top of page

Նվազեցնելով հեռավորությունները

Հարցազրույց «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի հաղթող Առնո Խայաջանյանի հետ

Հուլիսի 23, 2020 |  հեղ.` Creative Armenia

$2,000 self-quarantine creative challeng

Հոլիվուդյան բլոկբաստերների բյուջե ունենալ հարկավոր չէ հուզիչ և ջերմ կինոնկար ստեղծելու համար։ Հարկավոր է գաղափար, համակարգիչ և մի փոքր երևակայություն։  «Around the World with Granma» կարճամետրաժ ֆիլմը՝ ստեղծված ֆրանսիահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Առնո Խայաջանյանի կողմից, դրա լավագույն ապացույցն է։ Կինոռեժիսորի և նրա ձգտումների մասին ավելին իմանալու համար ընթերցեք մեր բացառիկ հարցազրույցը։ 

 

CA. Պատմեք Ձեր կինոնկարի մասին։ Ինչպե՞ս գաղափարը ծնվեց։ 

 

ԱԽ. Ես ինքս ինձ հարցրեցի. «Ի՞նչն է ամենից դժվար բանը այս պահին անելը»։ Առաջին բանը, որ մտքովս անցավ, ճանապարհորդությունն էր։ Երկրորդը՝ տատիկիս տեսնելը։ Այնուհետև կազմեցի ձեռքիս տակ եղած գործիքների ցանկ, որոնք էին համակարգիչս և երևակայությունս։ Այդքանը։ 

 

CA. Որո՞նք էին ինքնամեկուսացման վայրից ստեղծագործությունն իրականացնելու մարտահրավերներն ու առավելությունները։  

 

ԱԽ. Ես հասկացա, որ կինոնկար ստեղծելն առանց տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների կարող է հաճելի լինել։ Ամենամեծ մարտահրավերը գրելն էր մի պատմություն, որը հուզականորեն կդիպչեր դիտորդին՝ առանց օգտագործելու հատուկ էֆեկտներ կամ ֆանտաստիկ սարքավորումներ, այլ պարզապես համեստ ու անկեղծ աշխատանք կատարելով։

 

CA. Ֆիլմը կարծես թե անձնական պատմության կենդանի արտացոլում լինի։ Արդյո՞ք այն ուներ ինքնակենսագրական տարրեր։

 

ԱԽ. Ինչպես հայկական ծագմանս մասին բոլոր ֆիլմերը, այս անգամ նույնպես իմ անձնական պատմությունը խառնեցի գեղարվեստականի հետ։ Իմ կյանքի ամենամեծ ափսոսանքը այն է, ոչ չհասցրի Հայաստանում ճամփորդել պապիկիս՝ Սարգիսի հետ։ Ես այդ տխրության զգացումն օգտագործեցի որպես ներշնչանք։ Այնուհետև փորձեցի ֆիլմը դարձնել համընդհանուր, որպեսզի ցանկացած անձ կարողանա հասկանալ այն։

 

 CA. Ձեր անձնական ինքնամեկուսացումը և «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը ազդեցություն ունեցա՞ն ստեղծագործելու մեթոդների, տեխնիկաների և գործիքների վրա։ 

 

ԱԽ. Սովորաբար, ես աշխատում եմ ֆիլմի վրա առնվազն երկու տարի։ Գրելու, մտածելու, փորձարկելու և երկմտելու համար ինձ ժամանակ է պետք։ Ֆինանսավորման փուլը նույնպես շատ ժամանակ է պահանջում։ Դա հոգնեցուցիչ և հաճախ վհատեցնող գործընթաց է: 

 

«Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը ստիպեց ինձ հայտնաբերել նոր մեթոդ և իմ անձի նոր տեսանկյուն։ Սահմանափակող պայմանների շնորհիվ ես կարողացա շատ կարճ ժամանակահատվածում ազատ թողնել իմ ստեղծագործ միտքը։ 

 

CA. Որո՞նք են Ձեր ստեղծարար նպատակները ՔՈՎԻԴ-19-ին հաջորդող աշխարհում։ 

 

ԱԽ. COVID-19-ին հաջորդող աշխարհում իմ առաջին ստեղծարար նպատակը կլինի ինքս ինձ թույլ տալ ստեղծել փոքր նախագծեր՝ առանց որևէ հավակնության կամ ռեսուրսի։

 

Երբեմն մենք տարվում ենք մի ծրագրի հաջողությամբ։ Մենք դառնում ենք չափազանց հավակնոտ և կատարելության ձգտող։ COVID-19-ից հետո մենք պետք է փոխենք մեր կենտրոնացումը՝ ստեղծագործելու և փորձարկելու մեր ներքին ցանկության վրա։ 

bottom of page