top of page

Մեկ սենյակ, մեկ կադր, մեկ շրջան

Հարցազրույց «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի հաղթող Անի Քանանյանի հետ

Հուլիսի 9, 2020 |  հեղ.` Creative Armenia

$2,000 self-quarantine creative challeng

Անի Քանանյանը իր ստեղծարար կյանքում զբաղվել է որմնանկարների վերականգմամբ և կավագործությամբ։ «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի շրջանակներում նա իրեն փորձեց նոր ոլորտում՝ ֆիլմում և նշանակետին դիպավ։ Նրա դիպուկ ինքնամեկուսացման աշխատանքը դարձավ ստեղծարար մարտահրավերի հաղթողներից մեկը։ Մենք զրուցեցինք Անիի հետ իր վիդեոարտի, տեսողական արվեստի և ՔՈՎԻԴ-19-ին հաջորդող աշխարհի մասին։  

CA. Պատմեք Ձեր վիդեոարտի մասին։ Ինչպե՞ս գաղափարը ծնվեց։ 

ԱՔ. Ինքնամեկուսացման ամենախիստ օրերն էին։ Ամուսինս տեսել էր Creative Armenia-ի «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի հայտարարությունը և ուղարկեց ինձ ասելով՝ «կուզե՞ս մի նոր բան փորձել»։ 

Ես մաքրում էի իմ ստուդիայի սենյակներից մեկը ու հետևաբար դատարկ սենյակ ունեինք, որում կարելի էր ստեղծել «արվեստագետի առօրյան»։ Երկար ժամանակ փակ տարածքներում մնալը այդքան էլ արդյունավեր չէր։ Կարծես «Groundhog Day» ֆիլմում ապրեինք։ «Օհ, որքան ժամանակ ունեմ այս և այն անելու համար» ասելուն հակառակ, իրականում ունեի գործելու սակավ եղանակներ։ Հետևաբար մեկ սենյակ, մեկ կադր և մեկ շրջանակը դարձավ վիդեոարտի ձևաչափը։ Ահա սա էլ հիմք հանդիսացավ կրկնվող, մոնոտոն գործողությունների շրջանակի համար։ 

CA.  Որո՞նք էին ինքնամեկուսացման վայրից ստեղծագործությունն իրականացնելու մարտահրավերներն ու առավելությունները։  

 ԱՔ. Ամենամեծ դժվարությունը տեխնիկական բնույթ ուներ։ Ես նախկինում երբեք վիդեոյի հետ չէի աշխատել ու ունեի կատարյալ կադրի գաղափարը, որն ուզում էի ստանալ։ 

Ամենասկզբում որոշել էի տեսախցիկը դնել հատակին  և շարժվող շրջանով թողնել, որ այն նկարեր ամեն գործողությունն ու անցներ հաջորդին։ Մենք չունեինք ռելսեր, հետևաբար փորձեցինք տեսախցիկն ամրացնել խաղալիք մեքենային, սակայն հատակը նույնպես բավարար հարթ չէր։ Մի քանի անհաջող փորձից հետո ես ասացի. «Դե լավ, այս տարբերակը չաշխատեց»։ 

Հաջորդ օրը մենք փորձեցինք նկարահանել անվտանգության տեսախցիկների անկյունից և հետարտադրողական շրջանում ավելացրինք գործարանային ձայներ։ Կադրում նաև կտեսնեք կավճով շրջանակ, որը նախապես նախատեսված էր շարժական տեսախցիկի համար, բայց ի վերջո դարձավ սոցիալական հեռավորության խորհրդանիշը։ Ամեն դեպքում, հարմար էր ունենալ դատարկ արվեստանոցային սենյակ՝ նման շրջան ստեղծելու համար։ 

CA. Դուք կավագործ, նկարիչ և որմնանկարների վերականգնող եք։ Արվեստի մի քանի ոլորտի տիրապետելն օգնու՞մ է Ձեզ ստեղծագործելու ժամանակ։ 

ԱՔ. Իմ հիմնական գործառույթներում, իհարկե այն օգնում է։ Սակայն վիդեոարտը բոլորովին նոր ոլորտ է՝ իր կանոններով և պայմաններով։ 

Հույս ունեմ, որ լուսանկարիչներն ու կինոռեժիսորներն ինձ չեն դատապարտի, սակայն կարծում եմ, որ ֆիլմը լուսանկարչության էվոլյուցիայից է առաջացել, իսկ լուսանկարչությունը լույսի մանիպուլյացիա է։ Նշանակում է, եթե ուզում ես լավ պատկեր ստանալ, պետք է ունենաս լավ լույս։ 


Ես կարող եմ նկարել մեկ մոմի լույսի ներքո։ Կարող եմ կավագործությամբ զբաղվել բացարձակ մթության մեջ, սակայն վիդեո ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ թերևս մեկ լույսի աղբյուր, որպեսզի առարկան արտացոլվի թվային կամ անալոգային կրիչի վրա։ Իհարկե, սա խնդիր չի դառնում, եթե վիդեոն ստեղծվում է դրսում կամ նույնիսկ ներսում, եթե ունես գեթ մեկ լամպ։ Սակայն երբ մտածում ես ֆիլմի լուսավորման մասին, ինչպես գեղարվեստում, գործ ես ունենում ֆիզիկայի հետ։ Ահա, սա նորություն էր ինձ համար։ 

 CA. Ձեր անձնական ինքնամեկուսացումը և «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը ազդեցություն ունեցա՞ն ստեղծագործելու մեթոդների, տեխնիկաների և գործիքների վրա։ 

ԱՔ. Անկեղծ ասած, ոչ այնքան։ Մարտահրավերի համար վիդեոարտ ստեղծելը փորձ էր, որը վստահորեն վերջինը չի լինի։ Սակայն, ես հավանաբար կշարունակեմ անել այն, ինչին սովոր եմ։ 

Այս հարցազրույցից հետո ես կսկսեմ մեկ այլ կավագործության նախագիծ։

 

Ինքնամեկուսացման և «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի ազդեցությունը կայանում էր նրանում, որ ես որոշեցի այսուհետ կիրառել վիդեոն որպես գործիք՝ աշխատանքային ընթացքը կիսելու համար։ Քանի որ ես սկսնակ եմ, քայլերն ավելի դանդաղ կլինեն։ Իսկ մարտահրավերը հաղթելն ու իմ գործը մյուս հաղթողների հետ միասին տեսնելը ինձ ավելի վստահ կդարձնի ապագա նախագծերում։   


CA. Որո՞նք են Ձեր ստեղծարար նպատակները ՔՈՎԻԴ-19-ին հաջորդող աշխարհում։ 

 ԱՔ. ՔՈՎԻԴ-19-ին հաջորդող աշխարհը իհարկե կլինի ավելի թվային։ Նշանակում է, այն արվեստագետները, որոնք սովոր էին աշխատել նյութերի հետ, պետք է գտնեն նոր եղանակներ արտադրանքը թվայնորեն ցուցադրելու համար։ Գուցե ճիշտ ժամանակն է վիրտուալ իրականությունը աշխատանքում ներգրավելու համար։ Բայց ցուցահանդես ստեղծելու և այն վիրտուալ իրականության մեջ ցուցադրելու գաղափարը դեռևս անհասանելի է թվում ինձ։ Ես դեռ հույս ունեմ, որ ՔՈՎԻԴ-19-ից հետո մենք կվերադառնանք հին ու բարի ժամանակներին։ 

bottom of page