Բշտիկ քթի վրա
Եվ այլ վիրավորանքներ մեծագույն գրական մրցակցություններից
Հունիսի 26, 2019 | հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան
Գրողներից մեկը մեղադրվում է հարուստ գրելաոճի համար, մյուսը դանակի հարված է ստանում։ Շարունակե՛ք ընթերցել պատմության ամենաէպիկական գրական մրցակցություններից մի քանիսի մասին։
Մարկ Թվենն ընդդեմ Ջեյն Օսթինի
Մահը խոչընդոտ չէ մրցակցության համար, ինչպես Մարկ թվենը ապացուցեց իրենից մեկ դար առաջ ծնված վիպագիր Ջեյն Օսթինի հանդեպ տածած ատելությամբ։ Հայտի է, որ Թվենը ասել է, թե իրեն իրավունք չի վերապահում քննադատել գրքերը, եթե միայն չի ատում դրանք։ «Ամեն անգամ «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքն ընթերցելիս ցանկանում եմ Օսթինին գետնի տակից դուրս հանել ու նրա սրունքոսկրով հարվածներ հասցնել գանգին»։
Այդ ատելությունը կարելի է բացատրել Թվենի դժվարին կյանքով. դառը հակադրություն Օսթինի հաջողություններով ու հարմարավետ բազմոցներով լի կյանքին։ Թվենը նշել է, որ ամեն անգամ Օսթինի գիրքը վերցնելիս զգում էր իրեն ինչպես «բարմեն, որը մտնում է Վերին թագավորություն»։
Արթյուր Ռեմբոն ընդդեմ Փոլ Վեռլենի
Մինչ չարամիտ պոետ Արթյուր Ռեմբոն իր օրերն անց էր կացնում Բրիտանական գրադարանում՝ հղկելով իր «Մի եղանակ դժոխքում» բանաստեղծությունների ժողովածույի տողերը, գիշերները նա ծախսում էր բանաստեղծ Փոլ Վեռլենի համար դժողք ստեղծելու վրա։
Ապրելով համընդանուր տանը՝ երկու բանաստեղծները, զինված դանակներով և բանաստեղծի էգոներով, պատերազմներ էին սկսում և դանակի հարվածներ հասցնում միմյանց դաստակներին։ Ծեսն ավարտին հասցնելուց հետո, ցած էին դնում դանակներն ու գնում մոտակա փաբում խմելու, մինչև Վեռլենը պատահաբար կրակեց Ռեմբոյի վրա՝ դրամատիկ կերպով վերջ դնելով իրենց փոթորկալից հարաբերություններին։
Ջոն Քիթսն ընդդեմ Ջորջ Բայրոնի
Ջոն Քիթսի և Ջորջ Բայրոնի մրցակցությունը լարված և փոփոխական էր։ Դժվար չէ պատկերացնել հմայիչ ու մեծամիտ արիստոկրատի, ով նաև հաջողակ բանաստեղծ էր, և միջին խավին պատկանող բանաստեղծի սաստիկ քննադատություններով լի մրցակցությունը։ Սակայն դժվար է պատկերացնել, որ այս մրցակցությունը սկսվել էր երիտասարդ Քիթսից, ով ներբող էր նվիրել Բայրոնին՝ գովաբանելով նույն այն տաղանդը, որը հետագայում համարելու էր «վեց ոտնաչափ հասակ ունենալու և լորդ լինելու արդյունք»։
Ի պատասխան՝ Բայրոնը մեծամտորեն խորհուրդ էր տվել Քիթսին դադարել գրելը, քանի որ պոեզիան ազնվականների համար է, այլ ոչ թե գավառականների։ Բայց նրա մոտեցումը նույնպես փոխակերպվեց, երբ իմացավ Քիթսի վաղաժամ մահվան մասին, ու խնդրեց իր ընկերոջը ամբողջովին վերացնել Քիթսին վերաբերող իր քննադատությունները։
Ֆեոդոր Դոստոևսկին ընդդեմ Իվան Տուրգենևի
Ռուս գրողների մրցակցությունները հաճախ սկիզբ են առնում գաղափարական տարբերություններից, որը նաև Դոստոևսկու և Տուրգենևի մրցակցության պատճառն էր։ Լիբերալ Տուրգենևը, ով ապրում էր Ֆրանսիայում, բայց գրում Ռուսաստանի մասին վեպեր, քննադատության էր արժանացել ազգայնական Դոստոևսկու կողմից, ով առաջարկել էր նրան գնել հեռադիտակ՝ հայրենիքն ավելի մոտիկից տեսնելու համար։
Մինչդեռ Տուրգենևը, լինելով հարուստ ազնվական, ծաղրել էր Դոստոևսկուն՝ անվանելով նրան «բշտիկ գրականության քթին», իսկ նրա ծանրակշիռ վեպերը՝ «հոգեբանական քչփորումներ»։
Էռնեստ Հեմինգուեյն ընդդեմ Ուիլյամ Ֆոլքների
Սկիզբ առնելով Հեմինգուեյին ուղղված Ֆոլքների սաստիկ քննադատությունից՝ այս էպիկական մրցակցությունը լի էր աղմուկ ու ցասումով։ «Էռնեստ Հեմինգուեյը խիզախություն չունի, նա երբեք իր կաշվից դուրս չի եկել», — ասել էր Ֆոլքները, երբ իր իսկ գրականությունն անկում էր ապրում։ «Նա երբեք ոչ մի բառ չի օգտագործել, որը կստիպեր ընթերցողին ստուգել բառարանում՝ տեսնելու արդյո՞ք տեղին է կիրառված»։
Իբրև հակահարված Ֆոլքների քննադատությանը, Հեմինգուեյը նշել էր. «Խեղճ Ֆոլքներ։ Իրո՞ք կարծում է, որ հարուստ զգացմունքներն առաջանում են ճոխ բառերից։ Կարծում է, թե ես չգիտեմ տասդոլարանոց բառեր։ Շատ լավ գիտեմ։ Բայց կան ավելի հին, պարզ ու լավ բառեր, և ես դրանք եմ օգտագործում»։
Շիրվանզադեն ընդդեմ Դանիել Վարուժանի
Արևելահայ վիպագիր Շիրվանզադեյի մրցակցությունը արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի հետ սկիզբ էր առել լեզվից։ Շիրվանզադեն տանել չէր կարողանում արևմտահայերենը և ժխտում էր այն համոզմունքը, թե այն ավելի էսթետիկ լեզու է՝ համարելով շփոթեցնող ու տհաճ։ Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր» բանաստեղծությունների ժողովածուն նրան ապշեցրել էր իր գռեհկությամբ ու սրտծխառնոց առաջացրել։
Վարուժանի արձագանքն ավելի նրբագեղ և հանգիստ էր։ Արևմտահայ գրականության հանդեպ Շիրվանզադեի մերժողական վերաբերմունքին ի պատասխան՝ նա ասել էր. «Մե՜ղք, մենք իրենց ամենեն աննշան գրո՛ղն իսկ գիտենք»։
ՀԵՂԻՆԱԿ
Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում: