Ջիվան Ավետիսյան. Արվեստի կոտրված ձայնը
Մրցանակակիր ռեժիսորը խոսում է պատերազմի ժամանակ արվեստի դերի մասին
Հոկտեմբերի 8, 2020 | հեղ.` Creative Armenia
Արցախն ու Հայաստանը պաշտպանող մարդիկ կրում են ողբերգության և հերոսության պատմություններ։ Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի առաքելությունն է ֆիլմի միջոցով ներկայացնել տասնամյա պատերազմի կործանարար ազդեցությունը և կյանքը՝ խաղաղ բնակչության վրա հրթիռային հարձակումների մշտական սպառնալիքի ներքո։ Մենք զրուցեցինք հայտնի կինոռեժիսորի հետ իր «Դրախտի դարպասը» ֆիլմի և հայրենիքի հանդեպ արվեստագետի պատասխանատվության մասին։
CA: Վերջերս տեղեկացանք, որ Ձեր «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից հեռացվել է։ Կպատմե՞ք մանրամասները։
JA: Սեպտեմբերի 27-ի առավոտյան վերսկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը։ Նույն օրը կեսօրին մենք պաշտոնական նամակ ստացանք կինոփառատոնից, որտեղ նշված էր հետևյալը․ «Ցավում եմ, բայց դուք կհասկանաք, որ ստեղծված ներկա իրավիճակի պատճառով, մենք չենք կարող ցուցադրել ֆիլմը կինոփառատոնի պաշտոնական ծրագրում»։ Սա, իհարկե, շոկային էր մեզ համար, անընդունելի, քանի որ ընդամենը մի քանի օրից՝ հոկտեմբերի 4-ին պետք է կայանար ֆիլմի ցուցադրությունը, ընդ որում՝ որպես համաշխարհային պրեմիերա։ Նախքան այդ նամակը ստանալը, մենք կապի մեջ էինք կինոփառատոնի անձնակազմի հետ, պլանավորում էինք ֆիլմի գլխավոր դերասանուհու՝ Տատյանա Սպիվակովայի ներկայությունը։ Բայց արի ու տես, որ հենց հայ-ադրբեջանական հակամարտության վերսկման ժամանակ փակվեցին մեր առջև կինոփառատոնի դռները։
Այլ բացատրություն այս երևույթին հնարավոր չի տալ, քան այն, որ ֆիլմը կինոփառատոնից հեռացվել է ադրբեջանական ճնշուների ազդեցությամբ։ Այս մասին վկայում է նաև կինոփառատոնից հաջորդիվ ստացած ոչ պաշտոնական գրությունն այն մասին, որ ի սկզբանե Ադրբեջանը փորձել է խոչընդոտել ֆիլմի ցուցադրությանը, երբ ֆիլմի՝ կինոփառատոնում ընգրկվելու մասին լուրը հայտնի է դարձել։ Կինոփառատոնի տնօրինությունը, սակայն, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի ցուցաբերած բողոքին պատասխանել է, որ ֆիլմը որևէ ագրեսիա կամ հակաքարոզչություն չի ներկայացնում Ադրբեջանի դեմ, այն մարդկային ողբերգության, պատերազմի հետևանքները կրող մարդկանց մասին է։ Սակայն, տնօրինությունն իր որոշումը փոխել է, երբ վերսկսվել է պատերազմը։ Պաշտոնական ծրագրից ֆիլմի հեռացման պարզաբանումը տվել են հետևյալ կերպ․ «Քանի որ ֆիլմը թեմատիկորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղին, Մոսկվայում՝ հայերի և ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար ընդունվել է այդ որոշումը։ Եթե ռազմական գործողությունները դադարեցվեն և հաստատվի զինադադար, ֆիլմը կներառվի 2021թ․-ի պաշտոնական ծրագրում»։ Իմ և իմ թիմի համար այսպիսի առաջնակարգ կինոփառատոնի նման որոշումը մնում է անընդունելի, վիրավորական, և թույլ է տալիս մտածել, որ կինոփառատոնը ունի անլուրջ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։
CA: Որպես կինոռեժիսոր, կարծում եք ինչպիսի՞ն պետք է լինի արվեստագետի դերը ներկայի պատերազմական իրավիճակում։
JA: Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իր մասնագիտությամբ օգտակար լինել հայրենիքին թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական իրավիճակում։ Նման կերպ ես տարիներ շարունակ փորձում եմ օգտակար լինել իմ ֆիլմերով։
Բայց երբ սրվում է պատերազմական դրությունը, և կարիք է լինում նաև արվեստագետների ներկայությունը սահմանին, մասնագիտությունը մղվում է ետին պլան և մենք առաջին հերթին պարտավոր ենք լինում գործել որպես մարդ, որպես հայ։
CA. Ձեր ֆիլմերից շատերը՝ «Թևանիկը», «Ընդհատված մանությունը» և վերը նշված «Դրախտի դարպասը» Արցախի ազատամարտի պատմություններ են։ Ինչու՞ Արցախ։
JA: Իսկ ինչո՞ւ ոչ Արցախ։ Արցախն այսօր անասելի դժվար օրեր է ապրում, վտանգված է անգամ խաղաղ բնակչությունը, սահմանում կյանքի և մահվան կռիվ է ընթանում։ Եթե Արցախը ճանաչված լիներ մինչ օրս միջազգային հանրության կողմից, ապա այսօր նման իրավիճակ չէր լինի։ Ես ապրել եմ պատերազմի դառնությունները՝ երբ փոքր էի, ես զգում եմ դեռևս այդ գարշելի հոտը պատերազմի․․․ Այսօր կրկին ականատեսն ենք դրա։ ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները, մեր երեխաները անցնեն այդ ամենի միջով։
Միևնույն ժամանակ, ես իմ ֆիլմերում ներկայացնում եմ ոչ թե պատերազմը, այլ մարդուն, մարդկային ճակատագրերը, որոնք ինչ որ կերպ կրում են պատերազմի հետևանքները և ձգտում են խաղաղության՝ հոգու խաղաղության, մարդկային խաղաղության։ Ես ուզոմ եմ ներկայացնել Արցախը ոչ միայն պատերազմական տարիներին, այլ նաև խաղաղության մեջ։ ես ուզում եմ իմ հայրական գյուղի մասին պատմել աշխարհին («Վերջին բնակիչը»), ուզում եմ աշխարհին պատմել այն դրախտավայրի մասին, որտեղ անց եմ կացրել իմ մանկությունն ու պատանեկությունը։
CA. Ի՞նչ ուղերձ ունեք ներկայի միջազգային հանրությանը և արվեստի ոլորտի գործիչներին՝ կապված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Ադրբեջանի ընթացիկ պատերազմի հետ։
JA: Այս օրերին, մենք ականատես եղանք, թե ինչպես կարող է արվեստը խառնվել քաղաքականության հետ, ինչպես կարող է «կոտրվել» արվեստի ձայնը՝ քաղաքական, մասնավորապես՝ Ադրբեջանի ճնշումների ազդեցությամբ։ Այս ամենը փաստում է այն մասին, որ մենք, Ադրբեջանի հետ ոչ միայն պատերազմում ենք սահմանին, այլ նաև մշակութային մակարդակում։ Ես ուզում եմ, որ միջազգային հանրությունը գիտակցի Ադրբեջանի այս ստոր գործելակերպը և ձեռնարկի համապատասխան քայլեր՝ չլռելու, այլ գործելու։