Բարի գալուստ ակումբ
Մեկ հայացք պատմության ամենաեզակի մի քանի գրական համայքներին
Մարտի 18, 2019 | հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան
Ինչպիսին կլիներ գրականությունն առանց իր շարժումների, մրցակցության և իհարկե գրական ակումբների։ Նյու Յորքից Փարիզ, Փարիզից` Թբիլիսի` այս ակումբները դարեր շարունակ եղել են մտորումների, չարաճճի կատակների և սրամտությունների օթևան։
«Bloomsbury Group»
Կազմված վիկտորիանական դարաշրջանի վերին-միջին խավի բոհեմացիներից` «Bloomsbury Group-ը» տվեց 20-րդ դարի ամենաակնառու գրողներից ոմանց։ Հիմնադրված Վանեսսա Բելլի, Ռոջեր Ֆրայի և Դունքան Գրանտի կողմից Լոնդոնի Բլումսբըրի թաղամասում, որտեղից էլ ծագել է ակումբի անունը` խումբն ամեն հինգշաբթի հանդիպում էր Բելլի տանը ՝ միասին խմելու և գրականության շուրջ զրուցելու։ Բայց նրանց գործունեությունն այդքանով չէր սահմանափակվում։
1910թ.-ին Վիրջինիա Վուլֆը և «Bloomsbury-ի» ևս մի քանի անդամներ կազմակերպեցին պատմության լավագույն գրական չարաճճի կատակներից մեկը։ Նրանք մոլորեցրին Բրիտանիայի թագավորական նավատորմի անձանակազմին՝ «Դրեդնոուտ» նավ բարձրանալով եթովպական հագուստով ու ներկայանալով որպես «եթովպական կայսրեր»։ Նրանք շեշտված առոգանությամբ լատիներեն էին խոսում, մեջբերում «Էնեականից» և պահանջելով աղոթքի խալիներ` պոռթկում «Բու՛նգա, բու՛նգա» բացականչություններով։
«Stratford-on-Odeon»
«Stratford-on-Odeon»-ն ընդամենը գրողների ակումբ չէր. այն տոն էր, որը գտնվում էր Փարիզի ձախափնյա Օդեոն փողոցի «Shakespeare & Company» գրատան ներսում։
Ակումբի անվան հեղինակը Ջեյմս Ջոյսն էր, որն օգտագործում էր գրատան մի մասը` որպես աշխատասենյակ՝ իր սև ակնակապի հետևից հայացք գցելով առջևում բացվող տեսարանին։
Ակումբի անդամներից էին Էռնեստ Հեմինգուեյը, Գերտրուդ Սթայնը, Էզրա Փաունդը և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը` գրողներ, որոնք անսովոր կապվածություն ունեին փարիզյան այս արտասովոր գրատան և դրա սեփականատեր Սիլվիա Բիչի հետ։ Բիչն էր, որ հրատարակեց «Ուլիսեսը», երբ ոչ ոք չէր հավատում դրա կարևորությանը։ Նա նաև ստանում էր Հեմինգուեյի նամակները։
Գրատունը փակվեց գերմանացիների կողմից Փարիզի գրավման ժամանակ՝ վերջ դնելով խմբի ոչ պաշտոնական հանդիպումներին։
«Algonquin Round Table»
«Algonquin Round Table-ը», որը նախկինում հայտնի էր որպես «The Vicious Circle», Նյու Յորքի գրողների, քննադատների և սրամիտների խումբ էր, որոնք ամեն օր հանդիպում էին Ալգոնքուին հյուրանոցում՝ ճաշելու ու սրամտելու։
Նշանավոր անդամներից էին Դորոթի Փարքերը, Ալեքսանդր Վուլլքոթը, Ռոբերտ Բենչլին և Չարլզ Մաքարթուրը։ Ճաշելուց բացի, խումբն արդյունավետորեն աշխատանքներ էր տանում հեղինակելու և բեմադրելու «No Sirree» կոչվող մի ռեվյու, որը ներկայացվեց ընդամենը մեկ անգամ 1922թ.-ին։ Նրանք նաև խաղում էին կրիբիջ, պոկեր և երբեմն իրար հետ չարաճճի կատակներ անում մինչև, ի վերջո, 1932թ.-ին խումբը ցրվեց՝ կլոր սեղանը թողնելով հյուրանոցի մյուս հյուրերին ու անցնելով պատմության գիրկը։
Բայց Փարքերի սրամտությունն այդքանով չավարտվեց։ Նրա գերեզմանաքարին գրված է՝ «Ներեցե՛ք փոշուս համար»։
«The Inklings»
«The Inklings-ը» գրական քննարկումների ակումբ էր՝ նախաձեռնված «Օքսֆորդի» համալսարանի դասախոսների կողմից, որոնք հանդիպում էին 1930-ականերից մինչև 1950-ականները։ Անդամներից էին Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, Քլայվ Սթեյփլս Լյուիսը, լորդ Դեյվիդ Սեսիլը և այլք: Նրանք հանդիպում էին հինգշաբթի երեկոներին Լյուիսի` «Մագդալեն» քոլեջի հանրակացարանային սենյակում՝ քննարկելու էպիկական ֆենթըզի ժանրում ընթացող գործերը և մրցելու` ով ամենից երկարը կկարդա Ամանդա Մաքքիթրիք Ռոսի սոսկալի արձակն առանց ծիծաղելու։
Թոլքինի «Մատանիների տիրակալը» ձևավորվել է հենց այս հավաքների ընթացքում՝ դառնալով բոլոր ժամանակների դասականներից։
Վերնատուն
Հայաստանը նույնպես ուներ իր բաժին գրական զվարճանքը ուշ 19-րդ և վաղ 20-րդ դարում, երբ մի քանի գրողներ հեղափոխեցին ժանրը, լեզուն և ստեղծեցին 20-րդ դարի համար նոր կերպարներ։ Այդ գրողներից մեկը Հովհաննես Թումանյանն էր` արիստոկրատ մորուքով երեսնամյա մի պոետ։ 1899թ.-ին Թբիլիսիի իր տան չորրորդ հարկում նա հիմնեց «Վերնատուն»ը և իր շուրջ հավաքեց մի խումբ սկսնակ գրողների։
Ամբողջ գիշեր տևող լարված քննարկումների ժամանակ անդամներն իրար էին փոխանցում երգիծական կամ զվարճալի մեկնաբանություններ։ Դերենիկ Դեմիրճյանը միաժամանակ անդադար նկարում էր անդամների ծաղրանկարները։ Մինչ կատակում էին ու բախվում Սոֆոկլեսի և Շեքսպիրի շուրջ, այս գրողները հայ գրականության հսկաները դառնալու ճանապարհին էին։
ՀԵՂԻՆԱԿ
Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում: