top of page

Նրբանկատության արվեստը. Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանի հետ զրույց ֆիլմի փոխակերպող ուժի մասին

Ծանոթացեք Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանին՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր և մեր 2023 թ.-ի Creative Armenia-AGBU Fellow-ին

Սեպտեմբերի 8 2023թ. |  հեղ.` Creative Armenia

NareTg_bw1.2.jpg

Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Ծանոթացեք Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանի հետ, ով ոչ միայն կինոռեժիսոր ու պրոդյուսեր է, այլ նաև նրբանկատ պատմասաց։ Լինելով մեծ տեսլական ունեցող արվեստագետ՝ նա աշխատել է եվրոպական համարտադրությունների վրա 2016թ.-ից սկսած՝ արտադրելով ֆիլմեր Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանում և Պորտուգալիայում։ Նարեի արտադրած առաջին կարճամետրաժ  արտ հաուս, նոար «Դանիել» ֆիլմը, որը պատմվում է Շոն Բինի կողմից, ցուցադրվել է ավելի քան 20 փառատոնների ժամանակ և ստացել 16 մրցանակ։ Լինելով Fermata Film Studio պրոդյուսերական ընկերության հիմնադիր՝ Նարեն միջազգային համարտադրությունների միջոցով հայ կանանց ձայնը լսելի է դարձնում։ Ներկայումս կինոռեժիսորը ղեկավարում է «Silenced» մուլտիմեդիա նախագիծը, որն ուսումնասիրում է արցախյան վերջին պատերազմի հետևանքները երեխաների վրա։ 


Նարեն շատ պատմություններ ունի կիսելու մեզ հետ՝ հաշվի առնելով իր մեծ փորձառությունը, և կիսվեց որոշ պատմություններով իր հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ։ Կարդացեք մեր բացառիկ հարցազրույցը մեր 2023թ.-ի Creative Armenia-AGBU Fellow-ի հետ, որտեղ նա վերհիշում է իր մանկությունը 90-ականների Հայաստանում, խորհում է կինոռեժիսորի կարևոր որակների մասին և անդրադառնում է հայկական կինոյում կանանց գլխավորած պատմությունները ներկայացնելու կարևորությանը։ 

Մի փոքր պատմեք մեզ, թե ինչպես սկսեցիք կինոռեժիսոր և պրոդյուսեր դառնալու Ձեր ուղին:

 

Ես հավատում եմ, որ ֆիլմի ստեղծման հիմքում ընկած է պատմությունը։ Իմ ուղին որպես պատմասաց սկսվել է շատ ավելի վաղ, քան ես դա գիտակցել եմ։
 

90-ականների արցախյան պատերազմի ժամանակ, ունենալով էլեկտրաէներգիայի սահմանափակ հասանելիություն, ես շատ վառ հիշում եմ, թե ինչպես էի կանգնում փոքրիկ բոսորագույն հեռուստացույցի առջև և անհամբեր սպասում ֆիլմի շարունակությանը, որը հանկարծակի ավարտվել էր։ Էլեկտրաէներգիան բավարար երկար ժամանակով հասանելի չէր, որպեսզի կարողանայինք հասցնել մեկ գեղարվեստական ֆիլմ սկզբից մինչև վերջ դիտել։ Ես այնքան էի հիասթափվում և տխրում ֆիլմը կիսատ դիտելու պատճառով, որ միակ մխիթարությունն ինձ համար ֆիլմի շարունակությունը ստեղծելն էր։ Ես ազատություն էի տալիս իմ երևակայությանը, երբ իմ ննջասենյակի պատուհանից նայում էի կաղնու տերևների մանրախուռն ստվերներին։ Ես ստեղծում էի նոր կերպարներ, միաձուլում էի ժանրերը, ստանձնում էի  Muses և Moirai դերերը, որոշում էի իմ սիրած հերոսների ճակատագրերը՝ փորձելով հասկանալ, արդյո՞ք իրենք արժանի են երջանիկ լինելու կամ պարզապես մոռացության չմատնվելուն։
 

Երբ արդեն մեծ էի, գիտակցաբար որոշում կայացրեցի զբաղվել լրագրությամբ։ Այնուամենայնիվ, ուսման ընթացքում գիտակցում էի, որ իմ կիրքն ավելին էր, քան միայն փաստեր ներկայացնելը, և ես սկսեցի փորձել կիսվել ինձ համար շատ անձնական ու զգացմունքային պատմություններով։

Ստանալով բակալավրի աստիճան՝ ես հայտնվեցի կինոարվեստի աշխարհում՝ որպես պրոդյուսերական թիմերի անդամ և որպես ռեժիսորի օգնական։ Հենց այդ ժամանակ էր, երբ մեր ուղիները գրող-ռեժիսոր Կարո Բերբերյանի հետ խաչվեցին, ով այդ ընթացքում աշխատում էր «Դանիել» կարճամետրաժ ֆիլմի վրա։ Քանի որ երկուսս էլ Դանիել Վարուժանի պոեզիայի սիրահար էինք,  մեր կապը ստեղծվեց մեկ ակնթարթում։ Ես ստանձնեցի ֆիլմի պրոդյուսերի դերը, որը զգալի հաջողություն բերեց ինձ և օգնեց ընդգրկվել The European Film Masters-ի Kino Eyes ծրագրի մեջ։ Այն ընթացքում, երբ ուսանում էի երեք երկրներում (Պորտուգալիա, Շոտլանդիա և Էստոնիա) և նաև ուսումից հետո, ես ավելի կենտրոնացա միջազգային համարտադրության նախագծերի վրա։

Վերջերս ես եկել եմ այն եզրահանգման, որ գոյություն ունեն երկու տարբեր տեսակի պատմություններ, որոնք ես ցանկանում եմ պատմել։ Մեկ խմբի մեջ մտնում են այն պատմությունները, որոնք ցանկանում եմ արտադրել, իսկ մյուս խմբի մեջ մտնում են այն ֆիլմերը, որոնք ես ցանկանում եմ գրել և բեմադրել։ Այս երկու դերերն իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում իմ սրտում։ Հաճախ ասում են, որ երբեք չի կարելի ասել երբեք բառը, բայց կյանքի այս փուլում քիչ հավանական եմ համարում, որ երբևիցե կարտադրեմ իմ հեղինակած ֆիլմերը։

«Երբ ես մտածում եմ պատմության նախադրյալների մասին, այն միշտ հայտնվում է համապարփակ երգացանկով, տարբերվող գունապնակով, հատուկ տպագրությամբ և շապիկի արտահայտիչ նկարով։»

Պատմեք, թե որոնք են Ձեզ ոգեշնչման աղբյուրները և ինչ եք սովորել դրանցից։ 


Ես ֆիլմարտադրության մեջ ստեղծագործական գործընթացն ընկալում եմ որպես արվեստի տարբեր ձևերի խճանկար։ Մեծանալով հայոց պատմության մեջ այնպիսի ժամանակաշրջանում, երբ տնտեսական ճգնաժամ էր և էկելտրաէներգիան հասանելի չէր, ես արդեն տասը տարեկան էի, երբ զգացի ֆիլմի կախարդանքը մեծ էկրանին։ 

Միևնույն ժամանակ իմ կապը կինոյի հետ ձևավորվեց բազմաթիվ այլ ձևերի միջոցով, որոնցից էին հայրիկիս երաժշտական ձայներիզները, մայրիկիս տեսողական արվեստի գրքերը նկարներով ու լուսանկարներով կամ իմ հաճախակի այցելությունները տատիկիս և պապիկիս մեծ գրադարան, որտեղ համաշխարհային գրականության մեծ ընտրանի կար։ Մանկության այս հիշողությունները անջնջելի հետք են թողել ֆիլմերի իմ ընկալման վրա։ Գրականությունը փոխանցեց պատմություններ կերտելու և կերպարներ ձևավորելու արվեստը, պարը լուսավորեց պարարվեստի բարդությունը, նկարչությունը հաստատեց կոմպոզիցիայի և գույնի սկզբունքները, և երաժշտությունը բացահայտեց ռիթմի և լարումի գաղտնիքներն ինձ համար։

Երբ ես մտածում եմ պատմության նախադրյալների մասին, այն միշտ հայտնվում է համապարփակ երգացանկով, տարբերվող գունապնակով, հատուկ տպագրությամբ և շապիկի արտահայտիչ նկարով։ Այս բոլոր տարրերը մեկ գոբելենի մեջ հավաքելուց հետո եմ կարողանում խորասուզվել պատմության մեջ։ Այս բաղադրիչներն ամեն անգամ տարբեր են լինում՝ կախված նրանից, թե ինչ պատմություն է հյուսվում իմ կողմից։ Իմ ամենավերջին պատմության գաղափարը սերտ կապ ունի Ֆերդինանդ Հոդլերի նկարների հետ՝ պարուրված մթնշաղի ժամի երանգներով և ուղեկցվող հայկական ժողովրդական օրորոցայիններով։

Այնուամենայնիվ, ամեն ինչից առաջ կյանքն է ոգեշնչման հիմնական աղբյուրն ինձ համար։ Ես խորապես հավատում եմ, որ ցանկացած ստեղծագործող մարդու համար առաջնային հմտություններից մեկը նրբանկատության արվեստն է, որին տիրապետելու համար զգալի ժամանակ, խոնարհություն և անսահման համբերություն է պահանջվում։ Անկախ նրանից՝ ուր էլ շրջվես, ամենուրեք ուրիշ տիեզերք է հայտնվում՝ իր ազդեցիկ մարդկային պատմությունով։ Էությունը այն ընկալելու և հասկանալու մեջ է, իսկ ով կկարողանա դա անել, ուրեմն նա պետք է լինի և դառնա դրա պատմասացը։ Իմ նոթատետրում ես պահում եմ առանձին տեսարաններ և նաև կերպարների՝ հիմնված իրական կյանքի դիտարկումների վրա, և նաև պահում եմ երկխոսություններ, որոնք, ի վերջո, կարող է միահյուսվել ապագայում՝ վերածվելով ֆիլմերի հատվածների։

2020 թ.-ին  Դուք հիմնադրեցիք Fermata Film Studio-ն՝ Երևանում գործող ստուդիա, որը նվիրված է մարդկային ազդեցիկ պատմություններով գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի արտադրմանը, և նպատակ ունի հզորացնել և լսելի դարձնել կանանց ձայնը: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել այս ուղին սկսելու համար։ Ի՞նչ ազդեցություն կունենա Fermata Film-ը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ֆիլմարտադրության զարգացման վրա։

Fermata Film Studio-ի հիմնումն այդքան էլ նախատեսված չէր։ Ես նոր էի վերադարձել Հայաստան, երբ COVID-19  համաճարակը հանկարծակի սկսվեց։ Այդ անորոշ ժամանակաշրջանում հայտնվեց ազգային կինոհիմնադրամից նախագծերի դիմելու բաց կանչի հնարավորություն։ Լսելով բաց կանչի մասին՝ հասկացա, որ ճիշտ կլինի այդ ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել լոքդաունի ժամանակ։

Այդ որոշումը հանգեցրեց Fermata Film ստուդիայի ստեղծմանը 2020թ.-ին, և ուշագրավ է, որ մեր սկզբնական ջանքերը հաջողություն ունեցան։ Այժմ մենք բավականին շատ արտադրություններում ենք ներգրավված։ Որպես ստուդիա մենք նվիրված ենք (համ)արտադրել գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, որոնք կցուցադրեն ազդեցիկ պատմություններ՝ շեշտը դնելով կանանց ձայնի հզորացման և պատմասության հեռանկարների վրա։ Այսօրվա դրությամբ մեր բոլոր նախագծերը ղեկավարում են կին ռեժիսորները։ Թեև ապագայում կարող է սկսենք ներառել նաև տղամարդկանց տաղանդը, այնուամենայնիվ, մեր առաջնահերթությունը մնում է կանացի տեսակետը ցուցադրելը, որը բացակայում էր անցյալ դարի հայկական կինոյում։ Մենք նպատակ ենք դրել այդ բացը լրացնելու՝ համագործակցելով մեր գործընկերների հետ և զարգացնելով երկրի անկախ կինոարտադրությունը։ Մեր երազանքն էր ստեղծել ֆիլմեր, որոնք ոչ միայն ուշադրություն   կհրավիրեին Հայաստանի վրա, այլ նաև կցուցադրեին այնպիսի պատմություններ, որոնք մնացել էին չպատմված։ Մեր նպատակն է ներկայացնել վառ և իսկական ներկապնակ՝ գյուղական միջավայրից սկսած մինչև քաղաքային լանդշաֆտներ և ձայներ, որոնք անցնում են մեկից մյուսը։

Համագործակցության համար նախագծեր ընտրելիս իմ նպատակը հուզող, գրավիչ ֆիլմեր ստեղծելն է, որոնք երկխոսության մեջ կմտնեն հանդիսատեսի հետ՝ փոխանցելով  նրանց միաժամանակ և՛ հարմարավետության, և՛ անհանգստության զգացողություն՝ առաջացնելով տարբեր մտքեր և զգացմունքներ։ Ես նաև քաջատեղյակ եմ, որ տեղական շուկան զարգացնելու համար մենք պետք է ստեղծենք աշխատանքի բաշխման ռազմավարություն, որը կօգնի տեղի նախագծերին հասնել միջազգային լսարանին։ Սա է այն պատճառներից մեկը, թե ինչու եմ ես փորձում իրականացնել իմ բոլոր նախագծերը միջազգային համարտադրություններով՝ նրանց տարածելու ներուժը մեծացնելու նպատակով։

«Silenced»-ը՝ Ձեր ընթացիկ նախագիծը, կարճամետրաժ ֆիլմ է և աուդիովիզուալ էսսե, որը խորասուզվում է 2020թ.-ի պատերազմից արցախցի տեղահանվածների անձնական փորձառությունների և վերապրածների վկայությունների մեջ։ Որպես նախագծի ռեժիսոր և գրող՝ ինչը Ձեզ մղեց նման պատմություն պատմել բազմաթիվ մեդիաների միջոցով։ Ի՞նչ եք կարծում, ինչպես է յուրաքանչյուր մեդիա ընդլայնում «Silenced»-ի պատմասությունը։

 

Իմ նպատակն է ստեղծել հուզող և մտածելու տեղիք տվող ֆիլմ, որն աննկատորեն միահյուսում է տեսողական ու լսողական տարրերը՝ ուսումնասիրելով տեղահանման և գոյատևման համընդհանուր թեմաներ։ «Silenced»-ը մեկ գիշերվա ընթացքում մուտք է գործում տեղահանված քրոջ ու եղբոր կյանքեր, ովքեր լքված են ապահովություն փնտրելու ճանապարհին։ 

"«Silenced» ֆիլմը հարգանքի տուրք է մատուցում պատերազմի ժամանակ անմեղ զոհվածների հիշատակին։"

Հերոսները իմ և իմ ճանաչած մարդկանց հավաքական կերպարն են, իսկ երկխոսություններն հիմնված են իրական վրա։ Մենք հետևում ենք այս պատմությանը դեռահաս աղջկա՝ Ագնեսի աչքերով, ով ստիպված է հոգ տանել իր եղբոր մասին, չնայած ինքը ևս երեխա է և ունակ չէ գիտակցելու իր հետ կատարվածը։

«Silenced» ֆիլմը հարգանքի տուրք է մատուցում պատերազմի ժամանակ անմեղ զոհվածների հիշատակին։ Պատմությունը կենցաղային կարիքներից զրկված տեղահանված կանանց և իրենց մանկությունից զրկված երեխաների մասին է։ Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է կիսվել պատերազմի այս «կորած»  պատմություններով, որոնք սարսափելի ողբերգության և Արցախում շարունակվող արգելափակման հետևանք են։ Այս նախագծով ես նպատակ ունեմ բարձրացնելու իրազեկվածությունը և հասնելու հնարավորինս շատ անհատների. մի խնդիր ինձ համար, որն արդյունավետ լուծելու համար մի քանի մեդիաներ են անհրաժեշտ։   


Երբեմն ինձ թվում է, թե կա արցախյան պատերազմի մասին որոշակի հստակ «հայացք», որը ներկայացվում է տարբեր լինելու պրիզմայի միջոցով։ Հաճախ ներկայացվող նկարներից են պայթյունները, ռմբակոծությունները, փլատակները և իրենց վշտի մեջ գտնվող մարդիկ։ Թեև այս նկարներով հնարավոր է պատկերացում կազմել պատերազմի որոշ կողմերի մասին, այնուամենայնիվ, նրանք չեն փոխանցում պատերազմի ամբողջական պատկերը, և դա է պատճառը, որ ես անհրաժեշտություն տեսա բացահայտելու պատերազմի թաքնված կողմերը։ Իմ կերպարները վառ գույներով են ներկայանում, վախեցած են, բայց միևնույն ժամանակ դիմացկուն. նրանք լի են կյանքով և շարունակում են երազել, նույնիսկ եթե այդ երազանքները վերածվել են պարզ առօրյայի։

Այս ֆիլմի օգնությամբ մենք ավելի լայն լսարանի կհասնենք։ Այն երեխայի տեսանկյունից պատմված ամբողջական պատմություն կլինի։ Ֆիլմը նախատեսված է փառատոնների և միջազգային տարածման համար։  Աուդիովիզուալ էսսեն կենտրոնացած է վեց կերպարների վրա՝ թույլ տալով հանդիսատեսին ոչ թե կենտրոնանալ վիճակագրության և փաստերի վրա, այլ խորասուզվել յուրաքանչյուր հերոսի խճճված հոգեկան աշխարհի, անձնական վախերի և ներքին «լռության» մեջ։ Այս տարբերակը նախատեսված է թանգարաններում և ցուցահանդեսներին ցուցադրելու համար՝ կերպարների հետ ավելի խորը կապ ստեղծելու նպատակով։

Բացի այդ մենք օգտագործում ենք սոցիալական մեդիան, հիմնականում Instagram հարթակը, որպեսզի լույս սփռենք Արցախի վտանգված մշակույթի վրա։ Այս հարթակը ծառայում է որպես տեղեկատվական աղբյուր։ 

Ինչո՞վ եք զբաղված որպես Creative Armenia-AGBU Fellow և հետագայում որպես Հայաստանի ստեղծարար դեսպան։


Այս պահին աշխատում եմ «Silenced» ֆիլմի վրա և նախատեսում եմ մինչև տարեվերջ ավարտել ֆիլմի հետարտադրական աշխատանքները։ Միաժամանակ զբաղված եմ տրանսմեդիա արվեստի նախագծի մշակմամբ, որը կոչվում է «Salomé»՝  ներկայացնելով բարդ կին հակահերոսի։ Նախագիծը ինքնության որոնումների վերաձևակերպման միջոց է և շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վոյերիզմը և  ցանկությունը։ Այն իր գեղարվեստական արմատները գտնում է խորհրդային հայկական կինոյում առկա մոդեռնիստական տարրերի մեջ՝ թե՛ վիզուալ գեղագիտության, թե՛ պատմողական կառուցվածքի մեջ:

Իմ Fermata Film ընկերության միջոցով ես նախատեսում եմ շարունակել հայկական պատմություններն ու պատմվածքների  «հայկականությունը» ներկայացնել միջազգային էկրաններին։ Համագործակցելով իմ գործընկերների հետ՝ մենք նախագծում ենք վարպետության դասերի շարք՝ կիսելու մեր փորձը ավագ դպրոցի և համալսարանի ուսանողների հետ և նրանց փոխանցելու արժեքավոր գիտելիքներ ստեղծագործական գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Մեր նպատակն է ակտիվորեն ներգրավել երիտասարդ տաղանդներին մեր ընթացիկ նախաձեռնությունների մեջ, որը թույլ կտա նրանց փորձարկել իրենց հմտությունները և ձեռք բերել այդ ոլորտում իրական փորձ։ Մեզ համար վարպետության դասընթացները ստեղծարար հաջորդ սերնդին ոգեշնչելու և զարգացնելու հիանալի տարբերակ են։

bottom of page