Միշել Լեգրանի կյանքն ու լեգենդը
Ծնունդով ֆրանսիացի, բայց արմատներով հայ` լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանը պարզապես չի քաղցրացրել 20-րդ դարի լավագույն ֆիլմերից շատերը։ Նա դրանց ձևակերպում է տվել։
Փետրվարի 20, 2019 | հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան
2019թ.-ի հունվարի 19-ին 86 տարեկանում կյանքից հեռացավ Միշել Լեգրանը։ Այդ պահից ի վեր` նա վերածվեց լեգենդի։ Լինելով ավելի քան երկու հարյուր ֆիլմերի և հեռուստաֆիլմերի երաժշտության հեղինակ, ունենալով բազում Օսկար և Գրեմմի մրցանակներ և մի կարիերա՝ լի համագործակցություններով այնպիսի կինոռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան-Լյուկ Գոդարը, Անյես Վարդան, Օրսոն Ուելսը` Միշել Լեգրանն այժմ հանգչում է մեծագույն կինոկոմպոզիտորների պանթեոնում։ Ստորև` լեգենդ լինելու պատճառներից մի քանիսը:
1. «Շերբուրյան հովանոցները» | 1964թ. | Ժակ Դըմի
Միշել Լեգրանի համագործակցությունը ֆրանսիական «Նոր ալիքի» ռեժիսոր Ժակ Դըմիի հետ դարձավ վերջինիս` 1964թ.-ի «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմի կարևոր բաղադրիչը. քաղցրասույզ, կոնֆետի գույներով հագեցած պատկերներով լի մյուզիքլ, որտեղ խաղում է Կատրին Դընյովը։ Միասին այս երկու արվեստագետները կարողացան թվացյալ ծեծված ու չափից դուրս սենտիմենտալ պատմությունից ստանալ կինոյի պատմության կարևորագույն մյուզիքլներից մեկը։
«Ժակն ու ես շատ քրտնաջան պետք է աշխատեինք այս նախագիծը առաջ տանելու համար», — մի առիթով ասել է Լեգրանը։ «Պրոդյուսերները մեզ դռան տեղն էին ցույց տալիս` ասելով, որ երիտասարդ, լավ տղաներ ենք, բայց չպետք է կարծենք` մարդիկ մեկ ու կես ժամ կվատնեն` լսելու կյանքի մանր-մունր տափակաբանությունների մասին երգող կերպարներին։
Լեգրանն այդ տափակաբանություններից ձուլեց մի հրաշալի ստեղծագործություն, որը 1964թ.-ին Կաննի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։
2. «Թոմաս Քրաունի խարդախությունը» | 1968թ. | Նորման Ջյուիսոն
Լեգրանի համագործակցությունը Նորման Ջյուիսոնի «Թոմաս Քրաունի խարդախությունը» ֆիլմի շուրջ ծնունդ տվեց հռչակավոր «The Windmill of Your Mind» երգին, որի համար Լեգրանը երգի խոսքերի հեղինակներ Ալան և Մերիլին Բերգմանների հետ միասին արժանացավ Օսկարի «Լավագույն երգ» մրցանակին։ Երգը տպավորիչ կերպով հայտնվում է ոչ միայն ֆիլմի բացման տիտրերում, այլ նաև մի առանցքային տեսարանում, որը պատկերում էր կերպարի ներքին պայքարը հանցանք գործելուն պատրաստվելիս։ Լեգրանի նուրբ մեղեդին կերպարին խորություն էր տալիս ու կարեկցանք առաջացնում նրա նկատմամբ։
Ինչպես Բերգմաններն են հիշում. «Երգի ձայնագրությունը տեղի ունեցավ Փարամաունթի հսկայական ձայնային բեմում։ Ֆիլմի կադրերը ցուցադրվում էին հսկայական էկրանին, իսկ Միշելը նվագախմբին օդային համբույրներ էր ուղարկում»։
3. «Ուրախ ավարտ» | 1969թ. | Ռիչարդ Բրուքս
Ռիչարդ Բրուքսի` 1969թ-ի դրամա «Ուրախ ավարտի» համար գրված երաժշտության համար Լեգրանը ստեղծեց կինոյի և երաժշտության մի ամբողջ հարաբերություն, որը իմաստային նոր շերտ հաղորդեց ֆիլմին՝ կերպարների հարաբերությունների հետ հակադրության մեջ դրվելով։
Ֆիլմը պատմում է երկու երիտասարդների կատարյալ սիրո մասին, որոնք, ի վերջո, ամուսնանում են։ Նրանց հարսանիքը, որ հիշեցնում է ֆիլմերում հանդիպող ուտոպիստական հարսանիք, ի վերջո, կորցնում է իր ուտոպիստական երանգները՝ հետևում թողնելով քանդված իրականություն։ Լեգրանի ստեղծագործությունը ֆիլմում երկու անգամ է հայտնվում. մեկը սիրո վերելքի պահին, մյուսը՝ վերջում` առանց որևէ բառի կամ մեղեդային փոփոխության` բայցևայնպես փոխանցելով բոլորովին նոր զգացողություններ։
Այս առաջադրանքի համար Լեգրանը պատրաստել էր վեցից ութ երգ, բայց ոչ մեկը չընտրվեց։ Փոխարենը, երբ երգի խոսքերի հեղինակը որպես երգի նախաբան նրան տվեց մի նախադասություն ՝ «ինչ ես պատրաստվում անել մնացյալ կյանքիդ հետ», ամեն ինչ փոխվեց։ Լեգրանի արածն իրոք շշմեցրեց բոլորին. նա պարզապես նստեց դաշնամուրի դիմաց ու միանգամից նվագեց ամբողջովին պատրաստ ստեղծագործություն. հենց այն, ինչ հարկավոր էր։ Բարեբախտաբար, նվագարկիչը միացած էր ու ձայնագրել էր երգը։
4. «Մոլեգին հողմերի դարավանդ» | 1970թ. | Ռոբերտ Ֆուեստ
Լեգրանի հաջորդ համագործակցությունը Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» գրքի 1970թ.-ի էկրանավորման շուրջ էր. մի դասական գործ, որը պահանջում էր հմուտ երաժշտական ստեղծագործություն։ Լեգրանն այս դասական պատմությանը կյանք տվեց հրաշալի նվագախմբային երաժշտությամբ, որը ֆիլմին երկրային ու հետապնդող զգացում էր հաղորդում։
Ի վերջո, Լեգրանն արժանացավ Ոսկե գլոբուսի «Լավագույն երաժշտություն» մրցանակին, և միևնույն տարում «American International Pictures»-ը թողարկեց սաունդթրեքը։
5. «Եենթլ» | 1983թ. | Բարբրա Սթրեյզանդ
1980-ականներին, երբ մյուզիքլներն այլևս տրենդային չէին, Միշել Լեգրանի ու Բարբրա Սթրեյզանդի համագործակցությունը կարելի է ասել նոր կյանք տվեց ժանրին և նույնիսկ արժանացրեց Օսկարի «Լավագույն երաժշտություն» մրցանակին։
Ստեղծագործություններն այս ֆիլմում տարբերվում էին Լեգրանի հիմնական ոճից՝ նախ ծառայելով պատմությանը։ Ֆիլմը պատմում էր մի երիտասարդ կնոջ մասին, ով հրեական կրոնական դպրոցում սովորելու նպատակով քողարկվել էր` իբրև տղամարդ։ Որպես այդպիսին` մյուզիքլը լի էր աղոթքներով։
ՀԵՂԻՆԱԿ
Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում: