top of page

Հովհաննես Կոշտոյանի «Ջուլհակուհին»

Creative Armenia-ի «Spark» դրամաշնորհակիր Հովհաննես Կոշտոյանի հնի ու նորի թելերը

Դեկտեմբերի 17, 2019  |  հեղ.` Creative Armenia

Hovhannes Koshtoyan_edited_edited.jpg

«Creative Armenia Network»-ի անդամ և «Spark» դրամաշնորհակիր Հովհաննես Կոշտոյանի նոր արտ-ինստալյացիան Գյումրի քաղաքում հանգուցեց հնի և նորի թելերը՝ հավաքելով հարյուրավոր մարդկանց նոր հայացք նետելու արդեն հարազատ դարձած «Ջուլհակուհու» արձանին։   

CA. Դուք նկարիչ և քանդակագործ եք։ Այս երկու արվեստի ոլորտներն ունե՞ն իրենց սահմանափակումներն ու ազատությունները Ձեզ համար։ Ինչպիսի՞ թեմաների եք անդրադառնում դրանցից յուրաքանչյուրի միջոցով։

 

ՀԿ. Ինձ համար արվեստի ոչ մի ոլորտ չունի սահմանափակումներ և արգելքներ։ Ցանկացած արվեստագետ պետք է փորձի ստեղծել նորը, չկրկնվողը՝ որքան էլ որ անհնարին թվա։ Ժամանակակից մտածելակերպը, նորովի մոտեցումը ներկայումս շատ է պակասում հայկական ժամանակակից արվեստում։ Իմ ստեղծագործություններում առաջնայինը կերպարն է՝ միաձուլված նորարարական տեխնիկաներով, մինիմալիստական լուծումներով, ոչ երկրային, բայց միևնույն ժամանակ ամբողջովին ներծծված մարդկային հույզերով ու զգացմունքերով, փոփոխությունների սպասումով, ապագայի ու անցյալի համաձուլմամբ։

CA. Վերջերս Creative Armenia-ն Ձեզ պարգևատրեց «Spark» դրամաշնորհ՝ արտ-ինստալյացիա նախագծի իրականացման համար։ Կպատմե՞ք նախագծի մասին։ Ինչպե՞ս հանգեցիք գաղափարին և ինչպիսի՞ն էր ստեղծագործական ընթացքը։

ՀԿ. Քաղաքում տեղադրված արձանները, որոնք դարձել են յուրօրինակ ժառանգություն քաղաքի բնակիչների համար, մշտապես իմ ուշադրության կենտրոնում են եղել, հատկապես ինստալյացիայի հերոսուհին՝ Թերեզա Միրզոյանի կողմից 1964 թ.-ին ստեղծված «Ջուլհակուհի» արձանը, որը խորհրդանշում էր այդ ժամանակաշրջանի գործարանային աշխատակցուհու հավաքական կերպարը՝ գեղեցիկ ու ազդեցիկ, սակայն մոռացված ու անտեսված։ Ուսումնասիրելով քանդակի նախնական գաղափարը՝ միտք առաջացավ արձանի հետնամասում տեղադրել թելերով գործված ինստալյացիա, որը սերտորեն կկապվեր ջուլհակուհու աշխատանքին։ 

 

Այդպիսով, հնարավորություն եղավ ցույց տալու աշխատող կնոջ կերպարը, որը կանացի է, գեղեցիկ և միևնույն ժամանակ ուժեղ։ Գյումրու Տեքստիլ գործարանը Խորհրդային միության առաջին տեքստիլ արդյունաբերության գործարանն էր, որտեղ աշխատում էին բազմաթիվ կանայք՝ կատարելով ծանր աշխատանք, թելերի հետ աշխատելիս վնասելով մատները և մնալով գիշերային հերթափոխի։ Նման մի կնոջ կերպար էլ արտացոլում է «Ջուլհակուհու» արձանը։ Նախագիծը ներկայացնելով Creative Armenia-ին և հավանության արժանանալով՝ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Նախքան տեղադրելը թաղամասի բնակչությանը շատ էր հետաքրքրում՝ ինչ է լինելու, ինչի համար են անում։ Մի մասը ողջունում էին, մյուս մասը թերահավատորեն անընդհատ հետևում ընթացքին, անգամ խանգարում… 

 

Արտ-ինստալյացիան անելու ժամանակ, տարեց բնակիչներին հուզող միակ հարցն էր. «ի՞նչ եք անելու մեր աղջկա հետ»։ «Ջուլհակուհին» ոչ միայն ԽՍՀՄ-ից մնացած հուշ է, այլ թաղի բնակիչների «աղջիկն է»։ 

CA. Դուք ծնվել և այժմ ապրում եք Գյումրի քաղաքում։ Ձեր ինստալյացիան նույնպես տեղի ունեցավ Գյումրիում։ Ինչպիսի՞ կապվածություն ունեք քաղաքի հետ և ինչպե՞ս է այն ներգործում Ձեր ստեղծագործական տեսլականի վրա։

ՀԿ. Ստեղծագործել սկսել եմ փոքր տարիքից, անգամ չեմ էլ հիշի, թե երբ։ Ծնված լինելով արվեստագետների ընտանիքում ՝միշտ եղել եմ ստեղծարար միջավայրի մեջ։ Դպրոցին զուգահեռ հաճախել եմ նկարչական դպրոց, այնուհետև ավարտել եմ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ հայտնի քանդակագործ Զավեն Կոշտոյանի արվեստանոցը։ Ներկա պահին ապրում եմ Գյումրիում, քաղաք, որը ժամանակի ընթացքում տեսավ շատ փոփոխություններ, սակայն չկորցրեց սեփական դեմքը ու մշակութային միջավայրը. ստեղծագործողի ու ստեղծագործելու համար անփոխարինելի քաղաք, որտեղ կարելի է անգամ ոգեշնչում ստանալ փլատակներից։ Գյումրին միշտ եղել է և կմնա առաջադեմ, ստեղծարար քաղաք։ Իմ նպատակն է քաղաքի մշակույթին նոր շունչ ու ընկալում տալ, ինչպես «Ջուլհակուհու» դեպքում։

CA. Դուք «Creative Armenia Network» ծրագրի անդամ եք, որը աշխարհի արվեստագետների թվային ցանց է։ Կկիսե՞ք Ձեր տպավորությունները և փորձը այս միջազգային մեծ ցանցի անդամը լինելու մասին։

 

ՀԿ. Շատ ուրախ եմ մաս կազմել նման ստեղծարար արվեստագետների թվային ցանցի, որտեղ ծանոթացա, ընկերացա տարբեր մարդկանց հետ, ճանաչեցի Հայաստանում ու նրա սահմաններից դուրս գտվող ստեղծագործող արվետսգետներին ու իրենց ծավալած գործունեությանը։ Նաև կնշեմ հանդիպում զրույցները հայկական ծագում ունեցող աշխարհարռչակ մարդկանց հետ հետաքրքիր ու անմիջական միջավայրում։ 

bottom of page