top of page

Նորա Մարտիրոսյան. Անհայտ պատմությունն աշխարհի համար  

Կաննի կողմից ընտրված կինոռեժիսորը Արցախը բերում է համաշխարհային էկրան

Հոկտեմբերի 9, 2020 |  հեղ.` Creative Armenia

Nora Martirosyan.jpg

Քարտեզներում անտեսանելի մնացած, միջազգային հանրության կողմից անտեսված Արցախը միշտ հարուստ է եղել իր մշակույթով։ Երկրի իրավիճակն ու նրա բնակիչները զարմացրել են Նորա Մարտիրոսյանին, ով ֆիլմի միջոցով վերարտադրել է նրանց պատմությունը։ Արցախի Հանրապետության ժողովրդի մասին «Երբ որ քամին հանդարտվի» դրաման ընտրվեց Կաննի միջազգային 73-րդ փառատոնում և շուտով հասանելի կլինի ԱՄՆ հանդիսատեսի համար՝ AFI Fest 2020-ի շրջանակներում։ Մենք զրուցեցինք Նորա Մարտիրոսյանի հետ մարդկային պատմությունների միջոցով Արցախի մասին իրազեկության բարձրացման կարևորության մասին և ավելին։ 

CA. Ձեր գեղարվեստական ​​ֆիլմը՝ «Երբ որ քամին հանդարտվի»-ն (2020) փոթորկեց աշխարհը՝ ընտրվելով Կաննի միջազգային 73-րդ փառատոնում։ Պատմեք ավելին ֆիլմի մասին։

 

ՆՄ. Մեզ համար մեծ պատիվ էր Կաննի փառատոնում ներառվելը։ Ես ուզում էի ստեղծել մի ֆիլմ, որը անհայտ երկրի պատմությունը կդարձներ համընդհանուր։ Կաննի ընտրությունը մեզ թույլ տվեց ֆիլմը հասցնել ավելի լայն հանդիսատեսի։ 
 

CA. Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Արցախի Հանրապետությունում և ծավալվում են նրա ժողովրդի շուրջ։ Ի՞նչը ձեզ ոգեշնչեց պատմել նրանց պատմությունը։

 

ՆՄ. Երբ ես 2009 թ.-ին առաջին անգամ այցելեցի Արցախ, ինձ ապշեցրեց իրավիճակի անհեթեթությունը։ Մի ամբողջ երկիր, որը գոյություն ուներ և գործում էր իր դպրոցների, ճանապարհների, դաշտերի, ենթակառուցվածքների միջոցով, չուներ իրավական կարգավիճակ։ Համաշխարհային քարտեզները չէին համապատասխանում այն իրականությանը, որի ականատեսն էի։ Մտածում էի, որ դրա մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելով ես կարող եմ այս բարդ քաղաքական հարցը տանել ավելի փիլիսոփայական և էքզիստենցիալ մակարդակ։

CA: Սա ձեր առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն է, որի վրա երկար տարիներ աշխատել եք։ Ինչու՞ այս պատմությունը։ Որո՞նք էին մարտահրավերներն ու ոգեշնչումները արտադրության ընթացքում։

 

ՆՄ. Մենք իսկապես երկար ճանապարհ անցանք։ Պետք էր հյուսել մի պատմություն, որը կմատուցեր այս հրաշալի վայրի էությունը։ Մի պատմություն, որը չէր դավաճանի իր բնակիչներին և թույլ կտար աշխարհին տեսնել նրանց հույսերն ու հոգսերը։ Միևնույն ժամանակ, ես նաև ուզում էի, որ ֆիլմը խոսեր չնախատեսված հասարակության հետ, որն անտեղյակ է այս վայրի գոյության և դրա կոնֆլիկտի մասին։

 

Ես օգտագործեցի Արցախի նոր օդանավակայանի բացումը որպես միջազգային ճանաչման հույսի խորհրդանիշ։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում բոլոր գործողությունները տեղի են ունենում մոտակա օդանավակայանում, որը պատրաստ է եղել գործարկման երկար տարիներ, սակայն քաղաքական իրավիճակի պատճառով ոչ մի չվերթ չի իրականացվել։ 

CA. Դուք ունեք տեսողական արվեստի հիմք։ Ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը տեսողական արվեստից դեպի կինո։ Եվ ինչպե՞ս նկարչի հիմքը խանգարեց կամ օգնեց այս ֆիլմի ձեր տեսլականին։ 

 

ՆՄ. Ես Հայաստանում ստացել եմ գեղանկարչի կրթություն և անցել ժամանակակից արվեստին, երբ տեղափոխվել եմ Եվրոպա։ Ինձ համար ավելի տեղին էր պատմել «Երբ որ քամին հանդարտվի»-ն ֆիլմի միջոցով։ Բայց ես դեռ համարում եմ, որ կինոնկարի տարրերը նույնն են, ինչ տեսողական արվեստում՝ պատկեր, ձայն, երաժշտություն և պատմություն։ Միասին օգտագործելիս դրանք ուժեղ հույզեր են ստեղծում և հույզերի միջոցով հարցեր առաջացնում դիտորդի մոտ։

CA. Որպես կինոռեժիսոր, ձեր կարծիքով, ներկայի պատերազմական իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինի արվեստագետի դերը։

 

ՆՄ. Իմ ֆիլմը նկարահանվել է հետպատերազմյան, խաղաղ Արցախում։ Այն ցույց է տալիս մարդկանց, ովքեր աշխատում են իրենց հողերում, կառուցում են դպրոցներ, ճանապարհներ և օդանավակայան։ Սարսափելի է, որ այսօր ռազմական ագրեսիաները փորձում են ոչնչացնել գրեթե 30 տարվա խաղաղությունը և այն ամենը, ինչ ստեղծվել է։ Հուսով եմ, որ ֆիլմի միջոցով մարդիկ կտեսնեն Արցախը, ինչպես ես եմ այն տեսել ընթացիկ պատերազմից առաջ։ 

CA. Ի՞նչ ուղերձ ունեք ներկայի միջազգային հանրությանը և արվեստի ոլորտի գործիչներին՝ կապված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Ադրբեջանի ընթացիկ պատերազմի հետ։
 

ՆՄ. Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը բացել իրենց աչքերը, չանտեսել այն ողբերգությունը, որին ականատես ենք լինում և օգնել Արցախի ժողովրդին, որպեսզի նրանք ապրեն խաղաղ և ստեղծագործեն իրենց երկրում։ 

bottom of page