top of page

Հարցազրույց Քրիստոֆեր Ադամյանի հետ

Քրիստոֆեր Ադամյանը գրող է, կինոգործիչ, բանաստեղծ ու մեր ամսագրի հեղինակներից։ Բանաստեղծությունների նրա նոր հավաքածուն՝ «A Poet in Washington Heights»-ը, հենց նոր է լույս տեսել։ Մի քանի հարց ուղղեցինք այս յուրահատուկ աշխատանքի և դրա պատմության վերաբերյալ։

Փետրվարի 27, 2018  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-17 at 3.56.08 PM.png

«A Poet in Washington Heights»-ը կարծես կյանքի հաշվետվություն լինի՝ օրհնությունները, հիշողությունները, հաճույքները, շրջապատը՝ այն, ինչը կարևոր է։ Ու նաև այն, ինչն այնքան էլ կարևոր չէ։ Որո՞նք են Ձեր անձնական հանգամանքները, որոնցից ծնվեցին այս բանաստեղծությունները։

 

Ես ապրել եմ Washington Heights-ում 2006-ից մինչև 2017 թվականները՝ անձնական սթրեսերի ու հուսահատության մեջ. մայրս, ում այս կյանքում բոլորից շատ էի սիրում, մահացավ (մի քանի տարի առաջ էլ հայրս էր մահացել), զուգընկերս լքեց Նյու Յորքը (և ինձ). ես լուրջ հիվանդացա։ Ճիշտ ես՝«Washington Heights»-ը կարծես կյանքի հաշվետվության պես լինի, բայց այն նաև կյանքի ու լույսի վերածնունդ է։ Ինձ համար այն հետաքրքիր վայր էր, քանի որ շրջակայքի մասին շատ քիչ բան գիտեի, եթե հաշվի չառնենք մի քանի փոքր ճանապարհորդությունները, որոնք արել եմ փոքր ժամանակ իմ մորաքույր Անժելի հետ Q4 ավտոբուսային գծով։ Մշակույթային առումով այն շատ հարուստ թաղամաս էր՝ Cloisters-ը, Fort Tryon Park-ը, ժայռերը ուղղակի գեղեցիկ են և փոքր-ինչ ավելի վայրի, քան Central Park-ինը կամ նույնիսկ Riverside Park-ինը։ Դեռ վտանգի զգացողություն կա, երբ ուշ ժամերին քայլում ես այգում, և նույնն է նաև թաղամասի ավելի վտանգավոր մասերում։ Շրջակայքում էթնիկ անհավատալի խառնուրդ կա։ Մինչ 1970-80թթ-ը Heights-ը հիմնականում իռլանդական, հրեական և հայկական էր, երբ սպիտակամորթների հոսքը տեղի ունեցավ դեպի արվարձաններ, ու հետո դոմինիկյան և ուղղափառ հրեաների մեծ համայնքներ տեղափոխվեցին այստեղ։ Դա ավանդական, բայց միևնույն ժամանակ մի փոքր վախեցնող է. այստեղ զգալի թվով արվամոլ համայնք կա նաև։ Մշակույթների մի զարմանալի բախում ու ամբողջականություն է։ Ուստի, իբրև կիսասփյուռքահայ, ես ամբողջովին հարմարվել եմ դրան։ Բայց կա նաև այն փաստը, որ ինձ օտարական եմ զգացել, երբ առաջին անգամ տեղափոխվեցի այնտեղ. օտարական իմ իսկ հարազատ քաղաքում, որը ես շատ եմ սիրում։

 

Բանաստեղծություններից որոշները հանգավորված են։ Ինչո՞ւ եք հանգավորում։

 

Որոշ ժամանակակից բանաստեղծների մոտ ես ոճի ոգեշնչում ու համապատասխան ազդեցություն եմ նկատել, նկատի ունեմ ընթերցողի ու աշխարհի վրա ազդեցությունը։ Ոճի հետ կապված հիմնական փորձերը (այն բանաստեղծների, որոնցով ես հիանում եմ, օրինակ՝ Քամմինգս կամ Մալլարմ) անհրաժեշտ էին պատմական և գրական պատճառներով (ժամանակակից ակնթարթի համար), բայց ինչպես պատահում է գրական տեսությունների որոշ ճյուղերի հետ, ճոճանակը երբեմն շատ անտեղի և նույնիսկ տգեղ ուղղությամբ է շեղվում։ Ինձ համար դասական հանգավորումն այն բանն է, ինչով և տարբերվում է բանաստեղծությունն արձակից, և ես սիրում եմ աշխատել այդ երաժշտականության և ռիթմի հետ։ Իհարկե երբեմն երգերի պես բանաստեղծության հանգավորումը կարող է հեշտ թվալ (և որոշ դեպքերում դա իրոք այդպես է), հետո՞ ինչ։ Ավելին, ինչո՞ւ չհակառակվել տենդենցին։Միշտ ավելի լավ է հակամշակութային լինել, նույնիսկ եթե դա շատ չնչին կերպով է արտահայտվում։ Էդնա Սեյնթ Վինսենթ Միլեյը բանաստեղծ է, ով դասական հանգերով է գրել, և ես հիանում եմ նրանով։ Էմիլի Դիքինսոնը, Ֆրոսթը՝ նրանք բոլորը լավն են։

Screen Shot 2019-01-17 at 3.56.16 PM.png

 Washington Heights

«Կրկին ու կրկին /Ես մտածում եմ Սարաֆյանի մասին/ Գիշեր ու ցերեկ։» – Նիկողոս Սարաֆյանը՝ արևմտահայ գրող, ով ծնվել է Կոստանդնուպոլսի ու Վառնայի միջև՝ նավի վրա, 1905թ.-ին – երկու անգամ նշված է այս հավաքածուի մեջ։ Կբացատրե՞ք՝ ինչու է նա կարևոր։

 

Սարաֆյանը արձանագրել և ինչ-որ չափով օգնել է փրկել սփյուռքի արևմտահայերի գոյությունը և մշակույթը վերանալուց կամ առնվազն այդ վերացմանը տանող ևս մեկ քայլից։ Դա արել է երիտասարդ հայերի համար, ովքեր մեծացել են Սիրիայի ու Լիբանանի հետեղեռնյան համայնքներում, ինչպես նաև ընթերցողների ևս երկու սերունդների համար, այդ թվում նաև՝ իմ։ Նրա լեզուն հրաշալի է. արևմտահայերենը՝ որպես լեզվական և գրական արտահայտության գագաթնակետ։ Եվ վերջապես իմ՝ ոչ մի կոնկրետ մշակույթի չպատկանելու պատճառով, ծնված լինելով որպես ամերիկացի, ժառանգաբար լինելով հայ և իտալացի, ում ծնողները ծնվել են Լիբանանում ու Շվեյցարիայում, ես երբեք չեմ պատկանել սպիտակ ամերիկյան մշակույթին. ի նկատի ունեմ՝ ես կովկասցի էի՝ միջին խավի և ոչ թե անգլո-սաքսոն, իմ ծնողները հիմնականում անգլերենով չէին կարդում, թատրոն չէին գնում, նույնիսկ հեռուստացույց չէին դիտում։ Տանը մենք ֆրանսերեն էինք խոսում, և ինձ ֆրանսիական դպրոց էին ուղարկել։ Եվ ես հայկական ընտանիքում չեմ մեծացել. մայրս էր մեր տան գլուխը, և ես ինքնության ու ձուլման, ինչպես նաև մեղքերի մասին Սարաֆյանի հարցերից շատերն ինքս էի ինձ ուղղում։ Դա նաև Սարաֆյանի՝ դեպի Bois de Vincennes ամենօրյա ձեռնարկումների հետ նույնականացումներից մեկն էր, ուր նա վերաստեղծում է աշխարհը։ Սարաֆյանի՝ մեզ տրված ամենամեծ պարգևներից է. կարողություն մտածելու, վերաստեղծելու և կերտելու ամբողջական աշխարհներ իր (մեր) ինտելեկտով ու խելքով։ Ես անընդհատ քայլում եմ զբոսայգիներում. այնտեղ ես խորհում եմ, կապվում բնության, երկնքի ու ինձ շրջապատող այլ բաների հետ։

Screen Shot 2019-01-17 at 3.56.24 PM.png

 Քրիստոֆեր Ադամյան

Որո՞նք են բանաստեղծական այլ ազդեցությունները։ Զգացվում է օրինակ Լեոնարդ Քոհենինը՝ գրգռվածության ու աստվածայինի Ձեր աչք ծակող խառնուրդում։

 

Դե, կարող էր ավելի վատ լինել, քան Լեոնարդ Քոհենի հետ համեմատվելը։ Շնորհակալություն։ «Hallelujah»-ն ինքնին առանձնանում է իր խոսքերով։ Դե գիտեք՝ աստվածայինն այլասերված է և հակառակը. հինդուիստական պանթեոններն ու կրոնը դա են վկայում։ Եվ ինձ թվում է, որ նախաքրիստոնեական, հեթանոսական հասարակություններն էլ գիտեին դա։

 

Այսպիսով, բանաստեղծները, որոնցով ես հպարտանում եմ՝ Վիթման, Գինսբուրգ, Ֆրանք Օ’Հարա, Քամմինգս՝ ամերիկացիներից, Ռիլքե, Ռումի, Փեսսոա, Մայակովսկի, Սեֆերիս, Գյոթե, Բոդլեր, Քավաֆի՝ եվրոպացիներից, նաև Բորխես, բայց պարտադիր չէ, որ նրանք լիովին ազդեցություն թողնեն գործերիս վրա։ Վերջիններից են երևի Էդնա Սեյնթ Վինսենթ Միլեյը, Ֆրոսթը, Դիքինսոնը և որոշ կոնֆեսիոնալ բանաստեղծներ, ինչպիսիք են Սեքսթոնը, Փլաթը և Սնոդգրասը, որոնք ազդել են կամ արտահայտել են աշխարհի մասին իմ պատկերացումները։

 

Օշըն Վոնգը հիանալի երիտասարդ բանաստեղծ է, ում խոսքն ու պատկերումներն իմ կարծիքով շշմեցնող են և ամուր կերպով կապված են պատմության և իր վիետնամական մշակույթի հետ։

 

«Three Wise Men: Murder on 187th Street»-ը դաժանությամբ ու հումորով ներկայացնում է հայոց սփյուռքի պատմության ամենադրամատիկ ու երկփեղկված միջադեպը։ Կարո՞ղ եք ոչ հայ ընթերցողին ներկայացնել այդ սպանության նախապատմությունը։ Քանի որ Նյու Յորքում եք մեծացել, ունե՞ք որևէ անձնական կապ այս պատմության հետ։

 

Դե, դա 1933 թ.-ին Washington Heights-ի Սուրբ Խաչ եկեղեցում սուրբծննդյան պատարագի ժամանակ արքեպիսկոպոս Լևոն Դուրյանի սպանության մասին է։ Դուրյանը որոշել էր այլ դրոշների հետ միասին բարձրացնել նաև Խորհրդային Հայաստանի դրոշը, ինչը զայրացրել էր Դաշնակցություն (Հայ Հեղափոխական Դաշնակցություն) կուսակցության անդամներին։ Պատարագի ժամանակ նրանք շրջապատում են Դուրյանին, և նրանցից երկուսը վերջինիս մեծ դանակներով մահացու հարվածներ են հասցնում։ Դա մեր պատմության բավականին դրամատիկ ու սարսափելի մասերից է։ Բանաստեղծության մնացած մասը վերաբերում է եկեղեցական ծխի ներքին անցուդարձին, որոնց մասին բոլորը գիտեն, բայց հազվադեպ են քննարկում։ Ես նաև փորձել եմ որքան հնարավոր է շատ կարծիքներ տեղավորել այդ կարճ ֆորմատի մեջ։

 

Երբ առաջին անգամ այցելեցի Սուրբ Խաչ, այն այնպիսի պարզ ու համեստ տեսք ուներ, բայց և միևնույն ժամանակ նման դրամատիկ բան էր այնտեղ տեղի ունեցել (նկատի ունեմ 20-րդ դարի հայ-ամերիկյան պատմության այս խոշոր իրադարձությունը, որ համախմբեց մեր մշակույթի զարմանահրաշ ուղղությունները՝ խորհրդայինն ու արևմտյանը, սփյուռքինն ու ազգայինը, ռամկավարներինը և դաշնակներինը այսպիսի տպավորիչ ու դրամատիկ կերպով)։ Երբ առաջին անգամ այցելեցի այս եկեղեցի, արյունոտ հագուստները դեռ այնտեղ էին՝ արկղում ծալված... դա ինձ նույնպես ցնցեց։

Screen Shot 2019-01-17 at 3.56.30 PM.png

Washington Heights-ի Սուրբ Խաչ եկեղեցին

«Mixobarbarians» ստեղծագործությունը կարծես թե ուղղված է ժամանակակից ցուցամոլներին, միգուցե ներգաղթյալների սերունդներին, ովքեր բոլորովին այլ կերպ են վերաբերում Ամերիկային։ «Վաղուց են անցել այն օրերը / երբ հավատարմություն էր տրվում դրոշին»։ Կբացատրե՞ք՝ ինչ զգացմունքներ կան այս բանաստեղծության հետևում։ Արդյո՞ք այն մասամբ Ձեզ է ուղղված։

 

Չգիտեմ՝ համաձայն եմ արդյոք «ցուցամոլ» բառի հետ այստեղ։ Այն չափից ավելի ուժեղ է։ Այս բանաստեղծության մեջ նկարագրածս ու արձագանքածս հետևյալն է։ Մի սերունդ, որ միանգամայն վստահ է բազմազան մշակույթներն ու ինքնություններն ընդունելու իր կարողության մեջ, վստահ է իր ուժերում՝ առնվազն արտաքինից, մշակութային, սեքսուալ և այլ առումներով այն ավելի է հակված փորձարկումների, բայց միևնույն ժամանակ ավելի քիչ պատկերացում ունի իր ինքնության որևէ բաղկացուցչի մասին։ Սա մի սերունդ է, որն այնքան առումներով է մասնատված՝ տեխնոլոգիաներ, գլոբալիզմ, բազմամշակութայնություն, ֆեմինիզմ. բոլոր այն բաները, որոնք փոխել են աշխարհը տեսնելու մեր ձևը։ Եթե միայն Դոնալդ Թրամփի պետ կատարյալ ապուշ չես, չես կարող կուրորեն հավատալ պատմական հանգամանքների ամբողջությանը՝ առանց գիտակցելու, որ դրանց մեծ մասը կեղծ է կամ հորինված։

 

Բացի դրանից, ես ֆրանսիական դպրոց եմ հաճախել, որտեղ ամեն առիթով դրոշներ չէին բարձրացնում, ինչպես դա անում են ամերիկյան մշակույթում։ Այսպես, հիշում եմ, օրինակ, Camp Nubar-ում ամեն առավոտ բարձրացնում էինք հայկական և ամերիկյան դրոշները և հավատարմության երդումն արտասանում, և ես մտածում էի, - «Եվ ահա նորից այս դրոշները»։ Ինձ թվում է, որ այսօր հարցն այն է, թե ինչպես կարող ես հավատարմության երդում տալ մի քանի դրոշների։ Ենթադրենք՝ ընտանիքդ Կորեայից է, և կյանքիդ կեսն այնտեղ ես անցկացրել, կամ եթե բնիկ ամերիկացի ես։ Ես նաև կարծում եմ, որ պետք է հարգել անհամաձայնության իրավունքը, ինչպես NFL-ի ֆուտբոլիստների դեպքում՝ նույնիսկ եթե դա այն չէ, ինչի հետ ես առանձնապես համամիտ եմ։ Ամեն դեպքում բանաստեղծությունն ավելի շատ գլոբալիզացված անհատների մասին է և այն մասին, թե ինչ են դրանք ենթադրում։ Եվ անկախ նրանից, թե Դուք կամ ես ինչ ենք մտածում դրա մասին, բանաստեղծությունն արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում այս սերնդի մի շարք ներկայացուցիչների հետ։

Երեք իմաստուն մարդ. սպանություն 187-րդ փողոցում

 

Օհ, նրանք դանակահարեցին քահանային...

Նա սուրբ էր, Աստծո մարդն էր,

Մեր թեմի առաջնորդը,

Ասում էր առաջինը՝ ռամկավարը։

 

Օհ, նրանք դանակահարեցին քահանային...

Նա արժանի էր դրան, ապօրինածինը հանձնեց Կոմիտասին

Թուրքական գաղտնի ոստիկանությանը և թույլ տվեց այրեն Զմյուռնիան,

Ասում էր երկրորդը՝ դաշնակը։

 

Օհ, նրանք դանակահարեցին քահանային...

Ո՞վ է հիմա քնելու կնոջս հետ,

Երբ ես չափից դուրս հոգնած լինեմ անկողնում։

Ասում էր երրորդը՝ ոչ մի կուսակցության չպատկանողը։

 

Ավելի լավ է՝ մաքրեք խորանը

Վաշինգտոն Հեյթսի Սուրբ Խաչում,

Չափից շատ արյուն ու մեղք է այնտեղ։

bottom of page