Creative Armenia-ն և ՀՀ Մշակույթի նախարարությունը ստորագրեցին մասնավոր-պետական համագործակցության հուշագիր
Մշակութային զարգացումը և «ստեղծարար արդյունաբերությունը» ուշադրության կենտրոնում են
Հունիսի 15, 2018 | հեղ.` Creative Armenia
Երևան, Հայաստան - ՀՀ Մշակույթի նախարարությունը և Creative Armenia մշակութային հիմնադրամն այսօր ստորագրեցին մասնավոր-պետական համագործակցության հուշագիր, որի նպատակն է արվեստների վերակենդանացումը, «ստեղծարար արդյունաբերության» (creative industries) կայացումը, ստեղծարար աշխատանքների ու նախագծերի զարգացումը և մշակութային զարգացման ու խթանման ուղղությամբ մարտավարությունների մշակումն ու իրականացումը:
Այդ նպատակով հիմնադրամն ու նախարարությունը կմշակեն համատեղ ռազմավարություն և ծրագրեր մի շարք ուղղություններով` դիտակետում ունենալով մշակութային նորարարությունը, սոցիալական ազդեցությունը և «ստեղծարար արդյունաբերության» զարգացումը Հայաստանում: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանի կողմից ստորագրված հուշագիրը բաղկացած է 9 ուղղություններից, որոնցից են ՝
-
Հայաստանում «ստեղծարար արդյունաբերության» զարգացման ուղղությամբ նոր ռազմավարությունների եւ մեթոդների մշակումը,
-
ստրատեգիական ծրագրերի զարգացումը, ինչը հայ տաղանդավոր արվեստագետներին համաշխարհային թատերաբեմ և միջազգային շուկա դուրս կբերի,
-
ստեղծարար կարիերաների և նախագծերի զարգացումը` առաջարկելով աջակցության գործիքակազմ, որը ներառում է ֆինանսավորում, բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվություն, արտադրական աջակցություն և մարքեթինգային ռազմավարություն:
Creative Armenia-ն և նախարարությունը նաև հայտարարեցին, որ իրենց առաջին համատեղ ծրագիրը` ուղղված ստեղծարար նախագծերի իրականացմանը, արդեն զարգացման փուլում է։
«Ինչու հենց Creative Armenia-ն: Որովհետև այստեղ ներգրավված են մարդիկ, ում աշխատանքային փորձն ու պրոֆեսիոնալիզմը և մարդկային որակները հավաստում են, որ չենք ձախողելու», - ասաց նախարարը: «Վստահ եմ, որ համագործակցությունը հաջող է լինելու։ Մենք արդեն գծել ենք այն շրջանակը, որի շուրջ պետք է սկսենք աշխատել հենց այսօրվանից», - հավելեց նա:
«Նոր Հայաստանը նշանակում է նաև նոր հույս ու նոր հնարավորություններ», - ավելացրեց Հովհաննիսյանը: «Այսօր սկսում ենք մասնավոր-պետական մեր համագործակցությունը, որը թույլ կտա նորացնելու ու զարգացնելու հայկական մշակույթը ու տրամադրելու արվեստագետներին ու նրանց ստեղծագործություններին իրականում ռազմավարական ու համապարփակ աջակցություն»:
2017թ.-ին Երևանում և Լոս Անջելեսում հիմնադրված Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է, որի հիմնադիր խորհրդի անդամներն են Սերժ Թանգյանը, Էրիկ Էսրաիլյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը, Կառլա Կարապետյանը, Սիմոն Աբգարյանը և Մայքլ Արամը: