top of page

Հարցազրույց սցենարի մարտահրավերի հաղթող Օֆելյա Հարությունյանի հետ

Մեր «Առաջին Էջ» սցենարի մարտահրավերի հաղթող Օֆելյա Հարությունյանը պատմում է իր սցենարի ցնցող առաջին էջի մասին և ակնարկներ տալիս հաջորդող էջերի համար

Դեկտեմբերի 24, 2019  |  հեղ.` Creative Armenia

4059158841-Ophelia Harutyunyan.jpg

CA. Մի փոքր պատմեք ձեր սցենարի առաջին էջի մասին։ Ինչպե՞ս միտքն առաջացավ։ 

ՕՀ. Ես սիրում եմ նմանօրինակ մարտահրավերներ, երբ դու որոշակի սահմանափակումներ ունես և պետք է կարճ, դիպուկ և տպավորիչ լուծում գտնել։ Եթե անկեղծ լինեմ, երբ տեսա «Creative Armenia»-ի կինոպաստառը, անմիջապես հիշեցի իմ սցենարներից մեկը, որը գրել էի որոշ ժամանակ առաջ։ Երիտասարդ մարդու ցատկը քաղաքի լարերի վրայով և Երևանի կառույցները բառացիորեն և զգայական առումով կապված էին իմ կերպարի հետ։ Այս անգամ, երբ վերադարձա սցենարիս, ես հետաքրքրված էի կերպարի այնպիսի ներմուծություն ներկայացնել, որը կասեր. «համոզված մի՛ եղեք, որ ճանաչում եք այս մարդուն՝ հնարավոր է, որ նա ձեզ զարմացնի»։ Ես սիրում եմ խաղալ դիտորդին մի բանի պատրաստելու, իսկ ապա բոլորովին այլ պատկեր բացահայտելու հետ։   

CA. Ձեր սցենարի առաջին էջը մեզ մոտ հաջորդող էջը կարդալու ցանկություն առաջացրեց։ Կարդալու դեպքում, ի՞նչ կգտնեինք հաջորդ էջում։ Ունե՞ք ձևավորված պատմությունը Ձեր մտքում։ 


ՕՀ. Ես ունեմ պատմության առաջին սևագիրը, և եթե թերթեիք էջը, ապա կկարդայիք երիտասարդ տղամարդու պատմություն, ով պետք է մի շարք դժվարին որոշումներ կայացնի, ով սխալ միջավայրում է հայտնվում և պետք է դրանից դուրս գալու ելքեր գտնի։ Կերպարի նման ներկայացման պատճառներից մեկն այն է, որ ցանկանում էի ցույց տալ նրա ֆիզիկական կարողությունները, որին ֆիլմում հետագայում վերադառնում ենք։ Պատմությունը լի է դրամայով, արկածներով, պատմական հղումներով, գործողություններով և սպասումներով։   

CA. Դուք կինոռեժիսոր, գրող և պրոդյուսեր եք։ Մի փոքր պատմեք Ձեր ստեղծարար գործունեության մասին։ 

ՕՀ. Ես ունեմ գեղարվեստական և վավերագրական ֆիլմի կրթություն։ Կոլումբիայի համալսարանում ֆիլմի ծրագրի արվեստների մագիստոսի աստիճան ստանալուց հետո աշխատել եմ մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի վրա՝ թե՛ գեղարվեստական, թե՛վավերագրական ժանրերում։ Կոլումբիայի համալսարանի թեզիս ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու պրոդյուսերն էի, իր պրիմիերան ունեցավ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, ապա ցուցադրվեց մի շարք այլ փառատոններում։ Ես կրտսեր պրոդյուսերն եմ կինոռեժիսոր Ալեքս Գիբնիի երկու լիամետրաժ վավերագրական ֆիլմերի համար, որոնք ցուցադրվել են «Սանդենս», «South by Southwest», Վենետիկի կինոփառատոններում, «IDFA»-ում, «AFI»-ում և այլուր։ Այժմ ես Ալեքս Գիբնիի լիամետրաժ վավերագրական ֆիլմի հետ-արտադրական փուլում եմ։ Ֆիլմը կթողարկվի 2020թ.-ին, «HBO»-ում։ Նաև իմ հեղինակային կարճամետրաժ վավերագրական ֆիլմի հետ-արտադրական փուլում եմ , որը նկարահանվել է Հայաստանում և պատմում է հայկական գյուղերի մասին, որտեղ տղամարդիկ չկան։ Զարգացման փուլում է նաև մի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որի պրոդյուսերն եմ, ինչպես նաև մի շարք այլ նախագծեր՝ բոլորն էլ որոշակիորեն Հայաստանի հետ առնչվող։ 

CA.  Դուք նշել եք, որ գործողությունը ավելի լավ կարող է ներկայացնել կերպարին, քան երկխոսությունը։ Ո՞րն է հաջորդ գործողությունը, որը կանեք սցենարի պարագայում։ Ուզու՞մ եք այն ավարտին հանձնել։ 

ՕՀ. Այս մարտահրավերն ինձ ոգեշնչեց վերադառնալ սցենարիս ու ևս մեկ անգամ փորձել։ Ես ոգևորված եմ հաջորդ սևագիրը գրելու և պատմության համար նոր հետաքրքիր լուծումներ մշակելու գաղափարով։ 

Օֆելյայի սցենարի առաջին էջը կարդալու և սցենարի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ creativearmenia.org/firstpage։

bottom of page