Սոմերսեթ Մոեմը և հայ եպիսկոպոսը
Անգլիական գրականության մեջ ամենահետաքրքիր հայ կերպարը իրական մարդ էր:
Օգոստոսի 30, 2017 | հեղ.` Բոբ Թեսիթըրն
Ուիլիամ Սոմերսեթ Մոեմը՝ իր ուսումնասիրությունների ժամանակ
Հետաքրքիր բառ է «կերպարը»: «Ես ավելի շատ կերպար ունեմ, քան խելք, և ավելի շատ խելք, քան տաղանդ», - ժամանակին գրել է Սոմերսեթ Մոեմը: Ինչ կստացվի, եթե ավելացնեք այս երկուսը: Մոեմի դեպքում` այն քիչ անգլալեզու լուրջ գրողներից մեկը, ով ահռելի հաջողության է հասել պիեսներով, նովելներով ու կարճ պատմվածքներով, դուք կստանաք մարդկային ձգտման խորհրդավորությանն ուղղված խորաթափանց աչքով պատմություններ պատմող վարպետ: «Կերպար» անվանում ենք յուրաքանչյուր մարդու, ով հայտնվում է գեղարվեստական գրականության մեջ, բայց դա նաև այլ բան է. այն ուրույն և միանգամայն տարբերվող ձգողականություն է, որի հետ միասին մեզնից յուրաքանչյուրը հանդիպում է կյանքի ու մահվան ուժերին: Այդ իմաստով կերպարը Մոեմի սիրելի թեմաներից էր: Նրա պատմությունները հաճախ նման են դրամատիզացված աֆորիզմների: Եթե նա հայացք է նետում ինչ-որ մեկին, ապա դա մեզ համար լավ խորհուրդ է` նույնն անելու:
Իսպանացու կերպարն էր (ի թիվս այլ բաներ), որ այդքան բուռն գրավել էր Մոեմին Իսպանիայում, գրավչություն, որը նա մի անգամ փորձեց, բայց ձախողեց վերածել նովելի, որի դեպքերը զարգանում էին այնտեղ 16-17-րդ դարերում: Գիրքը, որը նա դրա փոխարեն վերջացրեց գրել, «Դոն Ֆերնանդոն» է, մի շատ հետաքրքրաշարժ փաստագրական գիրք իսպանական մշակույթի մասին` դրա ոսկե դարում: Մոեմը ուսումնասիրել է ավելի քան 200 գիրք այդ ժամանակահատվածի վերաբերյալ և ապշել է, թե որքան անօգուտ ու բանալ են այդ տարիներին գրված ճամփորդական գրեթե բոլոր գրքերը: Մեկ դար առաջ գրված մի բարակ հատոր գրավում է նրա ուշադրությունը: Մոեմը մեզ համար թարգմանում է դրա առաջին պարբերությունը.
«Ես, Մարտիրոս, բայց անունով միայն, ծնված Արզնջանում, ու եպիսկոպոս, ապրելով Նորգեղի Սուրբ Կիրակոս մենաստանում, վաղուց փափագում էի այցի գնալ առաքյալների սուրբ իշխանի գերեզմանին: Երբ արդեն եկել էր ժամանակը, որ ես, թեպետ անարժան լինելով, արժանանամ սույն պատվին, որ ցանկացել եմ անդադար, առանց սակայն երբևէ հայտնելու սրտիս նպատակը որևէ մեկին, դուրս եկա իմ վանքից հայոց տոմարով 938 թվականի հոկտեմբերի 29-ին: Ճամփորդելով կարճ փուլերով, հասա Ստամբուլ: Այնտեղ շնորհոքն Աստծո գտա մի նավ, որի վրա տեղավորվեցի Վրթանես սարկավագի հետ»:
Մարտիրոս եպիսկոպոսյի ճանապարհորդության ամսաթիվը հաշվարկվում է 1489 թ.: Նրա գրքի անվանումը դրա 1827 թ. ֆրանսերեն թարգմանությամբ «Relation d'un Voyage fait en Europe» է: Թե ինչպես է այն մոտ 400 տարի գոյատևել մինչև այսօր, հայտնի չէ: Մարտիրոսը միակ հայտնի հայ եպիսկոպոսն է, ով շատ քչախոս էր: Նրա գրվածքները նույնքան լակոնիկ են, որքան գրքի վերնագիրը: «Հիմնականում նա պատմում է, թե ինչպես է մի տեղից մյուսը գնացել և ինչ տաճարներ է այցելել»,- նշում է Մոեմը: - «Դա հնարավորինս ամենաչոր գրվածքն է, բայց դու շարունակում ես կարդալ, որովհետև զգում ես այդ մարդու անխախտ խիզախությունը»: Ինչպես միշտ Մոեմի կանխազգացումն իրեն արդարացնում է, որովհետև այս հատորը "պարունակում է գաղտնիք, որն է Իսպանիայի մեծությունը»: «Դոն Ֆերնանդոյի» վերջին 5 էջը նվիրված է հայ եպիսկոպոսյի ճանապարհորդության ամփոփմանը:
«Կարծում եմ բացառիկ մարդ է եղել նա՝ Արզնջանի եպիսկոպոս Մարտիրոսը», - գրում է Մոեմը: Ճանապարհորդելով ոտքով՝ եպիսկոպոսը հասնում է Հռոմ, որտեղ նա պապից հանձնարարական նամակ է ստանում՝ նրան հետագա ճանապարհին օգնելու համար: Այդտեղից նա նա անցնում է Թալե, որտեղ ինքն ու Վրթանես սարկավագը ձերբակալվում են՝ որպես լրտեսներ: Նա գնում է Քյոլն, ապա Անգլիա, հետո՝ Ֆրանսիա: Փարիզը առաջ է բերում խմբագրական թվով շատ քիչ մեկնաբանություններից մեկը. «Ո՞վ կարող է նկարագրել այս քաղաքի գեղեցկությունը: Շատ մեծ ու հոյակապ քաղաք է»: Այստեղ Վրթանեսը լքում է նրան, և նա ճանապարհը շարունակում է մենակ: «Ոչ մի վտանգ չի վախեցնում նրան: Դիմանում է ցրտին ու անոթությանը: Հետիոտն, մենակ, և արդեն ոչ երիտասարդ, առանց տրտունջքի նա ընդունում է ամեն ինչ, որ պատահում է իրեն… Երբ գտնվում է բաց երկնքի տակ, պատրաստ է քնելու մերկ գետնին»:
Սբ. Հակոբոս Մեծ առաքյալը, Էլ Գրեկո, 1606 թ.
Թույլ և հոգնած, նա վերջապես հասնում է նշանակության վայր՝ Սուրբ Հովհաննեսի գերեզման: «Մոտեցա այս գերեզմանին. պաշտեցի այն՝ երեսս հողին, և թողություն խնդրեցի մեղքերիս, նաև իմ հոր ու մոր, իմ բարերարների մեղքերին: Վերջապես, առատ արցունք թափելով, ի կատար ածեցի այն, ինչ սրտիս ցանկությունն էր»: Եվ այժմ սկսվում է էլ ավելի երկար ու դժվարին ճանապարհ դեպի տուն:
Արդեն 1494 թվականն է, 5 տարի, ինչ նա չանապարհին էր, և մեկ տարի, ինչ Քրիստափոր Կոլումբոսը վերադարձել իր ամենաճակատագրական ճանապարհորդությունից: Մարտիրոս եպիսոպոսը հասնում է իսպանական նավահանգիստ: Այլևս ի վիճակի չլինելով քայլել՝ նա խնդրում է մի նավի նավապետի իրեն նավի վրա վերցնել: Նավապետը կարդում է պապի նամակը և զարմանալով, թե իր տնից որքան հեռու է հասել այս ճշմարիտ հավատացյալը, հրավիրում է նրան նավի վրա մի քանի ընտրված բառերով: «Ես կցանկանայի մտածել, որ հայ եպիսկոպոսին այն նույնպես դուր եկավ»,- նշում է Մոեմը,- «քանի որ իր գրքում այն միակն է, որը նա հաղորդում է: Նա միայն նշում է և չի նկարագրում տարբեր մեծամեծերի հետ իր հանդիպումները: Իմ կողմից ես կարծում եմ, դա նույնքան լավ խոսք էր, որքան Ֆուկիդիդեսինը՝ ուղղված Հունաստանի հայտնի մարդկանց, ում պատմությունը նա գրել է… Ես կցանկանայի մտածել, որ Մարտիրոս եպիսկոպոսը, «միայն անունով», նրա մեջ բարի հոգի է տեսել: Նա նույնպես՝ անհայտ նավապետը, նվիրյալ քահանա էր, բայց արկածախնդիր, և նույնպես ուներ անվախ սիրտ»:
Այստեղ, կարծում եմ, խելամիտ է վերարտադրել իսպանացի նավապետի խոսքը՝ թողնելով, որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչու է հայ եպիսկոպոսը նախընտրել մեջբերել այն, և թե ինչու է անգլիացի գրողը այն այդպես հավանել: Իսպանացի նավապետն ասել է.
«Ես կվերցնեմ նրան իմ նավի վրա: Բայց ասացեք նրան, որ ես գնում եմ նավարկելու տիեզերական ծովով, որ իմ նավում բոլորը զբաղված են նավին ծառայելով: Մեր մասին ասեմ, որ մենք զոհաբերել ենք մեր կյանքը. միայն Աստծո վրա ենք դնում մեր հույսը և հավատում ենք, որ քմահաճ բախտը ուր էլ տանի մեզ, Աստված մեզ կփրկի: Մենք գնում ենք շրջագայելու աշխարհում, և մեզ համար անհնար է ասել, թե քամիները մեզ ուր կտանեն: Բայց Աստված գիտե: Ինչ վերաբերում է մնացյալին, եթե քո ցանկանությունն էլ է գալ մեզ հետ, շատ լավ է: Բարձրացիր իմ նավը և մի՛ մտահոգվիր ո՛չ հացի, ոչ էլ ուտելիքի ու խմիչքի մասին: Եթե այլ կարիքներ ունես, քո գործն է, այս կրոնավորները կհոգան դրանք: Քանի որ մենք հոգի ունենք, կապահովենք քեզ պաքսիմատով և ուրիշ ամեն ինչով, որ շնորհել է մեզ Աստված»:
ՀԵՂԻՆԱԿ
Բոբ Թեսիթըրնը ռազմական և հետախուզական նախկին գործակալ է, ով Կաստրոյի դարաշրջանի մի շարք օպերաների ուրվական-հեղինակն է: