top of page

Արցախի որդի

«Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ ստացած Վալերի Ղազարյանը իր նոր երգում և տեսահոլովակում ցավը վերածում է հույսի

Օգոստոսի 4, 2021 |  հեղ.` Creative Armenia

«Ես դեռ կամ»։ Այդ խոսքերը ճշմարիտ են հնչում՝ արձագանքելով հազարավոր արցախցիների և հայերի մտքերում և սրտերում։ Երկու պատերազմների հետևանքը զգալով իր մաշկի վրա՝ Վալերին միշտ ընտրել է հույսը և այն իր արվեստի միջոցով տարածել ուրիշների մեջ։ Բացառություն չէ նաև «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհի օգնությամբ ստեղծված նրա նոր երգը։ Լսե՛ք երգը և կարդացե՛ք հարցազրույցը այն ուղղու մասին, որը Վալերին պետք է անցներ մյուս կողմում հայտնվելու համար։ 

CA. «Ես դեռ կամ»-ը արդեն թողարկվել է։ Այն հուզիչ, բայց նաև ուժ սնուցող երգ է, որի խոսքերը խոսում են միլիոնավոր հայերի և արցախցիների մասին։ Պատմեք, թե ինչպես է նախագիծը ստեղծվել։

 

ՎՂ. Զինադադարից հետո շատ դժվար էր մտածել նոր նախագծերի ստեղծման ու իրականացման մասին։ Հատկապես, երբ իմ նախորդ երգը՝ «Տուն տարեք»-ը դարձել էր օրհներգ իրենց տները կորցրած ավելի քան 90 հազար մարդկանց համար։

 

Բայց որպես ստեղծագործող, ում երգը հանրաճանաչ դարձավ, ես պատասխանատվություն էի զգում նրանց համար, ովքեր լսում էին իմ երաժշտությունը և կապվել դրա հետ։ Ես ուզում էի բարձրաձայնել և կիսվել նրանց հետ չհանձնվելու իմ ցանկությամբ։

 

Երգի հիմնական գաղափարը մարդկանց երգի միջոցով ապրեցնելն է։ Երբ մարդը լսում է երգը և կրկնում «Ես դեռ կամ» արտահայտությունը, նա արտահայտում է ապրելու իր ցանկությունը։ Փորձեք ինքներդ, պարզապես բարձրաձայն ասեք՝ «Ես դեռ կամ»։

CA. Երաժշտական տեսահոլովակում նկարահանված է Կիմա Բաղդասարյանը, տաղանդավոր 90-ամյա ջութակահար, ում հետ դուք համագործակցել եք երգի ստեղծման շուրջ։ Մի փոքր պատմեք նրա պատմության մասին։ Ի՞նչը ձեզ գրավեց նրա պատմության մեջ և ինչպե՞ս համագործակցեցիք։

 

ՎՂ. Անժելան ու Սոնան, որոնց ծանոթացա իմ ընկեր Արեգի միջոցով, Կիմայի մասին պատմեցին մեր հանդիպումներից մեկի ժամանակ։ Նրանք ցանկանում էին ինձ ծանոթացնել Կիմայի հետ, որին հանդիպել էին Շուշիի տարհանման ժամանակ։ Նա վերջիններից մեկն էր, ով լքել էր քաղաքը։ Շուշիում վերջին րոպեներին նա գերեզմանոցում էր՝ որդու գերեզմանի մոտ։ Այցելել էր հրաժեշտ տալու։ 

 

Տիկին Կիման, կամ ինչպես սիրում է իրեն կոչեն՝ Կիմա Գրիգորևնան, 90-ամյա ջութակահար է։ Նա որդուն կորցրել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Շուշիում։ Դրանից հետո վաճառել է իր Երևանի բնակարանը և տեղափոխվել Շուշի, որպեսզի որդու գերեզմանին մոտ լինի և որպեսզի տեղացի երեխաներին ջութակ նվագել սովորեցնի։ 

 

Ես իմացա, որ տարհանումից հետո նա շատ վատ հոգեվիճակում է եղել։ Այդ ժամանակ ես նույնպես վատ հոգեվիճակում էի։ Անժելան և Սոնան պնդեցին, որ հանդիպեմ նրա հետ և խոստացան, որ տիկին Կիման ինձ դուր կգա։ 

 

Երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, նա հիվանդանոցում էր։ Աչքերն ու կնճիռները խոսում էին նրա անունից։ Իսկ ես պարզապես ժամերով լսում էի նրան։

 

Նա հուսահատ էր։ Ինձ անընդհատ հարցնում էր. «Ինչու՞ պիտի ապրեմ»։ Երբ ինձ ասաց, որ իր կյանքի իմաստը ջութակ նվագելն ու դասավանդելն է, ես նրան ասացի, որ մենք միասին շատ անելիքներ ունենք։ Նա ինձ այնքան հիացմունքով էր պատմում ջութակի մասին, որ ես սիրահարվեցի այդ գործիքին։ 

 

Ես ասացի Կիմային, որ նա պետք է ապրի, և որ մենք միասին երգ ենք ստեղծելու, որի համար նա ջութակ է նվագելու։ Ես տեսա հույսի կայծը նրա աչքերում։ Նա անմիջապես ասաց, որ նախ պետք է ստուգի իմ ձայնը։ Եվ ես զգացի, որ դա դարձավ նրա մոտիվացիան։

 

Երբ կրկին հանդիպեցինք, ես նրան նվիրեցի նոր ջութակ, ինչպես խոստացել էի։ Երբ ինձ հարցրեց, թե երբ ենք պատրաստվում սկսել երգի վրա աշխատանքները, հասկացա, որ նրան ստիպել եմ ապրել և դրանով իսկ ինքս նույնպես նպատակ ունեմ։ Այժմ ես պետք է նոր բան ստեղծեի հանուն նրա։ Այդպես սկիզբ առավ մեր համագործակցությունը։

 

Եվ, այո, դժվար էր։ Բայց, արդյունքում, մենք ստեղծեցինք մի երգ, որը, ճիշտն ասած, ավելի շատ գրել եմ Կիմայի համար, քան իմ։

CA. Երգի գաղափարը ծագեց զինադադարի կնքումից կարճ ժամանակ անց։ Ինչպիսի՞ն էր երգի խոսքերի և երաժշտական տեսահոլովակի վրա աշխատելու գործընթացը։ Ինչո՞վ էր այն տարբերվում նախկինում ձեր ստեղծած ստեղծագործություններից։

 

ՎՂ. Պատերազմը չի ավարտվել։ Իսկ մենք դեռ կանք։ Սա նշանակում է, որ ամեն ինչ չէ, որ կորած է։ Չափազանց դժվար էր և դեռևս դժվար է ինչ-որ բան արտահայտել կամ ստեղծել այն ամենի մասին, ինչ տեսել և ապրել ենք պատերազմի ընթացքում։ 

 

Երաժշտության առումով ես լիովին վստահեցի Արտեմ Վալտերին՝ իմ շատ մտերիմ ընկերոջը։ Նախկինում մենք միասին աշխատել ենք, և ես գիտեի, որ կարող եմ լիովին վստահել նրան։ Խոսքերը գրելը դժվար էր, քանի որ չէի ուզում դիպչել կամ արթնացնել տխուր հիշողություններ, բայց նաև չէի ուզում ամբողջությամբ խուսափել այն ամենից, ինչին ականատես էինք եղել։ Մեզ հաջողվեց հավասարակշռություն գտնել, քանի որ Արտեմն ինձ հետ էր ամբողջ ընթացքում։ 

 

CA. Արցախը, նրա ժողովուրդը, նրանց պատմությունները և ճանաչման ձգտումը ձեր արվեստի կենտրոնում են՝ այն սնուցելով գրեթե մեկ տասնամյակ։ Ի՞նչ պետք է տեղի ունենա ձեր կարիերայում, որպեսզի զգաք, որ ձեր առաքելությունն ավարտված է։ 

 

ՎՂ. Արցախն իմ հայրենիքն է և այն այժմ վիրավոր է։ Քանի դեռ վիրավոր է, ես և մնացած բոլորը պետք է մեր ողջ ջանքերը ներդնենք նրան բուժելու համար։ Կարծում եմ, որ սա կապ չունի իմ կարիերայի հետ։ Ես ծնվել եմ Արցախում։ Այն ինձ ձևավորել է, կրթել և դարձրել այնպիսին, ինչպիսին կամ՝ ինչպես ծնողը, ով մեծացնում է իր երեխային։ Ես դրա համար պատասխանատու եմ զգում և քանի դեռ կամ, ամեն ինչ կանեմ իմ հայրենիքի համար։ 

 

CA. Ի՞նչպիսի ստեղծարար ծրագրեր ունեք ապագայի համար։ 


ՎՂ. Եթե հնարավորություն ունենամ, նախատեսում եմ ալբոմ թողարկել։ Թերևս կսկսեմ համագործակցել նաև սփյուռքից ժամանած այլ արվեստագետների հետ։ Նախատեսում եմ աշխատել նաև իմ առաջին կարճամետրաժ ֆիլմի վրա։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page