
Գոհար Մարտիրոսյան, 2025 Creative Innovation Fellow
Թվային արվեստագետ և 2025 Creative Innovation Fellow Գոհար Մարտիրոսյանը, որի արմատները գալիս են երկրաշարժից տուժած Գյումրիից, իր ստեղծագործական գործունեության միջոցով ձգտում է վերակառուցել այն վայրերն ու պատմությունները, որոնք պահպանվել են միայն բեկորների և պատումների տեսքով։ Նա պատմում է իր «The River That Knows Too Much» նախագծի ակունքների և հիշողության նոր շերտեր ստեղծելու իր ցանկության մասին։
Պատմեք մի փոքր ձեր անցած ուղու մասին՝ Գյումրիում անցկացրած մանկությունից մինչև Եվրոպայում մասնագիտական գործունեություն ծավալելը։ Ինչպե՞ս են այդ տարբեր փորձառությունները ձևավորել ձեզ որպես արվեստագետ։
Իմ՝ որպես արվեստագետի ձևավորումը գրեթե ամբողջությամբ կապված է Գյումրիի, իմ մանկության և ինձ շրջապատող մարդկանց հետ՝ իմ սակավաթիվ ընկերների՝ Արաքսի, Սուսիի և Արտուշի, տատիկիս պատմությունների, ինչպես նաև այն միջավայրի, որտեղ ես մեծացել եմ։
Եվրոպայում ինձ հետ պատահեց այն, որ սկսեցի այս ամենին նայել այլ տեսանկյունից։
Ձեր աշխատանքներում հաճախ են հանդիպում հիշողության, տեղահանության և անհասանելի լանդշաֆտների թեմաները։ Ի՞նչն է ձեզ գրավում այս թեմաներում։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց թվային և իմերսիվ մեդիաները՝ դրանք ուսումնասիրելու համար։
Ես ծնվել եմ երկրաշարժից ավերված քաղաքում՝ մի վայրում, որը գրեթե ջնջվել էր երկրի երեսից և ինձ համար գոյություն ուներ միայն բեկորների, հիշողությունների ու բանավոր պատմությունների մեջ։ Կարծում եմ՝ անգիտակցաբար միշտ ցանկացել եմ ինչ-որ կերպ վերակառուցել այն, հպվել դրան։ Դա էր այն առաջին մղումը, որն ի վերջո ինձ բերեց այս ամբողջ հետազոտությանը։
Fellowship-ի ընթացքում դուք զարգացրել եք «The River That Knows Too Much» նախագիծը։ Կպատմե՞ք մեզ այդ նախագծի և դրա ծագման մասին։
Եղբայրս՝ Նարեկը, 2020 թվականին Ջաբրայիլում էր՝ առաջնագծում, հենց Արաքս գետի ափին․ այնտեղից էլ սկսվեց ամեն ինչ։ Նախագիծն ինքնին պատմում է մի գետի և բազմաթիվ այնպիսի պատմությունների մասին, որոնք մենք երբեք չենք պատմել կամ երբեք չենք պատմել այս կերպ։
Քանի որ նախագիծը մեծացել է իր մասշտաբներով և տարբեր ձևեր ստացել, որո՞նք են եղել ամենամեծ մարտահրավերները կամ, գուցե, բացահայտումները այդ ընթացքում։
Մարտահրավերն Արաքս գետին հպվելն է, և սա փոխաբերություն չէ։ Սա նշանակում է թույլ տալ, որ ձևավորվի պատմության ևս մեկ շերտ, և ես զգում եմ, որ մենք հնարավորություն ունենք ազդելու այդ շերտի ստեղծման վրա։
Ի՞նչ տվեց ձեզ այս Fellowship-ը՝ թե՛ «The River That Knows Too Much» նախագծի զարգացման, թե՛ ձեր սեփական ստեղծագործական ուղու առումով։
Չգիտեմ՝ ինչպես ճշգրիտ բացատրել, բայց ես զգացի, որ իմ մասին հոգ են տանում և ինձ հասկանում են։ Ինձ համար սա ամենահազվադեպ հանդիպող երևույթներից է։
Այս ծրագիրն ինձ հնարավորություն տվեց մնալ նախագծի և դրա բարդության հետ՝ առանց ստիպված լինելու անմիջապես պարզեցնել այն կամ բացատրել ամեն ինչ։ Սա ինձ մեծ ուժ և վստահություն տվեց։
Կարծես թե «The River That Knows Too Much» նախագիծը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ թափ է հավաքել․ մասնավորապես, այն ընտրվել է Farnese-Medici XR կացության ծրագրի համար և ներկայացվել Venice Immersive-ում։ Ինչպե՞ս եք պատկերացնում նախագծի, ինչպես նաև ձեր՝ որպես արվեստագետի, հետագա զարգացումը։
Ես ցանկանում եմ ցուցադրել այս ֆիլմը Արաքս գետի ափին՝ տեղի համայնքների բնակիչների համար՝ դուրս գալով ինքնության սահմաններից։
Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են զարգանալու տեխնոլոգիայի, արվեստի և մարդկային ստեղծագործականության փոխհարաբերությունները։ Կա՞ արդյոք ապագայի մի պատկեր, որը կցանկանայիք տեսնել։
Անկեղծ ասած՝ այնքան էլ չեմ սիրում տեխնոլոգիաները։ Նախընտրում եմ անալոգային մեդիաները։ Թերևս, ինձ հետաքրքրում է այն, թե ինչպես է հնարավոր տեխնոլոգիայի մեջ հոգի գտնել, կամ գոնե ստեղծել այն։
Եվ վերջին հարցը․ սպասվո՞ւմ են արդյոք ցուցահանդեսներ, շնորհանդեսներ կամ այլ հնարավորություններ, որոնց միջոցով հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ ձեր աշխատանքին։
Նոյեմբերի 12-ին Փարիզում՝ Biennale Nova_XX-ի շրջանակներում, կներկայացնեմ իմ «The Mountain’s Mouth» նախագիծը։



