top of page

Լսելով տեսապակու միջով

Մակագրություն. Խոհամիտ կինոարտադրող, պրոդյուսեր և այժմ 2022 թվականի Creative Armenia-AGBU Fellow Անժելա Ֆրանգյանն անց է կացրել իր ստեղծագործական կարիերան ՝ հետապնդելով դյութիչ պատմություններ և օգնելով պատմել դրանք կարեկցանքի և անկեղծ հետաքրքրասիրության միջոցով:

Սեպտեմբերի 16, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

7eeeebfadd35-Anzhela.jpeg

Վաղ հասակից համբերատար ունկնդիր և պատմությունների սիրահար Անժելա Ֆրանգյանի կարիերան կինոյում նույնքան ընտրություն է, որքան ճակատագիր: Համառորեն հետապնդելով ամեն հնարավորություն, որը թույլ կտար ավելի մոտ լինել կինոաշխարհին՝ Անժելան, իր հետաքրքրասիրությամբ ու կարեկցող էությամբ, ի վերջո, հանգրվանում է կինոարդյունաբերության ոլորտում: Սկսած իր ընկերների և ընտանիքի համար փոքր բեմադրություններից մինչև իր սեփական վավերագրական ֆիլմերը նկարահանելն ու մրցանակակիր կինոարտադրողների հետ համատեղ ֆիլմեր ստեղծելը՝ Անժելան թույլ է տվել, որ ցանկացած փորձառություն իրեն արժեքավոր բան սովորեցնի կինոարտադրության արհեստի մասին՝ ամեն խոչընդոտից դուրս գալով իբրև ավելի ուժեղ ստեղծագործող: 

Անժելայի՝ ճկունությամբ և տոկունությամբ լեցուն ոգեշնչող ճանապարհորդությամբ ու մտքերով արժե կիսվել: Կարդացե՛ք մեր 2022 թվականի Creative Armenia-AGBU Fellow-ի հարցազրույցը և թույլ տվեք նրան պատմել ձեզ իր կյանքի ու կարիերայի, քաղած կարևոր դասերի և Հայաստանի կինոյի ապագայի հետ կապված համարձակ ծրագրերի մասին: 

«Քրիեյթիվ Արմենիա». – Մի փոքր պատմե՛ք մեզ, թե ինչպես սկսեցիք կինոարտադրող և պրոդյուսեր դառնալու Ձեր ճանապարհը: 

Անժելա Ֆրանգյան. – Ինձ կբնութագրեի իբրև պատմությունների սիրահար և ունկնդիր: Ես լուռ երեխա էի, որը սիրում էր լսել մարդկանց պատմություններն ու պատկերացնել դրանք: Ավելի փոքր հասակում ներկայացումներ էի բեմադրում մեր բակում, որոնց հանդիսատեսն էին հարազատներս ու հարևաններս։ Սակայն, լինելով փոքր քաղաքից, չգիտեի՝ ուր գնալ, որպեսզի սովորեի «թե ինչպես նկարահանել ֆիլմեր»: Այդպիսով՝ ընդունվեցի Արվեստի և մշակույթի բաժին: Հետագայում ես լավագույնս օգտագործում էի կինոաշխարհին մոտ մնալու ինձ ընձեռված ամեն մի հնարավորություն՝ կատարելով ամենատարբեր աշխատանքներ՝ կազմակերպչից մինչև ռեժիսորի առաջին օգնական: 

ՔԱ.  – Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ոգեշնչումների մասին և թե ինչ եք սովորել դրանցից:      

           

Ա.Ֆ. – Երբ երեխա էի, «8½» կոչվող մի հեռուստատեսային ծրագիր կար։ Շատ ուշ գիշերին այն իսկապես լավ ֆիլմեր էր ցուցադրում։ Ես արթուն էի մնում, որպեսզի դիտեմ ֆիլմերը, և մայրս ինձ միշտ նախատում էր՝ ասելով, որ գնամ քնեմ, քանի որ առավոտյան դասի էի։ Բայց փոխարենը թաքնվում էի սենյակում, որտեղ հեռուստացույցն էր, և ֆիլմեր դիտում։ Հետագայում իմացա, որ այդ ֆիլմերը, որոնցով հիանում էի, ստեղծվել էին Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի, Աբաս Քիառոստամիի և այլ լեգենդար կինոարտադրողների կողմից։

Հետո իրական կյանքում հանդիպեցի նշանավոր կինոարտադրողների և ավելի շատ ոգեշնչվեցի: Ուզում էի հասկանալ, թե ինչպիսի մարդիկ են, ինչ արժեքներ ունեն, ինչպես են պատմություններն ունկնդրում և ինչպես են արարում նրանք: Այդ ոգեշնչումներից մեկը հայ վավերագրող Վարդան Հովհաննիսյան էր։ Ինձ դուր էր գալիս, թե ինչպես էր նա ֆիլմերը մատուցում՝ հեշտությամբ ներկայացնելով յուրաքանչյուր նախագիծ և ոգեշնչելու նորանոր ուղիներ գտնելով: Նրանից եմ սովորել նաև, թե ինչպիսի կինոարտադրող եմ ուզում լինել։ Եվ որ իմ ուղին շատ է տարբերվելու նրա ուղուց։

Կարծում եմ՝ կարևոր պահ էր իմ կյանքում. ես հասկանացա, թե ինչպես վստահեմ սեփական փորձիս և թե ինչ եմ ուզում տալ ֆիլմերիս: Հետո ինձ բախտ վիճակվեց հանդիպել վավերագրող Անաստասիա Կիրիլովային (անգլ.՝ Anastasia Kirillova), ականավոր շվեդ կինոռեժիսոր Աննա Իբորնին (անգլ.՝ Anna Eborn) և բելգիացի-ամերիկացի կինոռեժիսոր Ջեսիկա Վուդվորթին (անլգ.՝ Jessica Woodworth)։ Ես հնարավորություն ունեցա ոչ միայն դիտել նրանց հրաշալի ֆիլմերը, այլև՝ ստանալ նրանց աջակցությունը։ Նրանք ինձ սովորեցրեցին վստահել իմ ներըմբռնմանը. ինձ ոգեշնչանք ու քաջություն հաղորդեցին: Պետք է ուրախանալ կյանքում նման տաղանդավոր կանանց  հանդիպելու համար։ Հուսով եմ՝ դեմ չեն լինի, եթե նրանց իմ մենթորներն անվանեմ:

ՔԱ.  – Ձեր ամենավերջին նախագծերից մեկը՝ Toot. Homemade Mulberry Vodka-ն հետպատերազմյան Արցախով անսպասելի մի ճանապարհորդություն է փաստագրում: Ի՞նչը Ձեզ մղեց նկարահանել այդ պատմությունը:

Ա.Ֆ. – Ընկերներիս հետ Արցախում էի, երբ պատերազմը սկսվեց։ Պատերազմի երրորդ օրը հրթիռակոծության տակ ընկա։ Բախտս բերեց. 60-ն անց մի տղամարդ փրկեց ինձ, սակայն հետո ինձ սկսեց տանջել «փրկվածի» մեղքի զգացումը: Ես մնացի այնտեղ։ Դեպքից հետո փորձում էի հասկանալ, թե ինչպես հաղթահարեմ խղճի խայթի այդ զգացումը։ 

Պատերազմից հետո, երբ վերադառնում էի Արցախ, զարմանում էի, թե ինչպես մարդիկ, ովքեր ապրում են տարածաշրջանում, որտեղ խաղաղությունն այդքան փխրուն է, հույսը չեն կորցնում։ Թե ինչպես նրանք գիտեն զգալ կյանքի ուրախությունը: Երբ թութ են հավաքում, երեխայի պես ուրախանում են։ Ես հաճախ եմ վերադառնում նրանցից սովորելու, թե ինչպես զտել «թթի քաղցրանուշ համն» այս կյանքից և ինչպես չհրաժարվել թթի համից: 

ՔԱ. – Չնայած իր պարգևաբեր բնույթին՝ վավերագրական ֆիլմերի ստեղծման աշխարհը կարող է հոգեպես և ֆիզիկապես ծանր լինել: Ինչպե՞ս է մասնագիտությունը փոխել Ձեզ որպես մարդ: Ի՞նչն եք ամենաշատը գնահատում և ի՞նչն է ամենաբարդը Ձեզ համար:

Ա.Ֆ. – Ես միշտ հավատացել եմ, որ մեզ այս կյանքը տրված է փորձառություններ կուտակելու համար: Վավերագրական ֆիլմերի ստեղծմամբ զբաղվելը հնարավորություն է տալիս շատ բանի միջով անցնել: Այս ոորտում իմ կարիերայի ընթացքում մարդկանց պատմությունները լսելու համար ես ավելի ու ավելի բաց եմ դարձել: Սակայն սովորել եմ նաև նրանց հետ կիսել իմ անձնական պատմությունները։ Ես սովորել եմ չդատել մարդկանց, ում նկարահանում եմ և պարզապես լսել: 

Սա է հենց արվեստը հետաքրքիր դարձնում: Եթե որևէ տեղ եք գնում թեմայի վերաբերյալ նախորոշված տեսակետով, կորցնում եք նոր բան սովորելու և պատմությանը նոր անկյունից նայելու ունակությունը: Բաց լինելն ու լսելն են օգնում կոտրել կարծրատիպերը: Մի խոսքով, վավերագրական ֆիլմերի ստեղծումն ինձ սովորեցրել է, որ այն, ինչ ես կարող եմ պատկերացնել, ավելի քիչ է, քան այն, ինչ կյանքն ինքը կարող է ստեղծել: Եվ որ ես պետք է բաց մնամ աշխարհի և մարդկանց առջև՝ կյանքի ողջ գեղեցկությունը զգալու համար:

ՔԱ. – 2019 թվականին Դուք հիմնել եք DoKino հայկական կինոարտադրության ընկերութունը, որը (համա)արտադրում է բազմաթիվ միջազգային և տեղական ֆիլմեր։ Մի փոքր պատմե՛ք նրա առաքելության մասին։ Ինչպիսի՞ նախագծեր է իրականացնում ընկերությունը:

Ա.Ֆ. – Ես հիմնեցի DoKino-ն որպեսզի կարողանամ նկարել իմ անկախ ֆիլմերը։

DoKino-ում մենք համատեղ արտադրությունները համարում ենք Հայաստանում կինոարտադրության աճին աջակցելու հիմնական ուղիներից մեկը: Մենք սովորում ենք գործընթացից, փորձ ձեռք բերում և կիսում մեր գիտելիքները՝ կերտելով պատմություններ, որոնք, հուսով ենք, կդառնան աշխարհի մի մասը:

DoKino-ն աջակցում է նաև կին կինոարտադրողներին՝ օգնելով կյանքի կոչել նրանց պատմությունները: Այս ոլորտում մեր առաջնահերթություններից մեկը կանանց հնարավորություն տալն է ստեղծել ֆիլմեր իրենց ուզած բոլոր թեմաներով։ Կարևոր է ցույց տալ տարբեր թեմաների վերաբերյալ կանանց տեսակետը. պարտադիր չէ, որ նրանք միայն կանանց մասին ֆիլմեր նկարահանեն։ 

ՔԱ. – Ձեր ո՞ր նախագծով եք առավել հպարտանում: Ինչո՞վ է այն առանձնահատուկ Ձեզ համար:

Ա.Ֆ. – Անկախ կինոարտադրող դառնալուց հետո ես ներգրավվել եմ բացառապես այն նախագծերում, որոնք ինձ իսկապես դուր են գալիս: Դրանք մարդկանց մասին են, որոնք, թեև հայտնի չեն, սակայն նրանց պատմություններն արժանի են պատմվելու: Ես խորապես հավատում եմ, որ մենք բոլորս էլ պատմություններ ունենք պատմելու. որպես կինոարտադրող՝ անհրաժեշտ է պարզապես օգնել նրանց բացվել, ապա՝ լսել: 

Այս բոլոր նախագծերում ես գտել եմ բաներ, որոնք վերաբերում են իմ սեփական մանկությանը: Եթե անգամ դրանք իմ ծնողների, ընտանիքի անդամների կամ հարևանների մասին չեն, ինձ, միևնույնն է, թվում է, թե դրանց բոլորի միջոցով ես պատմում եմ իմ պատմությունը:

ՔԱ. – Ո՞րն է Ձեր ստեղծագործական կարիերայի երկարաժամկետ տեսլականը:

Ա.Ֆ. – Միշտ սիրել եմ ապրել Հայաստանում, բայց ցանկանում եմ նաև աշխարհի մի մասը լինել՝ ծանոթանալ այլ վայրերի և մշակույթների հետ, հանդիպել մարդկանց և նոր կապեր հաստատել: Քանի որ կյանքում ինձ համար կարևորը փորձառություններն են, ֆիլմեր ստեղծելն ինձ թույլ է տալիս եզակի փորձառություններ կուտակել և ուրիշների կյանքի մասին իմանալ:

Բացի այդ, երազում եմ, որ, շարունակելով աշխատել Հայաստանից, իմ նախագծերը լինեն աշխարհածավալ համատեղ արտադրություններ: Ուզում եմ նոր բաներ իմանալ այլոց մասին և Հայաստանի մասին ինչ-որ նոր բանով կիսվել աշխարհի հետ:

Իմ երազանքն է նաև, որ մեր տեղական մասնագետներն ավելի շատ միասին աշխատեն և ավելի շատ միմյանցից սովորեն: Եվ, որ մի օր Հայաստանը դառնա այն վայրը, ուր յուրաքանչյուր կինոարտադրող ոգեշնչում կգտնի։ Փարաջանովից մինչև Կոմիտաս, Մատենդարանից մինչև փոքրիկ գյուղեր՝ մենք սովորելու և աշխարհի հետ կիսելու շատ բան ունենք: Հուսով եմ՝ DeKino-ն այս կամուրջներից մեկը կդառնա։

 

Ինչ վերաբերում է ինձ, ես ուզում եմ սովորել ու սովորել։ Եվ երբ համարձակություն ունենամ, ուզում եմ իմ խիստ անձնական պատմություններն աշխարհի հետ կիսել: Իմ ողջ կյանքում՝ շատ վաղ հասակից, սովորել եմ ավելի ու ավելի սիրել կյանքը։ Եվ հուսով եմ, որ կարող եմ այդ սերն իմ պատմությունների միջոցով հաղորդել:  

ՔԱ. – Ի՞նչ եք պլանավորում անել որպես Creative Armenia-AGBU Fellow:

Ա.Ֆ. – Ծրագիրը մեծ աջակցություն է ցուցաբերել ինձ՝ օգնելով շարունակել այն, ինչի վրա արդեն աշխատում էի: Այն ավելի արժեքավոր է նրանով, որ օգուտ է ոչ միայն ինձ, այլ նաև իմ նախագծերում ներգրավված յուրաքանչյուրին, ինչն ինձ մեծ ուժ է հաղորդում:

Ես կշարունակեմ սովորել ինձ ընձեռված բոլոր հնարավորություններից և գտնել նոր ուղիներ՝ գիտելիքները կիսելու նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն Հայաստանում: 

Արդեն մեծ թվով հանդիպումներ եմ ունեցել հայտնի մենթորների հետ և հուսով եմ, որ կապ կպահպանեմ նրանց հետ և հարաբերություններ կկառուցեմ, որոնք նոր համատեղ արտադրությունների կհանգեցնեն: Եվ ոչ միայն ինձ համար։ Կփորձեմ նաև կապ ստեղծել մարդկանց միջև, ովքեր կարող են այլ նախագծերի համար օգտակար լինել միմյանց:

bottom of page