Հարցազրույց սցենարի մարտահրավերի հաղթող Մեթյու Յալդեզյանի հետ
Մեթյու Յալդեզյանը խոսում է հայկական «Goodfellas» հիշեցնող պատմությունից
Դեկտեմբերի 26, 2019 | հեղ.` Creative Armenia
CA. Մի փոքր պատմեք ձեր սցենարի առաջին էջի մասին։ Ինչպե՞ս միտքն առաջացավ։
ՄՅ. Կինոպաստառը ուսումնասիրելուց հետո մտքումս քաղաքի պատկերներ էին առաջանում, որոնք կապված էին Հոլիվուդի և Լիթլ Արմենիայի հետ։ Սցենարի գործողությունների վայրը հստակ որոշելուց հետո, գիտեի, որ պետք է հետևեմ ֆիլմի վերնագրին, ինչը նշանակում էր արվեստի տարրեր ներառել։ Ես հակված էի տեսողական արվեստին, հետևաբար որոշեցի գրաֆիկական արվեստն ընտրել։ Նաև, ուզում էի տպավորություն թողնել, թե իմ հերոսն է ստեղծել կինոպաստառը։ Ուզում էի բացման տեսարանի առաջին մասում ներկայացնել վայրը և տոնը, իսկ երկրորդում՝ երկխոսությունները։ Սակայն առանցքայինը կերպարներն ու ստեղծված աշխարհն էր։ Հայկական «Goodfellas»-ի աշխարհ ստեղծելու միտքը արդեն որոշ ժամանակ է, ինչ փորփրում էի, և այս մարտահրավերը նոր դուռ բացեց այդ գաղափարի, աշխարհի և կերպարների համար։ Կերպարների մեքենայում լինելու տեսարանը դիտավորյալ էր, քանի որ բացման տեսարանները միշտ շարժման մասին են։ Բայց, միևնույն ժամանակ, նրանք նույն տեղում էին դոփում. մեր գլխավոր կերպարը, Արամը, գտնվում էր երկու աշխարհների միջև։ Նրա ընտանիքը և իրենց բիզնեսը մի կողմից և Հոլիվուդը մյուս կողմից ներկայացնում են արվեստագետ դառնալու և արվեստի աշխարհին պատկանելու իր տենչը։ Արամ անունը ընտրեցի Սարոյանի «Իմ անունը Արամ է» ստեղծագործությանը հղելով, իսկ Վիգենը հակադիր անվան հնչողություն ուներ։ Ինձ նաև դուր է գալիս այն, որ Արամը բավարար համարձակություն է ունենում գումարով լի ծրարի վրա նկարել, որը պետք է հանձներ հորեղբորը։
CA. Ձեր սցենարի առաջին էջը հաջորդող էջը կարդալու ցանկություն առաջացրեց։ Կարդալու դեպքում, ի՞նչ կգտնեինք հաջորդ էջում։ Ունե՞ք ձևավորված պատմությունը Ձեր մտքում։
ՄՅ. Հաջորդ էջում կշարունակվեր երկու եղբայրների վեճը, իսկ հետո իրենց հորեղբայրը կզանգահարեր ասելու, որ հանդիպման նախնական վայրը փոխվել է։ Այսպիսով, մենք կսկսեինք աստիճանաբար բացահայտել նրանց աշխարհը։ Կարծում եմ, որ երկրորդ գործողության մեջ Արամն արդեն մուտք կգործեր արվեստի աշխարհ՝ որևէ մրցույթի կամ ցուցահանդեսի միջոցով։ Անկեղծ ասած, չնայած ստեղծված աշխարհը նախապես զարգացնելուն, առաջին էջում ինձ համար նոր բացահայտումներ եղան։ Ես երբեք չէի մտածել այս աշխարհը արվեստի աշխարհի հետ միաձուլելու մասին։ Հետևաբար, առաջին էջից հետո շարունակվող պատմությունը նախապես մտածված չէր։
Ընդհանուր առմամբ, այն հավանաբար կլինի դասական պատմություն մի մարդու մասին, ով գտնվում է իր ընտանիքի և արվեստի հանդեպ սիրո միջև։ Սակայն կլիշե դարձած՝ «հայ գրող, ում ծնողները ուզում են, որ նա բժիշկ դառա» կարգի պատմություն ստանալու փոխարեն, սա դառնում է հայ գանգստերի մասին, ով ուզում է արվեստագետ դառնալ, որը միանգամայն նոր տեսանկյուն է։ Ո՞վ է իր ընտանիքում աջակցում նրան, իսկ ո՞վ՝ ոչ։ Ունի՞ արդյոք զուգընկեր, ով ցանկանում է, որ նա մնա իր աշխարհում, հանդիպելու՞ է ուրիշ կնոջ, ով այդ աշխարհից դուրս է։ Հաջողության հասնելու՞ է արվեստի աշխարհում, և արդյո՞ք այդ աշխարհը դառնալու է վտանգված իր ընտանիքի, թշնամիների կամ իր իսկ կողմից։ Ի՞նչ որոշումներ պետք է կայացնի, որոնք վտանգի տակ կդնեն իր երկու ուղիները։ Որտե՞ղ են այդ ուղիները խաչվելու։ Նա գաղտնի՞ կերպով է արվեստի ոլորտում առաջ գնալու։ Եթե այո, ապա արդյո՞ք այն բացահայտվելու է։ Սրանք սցենարի այն կետերն են, որոնք ժամանակի ընթացքում հարկավոր կլինի միացնել իրար, սակայն այս ուղևորության կայծը տրվել է հենց առաջին էջում։ Եվ որքան շատ եմ մտածում, այնքան սցենարը ավելի հստակ եմ տեսնում որպես ֆիլմ։
CA. Դուք գործող սցենարիստ եք և Լոս Անջելեսի կալիֆորնիայի համալսարանի Թատրոնի, ֆիլմի և հեռուսատեսության դպրոցի մասնագիտական ծրագրերի դոցենտ։ Պատմե՛ք Ձեր ստեղծարար գործունեության և ընթացիկ նախագծերի մասին։
ՄՅ. Ես Կալիֆորնիայի պետական համալսարանի Նորթրիջի սցենարի ծրագրի հպարտ շրջանավարտ եմ։ Պրոֆեսոր Էրիկ Էդսոնն իմ վարպետության վրա վիթխարի ազդեցություն է ունեցել։ Ես ոչնչի չէի հասնի առանց նրա դասերի։ Նորթրիջն ավարտելուց հետո ես սկսեց աշխատել Սարոյանի նյութերի վրա։ Նրա պատմվածքները վերածում էի պիեսներ և սցենարների։ Ցավոք, նրա գործերի իրավունքերը ձեռք բերելը չափազանց դժվար է։ Գրելու ընթացքում, ես նաև աշխատում էի ֆիլմի ոլորտում որպես Ֆրեդ Ռոսի պրակտիկանտ-օգնական՝ նախքան 2015թ.-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Թատրոնի, ֆիլմի և հեռուսատեսության դպրոցի պրոդյուսերական ծրագրի արվեստների մագիստրոսի աստիճան ստանալը, որտեղ իմ ստեղծագրությունը և ստեղծարար միտքը մեծ առաջընթաց ունեցան։ Վերջերս ես Անահիտ Նազարյանի «Lahmajune» վավերագրական ֆիլմի պրոդյուսերն էի։ Մենք հենց նոր ենք ստացել ֆիլի հանդիսատեսի մրցանակ «Napa Valley» կինոփառատոնում։ Կալիֆորնիայի համալսարանի աշխատանքից և անձնական նախագծերից բացի, ինձ քիչ ժամանակ է մնում, բայց միշտ գրում եմ։ Ես նոր եմ ավարտել Լոտուս էնթերթեյնմենթի համար գրված սցենարս։
CA. Ո՞րն է հաջորդ քայլը սցենարի համար։ Ուզու՞մ եք այն ավարտին հանձնել։
ՄՅ. Կարծում եմ, որ հիմա պարտավոր եմ, այնպես չէ՞։ Առաջին հերթին անպայման ֆիլմի համառոտագիրը կգրեմ։ Ֆիլմի համառոտագիրը լավ տարբերակ է պատմությունը պատկերացնելու և մարդկանցից արագ արձագանք ստանալու համար։ Ավելի հեշտ է մարդկանց 5-10 էջանոց համառոտագիր տալ և խնդրել կարծիք հայտնել, քան 110 էջանոց սցենար։ Բայց ես միանգամայն պատրաստ եմ այս աշխարհի մեջ սուզվելուն։ Իմ մագիստրոսական թեզը եղել է գանգստերական ժանրի հակահերոսի վերաբերյալ, և ես անհամբերությամբ սպասում եմ այդ աշխարհը հայկական տեսանկյունից ներկայացնելուն։ Կարծում եմ, որ հայերը ճշգրիտ կերպով ներկայացված չեն մեդիայի կողմից։ Մեզ համարում են կամ գանգստերներ կամ էլ ավազակներ («The Shield», «Ray Donovan»)՝ առանց կերպարին որևէ խորություն հաղորդելու։
Բազմազանությունը և դրա ներկայացումը խրախուսող ժամանակներում, կարծում եմ, որ հայը պետք է այս բարդ կերպարներին բացահայտի, որպեսզի նրանք հեշտորեն չհարմարեցվեն «մենք վատ կերպարի կարիք ունենք» դերին՝ քննարկված գրողի սենյակի գրատախտակին։ Որքան ավելի շատ եմ մտածում այս մասին, այնքան համոզվում եմ, որ այս պատմությունը դիտորդին ներկայացնելու հետաքրքիր եղանականեր կան։ Կարծում եմ Creative Armenia-ն և նմանօրինակ կազմակերպությունները շատ կարևոր դեր ունեն մեր ձայնը զարգացնելու գործում, որպեսզի մենք ինքներս պատմենք մեր պատմությունները։
Մեթյուի սցենարի առաջին էջը կարդալու և սցենարի մարտահրավերի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ creativearmenia.org/firstpage։