Ալեքսիս Փազումյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow
Երբ 2016 թվականին Ալեքսիս Փազումյանը սկսեց իր նոր՝ The Black Garden ֆոտոշարքը, նա չէր կարող պատկերացնել, որ նկարահանելու է այն վայրերը, որոնք շուտով մոռացության են մատնվելու: Արցախյան 44-օրյա պատերազմի բռնկումը քարտեզից ջնջեց անթիվ քաղաքներ, գյուղեր, հուշարձաններ՝ Ալեքսիսի նկարահանած կադրերը դարձնելով պատմության ու հիշողության անգնահատելի վկայություններ։
Որպես վավերագրական լուսանկարիչ և կինոռեժիսոր՝ Ալեքսիս Փազումյանը սովոր է սովորական մարդկանց կյանքի պատմության միջոցով ուշադրություն հրավիրել ավելի մեծ պատմությունների վրա: Նրա հերոսներն են Յարկուտսկի եղջերաբույծները, որոնց ապրելակերպի վրա ազդել է կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև մեր երիտասարդ հայ զինվորները, որոնք հակադրվում են համաշխարհային հզոր ուժերին: Արվեստագետի հումանիստական հայացքը գրավել է շատերին՝ արժանանալով լուսաբանման ճանաչված հրատարակությունների կողմից, ինչպիսիք են The Guardian-ը, The Washington Post-ը, National Geographic-ը և Vogue-ը:
Պատրաստվե՛ք ընթերցելու մեր 2023 Creative Armenia-AGBU Fellow-ի հետ բացառիկ հարցազրույցը, որը մեզ տեղափոխում է իր մրցանակակիր Sacha գրքի անդրաբեմ, բացահայտում իր ծրագրերն ու անդրադառնում արվեստի պահպանող և փոխակերպող ուժին:
Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեց լուսանկարիչ և կինոռեժիսոր դառնալու Ձեր ճանապարհը:
Լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել 18 տարեկանից: Սկզբում ճարտարապետություն էի լուսանկարում: Հետո՝ 2012 թվականին, մասնակցեցի համալսարանական փոխանակման ծրագրի՝ մեկնելով Ռիո դե Ժանեյրո։ Այնտեղ մոտ 6 ամիս ապրեցի ֆավելայում, և հենց այդտեղ էլ նկարահանեցի իմ առաջին լուսանկարչական վավերագրությունը և կարճամետրաժ վավերագրական ֆիլմը։
«Ինձ համար լուսանկարելն այլևս ինքնին նպատակ չէր։ Շատ ավելի կարևոր էր փորձառություն կիսելն այն մարդկանց հետ, ում լուսանկարում էի, և հատկապես այդպիսի յուրահատուկ կյանքով ապրող մարդկանց:»
Պատմեք մեզ Ձեր ստեղծագործական ոգեշնչումների մասին՝ լինեն դրանք մարդիկ, իրեր, թե երևույթներ, և թե ինչ եք սովորել նրանցից:
Սկզբում ես հիացած էի այնպիսի լուսանկարիչներով, ինչպիսիք են Ռոբերտ Ֆրանկը, Սառա Մունը, Էլիոտ Էրվիտը, Ռայմոնդ Դեպարդոնը և Լիսեթ Մոդելը։ Ինձ ոգեշնչել է ոչ միայն նրանց լուսանկարչական ոճը, այլ նաև նրանց ստեղծագործական մոտեցումը։ Քանի որ նրանք բոլորն էլ հիմնականում հումանիստ լուսանկարիչներ էին, ես բնական կերպով ձգտեցի դեպի սոցիալական պատկերները: Ինձ համար իսկապես հետաքրքրական են համայնքները:
Ձեր Sacha ֆոտոգրքի համար, Դուք ճանապարհորդել էիք Յակուտսկ՝ աշխարհի ամենացուրտ քաղաքը, և այնտեղ մնացել մի քանի ամիս՝ լուսանկարելու բնապահպանական աղետի հետևանքները: Ինչպիսի՞ մարտահրավերների բախվեցիք ճանապարհորդության ընթացքում՝ դրանք լինեն թե՛ ֆիզիկական, թե՛ ստեղծագործական մարտահրավերներ:
Ի սկզբանե Յակուտսկ էի գնացել, քանի որ իմացել էի, որ հեռու բարեկամներ ունեմ այնտեղ։ Սկզբում ժամանակս հիմնականում անցկացնում էի տեղի հայ համայնքի հետ։ Հետո սկսեցի ուսումնասիրել հենց Յակուտսկը՝ աշխարհի ամենացուրտ քաղաքը, որպեսզի ավելի լավ հասկանամ ճարտարապետությունը և մարդկանց, ովքեր ստիպված են եղել հարմարվել այս էքստրեմալ ջերմաստիճաններին:
Հենց այսպես ես ի վերջո հայտնաբերեցի հյուսիսային եղջերու բուծողների համայնքը: Սաշան նրանցից մեկն էր։ Ես մի քանի ամիս անցկացրի նրա և նրա նախրի հետ տայգայի՝ փշատերև անտառի խորքերում։ Ֆիզիկապես դժվար էր։ Այնտեղ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -60°C, ուստի իմ լուսանկարչական աշխատանքը շատ սահմանափակ էր, քանի որ չէի կարող դրսում մնալ 30 րոպեից ավել։ Ես սովորեցի չշտապել. ապրել նրանց նման և իրենց հետ կիսել առօրյաս ոչ միայն որպես լուսանկարիչ, այլ նաև որպես իրենց համայնքի անդամ:
Շատ բան սովորեցի ինքս իմ մասին: Ինձ համար լուսանկարելն այլևս ինքնին նպատակ չէր։ Շատ ավելի կարևոր էր փորձառություն կիսելն այն մարդկանց հետ, ում լուսանկարում էի, և հատկապես այդպիսի յուրահատուկ կյանքով ապրող մարդկանց:
Ներկայումս Դուք աշխատում եք The Black Garden գրքի վրա, որը պատկերում է Արցախը 2016-2022 թվականներին և ներառում այս պահին ավերված և քարտեզից ջնջված վայրերի լուսանկարները: Ձեր կարծիքով այս լուսանկարներն ինչպե՞ս կնպաստեն Արցախի ներկայիս իրավիճակն ավելի լավ պատկերացնելու գործին։
Ես գնահատում եմ գրքերն ու դրանց սուրբ լինելը։ Գրքերը կարողանում են դիմակայել ժամանակի փորձությանը:
Այս լուսանկարների և տեքստերի տպագրությունը հատուկ նշանակություն ունի ինձ համար: Երբեք չեմ կարող մոռանալ, որ բազմաթիվ փորձեր են եղել ջնջել հայ ժողովրդին թե՛ աշխարհի երեսից, թե՛ պատմությունից։ Իսկ սպառնալիքը հեռու է մարելուց։ Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ղարաբաղի ապագան անմիջական վտանգի տակ է, սակայն հակամարտությունը չի լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից՝ ի տարբերություն Ուկրաինայի պատերազմի:
Ես լուսանկարել եմ Արցախում 2016-2022 թվականներին, և այն վայրերում, որոնք այժմ ավերված են և նույնիսկ ջնջված քարտեզից։ Հիմա The Black Garden գիրքն ունի երկու նպատակ։ Նախ՝ այն ժամանակակից վկայություն է, ապագայի համար պատմագիտական արխիվ։ Այս գիրքը ես համարում եմ մեր հավաքական հիշողության մեջ իմ ներդրումը: Սկսած այն ժամանակներից, երբ մարդիկ զարգացրել են աշխարհը ներկայացնելու ուժը, մենք գիտենք, որ պատկերներն ունեն անչափելի ուժ: Ուզենք, թե չուզենք, «մեկ նկարը հազար բառ արժե» միտքը երբևէ ավելի արդիական չի եղել, քանի որ մարդիկ գնալով ավելի ու ավելի քիչ են կարդում, իսկ երիտասարդները գրեթե բացառապես սպառում են թվային բովանդակություն:
«Ես ուզում եմ լայն հանրությանն ահազանգել հայ ժողովրդին սպառնացող վտանգի մասին և ցույց տալ, որ միայն համերաշխությունն է ի զորու փրկել մարդկությանը։»
Գրքի փաստացի վաճառքից այն կողմ, ես ցանկանում եմ, որ The Black Garden-ը լինի ինչպես «տրոյական ձին»: Մի բան, որը կստիպի մարդկանց խոսել հայկական հարցի մասին, կօգնի նրանց հասկանալ, որ այս պատերազմն արժանի է նույնչափ կարեկցանքի, որքան Ուկրաինայի դեպքում, և ճանաչել Եվրոպայի ոչ միանշանակ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Գիրքն ու վավերագրական ֆիլմը լինելու են ոտքերը, որոնց վրա ես հենվելու եմ այս նպատակներին հասնելու ճանապահին: Ես մտադիր եմ մասնակցել որքան հնարավոր է շատ համաժողովների, փառատոների, կլոր սեղան-քննարկումների և ցուցահանդեսների՝ բարձրացնելու պատերազմի սպառնալիքը կրող հայերի ձայնը։ Հայկական իրավիճակի մասին հանրածանոթություն ձեռք բերելն ինձ համար հաջողություն կլինի։
Երկարաժամկետ հեռանկարում ես ուզում եմ լայն հանրությանն ահազանգել հայ ժողովրդին սպառնացող վտանգի մասին և ցույց տալ, որ միայն համերաշխությունն է ի զորու փրկել մարդկությանը։
Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow և հետագայում որպես Հայաստանի համար ստեղծագործ դեսպան:
Որպես Fellow՝ ես մտադիր եմ գիրքը թողարկելու անվճար: Հետագայում, որպես դեսպան, կցանկանայի հնարավորինս կիսվել իմ գիտելիքներով։