Սերժ Թանգյան. «Մենք կհաղթենք մշակույթով»
«Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանգյանը օգնում է մեկնարկել #ArtistsForArtsakh ծրագիրը
Սեպտեմբերի 30, 2020 | հեղ.` Creative Armenia
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա` խախտելով միջազգային կոնվենցիաները, մարդու իրավունքները, ու հրադադարը և թիրախավորելով դպրոցները, հիվանդանոցները և խաղաղ բնակչությանը։ Մենք զրուցեցինք հռչակավոր երաժիշտ և Creative Armenia-ի հիմնադիր անդամ, խորհրդատու Սերժ Թանգյանի հետ՝ քննարկելով պատերազմի ժամանակ ճշմարտությունը բարձրաձայնելու գործում արվեստագետների դերի մասին։
CA. Պատերազմի մշուշի և ժամանակակից լրատվամիջոցների աղմուկի պայմաններում մարդիկ դժվարանում են պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից ի վեր։ Ինչպե՞ս կբնութագրեք այն։
ՍԹ. Ադրբեջանն ու Թուրքիան, ռազմական գործողություններ անցկացնելուց հետո, Սիրիայից օտարերկրյա մարտիկներ ներկրելուց և ռազմական տեխնիկայի հսկայական պաշար հասցնելուց հետո, հարձակվել են Արցախի վրա ՝ գնդակոծելով արցախա-ադրբեջանական սահմանի ողջ ռազմական և քաղաքացիական տարածքները։ Միևնույն ժամանակ, նրանք ներգրավվել են նախապլանավորված լրատվական ապատեղեկատվության մեջ՝ մարտական կողմերի միջև կեղծ հավասարություն ստեղծելու համար։
CA. Ինչո՞ւ միջազգային հանրությանը պետք է մտահոգվի նրանով, թե ինչ է կատարվում Արցախում։ Եվ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։
ՍԹ. Թուրքիան խառնվում է ազգերի գործերին և տարածաշրջանում ծավալապաշտական քաղաքականություն վարում ՝ սկսած Սիրիայից, հետո Լիբիայից, Միջերկրական ծովից և այժմ ընդդեմ Հայաստանի։ Թուրքիան և Ադրբեջանը ապակայունացնող ուժ են տարածաշրջանում, բայց նաև մեծ տնտեսություն ունեցող նավթի տարանցիկ հանգույց են։ Այս հակամարտության սկզբից ի վեր, նրանց լիրայի արժեքն արդեն իսկ ընկել է։ Ենթադրվում է, որ լայնամասշտաբ պատերազմը Արցախում կներքաշի տարածաշրջանային այլ խոշոր պետական մարմինների, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին և ԱՄՆ-ին։ Այսպիսով, եթե միջազգային հանրությունը չի մտահոգվում արդարադատությամբ, նրանց պետք է ամեն դեպքում մտահոգվեն, քանի որ դա կհանգեցնի տարածաշրջանային ապակայունացման։
CA. Դուք Creative Armenia-ի հիմնադիր անդամ ու խորհրդատու եք, որը նոր մեկնարկել է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհի ծրագիրը՝ աջակցելով կինոգործիչներին, երաժիշտներին և Արցախում գտնվող այլ արվեստագետներին, մինչ նրանք պատմում են իրենց հայրենիքի պատմությունը։ Ո՞րն է ձեր ուղերձը առաջնագծում գտնվող այդ արվեստագետներին։ Եվ, առհասարակ, պատերազմի ժամանակ ի՞նչ պատասխանատվություն են կրում արվեստագետները։
ՍԹ. Շատ դժվար կլինի լինել արվեստագետ, ով պատերազմի առաջնագծում է։ Ամենալավ տարբերակը կլինի ամրագրել տեղի ունեցող իրադարձությունների տեսարանները, հնչյունները, հոտերը և զգացմունքները և դրանք կիսել աշխարհի հետ, այնպես որ ոչ ոք առաջնագծում միայնակ չմնա։ Արվեստագետի պարտականությունն է միշտ ճշմարիտ լինել իր մուսայի, իր և ընդհանրապես տիեզերքի հանդեպ։
CA. Դուք Արցախի մասին երգ եք գրել։ Ինչպե՞ս այն ծնվեց։ Եվ որտե՞ղ է հիմա։ Պատմեք մեզ երգի մասին։
ՍԹ. 2016-ին Արցախ ներխուժումից և ամբողջ աշխարհի հայերի հսկայական զորահավաքից հետո (ինչպես և հիմա) ես ոգեշնչվեցի երգ գրել Արցախի, նրա պատմության, ժողովրդի, երկրի գեղեցկության և ազատության զգացումի կայունության մասին։ Ես այն անվանեցի «Արցախի երգը», թողարկեցի և տեսահոլովակը տեղադրեցի Youtube-ում։ Այդ ժամանակից ի վեր այն տեսել և լսել են միլիոնավոր անգամներ։ Վերջերս տեղադրեցի իմ iPhone-ով նկարահանված երգի բնօրինակ տարբերակը։
CA. Երգի վերջում դուք կրկնում եք. «Մենք կհաղթենք մեր մշակույթով։ Մենք կհաղթենք մեր մշակույթով»։ Ի՞նչ եք ուզում ասել դրանով։
ՍԹ. Ժողովրդի ամենագեղեցիկ էությունը նրա մշակույթն է։ Ոչ զորքը, տնտեսությունը, դրոշը կամ սահմանները։ Մենք չափազանց հարուստ ենք մշակույթով, հատկապես համեմատած տարածաշրջանի որոշ այլ ազգերի հետ։ Չինացիները միշտ հավատում էին, որ իրենց մշակույթն այնքան հզոր է, որ անկախ մարտական հաղթանակներից, նրանք անխուսափելիորեն կհաղթեն, քանի որ իրենց մշակույթը տոկուն կլինի։ Ես դա նկատի ունեի։