top of page

Հաղթահարելով նոր վերելքներ․
Խորեն Մաթևոսյանը վերսկսում է իր ստեղծարար ուղին Բրյուսելում

Վիզուալ արվեստագետ և 2024թ. «East-West Residency»-ի մասնակիցը պատմում է իր ստեղծագործական և ինքնաբացահայտման ուղու մասին։

Դեկտեմբերի 23, 2024թ. |  հեղ.` Creative Armenia

DSCF9743 (1).jpg

Խորեն Մաթևոսյան, 2024թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից

Որքա՞ն խորությամբ կարելի է ընկղմվել մշակույթի մեջ ընդամենը մեկ ամսում: Պատասխանը շատ ավելին է, քան դուք կարող եք պատկերացնել: 40 ցուցահանդեսների, ամենօրյա 30 կմ զբոսանքների և զգոնության միջոցով Խորեն Մաթևոսյանը նպատակ ուներ բացահայտելու և՛ Բրյուսելի միջավայրը, և՛ որպես նկարիչ իր զարգացումը Վիլա Էմպենում իր մեկամսյա կացության ընթացքում:

Խորենը, որն առանձնահատուկ ոճ ունեցող վիզուալ արվեստագետ է, Հայաստանի
ժամանակակից արվեստի ասպարեզի առաջատար ներկայացուցիչներից է համարվում։ Որպես «Kupikazu» ստեղծագործական խմբի համահիմնադիր՝ նա կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ և համագործակցել Հայաստանի ամենաճանաչված բրենդների հետ։ Ներկայումս նա աշխատում է հայկական հեքիաթների պատկերազարդման նախագծի վրա, իսկ վերջերս ներկայացավ «Emergence» անհատական ցուցահանդեսով։ Վիլա Էմպենում աշխատելու ընթացքում Խորենը իր ստեղծագործական էներգիայի մեծ մասն ուղղել է պիքսելներով ոգեշնչված գորգերի այս շարքին։

 

Այս բացառիկ հարցազրույցում մեր East-West Residency ստեղծարար կացության ծրագրի մասնակիցը կիսվում է իր ստեղծագործական եզակի ոճով, ոգեշնչված մնալու տեխնիկաներով և ինչպես Եվրոպայում 40 թանգարան այցելելը փոխեց իր գեղարվեստական մոտեցումները։ Շարունակեք կարդալ՝ ավելին իմանալու խորհրդանշական ստեղծագործությունների հեղինակի մասին։

Վերջերս ավարտելով Ձեր East-West Residency կացության ծրագիրը Վիլա Էմպենում՝ Ձեր փորձառության ո՞ր կողմերն ամենամեծ տպավորությունը թողեցին Ձեզ վրա: Կա՞ն որոշակի պահեր կամ հանդիպումներ, որոնք էական ազդեցություն ունեցան Ձեզ վրա:


Ամենայուրահատուկ պահերը իրականում հաճախ ամենապարզ զբոսանքներն էին։ Վիլայում բնակվելիս բավականին շատ ժամանակ տրամադրում ես աշխատելուն և երկար զբոսանքներին։ Երբեմն ամբողջ օրը զբոսնել եմ՝ անտառներով և քաղաքով շրջելով ու անցնելով մինչև 40 կմ ճանապարհ։

 

Քաղաքը շատ հարթ է ի տարբերություն Երևանի և այդ պատճառով չես զգում, թե որքան ես քայլել։ Հետիոտների համար հարմար այս քաղաքը զբոսանքների միջոցով բացահայտելը հաճելի է, ինչ խոսք, քանի որ քո շուրջը միշտ շատ բան է տեղի ունենում։ Կարող ես ականատես լինել տարբեր միջոցառումների և տեսարանների պարզապես զբոսնելով։ Օրինակ, իմ առաջին զբոսանքի ընթացքում տեսա, թե ինչպես են մարդու նման հսկայական տիկնիկ իջեցնում բեռնատարից։

 

Զբոսնելիս կարող ես պատահական տեսնել տարբեր փառատոններ, ցուցահանդեսներ և միջոցառումներ։ Այդ զբոսանքների արդյունքում դու լցվում ես էներգիայով և հետաքրքիր գաղափարներ են առաջանում քեզ մոտ՝ հաճախ ոգեշնչելով քեզ աշխատել մինչև ուշ գիշեր։

Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում Դուք կենտրոնացել եք նոր նախագծի վրա, որը միավորում է պիքսելների և վիշապագորգերի հանդեպ Ձեր երկար տարիների հետաքրքրությունները։ Կարո՞ղ եք ավելին պատմել այս նախագծի մասին։ Ի՞նչը հանդիսացավ ոգեշնչման աղբյուր Ձեզ համար և ի՞նչ ազդեցություն ունեցավ Բրյուսելում անցկացրած Ձեր ժամանակը դրա զարգացման և առաջընթացի վրա:

 

Կարծում եմ՝ մեծ աշխատանք է տարվել իմ կողմից այնտեղ գտնվելու ընթացքում։ Ավարտել եմ պլանավորած աշխատանքիս մոտ 80%-ը, որը ներառում է պիքսելային պատկերազարդումների ստեղծում գորգերի և պլեդների համար իմ առաջիկա առաջին և երկրորդ ցուցահանդեսների համար։ Այստեղ աշխատելու ընթացքում նոր տարրեր և նմուշներ ավելացրեցի պիքսելային նկարազարդումներին։ Ոգեշնչվեցի նոր նմուշների ստեղծմամբ հատկապես Բրյուսելի դիզայնի թանգարան այցից հետո, որտեղ պլաստիկին նվիրված ցուցահանդես էր կազմակերպված։

 

Կարևոր է շեշտել, որ այս գործերն ավանդական բնույթ չեն կրելու։ Սա նախագծի կարևոր կողմն է։ Աշխատանքները չեն լինելու ավանդական և չեն ունենալու գորգերի ավանդական դիզայնի վրա համադրված ժամանակակից տեսք:  Փոխարենը, դրանք ներկայացնելու են գորգի վիզուալիզացիայի նորարարական մոտեցում՝ առաջարկելով տեխնիկաների կիրառման թարմ տեսակետ։

Ձեր արվեստը հայտնի է իր յուրահատուկ և ճանաչելի ոճով։ Ինչպե՞ս է այս ոճը զարգացել ժամանակի ընթացքում։ Ի՞նչ եք կարծում, Բրյուսելում Ձեր բնակությունը ինչպե՞ս կազդի Ձեր գեղարվեստական ​​մոտեցման և ապագա ծրագրերի վրա:

 

Այս պահին չեմ կարող հստակ ասել, թե ինչ է փոխվել իմ աշխատանքում։ Կարծում եմ՝ ամբողջական ազդեցությունը տեսանելի կլինի ժամանակի ընթացքում, բայց ինչ-որ բան հաստատ փոխվել է։ Կարծում եմ՝ այս փոփոխության կարևոր գործոններից մեկն իմ՝ մի շարք թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելն էր։ Կացության ընթացքում այցելել եմ Բելգիայում և Փարիզում շուրջ 40 թանգարան և ցուցահանդես։

 

Տեսել եմ տարբեր շրջանների աշխատանքներ։ Ոչ բոլոր փորձառություններն էին հավասարապես ազդեցիկ․ որոշ ցուցադրություններ ինձ այնքան էին գրավել, որ չէի ցանկանում հեռանալ, իսկ որոշները բավականին անհետաքրքիր էին թվում։ Այնուամենայնիվ, ես տարբեր զգացողություններ ունեցա, որոնցով անհամբեր սպասում եմ կիսվել իմ առաջիկա ցուցահանդեսի ժամանակ։


Թերևս իմ կացության արդյունքում իմ մոտեցումը ցուցահանդեսների նկատմամբ փոխվեց։ Այս նոր հեռանկարը ազդել է իմ սեփական աշխատանքները ներկայացնելու և ընդհանրապես արվեստով զբաղվելու իմ մոտեցման վրա։

Կադրեր Խորեն Մաթևոսյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությունից

Ձեր կարիերայի ընթացքում Դուք աշխատել եք մի շարք հետաքրքիր նախագծերի վրա՝ Տիգրան Համասյանի հետ նրա վերջին «Հազար ձայների թռչուն» ալբոմի համագործակցությունից մինչև «Kupikazu» ստեղծագործական խմբի համահիմնադիր լինելը, ինչպես նաև Հայաստանի ամենանշանավոր բրենդների հետ գործընկերությունը։ Ինչպե՞ս եք կարողանում հավասարակշռել և պահպանել Ձեր գեղարվեստական ​​գաղափարներն ու ուրույն ոճը՝ միաժամանակ բավարարելով այս նախագծերի կոմերցիոն պահանջները:
 

Բալանսի պահպանումը հնարավոր է, երբ ունես կայուն աշխատանք։ Ես արդեն վեց տարի է, ինչ աշխատում եմ Թումոյում, ինչը թույլ է տալիս ընտրողաբար մոտենալ կոմերցիոն նախագծերին։ Ես աշխատում եմ միայն այն նախագծերի վրա, որոնք ինձ դուր են գալիս և թույլ են տալիս ազատ ստեղծագործել և իրենցից ենթադրում են նշանակալից ստեղծագործական աշխատանքի կատարում։

 

Երբ կոմերցիոն պատվերներից կախված չեք, կարող եք ավելի ընտրողաբար մոտենալ և ընտրել այնպիսի աշխատանք, որը ձեզ ազատություն է տալիս։ Այս նախագծերը հաճախ տարբեր մարդկանց հետ աշխատելու արժեքավոր փորձ են տալիս:
 

Շատ կարևոր է հիշել, որ նույնիսկ այն դեպքում, երբ դուք չեք աշխատում կամ զբաղված չեք ինչ-որ կոմերցիոն նախագծի վրա աշխատանքով, դուք պետք է շարունակեք ստեղծագործել հենց ինքներդ ձեզ համար։ Մի մոռացեք ժամանակ հատկացնել անձնական նախագծերին և, որ ավելի կարևոր է, ապրել լիարժեք կյանքով։

Հետադարձ հայացք գցելով East-West Residency ծրագրին՝ որպես մասնակից ի՞նչն եք համարում Ձեր փորձառության մեջ ամենաարժեքավորը:

 

Ինձ համար կարևոր բանն այն էր, որ ստեղծագործական դաշտում կարող ես լինել ավելի համարձակ և ազատ: Յուրաքանչյուր պահ նորից սկսելու հնարավորություն է, և ցանկացած պահի կարող ես սկսել նորից: Դու կարող ես նորից սովորել, ցուցադրել քո ունակությունները և ինչ-որ նոր բան իրականացնել:

bottom of page