Գայանե Երկանյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow
Ծանոթացեք Գայանե Երկանյանին՝ 2023 թվականի Creative Armenia-AGBU-ի Fellow և տեսողական արվեստագետ Երևանից, ով ներկայումս բնակվում և ստեղծագործում է Ամստերդամում: Նրա առաքելությունն է օգտագործել իր ստեղծագործական արտահայտչամիջոցները՝ ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում: Նրա տպագրական թանաքով թղթի վրա արված աշխատանքները, որոնք առանձնանում են նուրբ վրձնահարվածներով, ցուցադրվել են համաշխարհային անհատական և խմբակային ցուցահանդեսներում, որոնցից է Վենետիկի Բիենալեի շրջանակներում HAYP Pop Up Gallery-ի հետ նշանակալի համագործակցությունը: Ուղեկցեք մեզ դեպի Գայանեի գրավիչ աշխարհ՝ պարզելու, թե ինչպես է նա ներկայացնում Հայաստանի հարուստ ժառանգությունը հայ գրերի և արվեստի փոխակերպող ուժի միջոցով:
Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք ձեր տեսողական արվեստագետ դառնալու ճանապարհը։
Ինձ որպես միայն «տեսողական արվեստագետ» չէի նկարագրի։ Շատ վաղ տարիքից խորին սեր եմ տածել ստեղծագործելու հանդեպ: Լիներ դա հին կտորներից տիկնիկներիս համար նորաձև հավաքածուներ պատրաստելը, թե տատիկիս հաշվապահական թղթերը ինստալյացիաների վերածելը, ստեղծագործելը միշտ եղել է իմ անբաժանելի մասնիկը: Կարող է տարօրինակ թվալ, բայց սկզբնական շրջանում, կերպարվեստն ու նկարչությունն ինձ համար այնքան էլ հոգեհարազատ չէին և ինքնարտահայտման իմ ձևը գտնելը վերածվեց նշանակալից ճանապարհորդության, հատկապես հաշվի առնելով արդյունաբերական դիզայնի կրթությունս:
Ուտրեխտի արվեստի համալսարանում արվեստի մագիստրոսի կոչում ստանալը իմ կարիերայի պաշտոնական սկիզբն էր որպես արվեստագետ: Դա այն տարին էր, երբ վերջապես ինքս ինձ թույլ տվեցի լիովին ընդունել ներսիս արվեստագետին: Բազմաթիվ սոցալական և մշակութային խոչընդոտների պատճառով տարիներ շարունակ իմ անհատականության այս կողմը ճնշված էր եղել: Մեծանալով՝ ես հստակ սահմանում չունեի այն մասին թե ինչ է նշանակում լինել արվեստագետ և թե ինչով են արվեստագետները զբաղվում: Այն արվեստագետները, ում հետ շփվել եմ, ինձ չեն ոգեշնչել հետևել իրենց ուղին։ Սա ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել այն ժամանակների սոցիալ-տնտեսական հանգամանքներով և փուլերով, որոնց միջով անցնում էր Հայաստանը: Նույնիսկ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուց հետո արվեստը միապաղաղ էր թվում, ինչը այնքան էլ չէր խրախուսում ուսումնասիրել և գտնել իմ յուրահատուկ գեղարվեստական ոճը:
Միևնույն ժամանակ, ունենալով արդյունաբերական դիզայների կրթություն և լինելով դիզայնի և արվեստի աշխարհների երկատման արանքում՝ մշտապես տանջվել եմ: Առաջինը խնդիրներ լուծելու համար վերլուծական մտածելակերպ է պահանջում, իսկ երկրորդը ներաշխարհի դուրսբերման և ինքնաբացահայտման գործընթաց է: Այնուամենայնիվ, Նիդերլանդներում անցկացրածս հետազոտական տարվա ընթացքում խրախուսանք ստացա ուսումնասիրելու և սահմանելու, թե որն է իրական արվեստը իմ ընկալմամբ: Դա ինձ համար մտքի նշանավոր ազատագրում էր, որը փոխեց ոչ թե այն, ինչ անում էի, այլ առհասարակ իմ պատկերացումն արվեստի մասին: Մտավոր ընկալման այս փոփոխությունը ինձ թույլ տվեց լրացնել իմ դիզայներական կրթության և ձևավորվող գեղարվեստական ինքնության միջև եղած բացը: Ինձ համար այն դարձավ ինքնաբացահայտման և ստեղծարարության իրագործման ճամփորդություն, որտեղ դիզայնի և արվեստի միջև սահմանները հստակ դարձան՝հնարավորություն տալով ստեղծել մի բանաձև, որն ամբողջապես ինքնատիպ է և համապատասխան իմ էությանը։
Պատմեք ձեր ստեղծագործական ոգեշնչումների և դրանցից քաղած դասերի մասին:
Երկու կարևոր երևույթներ ինձ շարունակաբար առաջ են մղում և դրդում ստեղծագործել:
«Իմ արվեստի փորձը ծավալվում է հայ գրերի հետ խաղի շուրջ, որոնք ոչ միայն նշաններ են, այլ նաև պատմության, ինքնության և ավանդույթի աղբյուրներ:»
Առաջինն իմ կապն է անհայտի, հուզական անհանգստության, անհավասարության և անարդարության հետ: Այս վիճակները իմ ստեղծագործությունների համար ծառայում են որպես կատալիզատորներ, հատկապես հաշվի առնելով, որ ստեղծագործելն ինձ համար թերապեվտիկ գործընթաց է: Ստեղծագործելն ինձ օգնում է վերոնշյալ հուզական վիճակները մշակել և իմաստալից գործի ուղղել կամ գոնե հասկանալ այն, ինչի միջով տվյալ պահին անցնում եմ:
Երկրորդը ստեղծագործելու մասին մտածելու գործընթացն է: Մեծապես ոգեշնչվում եմ զրույցներից, հատկապես իմ ամենամտերիմ ընկերների հետ ունեցած զրույցներից: Շատ անգամ այս քննարկումների արդյունքում ծնվում են նոր հղացքներ և գաղափարներ, որոնք սնուցում են իմ գեղարվեստական նախաձեռնությունները:
Երազները նույնպես նշանակալի դեր են խաղում իմ ստեղծագործական ուղղության ձևավորման գործում։ Հաճախ օրինաչափություններ, գաղափարներ կամ պատկերներ եմ տեսնում երազներում, որոնց հետագայում փորձում եմ շոշափելի կերպարանք տալ:
Այնուամենայնիվ, իմ ստեղծարար գործունեության սիրտն ու հոգին հայ գեղագրությունն ու գրերի ուսումնասիրությունն է։ Իմ արվեստի փորձը ծավալվում է հայ գրերի հետ խաղի շուրջ, որոնք ոչ միայն նշաններ են, այլ նաև պատմության, ինքնության և ավանդույթի աղբյուրներ:
«Խաղի» վիճակը և «անհայտի» ընդունումն է հենց այն, Ինչն իսկապես առկայծում է իմ ստեղծագործական կրակը: Օրինակ՝ ոտք դնելը մի տիրույթ, որտեղ ժամանակ և տարածություն եմ նվիրում բացահայտումներին և փորձերին: Մատիտ վերցնելու ու նկարելու կամ նոր նյութեր ուսումնասիրելու խանդավառությունն է այն, ինչ հանդիսանում է իրական ոգեշնչում։
Ես անհերքելիորեն հետաքրքրված եմ արվեստի տարբեր ձևաչափերով, ինչպիսիք են ժամանակակից պարը, կատարողական արվեստը և ինստալյացիաները, մինչդեռ իմ իրական ոգեշնչումը բացահայտման և խաղի մեջ է:
Պատրաստվում եք ձեր գրքի հրատարակությանը, որն ուսումնասիրում է հայոց այբուբենը համատեքստից դուրս՝ բացահայտելով դրանց խորհրդանշական նոր իմաստները: Ի՞նչ անսպասելի բացահայտումներ եք արել հայոց այբուբենի հետ այդքան սերտ աշխատելիս:
Ստեղծագործական գործընթացում անակնկալների հանդիպելն ինձ համար շատ կարևոր է։ Մինչ հղացքը վերջնական տեսքի բերելը, տարամիտվում եմ և թույլ տալիս, որ արարման ընթացքը ինքնահոսի պես և առանց ընդհատումների շարունակվի: Հայոց այբուբենի հետ իմ աշխատանքի ընթացքում այս մոտեցումը հանգեցրել է մի քանի ամենաանսպասելի և հաճելի բացահայտումների,:
Ստեղծագործելը դինամիկ ուսումնասիրություն է, այլ ոչ թե ուղղընթաց գործունեություն: Այն փորձերով և բացահայտումներով լի ճամփորդություն է, որտեղ թույլ եմ տալիս իմ ինտուիցիային և արվեստագիտական բնազդներին ուղղորդել ինձ: «Խաղի» և «բացահայտման» այս գործընթացում կյանքի են կոչվում ամենահետաքրքիր և անսպասելի գաղափարները:
Ինչ վերաբերում է գրքի նախագծին, ապա հրատարակությունն իսկապես երկար գործընթաց է։Խոսքը միայն իմ աշխատանքը ցուցադրելու մասին չէ, այլ դրա՝ ընթերցողների հետ փոխհարաբերման և նրանց կյանքում ունեցած ազդեցության մասին: Ու՞մ համար է գիրքը և ի՞նչ փոփոխություն կբերի նրանց՝ հայ գրատպության և մշակույթի մասին պատկերացումներում: Սրանք հարցեր են, որոնց դեռ պետք է մանրամասն պատասխանեմ մինչև այս ստեղծագործական ճանապարհի ավարտը:
2017 թվականին Վենետիկի Բիենալեում HAYP Pop Up Gallery-ի դեբյուտի համար ընտրվել էիք որպես նկարիչ՝ստեղծելու տարածքին հատուկ տպագրական ինստալացիա: Ի՞նչ մոտեցմամբ եք աշխատել ցուցահանդեսի բազմահարթակ ինստալյացիայի ստեղծման շուրջ: Ի՞նչ յուրօրինակ մարտահրավերների եք հանդիպել նախագծի վրա աշխատելիս:
"Ինձ համար անձնական մարտահրավեր է դարձել իմ ստեղծագործական աշխատանքների միջոցով Հայաստանը համաշխարհային լսարանին ներկայացնելը:"
Տարածքին հատուկ բազմահարթակ ինստալացիայի ստեղծումն իսկապես յուրահատուկ և ոգևորիչ փորձառություն էր: Hype Pop Up Gallery-ի թիմի և համադրողների հետ համագործակցությունը ի սկզբանե ներդաշնակ էր: Նրանք վճռորոշ դեր ունեցան՝ օգնելով կյանքի կոչել իմ տեսլականը մեզ հատկացված տարածքի սահմաններում:
Վստահ լինելու համար, որ Վենետիկում ամեն ինչ անխափան առաջ կգնա ստեղծագործական աշխատանքները ամիսներ առաջ սկսեցինք: Միասնականորեն ներգրավվեցինք մտագրոհների, էսքիզսավորման և գաղափարների փոխանակման հանդիպումներում: Հիմնական գաղափարը պտտվում էր հայոց այբուբենը համատեքստից դուրս բերելու շուրջ։ Սա ինձ հոգեհարազատ թեմա էր և Աննա Գարգարյանն իր թիմով անհավանական աշխատանք կատարեց հմտորեն փաթեթավորլով և ներկայացնելով իմ գործը ցուցահանդեսի համատեքստում:
Թերևս ամենակարևոր մարտահրավերը, որին առնչվեցինք, մանրակրկիտ պատրաստվելու անհրաժեշտությունն էր: Երբ հասանք Վենետիկ, ինստալացիայի համար հատկացված տարածքն ավելի փոքր էր, քան ի սկզբանե պատկերացնում էինք։ Այնուամենայնիվ, լավ պատրաստված էինք, ինչը մեզ թույլ տվեց հարմարվել պայմաններին և հաղթահարել այս մարտահրավերը։ Չորս լարված օրերի ընթացքում տեղում ստեղծեցի և նկարեցի ինստալյացիան ՝ համոզվելով, որ այն համապատասխանում է մեր գեղարվեստական տեսլականին և ցուցահանդեսի վայրի յուրօրինակ տարածական սահմանափակումներին:
Այս նախագիծը վկայում է ոչ միայն ստեղծարարության այլև համագործակցության և ճկունության ուժի մասին: Այն ստիպեց սահմաններից դուրս գալ, ինչի արդյունքում էլ իր տեղը գտավ 2017 թվականի Վենետիկի Բիենալեի շրջանակներում, մի փորձ, որը մշտապես նվիրականորեն կհիշեմ:
Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow, իսկ հետագայում՝ որպես Հայաստանի ստեղծագործ դեսպան:
Ապրելով Հայաստանից դուրս հասկացել եմ, որ մեր փոքրիկ, բայց մշակույթով հարուստ երկրին ոչ այնքան շատ մարդ է ծանոթ, որքան մենք կարծում ենք: Ինձ համար անձնական մարտահրավեր է դարձել իմ ստեղծագործական աշխատանքների միջոցով Հայաստանը համաշխարհային լսարանին ներկայացնելը։
Իմ ստեղծած յուրաքանչյուր աշխատանք ուղիղ խոսք է, բարձրաձայն կոչ, որը խրախուսում է մարդկանց հետաքրքրվել այս փոքրիկ երկրի, իր բնակիչների և մշակույթի մասին: Լինի դա իմ արվեստի, գրատպության, թե այլ ստեղծագործական արտահայտչամիջոցներով, նպատակ ունեմ լրացնել այդ բացը և հայտնի դարձնել Հայաստանը ամբողջ ոչ հայ աշխարհին: Սա մշակութային փոխանակման և բացահայտումների ճանապարհ է՝ նպատակ, որով ես խանդավառված եմ:
Որպես ստեղծագործ դեսպան հույս ունեմ նպաստել համաշխարհային մասշտաբով Հայաստանի հարուստ ժառանգության և ստեղծարար ոգու մասին իրազեկմանը և գնահատման բարձրացմանը: