիլի 12, 2023թ. |  հեղ.` Creative Armenia

Interview with Inna_FBddd.png

 Իննա Սահակյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Տարեց լարախաղացների մասին պատմություններից մինչև ինքությունը խոստումնալից կարիերայից նախընտրող հաջողակ ծանրամարտիկի մասին վավերագրական ֆիլմ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը մշտապես հետաքրքրված է եղել չհանձնվող մարդկանց պատմություններով: Նրա վերջին մրցանակակիր «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise) վավերագրական անիմացիոն ֆիլմը բացառություն չէ, որը գեղարվեստական և նորարար լեզվով պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի մասին։ Իննա Սահակյանի ոգեշնչող ճամփորդության մասին կարդացեք 2022 Fellow-ների հետ մեր հարցազրույցների այս շարքում։

 

Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեց պրոդյուսեր և կինոռեժիսոր դառնալու Ձեր ճանապարհը։

Մեծանալով Խորհրդային Միությունում և պատկերացում չունենալով, թե ինչ է նշանակում լինել կինոռեժիսոր, առավել ևս պրոդյուսեր, ես միշտ երազել եմ ավելի մոտ լինել կինոաշխարհին: Ցանկությունս մեծ էր համալսարանում կինոռեժիսուրա սովորել։ Սակայն երբ ընտրում էի մասնագիտությունս, ընթանում էր Արցախյան առաջին պատերազմը, և շատ էին անորոշությունները երկրի ու նրա տնտեսական ապագայի վերաբերյալ։ Ընտանիքիս հետ եկանք այն եզրակացության, որ կինոարտադրության մեջ ապագա չկա, ես գնացի փոխզիջումների և ուսանեցի արվեստաբանություն:

Ավարտելուց և որոշ ժամանակ տարբեր տեղեր աշխատելուց հետո իմացա, որ Bars Media-ում գործավարի թափուր հաստիք կա: Եվ այդպես, արվեստի ոլորտում իմ գերազանցության դիպլոմով և անգլերենի բավարար մակարդակով, անցա հարցազրույցը և զբաղեցրի պաշտոնը: Դա 20 տարի առաջ էր։

Մոտ մեկ տարի անց, ես արդեն սկսեցի աշխատել ստեղծագործական փոքր նախագծերի վրա, ապա միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են ԱՄՆ ՄԶԳ-ն և ՄԱԿ-ը, հայկական գյուղերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ֆիլմերում ներգրավվեցի: Առաջին անգամ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատեցի, երբ դարձա Վարդան Հովհաննիսյանի օգնականը «Մարդկանց պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից » (A Story of People in War and Peace) ֆիլմում։ Այդ ֆիլմով մենք արժանացանք ավելի քան 20 մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն վավերագրական ֆիլմի հեղինակ» մրցանակը «Տրայբեկա» կինոփառատոնում (Tribeca Film Festival): Այդ հաջողությունն ինձ ոգեշնչեց նկարահանել սեփական լիամետրաժ ֆիլմերը: Ես շատ պարտական եմ Վարդանին, ով հավատաց ինձ ու նպաստեց այսօրվա իմ կայացմանը որպես ռեժիսոր։ Հաջորդիվ մասնակցեցի վավերագրական կինոգործիչների համար կազմակերպված մի շարք միջազգային աշխատարանների և սկսեցի աշխատել «Հայաստանի վերջին լարախաղացը» (The Last Tightrope Dancer) ֆիլմի վրա (համառեժիսոր Արման Երիցյանի հետ միասին), որը դարձավ փառատոնային մրցանակակիր ֆիլմ և հեռարձակվեց բազմաթիվ միջազգային առաջատար հեռուստատեսային հեռարձակողների կողմից՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ և Ճապոնիա։

Մինչ այժմ ներգրավված եմ եղել Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ մի քանի հեռուստահաղորդումներում և մոտ վեց լիամետրաժ վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր եմ։ Իմ ռեժիսորական պատմությունը ներառում է վերը նշված «Հայաստանի վերջին լարախաղացը» (The Last Tightrope Dancer), «Մել» (Mel) և «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise): Դրանք բոլորն իրարից շատ տարբեր ֆիլմեր են, որոնք ճանապարհորդել են բազմաթիվ փառատոներով, արժանացել մրցանակների և ստացել միջազգային լայն տարածում:

«Որպես վավերագրական կինոռեժիսոր՝ ես սովորաբար ոգեշնչում եմ գտնում մարդկային պատմությունների մեջ:»

 

Մինչ այժմ Հայաստանի հանրային հեռարձակողի հետ մի քանի հեռուստասերիալ եմ պատրաստել և մոտ վեց լիամետրաժ վավերագրական ֆիլմ։ Իմ ռեժիսորական պատմությունը ներառում է վերը նշված «Հայաստանի վերջին լարախաղացը» (The Last Tightrope Dancer), «Մել» (Mel) և «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise): Դրանք բոլորն իրարից շատ տարբեր ֆիլմեր են, որոնք ճանապարհորդել են բազմաթիվ փառատոներով, արժանացել մրցանակների և ստացել միջազգային լայն տարածում:

Պետք է խոստովանեմ, որ մեր տարածաշրջանում պրոդյուսեր և ռեժիսոր լինելը հեշտ չէ։ Սահմանափակ ֆինանսական միջոցներով և ռեսուրսներով մենք ստիպված էինք շատ ավելի շատ ու ավելի երկար աշխատել արտադրության բոլոր փուլերում: Բայց քրտնաջան աշխատանքի, անընդհատ սովորելու, պրոֆեսիոնալ թիմի աջակցության և հաստատակամության շնորհիվ հնարավոր է հասնել ցանկացած նպատակի, և ֆիլմ նկարահանելը բացառություն չէ:

Պատմեք Ձեր ստեղծագործական ոգեշնչումների մասին՝ անկախ նրանից, թե դրանք մարդիկ են, իրեր, թե երևույթներ, և թե ինչ եք սովորել նրանցից:

Որպես վավերագրական կինոռեժիսոր՝ ես սովորաբար ոգեշնչում եմ գտնում մարդկանց պատմությունների մեջ: Իմ բոլոր ֆիլմերի հիմքում իրական մարդիկ են, ովքեր հետևում են իրենց երազանքներին, ձախողում են, ոտքի են կանգնում, որոշումներ են կայացնում և հաճախ դեմ են գնում հոսանքին ու տարածված տեսակետներին: Մարդկային էությունը բարդ է և հետաքրքիրայն բազմաթիվ շերտեր ունի՝ բացահայտելու և վավերագրելու համար:

Ինձ գրավեց տարեց լարախաղացների նվիրվածությունը իրենց արվեստին, ովքեր- պայքարում էին իրենց արվեստը գլոբալիզացիայից պահպանելու համար: Ինձ ոգեշնչեց Մելի ուժը, ով, լինելով Հայաստանի ամենահաջողակ ծանրորդներդուհիներից մեկը, ընտրեց ինքնությունը փառքի փոխարեն, գիտակցելով որ ինքն իր հետ խաղաղություն գտնելու համար կարող է կորցնել սիրելիներին : Ինձ ոգեշնչեց Ավրորա Մարդիգանյանի՝ երիտասարդ հայուհու խիզախությունը, ով նույնիսկ ցեղասպանությունից, սովից, ստրկությանը և շահագործման ենթարկվելուց հետո հրաժարվեց զոհ լինել: Իմ ընթացիկ նախագիծը Հայաստանյան տուն-ինտերնատներից մեկի մասին է, որտեղ կյանքի տարբեր պատմություններ ունեցող տարեցները հաղթահարում են մենակությունն ու հիվանդությունները՝ իրականացնելու իրենց բեմին լինելու երազանքը։

Ինչպես Ալֆրեդ Հիչքոքն է ասել. «Գեղարվեստական ֆիլմերում ռեժիսորն Աստված է. վավերագրական ֆիլմերում հենց Աստվածն է ռեժիսորը»։ Ես ոգեշնչվում եմ մարդկանց կյանքերով և իմ ֆիլմերի միջոցով ցանկանում եմ ցույց տալ նրանց ուժն ու անկոտրում լինելը:

Ձեր ամենավերջին ռեժիսորական աշխատանքը՝ «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise), վերջին տարիներին Հայաստանից դուրս եկած ամենահավակնոտ նախագծերից է: Ի՞նչը դրդեց Ձեզ ընդունել այդ մարտահրավերը: Ի՞նչն է Ձեզ առաջ մղել ֆիլմի արտադրության ութ տարիների ընթացքում:

Երբևէ չեմ մտածել «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise) ֆիլմի մասին որպես Հայաստանից դուրս տարածում գտնող ամենահավակնոտ նախագիծ, բայց այն ամենակարևոր նախագիծն է ինձ համար։

Հայոց ցեղասպանությունը ցավալի թեմա է ողջ հայության համար. այն իմ ընտանիքի ցավն է, իմ ցավն է: Ես միշտ զգուշանում էի ցեղասպանության մասին ֆիլմ նկարելուց, քանի որ վախենում էի չափից դուրս սենտիմենտալ լինել և չէի ցանկանում մեզ որպես զոհ ներկայացնել:

«Չնայած պատմությունը լսելը ցավալի էր, սակայն տարեց կինը խոսելիս ավելի ու ավելի երիտասարդանում:»

 

Մինչև այն պահը երբ ես ծանոթացա Ավրորա Մարդիգանյանի բանավոր վկայությանը, որը ձայնագրվել էր Զորյան ինստիտուտի կողմից 1984 թվականին: Ինստիտուտը հսկայական աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության մասին փաստերի և վկայությունների փաստագրման ուղղությամբ և վավերագրել է վերապրողների ավելի քան 700 վկայություններ:

Ես ամբողջությամբ կլանվել էի, երբ առաջին անգամ դիտում էի այն: Չնայած պատմությունը լսելը ցավալի էր, սակայն տարեց կինը խոսելիս ավելի ու ավելի էր երիտասարդանում: Նրա խոսքերի ու արտահայտությունների ներքո անհավատալի, բայց իսկական հերոսություն էր նշմարվում։ Այս կինը վերապրել էր ցեղասպանություն, բայց հրաժարվել էր զոհ լինել՝ չցանկանալով քշվել պատմության ալիքի կողմից: Նա համաձայնել էր վերապրել իր ցավը էկրանին, որպեսզի աշխարհին ցույց տար, թե ինչի միջով են անցել հայերը և որպեսզի օգներ, որ որբերի ապահովության համար միջողներ հավաքվեն: Աշխարհը և նույնիսկ մենք՝ հայերս, շատ բան չգիտեինք նրա ժառանգության մասին։ Նրա պատմությունը պետք էր պատմել:

Գաղափարից մինչև ավարտը ֆիլմի պատրասման ընթացքը տևեց գրեթե ութ տարի: Մարտահրավերներն ամեն քայլափոխի էին` սկսած համատեղ արտադրությունը հնարավոր դարձնելուց,համավարակի ընթացքում առցանց անիմացլիայի ստեղծման աշխատանքներից մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ արտադրությունը դադարեցնելուց, քանի որ մեր անձնակազմը պետք է փաստավավերագրեր առաջնագիծը: Ի վերջո, մենք ավարտեցինք ֆիլմը՝ մեր թիմի նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ոչ միայն Հայաստանում, այլև Լիտվայում և Գերմանիայում։

Մենք բոլորս հավատում էինք ֆիլմին և ունեինք առաքելություն. հենց սա էր, որ մեզ օգնեց առաջ գնալ: Բացի մեր հավաքական ցավի և մեր պատմության մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակից, որը դեռևս մերժվում է Թուրքիայի և շատ այլ պետությունների կողմից, մենք ցանկանում էինք փոխանցել նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում մարդկային տոկունության համամարդկային ուղերձը: Ուղերձ, որը կարող է ոգեշնչել նաև հայ համայնքից դուրս գտնվող լսարանին: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար Ավրորա Մարդիգանյանի պատմությունը կարող է դառնալ այն, ինչ դարձել է Աննա Ֆրանկի օրագրերը Հոլոքոստի զոհերի հիշատակի համար՝ օգնելով աշխարհին լսել և հաղորդակից դառնալ անասելի ողբերգությանը նրա բառերի միջոցով:

«Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise) ունի տարբերվող տեսողական պատկերման ոճ և ապշեցուցիչ պատմություն: Չնայած իր տված ազատությանը, միևնույն ժամանակ այդ ոճին հավատարիմ մնալը ևս զոհեր է պահանջում։ Ձեր ընտրած ոճն ու միջոցն ինչպիսի՞ ստեղծագործական հնարավորություններ տվեցին և ինչպե՞ս սահմանափակեցին Ձեզ այս կարևոր պատմությունը պատմելիս: Ինչպիսի՞ն էր նման հատուկ տեսողական լեզվի մշակման գործընթացը:

Իմ առաքելությունն էր ստեղծել ֆիլմ, որը հանդիսատեսին կտանի ցեղասպանության չոր փաստերից այն կողմ: Դրան հասնելու համար որոշեցի օգտագործել պատմողական միջոցների դինամիկ համադրություն՝ անիմացիա, Ավրորա Մարդիգանյանի արխիվային հարցազրույցները  և Ավրորայի 1919 թվականի «Հոգիների աճուրդ» (Auction of Souls) ֆիլմի թվայնացված ու վերամշակված կադրերը:

Որպես վավերագրական կինոռեժիսոր՝ հենց սկզբից ցանկանում էի ֆիլմ ստեղծել Ավրորա Մարդիգանյանի վավերագրական կադրերի շուրջ։ Նա ֆանտաստիկ կերպար է, շատ զգացմունքային և ուժեղ: Ես ուզում էի, որ նա ինքը պատմի իր պատմությունը և հանդիսատեսին հիշեցնի, որ այդ ամենն իսկապես եղել է: Այսպիսով, առաջին քայլը նրա Զորյան ինստիտուտի և Հայկական ֆիլմի հիմնադրամի (Armenian Film Foundation) հարցազրույցներից այն հատվածների ընտրությունն էր, որոնք կընդգրկվեն ֆիլմում:

Հաջորդ քայլը Ավրորայի հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» (Auction of Souls) ֆիլմի պահպանված կադրերի համադրումն էր ֆիլմի պատմողական հատվածներում՝ հատուկ շեշտադրումով այն տեսարանների վրա, որտեղ նա ներկա է: Բացի կինոաշխարհի Արծաթե դարաշրջանի կարևոր պատմական արտեֆակտ լինելուց, կադրերն ավելի են լայնամասշտաբ են դարձնում ֆիլմը:

"Մենք չէինք կարող պատկերացնել, թե ինչ մղձավանջ կարող էր լինել ավելի քան 60 րոպեանոց անիմացիայի արտադրությունը։"

Այնուհետև մեզ անհրաժեշտ էր գտնել վիզուալ հզոր գործիք՝ ֆիլմի պատմողական մասը կառուցելու համար: Մեր ստեղծագործական թիմը շատ վաղ փուլից դեմ էր բեմադրված գեղարվեստական լուծումներին։ Ոգեշնչված տեսողական առումով գրավիչ անիմացիոն վավերագրական ֆիլմերի օրինակներից՝ մենք որոշեցինք Ավրորայի պատմությունը պատմել անիմացիայի միջոցով: Անիմացիան հզոր միջոց է տրավմայի նման բարդ երևույթը պատկերելու համար: Այն իրադարձության վերարտադրումն է է և ոչ թե ուղիղ պատկերումը, որը թույլ է տալիս դիտողին խորությամբ ընկղմվել բուն պատմության և թեմայի մեջ: Միևնույն ժամանակ, անիմացիան կարող է փոխանցել ոչ միայն գույները, այլ մինչև անգամ հոտերը, համերը և հյուսվածքները: Այն անգամ ավելի հեռուն է գնում, քան իրադարձությունները վերարտադրելը. այն մեկնաբանում է դրանք, ինչպես մեր ուղեղն է վարվում հիշողությունների հետ, և խորհրդանիշներն ու մոտիվներն ընդգծելու հնարավորություն է տալիս՝ դրանք բացարձակ ռեալիզմի մեջ խեղդելու փոխարեն: Անիմացիան՝ որպես միջոց, դարձավ ֆիլմի հոգին և թույլ տվեց Ավրորայի մոռացված պատմությունը կրկին վառ դարձնել։

Իհարկե, մենք չէինք կարող պատկերացնել, թե ինչ մղձավանջ կարող էր լինել ավելի քան 60 րոպեանոց անիմացիայի արտադրությունը։ Ինչ-որ պահի մենք որոշեցինք, որ ի սկզբանե մեր մշակած ոճն ու տեխնիկան չեն աշխատի, և այն ամբողջությամբ փոխեցինք: Մենք պետք է նկարահանեինք բոլոր անիմացիոն տեսարանները իրական դերասաններով կանաչ էկրանին՝ նկարազարդելով և կենդանացնելով ընտրված կադրերը: Ֆիլմում օգտագործվող անիմացիայի ներկայիս ոճը հիմնված է տարբեր տեխնիկաների համադրության վրա՝ դասական անիմացիայից և ռոտոսկոպից մինչև համակարգչային գրաֆիկա:

Կրկին, դա հնարավոր եղավ միայն մեր մեծ ստեղծագործական թիմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հնարավոր չէ թվարկել բոլորին, բայց ես կցանկանայի նշել գեղարվեստական ղեկավար Տիգրան Առաքելյանին, մոնտաժի և խաղարկային կտորների ռեժիսոր՝ Ռուբեն Ղազարյանին, գլխաովոր իլյուստրատոր՝ Գեդիմինաս Սկիրիուսին և կերպարների գլխավոր նկարիչ Ռիմաս Վալեյկիսին:

Որպես ստեղծագործ անձնավորություն, Դուք, ամենայն հավանականությամբ, ստիպված եք եղել մի շարք գաղափարներ մի կողմ դնել՝ կյանքի կոչելու համար «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise): Հիմա, երբ արտադրությունն ավարտված է, ի՞նչ նախագիծ կցանկանայիք իրականացնել հաջորդիվ:

«Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise) դեռևս ինձ շատ զբաղված է պահում, քանի որ ներկայումս ակտիվ ներգրավված եմ ֆիլմի փառատոնային ցուցադրություններով և ֆիլմի ազդեցության մեծացման արշավի իրականացման աշխատանքներով։


Միևնույն ժամանակ, իմ հաջորդ Shakespeare Goes Armenian լիամետրաժ վավերագրական ֆիլմը գտնվում է վաղ արտադրության փուլում, որի համառեժիսորը Լիլիթ Մովսիսյանն է: Ֆիլմը փաստավավերագրում է, այն մասին, թե ինչպես են անհետանում ծերության ամենօրյա հետքերը, երբ Հայաստանի ծերանոցների տարեց բնակիչները Շեքսպիր են բեմադրում: Չնայած թվում է, թե յուրաքանչյուր ներկայացում կարող է վերջինը լինել իմ հերոսների համար, հաջողության հասնելու և նոր ու վախ արթնացնող փորձեր անելու վճռականությունը նրանց մղում է շարունակել երազել: Այս պահին մենք վաղ նկարահանման փուլում ենք և նախատեսում ենք ավարտել ֆիլմը մինչև 2024 թվականի ավարտը: «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise) հաջողության հետքերով ես նաև աշխատանքներ եմ սկսել անիմացիոն հեռուստասերիալի համար, որը 2023 թվականի ձմռան դրությամբ իր զարգացման վաղ փուլում է: