top of page

Մեծ փախուստ. Նարեկ Բարսեղյանի  ստեղծագործականև բացահայտումների ամիսը Բրյուսելում

Խորհրդանշական Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում 2023 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից նկարիչը ուսումնասիրում է Բրյուսելը և իր ստեղծագործական ինքնությունը 

Մարտի 14 2024թ. |  հեղ.` Creative Armenia

IMG_1295.JPG

Նարեկ Բարսեղյան, 2023թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից

Առօրյա կյանքի միապաղաղության թակարդում լինելու զգացողությամբ լեցուն՝ Նարեկ Բարսեղյանը փախուստ էր փնտրում։ Արդյունքում այն գտավ Բրյուսելի Վիլա Էմպենում: Իր մեկամսյա կացության ընթացքում նա ծանոթացավ այն արվեստին, որի մասին միայն գրքերում էր կարդացել և հանդիպելով բազում ոգեշնչող ստեղծագործողների՝ լիցքավորեց իր ստեղծագործական էներգիայի պաշարը: Կացության ծրագիրն ավարտելով նա փոխակերպվեց որպես արվեստագետ՝ պատրաստ իր հավակնոտ նախագծերին արժանի ուշադրություն դարձնել արդեն Երևանում:

 

Ծանոթացեք մեր Արևելք-արևմուտք կացության մասնակից Նարեկ Բարսեղյանի բացահայտումներին։Այս բացառիկ հարցազրույցում նա կիսվում է իր փիլիսոփայությամբ և անսպասելի բացահայտումներով։

Վերջերս ավարտեցիք ձեր East-West Residency ստեղծարար կացությունը Բրյուսելի Վիլա Էմպենում: Պատմեք ձեր փորձառության նշանակալից դրվագների մասին

 

Ինձ համար հենց առաջին իսկ պահից ամեն բան նոր էր, հետևաբար՝ ազդեցությունն ահռելի։ Որպես նկարիչ՝ արվեստի այս կացության ծրագիրն ինքս ինձ կողքից նայելու, համեմատության մեջ դիտարկելու, վերլուծելու ու արժևորելու գործում կենսական կարևորություն ունեցավ։ Սա թարմ օդ էր «խեղդվող» մարդու համար ու հրաշալի հնարավորություն նորովի, ավելի թարմ ու արթուն լինել ինքս իմ հանդեպ։ Մեկ հիասքանչ ամիս էր լռելու, անշտապ ապրելու ու զուգահեռ մտորելու համար։ Այս փորձառությունը հատկապես նշանակալի էր ինչ-որ տեղ շտապող մեր իրականության մեջ։

Մեկ ամիսն, իհարկե, նաև շատ քիչ էր, որ ամբողջությամբ հարմարվեի ու լիարժեք ներքաշվեի գործի մեջ։ Շատ բան էի ուզում զուգահեռ ուսումնասիրել, տեսնել ու զգալ, մասնավորապես արվեստի գործեր, որ միշտ գրքերում էի տեսել։ Հետաքրքիր էր դրանք բացահատել, զգալ, շոշափել․ դա մի փորձառություն է, որ բառերով չեմ կարող նկարագրել։ Հրաշալի մարդկանց հետ շփումն ու ծանոթությունը ևս շատ ոգեշնչող էր։ Եթե ընդհանրացնեմ միտքս, ապա սա մի փորձառություն էր, որն իմ մեջ իր տեղը գտավ։

«Շատ կարևոր եմ համարում շեշտել, որ նոր բաները, շփումները, տեսողական ու զգայական փորձառությունները անասելի օգնում են ինձ տեղում չմնալու հարցում, աճելու ու զարգանալու համար, իսկ այս նախագծի շնորհիվ ես դա մեծ չափով ստացա

Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում եղե՞լ է որևէ կոնկրետ փորձառություն, գաղափար կամ պահ, որը երկարատև տպավորություն է թողել ձեզ վրա: Ինչպե՞ս է հենց այդ տպավորությունն ազդել ձեր ստեղծագործական գործընթացի կամ նախագծի վրա, որի վրա աշխատում էիք:

Առաջին հերթին ուզում եմ շեշտել քաղաքն ինքնին։ Պարզունակ կարող է հնչել միտքս, բայց մայթերը, որոնք ստիպում են քայլել անշտապ, շենքերը, որ պահպանել են իրենց սկզբնական տեսքը, հանրային վայրերը, այգիներն ու տրանսպորտը։։ Ես տպավորված եմ Բրյուսելով։ Եթե ոչ ուղիղ, ապա անգիտակցությանս շերտերում սա նստվածք ունի, ու ինձ, հետևաբար գործիս վրա իր ազդեցությունն ունի։ 

Ինձ համար նաև հատուկ պահ էր նկարիչ ընկերոջս հետ հանդիպումը և իր կողմից տրված խորհուրդները։ 

Վիլա Էմպենում մնալու ընթացքում Ձեր ուշադրության կենտրոնում «Հայ երիտասարդության կերպարը» վերնագրով ձեր նոր դիմանկարների շարքն էր, որտեղ պատկերված են երիտասարդներ Հայաստանի սահմանամերձ գյուղերից: Ի՞նչը Ձեզ դրդեց աշխատել այս շարքի վրա: Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում ի՞նչ առաջընթաց եք գրանցել Ձեր ծրագրերում:

Սովորաբար, երբ սկսում եմ որևէ շարք, այն իր բնական ու երկարատև ընթացքն ունի։ Այնպես ստացվեց, որ ես արդեն իսկ սկսել էի այս իմ գործն։ Մեծ ցանկություն ունեի այն կիսատ չթողնելու ու շարունակելու նաև Բելգիայում։ Այս շարքի վրա մեկ տարուց ավել է, ինչ աշխատում եմ։ Այն շարունակական վերաբերմունք ու ջանք է պահանջում իր հանդեպ։ Սա մի գործ է, որն ինձ տանում է դեպի իմ արմատները և այն ճանապարհ անցնելու կարևորագույն նախապայման ունի մինչև կյանքի կոչվելը:

 

Մի անգամ Հրանտ Մաթևոսյանին հարցրին, թե ինչու է միայն գյուղական կյանքի մասին գրում։ Նա պատասխանեց. «Ծմակուտցի ցանկացած մարդու մեջ շեքսպիրյան ողբերգություն կա, շիլլերյան ճեղքվածք, տոլստոյական մաքրություն։ Էլ ինչու՞ պիտի մարդ հորինեմ»։ 

 

Ես համակված եմ Հրանտի այս մտքով և դրանով եմ առաջնորդվում՝փորձելով ճանապարհ անցնել ինքության իմ փնտրտուքի բանալին գտնելու հույսով։ 

 

Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում, իհարկե, գործիս մի կտորը նկարեցի այնքան, որքան դա հնարավոր էր։ Որոշակի բարդություններ ևս եղան տեխնիկական տեսանկյունից, բայց սա միանշանակ կարևոր շրջան էր իմ կյանքում հետագա գործերիս համար։

 

Պահեր Նարեկ Բարսեղյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությանից

Որպես արվեստագետ՝ տարբեր նյութեր, տեխնիկաներ և այլ միջոցներ եք ուսումնասիրել՝ պատկերելու Հայաստանի ժամանակակից իրողությունները: Արդյոք Բրյուսելում գտե՞լ եք նոր արվեստագետներ, գործեր կամ պրակտիկա, որոնք կցանկանայիք Ձեր ապագա ստեղծագործությունների միջոցով ներմուծել հայկական վիզուալ արվեստում

 

Ես նոր պրակտիկաներ ու բացահայտումներ փնտրում եմ ոչ թե դեպի ակնհայտ կենտրոն գնալով, այլ հեռավոր մի գյուղ, ու միայն հետո, միայն դրա միջից կարող կլինեմ կանգնել ամուր ու ասել՝ ես էստեղ եմ, լսեք ինձ։ Բայց սա ամենևին չի արժեզրկում իմ ճանապարհորդությունը դեպի Բրյուսել։, Այս ծրագրով ես ունեցա հնարավորություն ինքս ինձ կողքից նայելու ու մի պահ կանգնելու, որի համար խորապես շնորհակալ եմ։ 

Շատ կարևոր եմ համարում շեշտել, որ նոր բաները, շփումները, տեսողական ու զգայական փորձառությունները անասելի օգնում են ինձ տեղում չմնալու հարցում, աճելու ու զարգանալու համար, իսկ այս նախագծի շնորհիվ ես դա մեծ չափով ստացա։ 

Մեծագույն վարպետների գործերի բնօրինակները տեսնելը նաև օգնեց ինձ ավելի հստակ պատկերացում կազմել տարբեր տեխնիկաների մասին ու վերանայել իմը։ 

bottom of page