«Համակարգը նեխած է, ընկե՛ր»
Եվ այլ մտորումներ վիպագիր Վիգեն Բերբերյանի կողմից
Մայիսի 31, 2019 | հեղ.` Creative Armenia
Գրող և էսսեիստ Վիգեն Բերբերյանը «The Cyclist» (2002) և «Das Kapital» (2007) գրքերի հեղինակն է։ Մենք զրուցեցինք նրա հետ իր նոր գրքի շուրջ, որը համահեղինակել է ֆրանսիացի նկարազարդող Յան Կեբիի հետ։ Գիրքն արդեն հրատարակվել է Ֆրանսիայում, իսկ վերջերս` նաև ԱՄՆ-ում։
CA. Մենք հենց նոր ստացանք Ձեր վերջին` «Համակարգը նեխած է, ընկե՛ր» գիրքը և մեկ շնչով կարդացինք այն։ Սակայն հստակ նկարագրել չենք կարողանում. այն նկարազարդ վե՞պ է, թե՞ գրական պատկերապատում։ Եվ ինչպե՞ս եք հանգել այս եզակի ձևաչափին։
ՎԲ. Համալսարանում մեզ սովորեցնում են տարանջատել գրականության գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրերը։ Մենք ունենք արվեստի, փիլիսոփայության, պոեզիայի, ֆիզիկայի, կոմիքսի, հավանականության տեսության, համակարգիչների, ծրագրավորման և պատմության գրքեր։ Մենք սովոր ենք դրանք տարբերակել, մասնագիտացնել և դասակարգել։ Թերևս դրա կարիքը կա գրադարաններում կամ գրատներում ավելի հեշտորեն գրքեր գտնելու համար, բայց կարծում եմ, որ այս տարանջատումները հաճախ երկակի ազդեցություն են թողնում։ Դրանք հիմար ու կամայական են։ Նկարազարդող Յան Կեբիի հետ աշխատելիս սա ավելի քան հստակ գիտակցեցի։ Մեր մոտեցումը ավելի շատ հիմնված էր ընդհանրություններ և կապեր գտնելու և մեր թվացյալ տարանջատ ասպարեզներն իրար մոտեցնելու վրա։
Մենք երկուսս էլ չունենք պատկերապատումի հետ աշխատելու նախկին փորձ։ Իրականում, մեր ցանկությունն էր կոտրել կոմիքսի որոշ ավանդական կանոններ, ինչպես, օրինակ, երկխոսությունների ամպիկները։ Ես գիրքը գրեցի գրական և խիստ ծաղրական ոճով, և իհարկե այն վեպ չէ։ Յանն ասում է, որ պիեսի պես է կարդացվում։ Այնպես որ չգիտեմ` ինչպես նկարագրել այն, բայց համոզված եմ, որ գիտելիքի ու արվեստի որոնումները պետք է տեղի ունենան թվացյալ անհամատեղելի ասպարեզներն իրար կապելու համար։ Այն գործերը, որոնք ճեղքում են ժանրային և գրական փոխաբերություններն ու ավանդույթները, ինձ համար ավելի հետաքրքիր ու նորարար են։ Ինքս էլ հաճախ նկատում եմ, թե ինչպես եմ ընկնում դասակարգման թակարդի մեջ ու ստիպված եմ լինում թափ տալ ու վերանայել ամենը։ Միգուցե այս գիրքը հենց դրա համար է` դասակարգման սովորությունից ազատվելու համար։ Հենց սա է արդի պատմության մեջ գիտելիքի համակարգումը։ Կարծում եմ, որ կյանքն ավելի գեղեցիկ կլիներ, եթե պայքարեինք ընդդեմ այդ միտման` ծրագրավորողի զրոների և մեկերի երկակի մշտական նմուշի։ Եվ սա կարելի է կիրառել բազում բաների վրա` ներառյալ ազգության և մշակույթի։ Մոնոն լավ բան չէ։
CA. Ձեր գրքերում միշտ կարելի է գտնել մետաֆորիկ շերտը։ Ինչպե՞ս է ճարտարապետությունը՝ թե՛ Երևան քաղաքի, և թե՛ հասարակության բարոյականության, որում Ձեր գրքի հերոս Ֆրունզն է գտնվում, խաղում այն թեմաների հետ, որոնք քննարկում եք գրքում։ Եվ, ի վերջո, ի՞նչն է նեխած։
ՎԲ. Նեխած լինելը դժվար չէ բացատրել։ Հենց նեխումն էր, որ դարձավ Թավշյա հեղափոխության կատալիզատորը, բայց նեխածի հետ մեկտեղ կա նաև վերականգնողականը։ Կյանքն այժմ զգալիորեն ավելի քիչ նեխած է, քանի որ հայաստանցիները հիմա ապրում են ավելի բաց և պատասխանատու հասարակության մեջ, քան ընդամենը մեկ տարի առաջ։ Ես համոզված եմ դրանում։ Բայց, այո՛, համակարգի նեխած լինելը և հենց այդ արտահայտությունը հղում է 1968թ.-ի մայիսի Ֆրանսիայի ուսանողական ապստամբությանը, և ունի երկակի իմաստ՝ ճարտարապետական և բարոյական։ Յանն ու ես դրա բացահայտումը կթողնենք ընթերցողին։ Բայց ընդամենը մի քանի տարվա մեջ ավելի քան 43 պատմական շինություններ ավիրվեցին Երևանում, որոնց փոխարինեցին բարձրահարկ շենքերն ու հանրախանութները։ Դրանցից շատերը աչքի ցավալի փշեր են։ Քաղաքն ընդլայնվելու երկու եղանակ ունի՝ հորիզոնական կամ ուղղահայաց։ Երևանը, լինելով սեյսմիկ գոտում, ընտրել է ուղղահայացը, և սա, ըստ իս, բավականին նեխած իրավիճակ է։ Շատ գործարարներ մեծ գումարներ են աշխատել դրանից։ Դա արվել է հապճեպ և հիմնականում` առանց միջավայրի ազդեցության մասին ճշգրիտ զեկույցների։ Ճիշտ չափի կաշառքը վճարում էիր ճիշտ մարդուն և ստանում շինության թույլտվությունը։ Այսօր դրա մասին ինձ նորից հիշեցրեց Յույ Մին Փեյի մահվան լուրը, ով Լուվրի ապակյա բուրգի հեղինակն էր։ Նա մի անգամ ասել է, որ մեր նախնիները երկար ժամանակ ունեին մտածելու ճարտարապետության ու բնատեսարանի մասին, իսկ մեր օրերում մենք ամեն ինչ հապճեպ ենք անում: Ճարտարապետությունը ժամանակ է պահանջում` ասում էր նա, բայց մեր քաղաքական համակարգերը թույլ չեն տալիս դա, և դա նույնպես բավականին նեխած իրավիճակ է։
CA: Ինչպես Ֆրունզը, Դուք նույնպես, Ձեր կյանքի մի մասն անցկացրել եք Ֆրանսիայում։ Եվ ինչպես Ֆրունզը, նույնպես ընտրել եք տեղափոխվել` Հայաստանում ապրելու և ստեղծագործելու։ Ենթադրաբար, ինչ-որ իդեալիզմ կա այդ որոշման մեջ, ու գիտենք, թե ինչ է պատահում իդեալիզմի հետ, երբ այն բախվում է հետխորհրդային հանրապետության ծանր իրականության հետ։ Գիտենք, թե ինչ է պատահում Ֆրունզի հետ, ու կթողնենք ընթերցողն ինքնուրույն բացահայտի։ Իսկ Դո՛ւք ինչպե՞ս եք զգում։
ՎԲ. Դե, իհարկե պարզ է, որ Ֆրունզը հորինված կերպար է, իսկ ես՝ ոչ, եթե իհարկե չդիտարկենք Դեկարտի տեսանկյունից և համարենք, որ ամեն ինչ երազ է։ Ես Դեկարտի տեսակետին չեմ հետևում։ Սա առաջին տարբերությունն է, որ կնշեմ։ Բայց իմ` Հայաստան տեղափոխվելն ավելի քիչ առնչություն ուներ իդեալիզմի հետ, քան նոր աշխարհ բացահայտելու ցանկության հետ։ Գրող, պոետ և գրաքննադատ Վահէ Օշականն աշխարհի շրջիկ բնակիչ էր և այդ շարժականությունը փառաբանում էր իր կոչում. «Շարժվե՛ք։ Կաթվածահար մի՛ եղեք մի վայրում, փոխե՛ք ձեր շրջակա միջավայրը»։ Իրականում, սա կարդացի Օշականի մասին ձեր հրապարակած էսսեում, և այն դիպավ ինձ։ Նա տեղափոխվում էր և հսկայական ծավալներով գրում։ Հայերեն լեզվով հրատարակել է բանաստեղծությունների ութհատորյակ և արձակի վեցհատորյակ։ Դեռահաս լինելուս տարիներին մի գիշեր ընկերների մի խմբով Լոս Անջելեսի Վերմոնթ փողոցի սրճարաններից մեկում հանդիպեցինք Վահէ Օշականին, և նա մեզ կտրուկ հարց տվեց՝ «Ո՞րն է ձեր raison d'être»։ Ես համարյա թե թափեցի իմ Լիփթոն թեյով բաժակը։ Այն ժամանակ ոչ ոք ուլոնգ կամ նուշի կաթ չէր խմում։ Դա Ջամբա Ջուսին՝ միջազգային առաջատար ապրելակերպի բրենդին նախորդող դարաշրջանն էր։ Ես դեռ փնտրում եմ պատասխանն այդ լարված հարցաքննությանը, բայց փնտրելը վստահաբար ավելի հետաքրքիր է, երբ գտնվում ես միջանցիկ տարածքում, կարգերի և երկրների արանքում, քանի որ լավ պատմություններ պատմելու համար հարկավոր է տեսնել իրերի թե՛ ներքին և թե՛ արտաքին կողմը հեռավորությունից, այնպես որ ես միանգամայն կապված չեմ մեկ տեղի, մեկ պատմության հետ։
CA. Մի փոքր պատմեք մեզ Յանի մասին, և ինչպես աշխատեցիք միասին այս աշխարհը ստանալու համար։ Կային տեսարաններ կամ կերպարներ, որոնց այլ կերպ էիք պատկերացրել, բայց նա պատկերեց բոլորովին այլ կերպ։
ՎԲ. Դժվարին աշխատանք էր։ Կասեի, որ ավելի շատ համամիտ էինք, քան հակամիտ։ Մենք ունեինք ներըմբռնող զգայարան, որով զգում էինք, թե մյուսն ինչ է անում, և երկուսս էլ ունենք ծաղրի սուր զգացում։ Այդ ամենը շատ օգնեց։ Նախքան նկարազարդելը, Յանը խնդրեց ընթերցել ամբողջ պատմությունը։ Յանի նկարազարդումների բազում կողմերից մեկը, որով հիանում եմ, այն է, որ առաջին հայացքից դրանք մաքուր ու նույնիսկ կենսախինդ են թվում, բայց դրանք մի փոքր տարօրինակ ու լարող են։ Այդ լարվածությունը կարելի է տեսնել «New Yorker-ի», «NYT-ի» և «Guardian-ի» համար արված նրա նկարազարդումներում։ Ես չգիտեմ մեկ այլ նկարչի, ով կարողանում է հաճելիից դեպի սարսափելին ցատկը ստանալ միևնույն պատկերում։ Մեր մարտահրավերն էր պահպանել այդ լարումը ավելի քան 300 էջի ձևաչափում։ Մենք հիմնականում աշխատում էինք տարբեր քաղաքներից, բայց նաև Փարիզում այցելություններիս ժամանակ։ Բավականին շատ փաստագրական կադրեր կան, ցույցերի, կառույցների, մարդկանց և տեղանքների լուսանկարներ, բացահայտող հարցազրույցներ և իհարկե իմ պատմությունը։ Մենք նաև նրբանկատ էինք միմյանց ազատության հանդեպ, որպեսզի թույլ տայինք իրար ընկղմվել սեփական երևակայության մեջ։ Շատ հարգանք և վստահություն կար մեր համագործակցության մեջ, իսկ նա իր մասնագիտության մեջ իսկական կախարդ է, այնպես որ իմ մտադրությունն էր չխանգարել կախարդանքին, քանի որ ինձ համար նկարչությունը միանգամայն անհնարին բան է։
CA. Հիմա, երբ մի քանի տասնյակ տարիներ եք ունեցել մտորելու Օշականի հարցի շուրջ, որևէ պատասխանի հանգե՞լ եք, եթե ոչ Ձեր կյանքի իմաստի, այլ գոնե արվեստի իմաստի մասին։ Արդյո՞ք Ձեր ամեն նոր նախագիծ տարբեր է, թե՞ հետևում եք մեկ համընդհանուր օրինաչափության կամ իմաստի։
Վստահ չեմ, որ որևէ պատասխանի եմ հանգել։ Հիմնականում ավելի շատ հարցերի առաջ եմ կանգնում, բայց կարծում եմ, որ երկուսի իմաստն էլ ինչ-որ կերպ առնչվում է արարման ընթացքի հետ։ Ահա դա՛ է խթան ու դրդումը. ծնել նոր, իմաստալի և գեղեցիկ բան։ Դա է եռակի դրույթը, որով առաջնորդվում եմ։ Դա տեսանելի է բնության և դրա օրինչափությունների մեջ։ Տեսանելի է Ֆիբոնաչի հաջորդականության ձևում կամ ոսկե միջինի ձևում, մարդու կառուցած շինություններում, կտավներում և գրքերում։ Չեմ ուզում քննադատել Ջեֆ Քունսին, բայց չեմ կարծում, որ նրա` անբիծ պողպատից սարքած «Ճագարը» համապատասխանում է նորի, իմաստալիի և գեղեցիկի ձևակերպմանը. միևնույն ժամանակ գեղեցիկը կարող է լինել նաև ասիմետրիկ և տգեղ։ Անպայման չէ, որ այն ունենա փանգլոսյան, կատարյալ ձև։ Բայց Քունսի «Ճագարը» անբովանդակ և ոչ նորարար է։ Այն ավելի շատ տոնում է արվեստի խաղարկայնացումն ու առևտրայնացումը։ Կան մարդիկ, որ կարծում են, թե արժե վճարել 91 ԱՄՆ դոլար դրա համար։ Դրա իմաստը որտե՞ղ է։ Մի անգամ կարդացել էի, որ 1981-ի մարդահամարի ժամանակ, ինչ-որ մեկն իր մասնագիտությունը նկարագրել էր որպես քարե առյուծների քանդակագործ։ «Բնութագրե՛ք ձեր աշխատանքը» հարցին ի պատասխան՝ նա ասել էր. «Ես հեռացնում եմ քարի այն հատվածները, որոնք առյուծ չեն»։ Իսկ գրողները, կարծում եմ, նույն կերպ պատմությունների քանդակագործներ են և հեռացնում են այն բառերն ու նախադասությունները, որոնք պատմություններ չեն։ Գուցե Ձեր հարցի պատասխանը այդ մեծածավալ կավի թումբի մեջ է։