top of page

Հայերը... թե՞ գուցե ալբանացինե՞ր էին

Ի՞նչ ընդհանրություն կա Վիրջինյա Վուլֆի «Տիկին Դալովեյ»-ի, Էլիա Կազանի «Ամերիկա Ամերիկա»-ի և «Սիմփսոններ»-ի մի էպիզոդի միջև։ 

Հունիսի 27, 2017  |  հեղ.` Creative Armenia

Վիրջինյա Վուլֆի «Տիկին Դալովեյը»

Screen Shot 2019-01-22 at 9.46.50 PM.png

Վիրջինյա Վուլֆ

«Հայերը (Armenians)»,- ասաց նա; թե՞ միգուցե «Ալբանացինե՞րն (Albanians) էին»…

Նա արդեն կես ճամփին էր դեպի Համայնքների պալատ՝ դեպի իր հայերին, իր ալբանացիներին՝ թողնելով նրան բազմոցին, նայելով իր վարդերին: Եվ մարդիկ ասում էին. «Կլարիսա Դալովեյը փչացած է»: Նա ավելի շատ հոգում էր վարդերի մասին, քան հայերի։ Գոյությունից զրկված, կեղեքված, սառած, դաժանության ու անարդարության զոհ (նա նորից ու նորից լսում էր Ռիչարդին դա ասելիս) –ոչ, նա ոչինչ չէր կարող զգալ ալբանացիների հանդեպ, թե՞ գուցե հայերի. բայց նա սիրում էր իր վարդերը (մի՞թե դա չէր օգնում հայերին)` միակ ծաղիկները, որոնց կտրելուն դիմանում էր»:

 

Այս մենախոսությունն ընթանում էր Կլարիսա Դալովեյի՝ Վիրջինյա Վուլֆի «Տիկին Դալովեյը» վեպի համանուն կերպարի գլխում, մինչ նա պատրաստվում էր երեկույթ հյուրընկալելու Լոնդոնի բարձրաստիճան հասարակության համար: 1923 թվականն է: Սովամահ լինող հայերի խնդիրն առաջնային նշանակություն ունի Բրիտանիայում և Ամերիկայում, բայց զոհերի և պատճառների ուրվագիծն արդեն տեսանելի է դառնում: Տիկին Դալովեյի կողմից խնդրի շփոթությունը նպատակ ունի բացահայտելու նրա մակերեսայնությունը: Պետք չէ նրան խիստ դատել. նա ուղղակի հեռու է բարձրաշխարհիկ հասարակությունից, եթե խառնում է հայերին և ալբանացիներին – թե գուցե դրանք ռումինացինե՞ր էին: Այս պարբերության մեջ Վուլֆը սարսափելի մոռացության մի պատկեր է մատուցել։ 

Էլիա Կազանի «Ամերիկա Ամերիկա»-ն

Screen Shot 2019-01-22 at 9.46.57 PM.png

«Ամերիկա Ամերիկա» ֆիլմից։ Ամենաաջում՝ Հոհաննես (Գրեգորի Ռոզակիս), նրա կողքին՝ Ստավրոս (Ստատիս Ջիալելիս)։

«Ամենաառաջին հիշողություններից մեկը, որ ունեմ, այն է»,- ասում էր Էլիա Կազանը,- «որ տատիկիս անկողնում քնելիս նա ինձ պատմում էր հայերի կոտորածների մասին, և թե ինչպես են ինքն ու պապիկս իրենց տան նկուղում թաքցրել հայերին»։ «Ամերիկա Ամերիկան» (1963) սկսվում է Կենտրոնական Անատոլիայում այս կոտորածների սրտակեղեք նկարագրությամբ՝ կազմակերպված Սուլթան Համիդի կողմից 1890-ականներին՝ 1915թ.-ի ցեղասպանությանն ընդառաջ։ Ստավրոս անունով մի երիտասարդ հույն փախչում է Կոստանդնուպոլիս և, ի վերջո, Հոհաննես Քարդաշյան (ոչ մի կապ հայտնի անվան հետ) անունով հայ ընկերոջ հետ հայտնվում է մի նավի վրա, որն ուղևորվում է Միացյալ Նահանգներ։ Ֆիլմը շարունակվում է Ստավրոսի՝ դեպի իր երազանքների երկիր էպիկական ճամփորդությամբ։

 

Միանգամից անցնենք այս երկար, խառնաշփոթ, լարված և կլանող ֆիլմի՝ իր իսկ կողմից գրված վեպի վրա հիմնված Կազանի սիրելի գործի վերջնամասին։ Նավը մոտենում է Սթաթեն Այլենդին։ Ստավրոսը փորձանքի մեջ է ընկնում նավի վրա։ Նրա ընկեր Հոհաննեսը, թոքախտից մահամերձ, առաջարկում է փոխանակել ինքնությունը արտաքսումից խուսափելու համար։ Ծրագիրն աշխատում է։ Երիտասարդ հույնն իր նոր երկրում գրանցվում է՝ որպես Հոհաննես։ «Հոհաննե՞ս»,- ասում է ներգաղթի սպան։- «Դուք Ամերիկայում եք։ Իսկ եթե Ջեք Արնե՞զ»։ Ստավրոսը գլխով հավանության է տալիս ու ժպտում։ «Ջեք Արնե՜զ։ Ջեք Արնե՜զ»։ Այժմ, արդեն Ամերիկայում, նա ընդունում է իր մահացած ընկերոջ անվան՝ ազատ մարդու մեկնաբանությունը։

«Սիմփսոնները» – «Տնօրենն ու չքավորը»

«Տնօրենն ու չքավորը»

-Այսպիսով, ո՞րն է քո պատմությունը, Սեյմուր (եթե դա քո իսկական անունն է):

-Իմ իսկական անունն Արմին Թամզարյան է… Ես որբ եմ՝ մայրաքաղաքից, և նրանք, ովքեր հիշում են դեռահաս տարիքում բռնությունն օրենքից դուրս ճանաչելու համար իմ պայքարը, կարող են ցնցվել՝ իմանալով, որ ես ինքս էլ ժամանակին եղել եմ փողոցային անօրինապահ:

 

Իններորդ եթերաշրջանի երկրորդ էպիզոդում Սփրինգֆիլդի բնակիչները բացահայտում են ծանր բնավորություն ունեցող իրենց տնօրեն Սքիների ճշմարիտ ինքնությունը: «Սիմփսոններ»-ի երկրպագուները ոգևորված չէին սիրված կերպարի այսպիսի նսեմացումով: Ֆիլմաշարի ստեղծող Մեթ Գրեյնինը դա որակել է՝ «սխալ»: Խղճի խայթը զգացվում է նաև հենց նույն էպիզոդում, երբ դատավոր Սնայդերն ասում է. «Եվ հաջորդիվ ես հրահանգում եմ, որ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես կար մինչև այս ամենի տեղի ունենալը, և այլևս ոչ ոք դրա մասին չի հիշատակի: Տանջանքների պատժի սպառնալիքով»: Էպիզոդում խաղում է նաև Մարթին Շինը՝ որպես իրական Սեյմուր Սքիներ, ում կասկածում են՝ որպես Թամզարյան:

Screen Shot 2019-01-22 at 9.47.05 PM.png

Տնօրեն Սքիները 

Էպիզոդի սցենարի հեղինակ Քին Քիլերը հերոսի անունը վերցրել է ոմն Արմեն Թամզարյանի հետ հանդիպման արդյունքում, ով այժմ դատավոր է Կալիֆորնիայի վերադաս դատարանում, և ով օգնել էր նրան ավտովթարից հետո: Սա այն ամենն է, ինչ գիտենք: Սակայն կյանքն ու արվեստը շարունակում են հերքել Շեքսպիրի դիտարկումը անունների անմեղության մասին: Սքիների հիշողության մեջ «չքավոր» Արմին Թամզարյանը վարում է իր մոտոցիկլետը ճանապարհով, որի երկայնքով նեոնային լույսերով գրված է «ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ» (IDENTITY CRISIS):

Screen Shot 2019-01-22 at 9.47.12 PM.png

Տնօրենը և դատավորը՝ Արմինն ու Արմենը

bottom of page