top of page

Թառի վարպետը

Մեր «Network-ի» անդամ Միքայել Ոսկանյանի հնչեղ ուղևորությունը  

Հուլիսի 19, 2019  |  հեղ.` Creative Armenia

Երաժիշտ, կոմպոզիտոր և «Network-ի» անդամ Միքայել Ոսկանյանը մեզ հետ զրուցեց վերջերս

«Ford Theatre Foundation-ում» կայացած համերգի, ներկայի համագործակցությունների և ապագա պլանների մասին։ 

G55A4087_edited.jpg

CA. Ձեր «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը վերջերս ներկայացավ Հոլիվուդի հռչակավոր «Ford Theatre Foundation-ի» բեմում։ Կպատմե՞ք այդ փորձառության մասին։ 

ՄՈ. Ինչպես բոլոր մնացած համերգները, որոնք ունեցել եմ արտասահմանյան բեմերում, «Ford Theatre-ն» ինձ մեծապես տպավորեց։ Ամեն նոր բեմ և դահլիճ նոր էներգիա և ոգեշնչում է հաղորդում, քանի որ ականատես ես դառնում, թե ինչպես է երաժշտությունդ ազդեցություն թողնում այլ մշակույթի կրողի վրա։   

«Ford Theatre-ում» տեղի ունեցած համերգը բավականին պահանջկոտ էր, քանի որ թատրոնը Լոս Անջելեսի հնագույն կատարողական արվեստի կենտրոններից է։ «IGNITE @ the Ford!-ի» կողմից կազմակերպված համերգային շարքը, որի շրջանակում էլ մեր խումբը ներկայացավ, Լոս Անջելեսի լսարանին ներկայացնում էր աշխարհի արվեստագետներին՝ նրանց ծանոթացնելով ավելի բազմատեսակ մշակույթներին և ժանրերին։ Բայց այն նաև արվեստագետների վրա ազդեցություն թողեց։ Ինձ համար պատիվ էր լինել այս փորձառության մասնակիցը։ 

CA. Ո՞րն է Ձեր ստեղծագործական կարիերայի ապագայի տեսլականը: 

ՄՈ. Նպատակս իմ երաժշտությամբ հնարավորին չափ շատ երաժշտասերների ոգեշնչելն է, նաև աշխարհի տարբեր հատվածներում հայկական երաժշտության ներկայացուցչի և հնագույն երաժշտական գործիքներից մեկի վարպետի ճանաչում ունենալը։ 

Ես հստակ պատկերացում ունեմ հայաստանյան գործունեությանս մասին։ Մեկ տարի առաջ ես հիմադրեցի «OBERTON» երաժշտական ընկերությունը։ Ես ցանկանում եմ, որ այն դառնա երաժշական ճաշակ զարգացնելու և նոր ու կրթական բովանադակություն ստանալու հարթակ։ 

Ես արդեն ձևավորել եմ կրթական երաժշտական նախագծեր, որոնք կօգնեն նոր սերնդին սիրել արվեստը, տարբերակել մնայուն երաժշտությունը անցողիկից և ստեղծել աննախադեպ երաժշտություն, որը համաշխարհային հարթակներում մրցակցելի կլինի։ 

MV_F_284.jpg

CA. Դուք նաև մեր «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրիի անդամ եք եղել։ Կպատմե՞ք, արդյոք Ձեզ համար կա տարբերություն արվեստագետի և քննադատի դիրքում լինելու միջև։ Այն Ձեզ դարձնու՞մ է ավելի ինքնաքննադատ։

ՄՈ. Երբ ժյուրիի անդամ ես և ստիպված ես գնահատել որևէ արվեստագետի աշխատանք, ամեն վայրկյան մի միտք է գլխումդ՝ ինչպես մյուսները կգնահատեին իմ աշխատանքն ու արվեստը։ Ամեն անգամ ժյուրիի անդամ լինելուց հետո ես սկսում եմ համեմատականներ տանել և լինել ավելի զգոն ու քննադատական իմ իսկ գործերի հանդեպ։ 

CA. Վերջերս հրապարակված Ձեր «Ուտոպիա» երաժշտական անիմացիոն ֆիլմը համարգործակցություն էր երեք արվեստագետների հետ՝ նկարազարդողի, տեքստի հեղինակի և մեկ այլ երաժշտական խմբի։ Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք համագործակցությունների հանդեպ։

ՄՈ. Իմ ողջ ստեղծագործական կարիերայի ընթացքում ես ամենից շատ բավականություն ստացել եմ հենց համագործակցություններից։ Իրականում, մեր խումբը, որը գործում է արդեն 8 տարի, սկիզբ էր առել ջազ և ժողովրդական երաժշտությունների միասնությունից։

Քանի որ մասնագիտական կրթությունս ստացել եմ արվեստաբանության մեջ, միշտ հետաքրքրված եմ եղել արվեստի տարբեր ոլորտներով ու փորձել եմ գտնել դրանց միավորման ճանապարհներ։ Այժմ, Ռուբեն Մալայանի հետ մի նոր նախագիծ ենք մշակում, որը, հուսով եմ, շուտով կներկայացնենք։ 

  

Screen Shot 2019-09-09 at 6.42_edited.pn

CA. Դուք Ձեր երաժշտությունն անվանել եք «հիմնականում ժողովրդական՝ ջազային խառնուրդով»։ Կասե՞ք, ինչպես եք հանգել նման ժանրային խառնուրդին։ 


ՄՈ. Իմ երաժտությունը տարբեր ժանրերից ունի ազդեցություն, և, իրականում, ես չեմ սիրում այն դասակարգել ըստ ժանրի։ Խմբով ներկայանալիս այն ավելի մոտ է ժողովրդական-ջազ համադրությանը։ Բայց վերջերս, ես ստեղծագործում եմ նաև փորձարարական ժանրի մեջ։ Նույնիսկ խմբի նոր ծրագիրը ավելի ժամանակակից, քան ընդունված ջազ է։ Չկան սահմաններ, կա միայն երաժշտություն։ 

CA. Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ստեղծարար ոգեշնչման աղբյուրը:

ՄՈ. Ավելի շատ ինչն է, քան ով։ Ամեն վայրկյան, ամեն իրավիճակ կարող է դառնալ երաժշտության աղբյուր։ Ամեն պահ լի է զգացմունքներով։ Հետաքրքիր է, որ երբեմն ուժեղ զգացմունքներով լի պահերն ինձ վրա հակառակ ազդեցություն են թողնում։ Օրինակ, ավելի քան մեկ անգամ, ես շատ ուրախ գործեր եմ գրել թաղման արարողություններից հետո, կամ հակառակը՝ տխուր գործեր հարսանիքից կամ ծնունդից հետո։ Քանի որ հնարավոր չէ վերահսկել, թե երբ ոգեշնչումը կժամանի, ես փորձում եմ զգալ ամեն պահը և դրան համապատասխան զգացմունքը, և չբավարարվել դրա ամենաուժգին արտահայտումներով՝ ինչպիսիք են ուրախությունն ու տխրությունը։ Այնպես որ, կարծում եմ, որ իմ ոգեշնչումը զգացմունքների ամեն արտահայտումի մեջ է։  

  

bottom of page