top of page

Սպիտակ Ամանորը՝ ընդդեմ կարմիրի

Ամանորն ամենուր է , այդ թվում և տոնական էկրաններին: Ինչպե՞ս էին «զարդարվում» ամանորի կինոէկրանները «երկաթյա վարագույրի» այս և այն կողմերում:

Հունվարի 4, 2018  |  հեղ.` Կարեն Ավետիսյան

Screen Shot 2019-01-21 at 11.51.05 AM.pn

«Ամանորի ֆիլմեր» տարածված արտահայտությունը խիստ պայմանական է ՝ պայմանավորված տոնական օրերին հեռուստաեթերում հայտնվելու հաճախականությամբ, այլ ոչ թե պարտադիր տոնական բովանդակությամբ: Վերջիվերջո, յուրաքանչյուր երկրորդ «Ամանորի ֆիլմում» բուն Նոր տարին կամ գրեթե բացակայում է կամ հանդիսանում է բնավ ոչ առաջնային լեյտմոտիվ՝ կրելով զուտ ֆոնային երանգ:

 

Շատերս գոնե մեկ անգամ զարմացել ենք, թե մեծ հաշվով ի՞նչ կապ ունի Ամանորի հետ այս օրերին էկրաններին պարբերաբար հայտնվող  «Հարրի Փոթերը» (Harry Potter) կամ ակամայից մասնագիտությունը փոխած Իվան Վասիլյևիչը («Иван Васильевич меняет профессию»), Բրյուս Ուիլլիսի «Պինդ ընկույզը» (Die Hard) կամ խորհրդային հանրահայտ «Աշխատանքային սիրավեպը»(Служебный роман) և այսպես շարունակ:

 

Սակայն «յուրաքանչուր երկրորդ» ասվածը հուշում է , որ այս ամենի կողքին չեն կարող չլինել նաև բազմաթիվ ֆիլմեր, որոնք լցված են հեքիաթաշուք մթնոլորտով, տոնականությամբ պարուրված ձևով ու բովանդակությամբ՝ թևավոր դարձած կարգախոսին համապատասխան՝ «Ամանորն ամենուր է»: Ու թեև այն իրոք ամենուր է, բայց ամենուր տարբեր է: Արտահայտչաձևերից բացի կան նաև առանցքային կոնցեպտուալ տարբերություններ՝ մի դեպքումՆոր տարի, մյուսում՝ Սուրբ ծնունդ:

 

Ամերիկյան սուրբծննդյան ավանդույթները հաճախ ունենում են բիբլիական հղումներ, քանզի ամերիկյան Ամանորը ոչ միայն տարեվերջյան օրացույցային շրջադարձ է, այլ նաև կրոնական: Այսպես, 1947թ.-ին Վալենտին Դևիսի պատմվածքի հիման վրա օսկարակիր ռեժիսոր Ջորջ Սիտոնը նկարահանում է «Հրաշքը 34-րդ փողոցում» (Miracle on 34th Street) ֆիլմը։ Մանհեթենով պատահաբար անցնող Քրիս Քրինգլիին համոզում են սայլակառքում հարբած ու անկարող Սանտայի փոխարեն ստանձնել նրա դերը, և նա կարողանում է դա անել այնքան լավ, որ ոչ միայն արժանանում է մանուկների սիրուն, այլև ստանում է աշխատանք՝ խաղալիքների խանութում: Աշխատավայրում առաքինի Քրիսը հրաժարվում է կատարել ղեկավարության առաջարկը՝ վաճառել հաճախորդներին

մաշված խաղալիքները: Արդյունքում, խանութպանը որոշում է անհնազանդ Քրիսին հեռացնել աշխատանքից, բայց շուտով մտափոխվում է՝ տեղեկանալով, որ Քրիսի ազնվության արդյունքում խանութը ստանում է հաճախորդների է՛լ ավելի մեծ հոսք: Պարզվում է, որ Քրիսը իրեն համարում է իսկական Սանտա, ինչի համար հայտնվում է հոգեբուժարանում, ու միայն քաղաքային դատարանը պետք է որոշի, թե արդյոք Քրիսը իրական Սանտան է, թե ոչ:

 

Իսկ հիմա եկեք դիտարկենք այս պատմության ավելի խորը՝ ակնարկային շերտը: Քրիսը հայտնվում է տոնի նախօրեին, քննադատում է չարչիությունը՝ փորձելով բոլորի մեջ ներշնչել հավատն առ հրաշք, իսկ արդյունքում հայտնվում է դատարանի առջև, որտեղ ստիպված է ապացուցել սեփական ինքնությունը: Քրիս – Քրիստոս՝ ենթատեքստն ակնհայտ է:

 

«Հրաշքը 34-րդ փողոցում» տոնական ֆիլմի օրինակ է, որը ինչպես և նույն տարիներին ստեղծված «Կյանքը հիասքանչ է» (It’s a Wonderful Life, 1946), կամ «Եպիսկոպոսի կինը» (The Bishop's Wife, 1947), ոչ մի կերպ չէր կարող լինել ամանորյա մշակույթում, փոխարենը՝ միայն սուրբծննդյան:

Screen Shot 2019-01-21 at 11.51.20 AM.pn

Հոլիվուդյան ամանորյա ֆիլմերը՝ «Եպիսկոպոսի կինը», «Հրաշքը 34-րդ փողոցում» և «Կյաքը հիասքանչ է»

Ու չնայած Սուրբ ծնունդը ռուսական մշակույթն ընդունել է դեռ Ռուսաց մկրտության (988թ.) հետ մեկտեղ, նրան երբեք չի տրվել այնքան կարևորություն, որքան Զատիկին, ու անգամ 18-րդ դարի ամենասկզբում, երբ Պետրոս Մեծը, գործարկելով գրիգորյան օրացույցը, երևան բերեց Նոր տարին, այն նույնպես կենցաղում ավելի կարևորվեց, քան Սուրբ ծնունդը: Նույնը չի կարելի ասել ռուսաց աշխարհի կողմից արագ որդեգրված սուրբծննդյան շատ տարրերի և ատրիբուտների մասին, որոնցից ամենահայտնին դարձավ տոնածառը:

 

Արևմուտքից դեպի  Խորհրդային Միություն ավանդական և կենցաղային որդեգրման վեկտորը պահպանվեց նաև մշակութային հարթության մեջ՝ այդ թվում և կինոյում:

 

1935թ.-ին՝ յոթամյա արգելքից հետո, Ստալինը ոչ միայն վերադարձրեց խորհրդային մանուկներին տոնածառի մշակույթը, այլ նաև, ոգևորված արևմտյան կինոյի պոզիտիվ ու կենսախինդ նմուշներով, հորդորեց արվեստագետներին սոցռեալիստական և հեղափոխական խորհրդային ծանր էկրանը լցնել խինդով և ուրախությամբ: Հրամանը իսկույն կատարվեց. էկրան բարձրացավ «Ուրախ տղաները» (Веселые ребята, 1934) ՝կերտելով խորհրդային կինոյի առաջին կուլտային երաժշտական կատակերգությունը. ջազ, մաժորային մթնոլորտ ու առաջին կին-տղամարդ աստղային պայծառ զույգը՝ Լեոնիդ Ուտյոսով - Լյուբով Օռլովա: Ու թեպետ «Ուրախ տղաները» որևէ կապ չունեին Ամանորի հետ, սակայն հենց այդ ֆիլմը դարձավ հենասյուն, որի վրա հյուսվեցին տոնական ու մթնոլորտային կինոյի ավանդույթներ, որոնք թեև որդեգրված էին, սակայն հետագայում այնուամենայնիվ ստացան իրենց ուրույն աուտենտիկ դիմագծերը:

 

Բայց դա տեղի կունենա Հոլիվուդից շատ ավելի ուշ՝ պատերազմից մոտ մեկ տասնամյակ անց, մինչդեռ Հոլիվուդում արդեն անվանի գերմանացի վարպետ Էռնստ Լյուբիչը 1940թ.-ին նկարահանում է «Անկյունային խանութը» (The Shop Around the Corner, 1940) Ջեյմս Սթյուարթի և Մարգարեթ Սալավանի մասնակցությամբ, որոնց տասնամյակներ անց կփոխարինեն Թոմ Հենքսն ու Մեգ Ռայանը «Դուք նամակ ունեք»  դարավերջյան ամանորյա ռիմեյքում։

 

2 տարի անց էկրանավորվում է Իրվինգ Բերլինի «Տոնական հյուրանոցը»(Holiday Inn, 1942) որը նշավորվեց ոչ միայն Բինգ Քրոսբի-Ֆրեդ Ասթեր լեգենդար տանդեմով, այլ նաև ֆիլմում ներկայացված տոնական համերգային ձևաչափը հանդիսացավ նախատիպ «Երկնագույն ճրագ» (Голубой огонек) 60-ականներից ի վեր խորհդային հեռուստատեսությամբ առայսօր (արդեն Ռուսաստանի Դաշնությունում) հեռարձակվող առանցքային ամանորյա շոու-ծրագրի համար:

Screen Shot 2019-01-21 at 11.51.29 AM.pn

«Տոնական հյուրանոցը» և «Երկնագույն ճրագ»

Երկրորդ համաշխարհայինից հետո Ամանորի ֆիլմերը դարձան է՛լ ավելի հուզիչ և բովանդակալից, քանի որ հանդիսատեսի հետպատերազմյան հոգևիճակը է՛լ ավելի շատ կարիք ուներ հրաշքի, սփոփանքի ու տոնի առկայության: Ռեժիսորներն էլ չէին զլանում՝ համեմելով իրենց տոնական ֆիլմերը դեռևս թարմ պատերազմական ակնարկներով, ունայնությունը լցնելու միտումով, էքզիստենցյալ դառնությամբ, թախծոտ սենտիմենտներով և իհարկե հրաշքի երկար սպասված իրականացմամբ:

 

Այսպես, պատերազմի ավարտից 1 տարի անց բուռլեսկների վարպետ, եռակի օսկարակիր ՖրենՔ Քափրան ստեղծում է թերևս Հոլիվուդի՝ բոլոր ժամանակների ամենակուլտային և կենսահաստատ նախատոնական ֆիլմը՝ «Կյանքը հիասքանչ է» (It’s a Wonderful Life, 1946):  Ֆիլմ, որտեղ կա ամեն ինչ՝ սոցիալական վայրիվերումներ, ամերիկյան ռեալիզմ ու միևնույն ժամանակ կախարդանք, երկնային միջամտություն և ֆունդամենտալ արժեքների հաղթական գերակայություն: Չնայած նրան, որ Կապրան խոստովանել է, որ չի ունեցել նպատակ՝ ստեղծելու սուրբծննդյան ֆիլմ, 70-ականներից ի վեր այն դառնում է ամերիկյան տոնական ընտանեկան կինոդիտումների անբաժանելի մասը, ճիշտ այնպես, ինչպես մեկ այլ օսկարակիր դասականի՝ Մայքլ Քյորթիսի «Սպիտակ Սուրբ ծնունդը» (White Christmas, 1954), որն էլ դառնում է վերջին մեծ ֆիլմը հետպատերազմյան սուրբծննդյան երաժշտական կատակերգությունների շարքում Բինգ Քրոսբիի հերթական ցայտուն մասնակցությամբ: 

 

Ամանորյա բուռլեսկի, մյուզիքլի, զարդարված տաղավարի ամերիկյան ձևաչափն անցնում է Ատլանտյան օվկիանոսը և երկու տարի անց պայթեցնում խորհրդային էկրանները «Կառնավալային գիշեր»-ում (Kaрнавальная ночь, 1956), ու քանի որ արդեն 3 տարի է, ինչ մահացել էր Ստալինը, ռեժիսոր Էլդար Ռյազանովին հաջողվում է մթնոլորտային պայծառակերպությանը միակցել նաև քաղաքական ակներև ենթաշերտ և քննադատական սուր ու ծաղրող հայացք՝ ուղղված խորհրդային բյուրոկրատական նոմենկլատուրան ու իսթեբլիշմենթի սահմափակ մտահորիզոնը: Առաջին իսկ դիտումից հետո խորհրդային երկնակամարում վառվում է նրբիրան Լյուդմիլա Գուրչենկոյի երիտասարդ աստղը, իսկ կինոյի շրջանակում բոլորը սկսում են խոսել դեռ 30-ը չբոլորած համարձակ դեբյուտանտ Ռյազանովի մասին, ում էլ վիճակվելու էր դառնալ խորհրդային տոնական էկրանի կերտողը։ Նրա կողմից ստեղծվելիք համազգային թիվ մեկ Ամանորի շեդևրը դեռ առջևում էր:

Screen Shot 2019-01-21 at 11.51.36 AM.pn

Վերա Էլենը ու Ռոզմարի Քլունին («Սպիտակ Սուրբ ծնունդը») և Լյուդմիլա Գուրչենկոն («Կառնավալային գիշերը»)

«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ»-ը (Ирония судьбы или С легким паром, 1975) դառնում է ավելին, քան գեղարվեստական կինոնկար. այն խորհրդային բարքերի, կենցաղի, բիհևիորիզմի ու կոլորիտի մի ամբողջ անթոլոգիկ ձեռնարկ է՝ կիթառի նվագակցությամբ, պոետիկ հեղինակային երգերով, ռուսական բաղնիքով, ռուսական օղիով, դոնդողածածկ ձկով ու անմահացած ցիտատների ընտրանիով: Այս բոլոր ավանդույթներով հանդերձ՝ ինքը՝ ֆիլմը, դառնում է մի առանձին ավանդույթ՝ տասնամյակներ շարունակ ցուցադրվելով զուգահեռ խորհրդային, իսկ հետո նաև ռուսական հեռուստատեսային բոլոր ալիքներով և բազմիցս: Ռյազանովի ենթատեքստերը ժամանակի ընթացքում դառնում են է՛լ ավելի նուրբ ու խորքային, իսկ իրականության կինեմատոգրաֆիկ արտացոլանքը՝ թեպետ կրկին քողարկված, բայց ոչ պակաս վճիտ:

 

Խորհրդային Միությունում տիրող հավասարեցման  ու նույնօրինակության ակնարկը թաքնված է հենց հիմնական սյուժեում՝հարբած ու կիսաքուն Ժենյային Մոսկվա ճանապարհելու փոխարեն, ընկերները շփոթմամբ ուղարկում են Լենինգրադ, որտեղ նա տաքսիով գնում է Մոսկվայի իր բնակարանի նույն հասցեով, հասնում Լենինգրադի նույն փողոցի նույն շենքի նույն բնակարան, իր մոտ եղած բանալիով բացում է միանման դուռը: Նման կրկնվող, միակերպ ու միապաղաղ իրականությունը կարող է ճեղքել միայն նորին մեծություն դիպվածը, կամ այս դեպքում`զուգադիպությոնը:

 

Ռյազանովի մեկ այլ ֆիլմը՝ «Աշխատանքային սիրավեպը» (Служебный роман 1977) կամ Լեոնիդ Գայդայի «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը»  (Иван Васильевич меняет профессию 1973) կամ Ալեքսանդր Սեռիի «Հաջողության ջենթլմենները» (Джентльмены удачи) դառնում են ամանորյա հիթեր ոչ թե իրենցում Ամանորի մոտիվների առկայության կամ բացակայության պատճառով, այլ որովհետև նրանցում կա հանդիսատեսի կողմից այդքան բաղձալի երկու կոմպոնենտ՝ տրանսֆորմացիան (մանկապարտեզի վարիչից՝ բանտային հեղինակություն («Հաջողության ջենթլմենները»), տնային կառավարչից՝ ռուսական ցար («Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը») և էսկապիզմը՝ փախուստը իրականությունից (մանկապարտեզից՝ բանտ («Հաջողության ջենթլմենները»), խորհրդային բնակարանից՝ ցարական 16-րդ դար («Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը»), իսկ եթե փախուստ դեպի ընդամենը նույնատիպ բնակարան, ապա գոնե այլ քաղաքում և անծանոթ կնոջ մոտ («Ճակատագրի հեգնանքը»):

Screen Shot 2019-01-21 at 11.51.45 AM.pn

Սիրված խորհրդային ամանորյա ֆիլմեր՝ «Ճակատագրի հեգնանքը», «Աշխատանքային սիրավեպը», «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը» և «Հաջողության ջենթլմենները»

Ամերիկյան և խորհրդային «տոնական» կինոյի զուգահեռները կամ հակադրությունները լավագույնս երևում են թե անտուրաժի ոճավորման, թե հերոսների կերպարային համեմատության մեջ:

 

Ֆորմայի տեսանկյունից Հոլիվուդն ավելի ցայտուն է, ազատական, գունեղ ու անկաշկանդ, մինչդեռ բովանդակային հարթակում խորհրդային ֆիլմերն արժանի կռիվ են տալիս իրենց բարդ ու բազմաշերտ, նուրբ ու տաքուկ ներաշխարհով, ու եթե ֆորման պատմականորեն ընդօրինակված է, բովանդակությունը ինքնատիպ է ու ինքնաբավ:

 

Վերջիվերջո, անկախ մայրցամաքից, կրոնից, քաղաքական կարգերից, երկաթյա վարագույրից ու անգամ անկախ «Սուրբ ծնունդ» կամ «Նոր տարի» կոչվելուց՝ տոնն ինքնին ենթադրում է այդ նույն երկու կոմպոնենտների գերակայությունը՝ փոխակերպում ու փախուստ իրականությունից դեպի հեքիաթ, որտեղ պապիկը դառնում է Սանտա Կլաուս, սոճազգի ծառը՝ տոնածառ, սլաքի սովորական զարկը՝ ղողանջաբեր ու երազկոտ ակնթարթ:

 

Այդ օրերին փոխակերպվում է նաև կինոն՝ մեկանգամյա փորձառությունից վերածվելուվ կրկնվող ամենամյա ավանդույթի:

ՀԵՂԻՆԱԿ

Կարեն Ավետիսյանը սովորել է լեզվաբանություն ու միջմշակութային հաղորդակցություն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Կինոքննադատ է, «Sputnik Armenia» միջազգային լրատվական գործակալության եւ ռադիոյի հաղորդավար, սյունակագիր եւ մշակութային  վերլուծաբան։Կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամ է։

bottom of page