top of page

Ջիվան Գասպարյանի աղոթքը 

Դուդուկի վարպետը ոչ միայն նվագում էր աստծո նման, այլ նաև սահմանում, թե ինչ է դուդուկը 

Հուլիսի 12, 2021 |  հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան

17855525_1641611202546041_3740782711500513297_o.jpeg

Մարդիկ ապրուն են իրենց կյանքը։ Երբեմն, սակայն, կյանքն է ապրում մարդկանց։ Եվ այն ամբողջովին ապրեց Ջիվան Գասպարյանին՝ դուդուկի վարպետին, ում մատներն ու շուրթերը դաշնակցում էին հայկական ծիրանափողի հետ հնչեցնելու վշտի, ուժի, սիրո, բայց ամենից շատ՝ հույսի աղոթքներ։ 

 

Կյանքն ապրեց այն ութամյա տղային, ով իր երաժշտական գործիքի հետ առաջին հանդիպումն ունեցավ Սոլակ գյուղի հին կինոթատրոնում՝ դուդուկի ուղեկցությամբ համր ֆիլմ դիտելիս։ Նրա համար՝ դուդուկի գլխավոր դերակատարմամբ։ Երբ նա հեռացավ թատրոնի կախարդական խավարից, հրապուրված դուդուկով, նա չգիտեր, թե իր կյանքը գրպանում ինչ էր թաքցրել։ «Մենք որբ երեխաներ էինք», - ասաց Ջիվանը՝ վերհիշելով այն ութամյա տղային, որ մի ժամանակ եղել էր։ «Ո՞վ էր մեր տերը։ Մենք մեծացանք առանց մոր կամ հոր։ Մենք խառնվեցինք հազար տեսակի մարդկանց մեջ»։ Իսկ հետո, ութամյա տեր չունեցող տղան տիրապետեց դուդուկին։

 

Նա նվագեց Եղիսաբեթ II թագուհու համար, նվագեց Պարսից շահի համար, նվագեց Սովետական Միության մի շարք ղեկավարների համար՝ Ստալինի, Խրուշչևի, Բրեժնևի, որոնցից մեկը՝ «Պողպատե մարդը», հալվեց մեծ երաժշտի հուզիչ հնչյուններից։

 

Միշտ կա այդ փոքր, թափանցիկ պահը, իրադարձությունների այդ անսպասելի շրջադարձը, որը մեծ արվեստագետները չեն փնտրում, բայց այն միշտ գտնում է իրենց։ Եվ երբ հայտնի կոմպոզիտոր, ձայնագրման պրոդյուսեր և Արևմուտքի զավակ Բրայան Ինոն 1988 թ.-ին եկավ Մոսկվա, պատահաբար գտավ Ջիվանի ձայնասկավառակներից մեկը՝ «I will not be sad in this world»-ը, որը նա ավելի ուշ վերաթողարկեց Սովետական Միությունից դուրս, իր «Opal Records»-ում։ Ապշած այդ ձայնասկավառակով, որը պարունակում էր վիշտ, բայց նաև անսպառ համառություն դեպի հույս, Ինոն Ջիվանին և դուդուկը բերեց Արևմուտք։ 

 

Եվ այսպես, սկսվեց հայ մեղմ երաժշտի ճանապարհը՝ դառնալու պաշտամունքային անձնավորություն և փոփ աստղ։ Նա ստեղծեց իր առաջին միջազգային ալբոմը՝ «Moon Shines at Night»-ը՝ արտադրված Մայքլ Բրուքի կողմից։ Նա տասնհինգօրյա ձայնագրություն արեց փոփ երաժիշտ Փիթեր Գեբրիելի տանը՝ կատարելով ռոք երաժշտության դուդուկի իմպրովիզներ։ Նա նաև համագործակցեց Գեբրիելի հետ Մարտին Սկորսեզեի 1988 թ.-ի կրոնական դրամայի՝ (նրա տասնհինգ տարվա մեծ նախագծի) «The Last Temptation of Christ»-ի սաունդթրեքի շուրջ։ Ջիվանի դուդուկի հնչյունները, Գեբրիելի հիանալի ուղղորդմամբ, փոխանցում էին մեսիայի ներքին տանջանքներն ու կասկածները։ 

Հետո հերթը հասավ «Գլադիատոր»-ին։ Մի օր, ֆիլմի կոմպոզիտոր Հանս Ցիմերը իրադարձությունների իր անսպասելի շրջադարձը ունեցավ, երբ զանգ ստացավ իր հին ընկեր Միշել Բրուքի կողմից։ Բրուկը զանգահարում էր ասելու, որ Ջիվան Գասպարյանը, ում համար Ցիմերը երաժշտություն էր գրում, այն անասելի հույսով, որ «Եթե այն գրվի, նա կգա», իրականում գալիս է Լոս Անջելես։ Այսպիսով, դուդուկի մեծ վարպետը Ցիմերի հետ համատեղ ստեղծեց «Գլադիատոր»-ի մարոկկյան տեսարանների երաժշտական կոլաժը։ 

 

«Նա աստված է իր երկրում։ Նա իր անունով իր սեփական օղին ունի։ Եվ եթե դուք բավականաչափ խմեք նրա օղին, սառույցը կհալչի, և նրա դեմքը պիտակի ներսում կերևա։ Դուք իսկապես կտեսնեք նրա դեմքը», - ասաց Ցիմերը՝ մանկական փայլող աչքերով, որ հարգանքի նշան էր Գասպարյանի հանդեպ։ «Այնպես որ, մեր շփումը սահմանափակված էր օղի խմելով, մինչև կտեսնեինք նրա դեմքն ու նրա՝ աստծու պես նվագելով»։ 

 

Ջիվանը հետագայում համագործակցեց Սթինգի, Հոսեյն Ալիզադեի, Բրայան Մեյի, Լիոնել Ռիչիի, Լուիջի Սինկեի, Դեյվիդ Սիլվիանի և շատ այլ մարդկանց հետ, բայց նա երբեք չգերազանցեց իր սեփական խոնարհությունը, նույնիսկ երբ ամերիկահայ մեծն գրող Ուիլյամ Սարոյանը տեղեկացրեց նրան. «Սա երաժշտություն չէ. սա աղոթք է»։ Նույնիսկ երբ նա՝ Ցեղասպանությունը վերապրածների թոռը, ով մեծացել էր իր տատիկի՝ դաժան անապատից վերցված վշտի պատմություններով և պապիկի՝ գեներալ Անդրանիկի զորքերում գտնվելու օրերի խիզախության պատմություններով, բուռն ծափահարությունների արժանացավ տասը հազար հոգանոց թուրք հանդիսատեսի կողմից։ Նա աշխատում էր նշանավոր և անհայտ երաժիշտների հետ երաժշտության հոգեպարարությունը գտնելու հավասարաչափ տենչով։

 

«Դա ուղղակի շուրթերի և մատների միջոցով դինամիկան վերահսկելու խնդիր է», - միակ բանն էր, ինչ մեծագույն վարպետը կասեր դուդուկի մասին։ Ու կշարունակեր ստեղծել մի ամբողջ աշխարհ այդ փայտե գործիքի մեկ օկտավի տիրույթում՝ ութամյա տղայի այն տենչով, որը նա զգաց այդ կինոթատրոնի մթության մեջ, իր տատիկի պատմություններից քաղած հոգեպարարությամբ և այն քաջությամբ, որը նա վերցրեց Անդրանիկի զորքերից։ Դա ուղղակի շրթունքների, մատների, և նրանց միջով հոսող հայ ոգու խնդիրն էր։

AUTHOR

Anush Ter-Khachatryan is a writer living in Yerevan.

bottom of page