Երաժշտության շեֆ խոհարարը
Ֆրեդ-Հակոբ Ազիլազյանի երաժշտական ուղին դեպի հաղթություն
Մայիսի 29, 2020 | հեղ.` Creative Armenia
«Creative Armenia Network»-ի անդամ և «Spark» դրամաշնորհի արժանացած Ֆրեդ-Հակոբ Ազիլազյանի տարին ունեցել է նշանակալի ստեղծարար շրջադարձ. նա թողարկել է նոր երգեր և բացահայտել իրեն նոր ժանրերում։ Ֆրեդ-Հակոբը մեզ միացավ՝ զրուցելու իր երաժշտական մոտեցումների և առաջիկա նախագծերի մասին։
CA. Դուք երաժիշտ եք, ով փոփ ժանրին է խառնում ֆոլկ, սոուլ, էլեկտրո և հայկական ժողովրդական մեղեդիներ։ Ո՞րն է գաղափարի հիմքը և ինչպե՞ս եք կարողանում ստանալ բազմաձայն, սակայն հարմոնիկ երաժշտություն։
ՖԱ. Ինձ ոգեշնչում են տարբեր երաժշտական ոճերը. փոփ, ռոք, սոուլ, ֆոլկ, հայկական ժողովրդական և նույնիսկ հարավամերիկյան մեղեդիները։ Եվ երբ ես ստեղծագործում եմ, թվում է, թե դառնում եմ խոհարար՝ իրար խառնելով տարբեր երաժշտական բաղադրիչներ։ Այս մոտեցման հիմքում ընկած գաղափարը այն է, որ երբեք նույն ուտեստը չմատուցեմ։ Եթե իմ երգերը լինեին ուտեստներ, կասեի, որ դրանք երբեմն բանջարեղենային են, երբեմն մսամթերքով, իսկ երբեմն էլ ծովամթերքով։ Դրանք երբեմն թխված են, երբեմն տապակված, երբեմն հիանալի տեսք ունեն, կամ շատ քաղցր են։ Իսկ որոշ երգերս էլ հնչում են այնպես, ասես ՄաքԴոնալդսում սնվելիս գրված լինեն։
Երգերս նաև ոգեշնչված են լինում իմ տրամադրություններից և մարդկանցից, ում հանդիպում եմ ճամփորդելիս։ Իմ հիմնական ուղեցույցն է համեմել երգերս իմ իսկ բաղադրատոմսով՝ հայեցիությամբ, որը միջազգային ինդի-փոփ ժանրի երգիչներից քչերն ունեն։ Իսկ իմ հայեցիությունը հոսում է ժողովրդական երաժշտական գործիքների՝ դուդուկի, շվիի և դհոլի միջով։ Իմ առաջիկա երգերին կավելանան նաև քանոնն ու քամանչան։
CA. Ձեր առաջին երաժշտական ալբոմը՝ «Songs of Good Hope»-ը, հավանության արժանացավ ֆրանսիական մեդիայի կողմից։ Մի փոքր պատմեք ալբոմի և դրա հաջողությունների մասին։
ՖԱ. Ինձանից չորս տարի պահանջվեց գրելու «Songs of Good Hope»-ի երգերը։ Նախագիծը սկսվեց «Sogh» կոչվող երգից, որը սկսվում է դուդուկի յուրօրինակ մեղեդիով։ Երգը լավ արձագանքների արժանացավ տեղի ինդի-փոփ մեդիայի կողմից, բայց նաև նշանակալի արձագանք ստացավ ԱՄՆ-ում, Կանադայում և Գերմանիայում։ Այս ալբոմի շնորհիվ ես հրավիրվեցի կատարելու ֆրանսիական հեռուստատեսության եթերներում և մի շարք համերգների ընթացքում։
Այս ալբոմը հիանալի կերպով ներկայացնում է այն երաժշտական ու կյանքի հիշողությունների խառնուրդը , որի մասին նշեցի։ «Merenda»-ն, օրինակ, ստեղծվել է իմ անմոռանալի հումանիտար ճամփորդության ընթացքում, երբ այցելեցի Բրազիլիա, իսկ «Only Happy When We're High» երգը ամենաառաջին երգերիցս է, որը կատարում եմ կնոջս հետ։ Ալբոմի որոշ երգեր ինձ համար մեծ նշանակություն ունեն, ինչպես օրինակ «You Light Up my Way»-ը և «City of Joy»-ը։ Այս երկու երգերը ստեղծվել են Լոս Անջելեսում, որտեղ ես գտա իմ հայկական ընտանիքի մի մասին։
CA. Դուք նաև արժանացել եք Creative Armenia-ի «Spark» դրամաշնորհին, որի օժանդակությամբ ձայնագրել եք Ձեր ալբոմի երգերը։ Պատմե՛ք մեզ ավելին այդ երգերի մասին և թե որ փուլում է նախագիծը այժմ։
ՖԱ. «Lame de Fond» ալբոմի առաջին երգը այժմ հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։ Այն իմ առաջին ալբոմն է ֆրանսերենով և ժողովրդական բալլադ է կլիմայի փոփոխության մասին։ Այս ալբոմը կունենա ևս երեք երգ՝ «Si Douce»-ը, որը մեկ այլ ժողովրդական բալլադ է ֆրանսերենով, և երկու անգլերեն երգ՝ «I'm in Love»-ը և «You should not Give Up»-ը։ Նաև ասեմ, որ ներառել եմ դուդուկ «Si Douce» և «I'm in Love» երգերում։
Ես նաև աշխատում եմ հինգ նոր երգերի վրա, որոնք կձայնագրվեն Studio CBE-ում՝ Փարիզի հայտնի ստուդիայում, որտեղ ձայնագրվել են Լի Հեյզլվուդը, Սեբաստիան Թելիերը, Զազը, Դիթա վոն Թիսը և այլք։
CA. Ո՞րն է Ձեր կարիերայի ապագայի տեսլականը։
ՖԱ. Ես ուզում եմ շարունակել ալբոմների ձայնագրությունը, համերգներ ունենալ, հանդիպել տաղանդավոր մարդկանց և ունենալ նոր ունկնդիրներ։ Նպատակ ունեմ ձայնագրելու իմ երրորդ ալբոմը հայ ձայնային մասնագետների և արվեստագետների հետ։
Իսկ առհասարակ, կցանկանամ ձայնագրել յոթ ալբոմ, որից հետո ստեղծել հիմնադրամ և համերգասրահ՝ ֆինանսապես աջակցելու երիտասարդ արվեստագետների, խթանելու նրանց առաջխաղացմանը և թույլ տալու ստեղծագործել։
Մենք ապրում ենք աստիճանաբար ավելի անկայուն աշխարհում, որտեղ ամեն օրը լի է դժվարություններով։ Այս նոր աշխարհը ունի արվեստագետների կարիք՝ կենդանի պահելու գեղեցիկը, երազանքները, զգացմունքները և սերը։