Ջորջ Ալեքսանյանի պոետիկ նորաձևությունը
Creative Armenia-ի «Spark» դրամաշնորհակիր Ջորջ Ալեքսանյանը իր ստեղծարար ճանապարհի, կինոարտադրության առաջին քայլերի և վերջերս թողարկած «Why Women Kill» կարճամետրաժ ֆիլմի մասին։
Ապրիլ 29, 2020 | հեղ.` Creative Armenia
«Spark» դրամաշնորհակիր Ջորջ Ալեքսանյանը թողարկեց իր «Why Women Kill» կարճամետրաժ ֆիլմը, մի կոլաժ, որը հյուսված է կինոռեժիսորի բազում ոգեշնչումներից։
CA. Դուք նորաձևության ֆիլմերի ռեժիսոր եք։ Կպատմե՞ք, թե ինչպես է ֆիլմի նման նեղ ճյուղը գրավել Ձեզ և ինչպիսի ուղի եք անցել։
ՋԱ. Կարծում եմ, որ երաժշտությունն ու նորաձևությունն ինձ հետաքրքրել են դեռ մանկուց։ Եվ երբ հետաքրքրություն առաջացավ լուսանկարչության հանդեպ, նորաձևության ֆիլմերը հենց առաջինը գրավեցին ինձ։
Նորաձևության տեսահոլովակներն ու ֆիլմերն ինձ միշտ ոգեշնչում են։ Տեսնելը, թե ինչպես են կադրերն ու երաժշտությունը միաձուլվում՝ դառնալով իմաստալի և տպավորիչ, ուղղակի հիանալի փորձառություն էր։ Ես ուզում էի ստեղծել մի բան, որը որակապես կլիներ հավասարազոր ինձ ոգեշնչող ֆիլմերին։
Սկզբում սեփական ոճը գտնելը շատ դժվար էր։ Երբ տեսնում ես մի բան, որը քեզ դուր է գալիս, միանգամից ուզում ես նմանակել։ Ես փորձում էի չնմանակել սիրելի կինոռեժիսորների, այլ օգտագործել նրանց աշխատանքը որպես ոգեշնչում։
Ես ապրում էի Ստեփանակերտում, որտեղ չկան կինոռեժիսուրայի դպրոցներ կամ դասընթացներ։ Ես առաջին քայլերս միայնակ էի անում ու միակ ուսուցիչս Youtube-ն էր։ Եվ քանի որ դեռ փոքր էի, չունեի ստեղծարար պատկերացում։ Հետևաբար, Youtube-ը դարձավ նաև իմ լավագույն ընկերը։ Ֆիլմ բեմադրելու և խմբագրելու բոլոր այն գիտելիքները, որոնք այսօր ունեմ, ստացել եմ դիտելով օնլայն դասընթացներ։
Սեփական ոճը գտնելը շատ բարդ էր։ Ես տարբեր մեդիաների վրա աշխատեցի, ներառյալ երաժշտական տեսահոլովակների և կարճամետրաժ ֆիլմերի։ Ի վերջո հասկացա, որ ցանկանում եմ երկուսը միաձուլել և այդ իսկ պահից պատրաստ էի ամբողջ կյանքում դրանով զբաղվելուն։
CA. Դուք երիտասարդ արվեստագետ եք, ով վստահ քայլերով շարժվում է առաջ՝ ունենալով հստակ ստեղծարար պատկերացում։ Խոսեք ստեղծագործական և տեխնիկական մարտահրավերների մասին, որոնց առնչվել եք Ձեր ստեղծարար կարիերայում։
ՋԱ. Կարծում եմ, սիրելի բանի վրա աշխատելը միշտ դժվար է։ Դժվար է ստանալ մի արդյունք, որին հավանություն կտաս և որով կհպարտանաս։
Ես միշտ փորձում եմ հպարտանալ իմ աշխատանքով, քանի որ միայն ինքս գիտեմ դրա թերությունների և բացերի մասին։ Ինձ համար ամեն նոր թողարկումը պետք է լինի նախորդից լավը։ Որպես կինոռեժիսոր ես ուզում եմ, որ իմ ստեղծագործությունը լինի կատարյալ, որը, իհարկե, երբեք չի հաջողվում։
Ես միշտ միայնակ եմ աշխատել՝ տեսախցիկիս հետ։ Սակայն այս անգամ, Creative Armenia-ից ստացած դրամաշնորհը օգնեց ինձ ստեղծել «Why Women Kill» ֆիմը։ Այն մոգական է ստացվել։ Ահա՛, թե ինչու այն ավելի կատարելագործված է, քան նախորդ աշխատանքներս։ Ես երախտապարտ եմ նման հիանալի արդյունքի համար։
CA. Որպես կինոռեժիսոր, Դուք միշտ որևէ պոետիկ տարր եք ներառում Ձեր գործերում։ Պատմեք այդ լուծման մասին և թե արդյոք գտել եք Ձեր ստեղծարար ոճը։
Ես միշտ սիրել եմ պոեզիա, և ոչ միայն գրականության մեջ, այլ նաև այն պոեզիան, որը կա երաժշտության մեջ և ֆիլմերում։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես կարելի է մարդկանց թույլ տալ զգալ, թե ինչպես է ստեղծագործությունը արտացոլում իրենց փորձը՝ կիրառելով բազմիմաստ բառեր։
Իմ հղումները պոեզիային հիմնականում եղել են սիրելի ֆիլմերից։ Որպես օրինակ կարելի է դիտարկել հենց այն նախագիծը, որը արել եմ Creative Armenia-ի հետ համագործակցության շրջանակներում՝ «Why Women Kill» անվանումով, որը համանուն է «Why Women Kill» հեռուստաշոուին։ Հեռուսաշոուն ինձ ոգեշնչել էր և ես չվարանեցի անվանումն օգտագործել։
Երիսադարդ կանանց երկխոսությունները նույնպես իմ սիրելի ֆիլմերից են վերցված։ Գրեթե բոլոր նախադասությունը հղում է։ Օրինակ.՝ «go ahead, make my day» արտահայտությունը իմ բոլոր ժամանակների սիրած ֆիլմից՝ «Sudden Impact»-ից է։ Այն գրվել է հրաշալի սցենարիստ Չարլզ Փիրսի կողմից, ում պոեզիայով հիացած եմ։
Եվ նույնիսկ երաժշտությունն է տուրք մատուցում ֆիլմին։ Օգտագործված յուրաքանչյուր երգ կրում է նույն իմաստը։ Դրանք տարբեր արվեստագետների, տարբեր ժանրերի և երաժշտության շրջանների գործեր են, բայց ունեն նույն հիմքը։
Ինչ վերաբերում է իմ ստեղծարար ոճին, կարծում եմ, որ միշտ եմ այն ունեցել։ Այն ուղղակի հղկման կարիք ուներ, որպեսզի ավելի նկատելի դառնար դիտողի համար։ Նախորդ տարի ես սոցիալական ցանցերից ընդմիջում վերցրի և իմ գործերը միայն ինքս էի դիտում։ կարծում եմ, այդ ընթացքում է, որ ոճս ավելի կատարելագործեցի և ճանաչելի դարձրեցի։
Մարդիկ ինձ ուղարկում էին իմ կողմից արված տեսահոլովակներ՝ հարցնելով արդյոք ես եմ հեղինակը։ Ասում էին, որ իմ ոճն են հիշեցնում։ Այս խոսքերն ինձ երջանկացնում են, քանի որ զգում եմ, որ արված դժվար աշխատանքը գնահատվում է։
CA. Որպես Creative Armenia Network-ի անդամ, դուք վերջերս արժանացել եք «Spark» դրամաշնորհի։ Կպատմե՞ք մի փոքր նախագծի մասին, որը իրականացրել եք։
ՋԱ. Ինձ համար դրամաշնորհը ստանալը անսպասելի էր։
Ես ցանկանում էի ցույց տալ կանանց մասին իմ պատկերացումը։ Իրենց գեղեցկությունը, միտքը, անկախությունը տղամարդկանցից։ Ուզում էի ցույց տալ բոլորին, որ կայանք շատ ավելի ուժեղ են առանց տղամարդկանց։
Երբ տեսա «Spark» դրամաշնորհի հայտարարությունը, առանց վարանելու դիմեցի։ Բայց համոզված չէի, որ գաղափարս հավանության կարժանանար, քանի որ այն դեռ մշակված չէր։ Երբ արժանացա «Spark» դրամաշնորհի, ուղղակի ցնցված էի։ Ես հավերժ երախտապարտ եմ Creative Armenia-ին ինձ և իմ ստեղծարար մտքին հավատալու համար։
Հոլովակը ստեղծելը դժվար էր, քանի որ ուզում էի այն դարձնել տպավորիչ, տեխնիկապես լավ արված և միաժանական առեղծվածային։ Շատ բաներ այլ կերպ ընթացան թե՛ նկարահանումներից առաջ, թե՛ընթացքում, թե՛ հետո։ Բայց կարծում եմ, որ հաջողվեց լավ բան ստանալ իմ ընկերների շնորհիվ, որոնց շնորհակալ եմ։ Առանց նրանց ոչինչ չէր հաջողվի։
Համահունչ մոդելներ գտնելը նույնպես մարտահրավեր էր։ Ես ունեի հստակ պատկերացում, թե ինչ տեսք պետք է ունենան։ Երեք կանանց գտնելու համար, ես գրեթե բոլորի ինստագրամյան էջերով անցել եմ։ Երբ, ի վերջո, գտա նրանց, ընտրությունն ինձ գոհացրեց։
Այն ամենն ինչ ֆիլմում տեսնում եք, սկսած ինտերիերից մինչև դիմահարդարում, իմ ստեղծարար մտքի մասն են։ Մենք ամբողջովին վերափոխեցինք տունը, որպեսզի այն իմ պատկերացրած տան ճիշտ նույն տեսքն ունենար։ Ես գիտեի, թե մոդելներն ինչ հագուստ պետք է կրեն և ինչ դիմահարդարում ունենան։ Այս ամենը օգնեցին ստանալու վերջնական արդյունքը։
Այս ֆիլմն իմ առաջին մեծ նախագիծն էր և ես ուզում էի, որ այն կատարյալ լիներ։ Նկարահանումներից հետո ունեի գրեթե 1TB նկարահանված նյութ, որը կարող էի խմբագրել՝ ստանալու մեկժամյա ֆիլմ։ Բայց այն ճիշտ ձևաչափ չէր լինի նախագծի համար. ուզում էի ստանալ հակիրճ, գեղեցիկ աշխատանք։
Երբ ավարտեցինք նկարահանումները, կարծում էի, որ դժվար գործն արված է, սակայն խմբագրման աշխատանքները ավելի երկարատև եղան։ Շատ բաներ փոխեցի խմբագրման ժամանակ։
Ամենից դժվարը երաժշտության ընտրությունն էր, քանի որ չէի ուզում ունենալ պարզապես լավ երաժշտություն։ Ուզում էի օգտագործել երգեր, որոնք կներկայացներին ֆիլմը։ Տասնյակ երգեր լսեցի և ֆիլմի սևագրեր ստացա մինչև կատարեցի վերջնական ընտրությունը։
Youtube-ում ֆիլմը թողարկելուց հետո չէի ակնկալում նման արձագանք։ Կարծում էի, որ եթե 1,000-2,000 դիտում ստանամ, ուրախ կլինեմ։ Բայց այն արդեն 15,000 դիտում է գրանցել, որը մինչ օրս զարմացնում է ինձ։ Արվեստագետներից մեկը, ում երգը օգտագործել էի, նույնիսկ կիսվել էր ֆիլմով։ Ես ցնցված էի։ Իսկ մարդկանց թիվը, որոնք գրում էին ինձ՝ ասելու, թե որքան են հավանել ֆիլմը և գաղափարը, հիանալի էր։
CA. Ո՞րն է Ձեր կարիերայի ապագայի տեսլականը:
Շատ բարդ հարց է, քանի որ ոչ ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասվում։ Դժվար է նույնիսկ պատկերացնելը, թե ինչ կլինի 5-10 տարուց։
Կարծում եմ երաժշտական տեսահոլովակներ բեմադրելն ու նկարահանելն այն արվեստագետների համար, որոնք ինձ ոգեշնչում են, մի բան է, որ ամբողջ կյանքում կանեմ։ Երաժշտությունը միշտ եղել է մեծ ոգեշնչում ինձ համար և իմ կյանքի կարևոր մասը։ Գուցե մի օր նաև նկարահանեմ լիամետրաժ ֆիլմ, որի գաղափարն արդեն ունեմ։