top of page

Մահացու խաղահրապարակ. զրույց «Պիմ պամ պում» ֆիլմի ռեժիսորների հետ

«Պիմ պամ պում» ֆիլմի ռեժիսոր Ասիեր Ուրբիետան պատմում է իր եւ Անդոնի դե Կառլոսի մանկության, Թերրի Ջորջի մարտահրավերի եւ ֆիլմարտադրության մեջ ոգեշնչման իրենց աղբյուրների մասին։

Հոկտեմբերի 6, 2017  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-22 at 1.45.47 PM.png

«Պիմ պամ պում»

1. Կպատմե՞ք մեզ «Պիմ պամ պում»-ի ֆիզիկական կառուցվածքի մասին։

 

Պատմությունը տեղի է ունենում մեր մանկության տարիներին։ Անդոնին եւ ես բասկեր ենք։ Փոքր ժամանակ՝ 80-ական թվականներին, մեր քաղաքում հաճախ էին ցույցեր տեղի ունենում երկրի քաղաքական հակամարտության պատճառով։ Մեզ՝ երեխաներիս համար սովորական բան էր այդ ցույցերին գնալը ու խաղալը՝ ոստիկանական փամփուշտներ հավաքելով։ Բնականաբար, ով ամենաշատն էր գտնում այդ փամփուշտներից, նա էլ հաղթում էր։

 

2. Ի՞նչն է ձեզ ստիպել պատմել այս պատմությունը։

 

Երբ մեծացանք, գիտակցեցինք. խաղը, որ խաղում էինք, երեխաների անմեղության դաժան այլաբանություն էր։ Մենք հասկացանք, որ այն, ինչը մեզ համար նորմալ խաղ էր, իր մեջ ոչ մի նորմալ բան չուներ։ Շատ վտանգների ենք առերեսվել եւ ապրել ենք 14-ամյա երեխաների համար բռնությամբ լի իրականությունում։ Մենք սկսեցինք գիտակցել, թե որքան երեխաներ այլընտրանք չունեն, քան նման պատերազմական միջավայրում խաղեր խաղալը, եւ թե որքան հաճախ են նրանք վճարում մեծահասակների վայրագությունների համար։ Դա անմեղ խաղի է նման, բայց հետեւում շատ խորը պատմություն կա։ Երեխաները երջանիկ լինելու ձեւը միշտ էլ գտնում են, նույնիսկ եթե նրանք ապրում են թշնամական միջավայրում։

 

3. Ո՞ր տարիքից սկսած կորցրեցիք Ձեզ շրջապատող հակամարտության անմեղությունը։

 

Բավականին դժվար հարց է։ Ինձ թվում է՝ մենք այդ անմեղությունը քիչ-քիչ էինք կորցնում. 14 տարեկանում սկսեցինք ոստիկանական փամփուշտներ հավաքելով խաղալ ցույցերի ժամանակ՝ ի վերջո հասկանալով, որ նման խաղը նորմալ չէ։ Անդոնին եւ ես հանդիպեցինք Լոնդոնում, երբ 20 տարեկան էինք. նոր քաղաք եւ նոր իրականություն։ Այնուհետեւ 7 տարի ապրեցինք Մադրիդում։ Կարծում եմ՝ հեռավորությունն էր, որ ստիպեց մեզ հասկանալ՝ հայրենիքում մեր վերապրածը նորմալ չէր։


4. Ինչպե՞ս վերաբերվեցիք 60  վայրկյանում պատմություն պատմելու մարտահրավերին։

 

Սա 60 վայրկյանում պատմելու համար կատարյալ պատմություն է, որովհետեւ այն կոնկրետ փաստ է, շատ հակիրճ, և միեւնույն ժամանակ այն շատ ավելի խորը այլաբանություն է, քան դիտողները կարող են կարծել։ Դա մարտահրավերի ամենագրավիչ մասն էր՝ գտնել շատ հակիրճ պատմություն, որը դիտողի մոտ ամբողջական տպավորություն կթողնի։ Շատ տպավորիչ էր, որ ժյուրիի անդամները՝ մարդու իրավունքների ոլորտում նույնքան հայտնի, որքան ֆիլմարտադրության մեջ, եւ իր կազմում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Թերրի Ջորջը եւ Ատոմ Էգոյանը, մեր աշխատանքն են ընտրել՝ որպես հաղթող։ Մենք շատ շնորհակալ ենք մրցանակի եւ չափազանց կարեւոր «Պատերազմի երեխաները» ֆիլմի մասը լինելու համար եւ հույս ունենք, որ վերջինս հաջող շրջագայություն կունենա միջազգային փառատոներում։

 

5. Որո՞նք են ֆիլմարտադրության մեջ ձեզ վրա ազդեցություն թողած երեւույթները։ Սիրելի ֆի՞լմ, սիրելի ռեժիսո՞ր։

 

Շատ ցնցող էր, որ մարտահրավերը ներկայացված էր հենց Թերրի Ջորջի կողմից, քանի որ «Հանուն հոր» ֆիլմն այն աշխատանքի հղումն է, որի վրա մենք հիմա աշխատում ենք։ Մենք նաեւ շատ ոգեւորված ենք «Խոստումը» եւ «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերով։ Ատոմ Էգոյանը նույնպես մեր սիրելի ռեժիսորներից մեկն է։ «Էկզոտիկան» մեզ համար ուղղակի սքանչելի է։ «Արարատ»-ը, «Որտեղ է ճշմարտությունը», «Քլոե»-ն այն ֆիլմերն են, որոնք բազմիցս դիտել ենք։ Կինեմատոգրաֆիական ազդեցությունը շատ տարբեր է, մենք բավականին տարբեր բաներ ենք սիրում. եվրոպական ռեժիսորներից՝ Մայքլ Ուինթերբոթթոմից կամ Ժակ Օդիարից մինչեւ ասիացիներ՝ Կիմ Կի Դուկ կամ Վոնգ Կար Վայ, ու ամերիկացիներ՝ Մարթին Սքորսեզե կամ Դարեն Արոնոֆսկի։ Մենք պաշտում ենք Դենի Վիլնյովին։ Թեև կարճամետրաժ այս ֆիլմի վրա ազդել է Ռոդրիգո Գարսիայի «Ինը կյանք»-ը, Ալֆոնսո Կուարոնի «Մարդկության երեխաները» եւ Սեբաստիան Շիփփերի «Վիկտորիա» (մեկ կադրով նկարահանված գեղարվեստական ֆիլմ) ֆիլմերը։

Pim Pam Pum set

 «Պիմ պամ պում»-ի նկարահանման հրապարակում

6. Հայաստանի կամ հայկական թեմաների հետ երբեւէ առնչվե՞լ եք կյանքում։

 

Մենք միշտ հետաքրքրված ենք եղել պատմությամբ եւ հատկապես երկրագնդի տարբեր մասերը բացահայտելով։ Հայոց ցեղասպանության մասին իմացել ենք ֆիլմերի եւ գրականության միջոցով։ Գիտենք, որ մարդկության ամենահին մշակույթներից մեկի կրողն են եւ որ ունեն սփյուռք՝ աշխարհով մեկ։ Այս մրցանակն առանձնահատուկ ու ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց դեպի ձեր մշակույթը։ Մեծ հաճույքով կայցելեինք Հայաստան՝ ամեն ինչ մեր աչքերով տեսնելու։

 

 7. Ի՞նչ եք կարծում՝ կա՞ արդյոք պատերազմի մասին ինչ-որ պատմություն, որը հնարավոր չէ պատմել։

 

Մենք հավատում ենք, որ ֆիլմի մեջ կարելի է փորձել արտահայտել ամեն տեսակի պատմություն, բայց կինոն եւ իրականությունը երկու տարբեր բաներ են։ Կինոն կարող է փորձել արտահայտել զգացմունք, գաղափար, իրադարձություն… բայց ուրիշ բան է վերապրել այդ ամենն իրականում։

bottom of page