top of page

Գրողը ճանապարհին

Օլիվիա Քաթրանջանը կիսում է իր գրական ճանապարհը «Դեպի Հայք»-ից մինչև Օքսֆորդ 

Փետրվար 2, 2021 |  հեղ.` Creative Armenia

Olivia Katrandjian

Բանգկոկում ճանապարհորդական բլոգերությունից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հավակնոտ վեպ գրելը և Օքսֆորդի համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալը՝ Օլիվիա Քաթրանջյանի կյանքը երբեք չի ունեցել արկածների պակաս։ Այժմ, լինելով 2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellow», Օլիվիան մեզ հետ ունեցավ այս բացառիկ հարցազրույցը։ 

 

CA. Մի փոքր պատմեք այն մասին, թե ինչպես սկսվեց գրող դառնալու ձեր ճանապարհը։ 

 

ՕՔ. Ես միշտ սիրել եմ կարդալ և պատմություններ պատմել։ Քոլեջում սովորելիս սկսեցի գրել անձնական էսսեներ՝ անհատապես աշխատելով դասախոսներիս հետ, որոնց իմ ունակության հանդեպ հավատը խրախուսում էր ինձ ընտրել ստեղծագրությունը որպես կարիերա։ Ավարտելուց հետո աշխատեցի որպես ճանապարհորդության գրող՝ ապրելով Բանգկոկում և գրելով Հարավարևելյան Ասիայի և Չինաստանի մասին։ «Դեպի Հայք»-ի և Հայ Կամավորական Միության միջոցով ես տեղափոխվեցի Երևան, որտեղ որպես կամավոր լրագրող աշխատեցի Սիվիլիթասի (այժմ CivilNet) համար և հեռակա աշխատեցի ամերիկյան լրատվամիջոցների համար։ Սա անձը ձևավորող փորձառություն էր, որը խորացրեց իմ կապը Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ։ Ես ստիպված էի տուն վերադառնալ ընտանեկան հանգամանքներից ելնելով, այնպես որ դարձա «ABC News»-ի թղթակից, այնուհետև թղթակցեցի «Retro Report»-ին՝ նկարահանելով կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր «The New York Times»-ի համար։

 

CA. Կա՞ որևէ արվեստի գործ կամ արվեստագետ, ում աշխատանքները մեծագույն ազդեցություն են ունեցել ձեզ վրա։ Ինչո՞ւ։ 

 

ՕՔ. Թիմ Օ'Բրայենի «The Things They Carried» գիրքը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, երբ ես առաջին անգամ կարդացի այն ավագ դպրոցում։ Ինձ հետապնդում էին անթաքույց կործանման պատմությունները և այն, թե ինչպես կարելի էր սարսափելի բռնության տեսարանները պատմել այդպիսի ռիթմիկ, երաժշտությամբ լի արձակում։ Ես կարդացել եմ Օ'Բրայենի գրեթե բոլոր աշխատանքները և իսկապես հիացած եմ նրա գրականությամբ։ 

 

CA. Ներկայումս դուք ստանում եք Օքսֆորդի համալսարանի ստեղծագրության մագիստրոսի աստիճան։ Ի՞նչը դրդեց ձեզ դիմել։ Ի՞նչ եք կարծում, ստեղծագրությունը պե՞տք է ուսուցանվի։

 

ՕՔ. Երբ որոշեցի լրագրությունից անցնել ստեղծագրության, ես  անհագորեն կարդում էի գրքեր և մասնակցում դասերի և սեմինարների։ Երբ զգացի, որ ինքս ինձ արդեն սպառել եմ, դիմեցի մագիստրոսի ծրագրի։ Չնայած համաճարակի պատճառով մեր դասընթացները մինչ այժմ վիրտուալ են եղել, ես իսկապես հաճույք եմ ստացում մյուս ուսանողների հետ ծանոթանուց և Օքսֆորդի գրողների և ուսուցիչների ոգեշնչող համայնքի մի մասը լինելուց։ Ես կարդում եմ ավելին, քան երբևէ կարդացել եմ՝ խորացնելով գրական պատմության իմ ընկալումը և բարելավելով հմտություններս տարբեր ժանրերում։ 

 

Գրողներն անկասկած կարիք չունեն ստանալու մագիստրոսի աստիճան, և շատ ծրագրեր, հատկապես Միացյալ Նահանգներում, կարող են շատ թանկ արժենալ՝ հանգեցնելով ուսանողների ավելի քիչ բազմազանությանը։ Բայց ստեղծագրության ծրագրերը կարող են ուսանողին դրդել կարդալ և գրել տարբեր ժանրերում, սովորել այլ տեսանկյուններից, ընդլայնել գրական համայնքը և կայուն կապեր հաստատել այլ գրողների հետ։

 

CA. Դուք փորձել եք ձեզ բազմաթիվ ժանրերում և ոլորտներում, տպագրվել եք «The New York Times»-ում, «BBC»-ում, «ABC News»-ում, «PBS»-ում և շատ այլ հրատարակություններում։ Ի՞նչ եք հաջորդիվ ուսումնասիրելու։

 

ՕՔ. Ես անհամբեր սպասում եմ փորձարկումներ անել պատմվածքների և  ոչ-գեղարվեստական գրականության մեջ։ Ես կցանկանայի գրել կլիմայական գեղարվեստական գրականություն։
 

CA: Այժմ աշխատում եք ձեր առաջին վեպի ՝ «Ուրվական զինվոր»-ի հրատարակման վրա, որը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրական պատմության վրա։ Ինչպե՞ս պատմությունը գտաք և ինչո՞ւ որոշեցիք այն վերածել վեպի։

 

ՕՔ. Առաջին անգամ ստեղծարար խաբեության ստորաբաժանում «Ուրվական բանակի» մասին իմացա, երբ լսում էի ճարտարապետության և դիզայնի մասին «99% Invisible» փոդքաստը։ Ես հիացած էի այս արվեստագետների, ճարտարապետների, երաժիշտների և դերասանների խմբով, որը խաբում էր գերմանական բանակին՝ կիրառելով  փչովի տանկեր, ձայնային էֆեկտներ և կեղծ ռադիոհաղորդումներ և ստեղծելով ամերիկյան բանակի պատրանքը։ Ամերիկահայ մի քանի գաղթականներ «Ուրվական բանակի» շարքերում էին։ Ես որպես գլխավոր հերոսների ոգեշնչում օգտագործեցի ճարտարապետ պապիկիս և նրա լավագույն ընկերոջը, ով ինժեներ էր։ 

 

«Ուրվական զինվորը» գրքում Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի միակ երեխան, Սևանը,  փափագում է փախչել Բրոնքսի իր ճնշող համայնքից և դառնալ ճարտարապետ։ Նրա լավագույն ընկերը ՝ Մանուկը, համոզում է նրան զորակոչվել բանակ, և նրանց ստեղծարար տաղանդները տեղ են գտնում «Ուրվական բանակում»։ Այս գերգաղտնի ստորաբաժանումում Սևանն ու Մանուկը շրջապատված են մարդկանցով, ովքեր կիսում են ստեղծագործության հանդեպ իրենց կիրքը։ Բայց մինչ տղամարդիկ փորձում են իրենց օրերը թեթեւացնել արվեստով, հումորով և ժամանակ առ ժամանակ դրեգ շոուներով, նրանք չեն կարող խուսափել ճշմարտությունից։ Նրանք ինքնասպանության առաքելություն են իրականացնում։ Վերապատրաստված միայն արվեստային պատրանքների միջոցով թշնամուն թակարդի ենթարկելուն՝ տղամարդիկ չեն կարող պաշտպանվել, եթե հարձակման ենթարկվեն։ Բայց կան նաև այլ մարտահրավերներ՝ Սևանի զգացմունքները մի կնոջ հանդեպ, որը հայ չէ, և Մանուկի գիտակցությունը իր համասեռամոլության մասին, որը կարող է նրան բանտ նստեցնել, եթե ոչ ավելի վատ։ 

 

Ես ուզում էի այս ոչ-բռնի ստորաբաժանման և ամերիկահայ զինվորների միջոցով ուսումնասիրել, թե ինչ է նշանակում լինել «իսկական տղամարդ» և ամերիկացի։ Ինձ համար կարևոր էր ներառել քվիր հայի, որը հայկական համայնքում պատմականորեն խարանված խումբ էր։ Այս վեպն ուսումնասիրելիս ես դժվարանում էի գտնել 1930թ.-ների և 40թ.-ների քվիր հայերի մասին պատմություններ և ոգևորված էի, երբ վերջապես գտա Ջ.Փ. Տեր-Պողոսյանի կողմից համադրված Քվիր հայկական գրադարանը, որը անհավանական և անհրաժեշտ ռեսուրս է։
 

CA. Շատ գրողներ խոսել կամ գրել են գրելու մարտահրավերների մասին։ Դուք անձամբ ի՞նչն եք համարում առավել դժվար գրելու գործում։

 

ՕՔ.  Գրելը միայնակ աշխատանք է։ Սա մարտահրավեր է ոչ միայն այն պատճառով, որ կարող ես միայնակ զգալ, այլ նաև այն պատճառով, որ հաճախ ուղղորդող չունես։ Ես դրա դեմ պայքարել եմ՝ ստեղծելով քննադատական խմբեր, փնտրելով մենթորներ և ստեղծելով կայուն կապեր այլ գրողների, հատկապես կին գրողների հետ։ Ես անչափ օգուտ եմ քաղել նրանց գրական արձագանքներից և քննադատորեն մտածել նրանց աշխատանքի և մեր մշակած աջակցության համակարգի մասին։
 

CA. Դուք վերջերս հիմնադրել եք «Միջազգային հայ գրական դաշինքը»՝ (IALA) միավորելով հայ տաղանդավոր գրողներին։ Գրական ո՞ր խնդիրներին կցանկանայիք անդրադառնալ այս նախաձեռնությամբ։

 

ՕՔ. Գրականությունը ժողովրդի և մշակույթի կենսական տարրն է, քանի որ մենք մեր պատմություններն ենք։ Հայերի դեպքում պատմությունն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում։ Պատմության ընթացքում հայերի դեմ հարձակումները հիմնականում լռությամբ են ընդունվել։ Բոլորովին վերջերս, երբ մենք բարձրաձայնեցինք՝ բողոքելով Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունների դեմ, քչերը լսեցին։ 

 

Որպես գրողներ, մենք պետք է աջակցենք միմյանց, եթե ուզում ենք զարգանալ ոչ միայն որպես անհատներ, այլ որպես գրական համայնք։ Հայերը պետք է աջակցեն մեր գրողներին, եթե ուզում ենք, որ աշխարհը լսի մեր պատմությունները։ «IALA»-ն կտրամադրի մի հարթակ, որի միջոցով կարելի է հայ գրողների ձայնը լսելի դարձնել։ «IALA»-ն կզարգացնի հայ գրականության համաշխարհային համայնքը, կաջակցի հաստատված հեղինակներին և կխթանի նրանց աշխատանքը, և կնպաստի մենթորության միջոցով նոր սերնդի գրողների առաջխաղացմանը։ Ընթերցումների, կլոր-սեղան քննարկումների և հարցազրույցների միջոցով մենք կտոնենք մեր համայնքի անհատներին, կհասցնենք հայ գրականությունը ավելի լայն լսարանի և կխթանենք միջմշակութային փոխանակմանը։ 

 

CA. Կա՞ որևէ ստեղծագործություն, որով ամենից շատն եք հպարտանում։ Ինչո՞վ է այն առանձնահատուկ։

 

ՕՔ. Չնայած ես հպարտ եմ տարիների աշխատանքով և համառությամբ, որոնք անհրաժեշտ էին իմ վեպը ուսումնասիրելու, գրելու և խմբագրելու համար, բայց ես ամենից շատ հպարտ եմ, որ ստեղծեցի իմ դստերը՝ Լուսինեին, ով, ի դեպ, սիրում է ընթերցել։
 

CA. Ո՞րն է ձեր ստեղծարար կարիերայի երկարաժամկետ տեսլականը։ 

 

ՕՔ. Հուսով եմ, որ մեծամասամբ վեպեր կգրեմ, բայց գրող լինելու գեղեցկության մի մասն այն է, որ կարող ես պատումի սկզբունքները կիրառել տարբեր ոլորտներում։ Ես հավատում եմ պատումի միջոցով փոփոխություն կատարելու ուժին և հույս ունեմ դա անել տարբեր ժանրերում։ 

 

CA. Ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսված «Creative Armenia- AGBU Fellowship»-յան տարվա համար։ 

 

ՕՔ. Նախատեսում եմ դրամաշնորհը օգտագործել Հայաստան և Արցախ ճանապարհորդելու համար։ Ես կխոսեմ վերջին պատերազմից տուժած կանանց և վերակառուցման գործընթացին նպաստող կանանց հետ, և կփաստագրեմ նրանց փորձը։ Ես անհամբերությամբ եմ սպասում նոր մենթորներից սովորելուն, մյուս արվեստագետների աշխատանքը ուսումնասիրելուն և ոգեշնչվելուն։ 

bottom of page