Անի Ասատրյան, 2024թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից
Կարո՞ղ է մարդ իսկապես բացահայտել իր ինքնությունը։ Թեև վերջնական հստակ պատասխան դժվար է գտնել, բայց գրող Անի Ասատրյանն իր ստեղծագործական առաքելության մի մասն է դարձրել «ես»-ի շերտերը ուսումնասիրելը լեզվական և մշակութային սահմաններից այն կողմ։
Անին հետևողականորեն աշխատել է ուսումնասիրել ու ներառել բարդ ու խորը էլեմենտներ իր գրականության մեջ՝ թե սյուրռեալիստական ժանրի կարճ պատմվածքների իր ժողովածուում, թե իր առաջին վեպում, որը կոչվում է «Է»: Իր նվիրվածության շնորհիվ նրա ստեղծագործությունները տեղ են գտել այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են՝ The Paris Review և Words Without Borders-ը, և արժանացել են միջազգային մրցանակների։
Նա շարունակեց ուսումնասիրել այս բարդ և միահյուսված տարրերը Բրյուսելի Վիլա Էմպենում՝ որպես 2024 թ․-ին East-West Residency-ի բնակիչ: Այս անգամ օրագրի ձևաչափ ունեցող «Էր» նոր վեպում նա ուսումնասիրում է երեք ընկերների պատմությունը, որոնք կերպարանափոխվելու նպատակով փոխում են իրենց անունները՝ առաջացնելով մի շարք ներքին և արտաքին փոխակերպումներ:
Այս բացառիկ հարցազրույցում մենք անդրադառնում ենք Անիի ստեղծագործական գործընթացին, գաղափարին, որը ոգեշնչել է նրան վերջին աշխատանքի ստեղծման գործում, բովանդակալից կապերին, որոնք նա ստեղծել է Բրյուսելում իր բնակության ընթացքում և շատ ավելին:
Վերջերս ավարտելով Ձեր East-West Residency կացության ծրագիրը Վիլա Էմպենում՝ Ձեր փորձառության ո՞ր կողմերն ամենամեծ տպավորությունը թողեցին Ձեզ համար: Կա՞ն որոշակի պահեր կամ հանդիպումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել Ձեզ վրա:
Այն, ինչ անմիջապես գրավեց իմ ուշադրությունը, միջավայրն էր. Վիլա Էմպենում ես վերջապես կարողացա հաղթահարել անքնությունս, և կարծում եմ, որ դա պայմանավորված էր ինչպես բնական միջավայրով, այնպես էլ ինձ շրջապատող անհավանական մարդկանց ներկայությամբ: Այնտեղի արվեստագետների համայնքը ինձ լիովին աջակցում էր, և ես կցանկանայի նշել Զահրա Սաֆավերդիին, ում ես բանաստեղծություն եմ ընծայել։ Հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք նման են պատուհանների։ Նրանք չեն փորձում սովորեցնել կամ խորհուրդ տալ Ձեզ․ փոխարենը բացահայտում են բոլորովին նոր հեռանկարներ: Նրանք թույլ են տալիս տեսնել ավելի մեծ պատկերը՝ պարզապես լինելով իսկական, տալով Ձեզ ազատություն լինել այնպիսին, ինչպիսին կաք՝ առանց տպավորություն թողնելու կամ մրցելու անհրաժեշտության։
Վիլա Էմպենում մնալու ընթացքում Դուք կենտրոնացաք Ձեր նոր «Էր» վեպի վրա։ Կարո՞ղ եք ավելին պատմել այս վեպի մասին։ Ի՞նչը հանդիսացավ ոգեշնչման աղբյուր Ձեզ համար և ի՞նչ ազդեցություն ունեցավ Բրյուսելում անցկացրած Ձեր ժամանակը դրա զարգացման և առաջընթացի վրա:
«Էր» վեպը սերտորեն կապված է իմ կյանքի ու ներաշխարհի հետ, որը ստեղծվել է ինքնության, հիշողության և ժամանակի հոսքի փոխկապակցված լինելու և մարտահրավերների ուսումնասիրությունների հիման վրա: Այն ուսումնասիրում է, թե ինչպես է մեր միջավայրը՝ և՛ ֆիզիկական, և՛ զգացմունքային, ձևավորում մեզ: Գրքի հերոսները լքում են իրենց հայրենիքը՝ օտար ափերում պատկանելություն փնտրելու համար։ Աստիճանաբար նրանք սկսում են կորցնել կապն իրենց ինքնության հետ՝ վերածվելով եթերային հեղհեղուկ էակների, քանի որ կլանում են յուրաքանչյուր մշակույթից տարրեր, որոնց հետ առնչվում են՝ կայունությունը պահպանելու համար չունենալով ամուր ներքին հիմք։ Հերոսները մարմնավորում են տեղի և գլոբալ մարտահրավերները, որոնց բախվում են ժամանակակից երիտասարդները՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են նրանք գտնվում:
Իմ շփումները Վիլա Էմպենում, հատկապես այցելուների՝ արվեստի կոլեկցիոներների, արվեստագետների, գիտնականների, համադրողների, դիվանագետների և գրողների հետ օգնեցին ինձ փորձարկել այս գաղափարները իրական զրույցների միջոցով: Այդ փոխանակումները խորության նոր շերտեր ավելացրեցին վեպին՝ թույլ տալով ինձ հիմնավորել վեպի թեմաները շոշափելի փորձառություններով:
Ձեր աշխատանքը նպատակ ունի կամրջել մշակութային և աշխարհագրական բաժանումները, և Բրյուսելը իր հարուստ մշակութային ժառանգությամբ հանդիսանում է կատարյալ միջավայր նման նախաձեռնությունների համար: Վիլա Էմպենում Դուք նախաձեռնեցիք նոր տեսապոեզիայի շարք: Ինչպե՞ս քաղաքի միջավայրն ազդեց Ձեր ստեղծագործական գործընթացի վրա: Խնդրում եմ մի փոքր խոսեք այդ շարքի մասին։
Բրյուսելը իր հարուստ մշակութային շերտերով և պատմությամբ կատարյալ միջավայր էր՝ ուսումնասիրելու բացերը կամրջելու մասին թեմաները: Վիլա Էմպենում աշխատելու ընթացքում ես սկսեցի տեսապոեզիայի նոր շարք, որն ուսումնասիրում է կապը անձնական և հավաքական հիշողությունների միջև: Շարքի յուրաքանչյուր բանաստեղծություն խորանում է ինքնության փոխակերպման մեջ՝ օգտագործելով և՛ տեսողական, և՛ խոսակցական տարրեր՝ ուսումնասիրելու, թե ինչպես ենք մենք անընդհատ փոփոխում մեր ինքնության արտահայտման և ինքնադրսևորման ձևերն ու տարբերակները՝ կախված մեր շրջապատից և այն մարդկանցից, ում հետ շփվում ենք։
Մարդիկ, որոնցով շրջապատված եք, կարող են մեծ ազդեցություն ունենալ Ձեզ վրա: Այն արվեստագետները, որոնց ես ծանոթ էի ընդամենը մեկ շաբաթ, դարձան կարևոր գործընկերներ՝ կիսվելով իրենց հմտություններով ու գիտելիքներով՝ աջակցելու միմյանց ստեղծագործական գործընթացներին: Փոխադարձ հարգանքի և համագործակցության այս ոգին նման էր թարմ օդի՝ ստիպելով ինձ անդրադառնալ այն մարտահրավերներին, որոնց մենք բախվում ենք Հայաստանում, որտեղ հաճախ նկատվում է չափից դուրս քննադատությունների կամ մրցակցության միտում: Բրյուսելում ես անձամբ տեսա, թե որքան ավելի արդյունավետ և ստեղծարար կարող ենք լինել, երբ առաջնահերթություն ենք տալիս աջակցող, ոչ քննադատական հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը:
Կադրեր Անի Ասատրյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությունից
Դուք աշխատել եք մի շարք նախագծերի վրա, որոնք մտորումների տեղիք են տալիս՝ սկսած կոնցեպտուալ սյուրռեալիստական ոճի գրքից մինչև գրաֆիկական վեպ: Հաշվի առնելով Ձեր փորձը տարբեր ժանրերում և մեդիայում՝ ինչպե՞ս եք որոշում, թե երբ արժե որևէ գաղափար ուսումնասիրել և զարգացնել։
Երբ ես փոքր էի, հաճախ էի զգում, որ իմ գաղափարներն արտաքին ազդեցությունների արդյունք են: Հին հույները դա վերագրում էին մուսաներին՝ գրականության, գիտության և արվեստների ոգեշնչման աստվածուհիներին։ Այնուամենայնիվ, երբ իմ ստեղծագործական ուղին սկսեց զարգանալ, ես հրաժարվեցի ոգեշնչում ստացողի պասիվ դերում լինելու գաղափարից՝ անկախ նրանից ոգեշնչվում էի մուսաներից, թե արտաքին իրադարձություններից: Ինձ այլևս չի հետաքրքրում արվեստ ստեղծելու գաղափարը, որտեղ արվեստագետը հնազանդորեն ու պասիվ դերում սպասում է գաղափարների ստեղծվելուն: Փոխարենը, ես կենտրոնանում եմ իմ ներսում ծագող գաղափարների ուսումնասիրության վրա, որոնք ժամանակի ընթացքում զարգանում ու հասունանում են իմ ներսում:
Գաղափարն արժե հետապնդել, երբ այն մնում է իմ մտքում և սկսում է ձևավորվել գրեթե այնպես, կարծես գաղափարը պնդի, որ պետք է իրեն պարտադիր կյանքի կոչել: Ես հաճախ սկսում եմ ինչ-որ վերացական բանից՝ զգացողությունից, պատկերից կամ հպանցիկ մտքից: Եթե այն զարգանում է և ինձ սկսում է ավելի շատ գրավել, ես գիտեմ, որ դա արժե ավելի շատ ուսումնասիրել:
Ես նաև ինձ չեմ սահմանափակում որոշակի միջավայրով։ Ես թույլ եմ տալիս, որպեսզի հենց գաղափարը ինձ ուղղորդի դեպի իր բնական արտահայտման ձևը: Եթե այն ունի անհեթեթ, սյուրռեալիստական բնույթ, այդ դեպքում ես ավելի հակված եմ պատկերացնելու այն կոնցեպտուալ գրության մեջ, ինչպիսին է իմ սյուրռեալիստական ժանրի գիրքը: Կարևորը գաղափարի ընթացքին և ուժին հետևելն է։ Եթե դա ինձ համար մարտահրավեր է, ավելի խորը հարցեր է առաջացնում ինձ մոտ և գրավում իմ հետաքրքրասիրությունը, ուրեմն ինձ համար պարզ է դառնում, որ վստահ արժե հետևել այդ գաղափարին: Կարևոր է նաև համբերության դրսևորումը՝ ընդունելու, որ եթե գաղափարն ամբողջությամբ դեռ չի ձևավորվել, ապա պետք է հնարավորություն տալ նրան զարգանալ այնքան ժամանակ, մինչև հարմար ու ճիշտ պահը գա:
Անդրադառնալով East-West Residency-ի բնակիչ լինելու ժամանակահատվածին, ո՞րն եք համարում ամենաարժեքավոր փորձառությունը Ձեզ համար:
Անդրադառնալով East-West Residency կացության ժամանակահատվածին՝ կարող եմ վստահաբար ասել, որ ամենաարժեքավորը ինքս ինձ վերագտնելն էր: Վիլա Էմպենի միջավայրը և փորձառությունը յուրահատուկ հնարավորություն տվեցին մտորումների և ինքնաբացահայտման համար: Լինելով նոր միջավայրում և շրջապատված լինելով տարբեր համայնքներով՝ ես կարողացա բացահայտել իմ ստեղծագործական գործընթացն ու ինքնությունը այնպիսի մեթոդներ կիրառելով, որ իմ պատկերացումները ավելի հստակ դարձան: Ինքնարտացոլման և զարգացման այս շրջանն օգնեց ինձ վերագտնել իմ հիմնական շարժառիթներն ու գեղարվեստական տեսլականը, որոնք և՛ հիմք հանդիսացան, և՛ ոգեշնչող են իմ հետագա աշխատանքի համար: