top of page

Պատկերազարդ ինքնություն. Հարություն Թումաղյանի ուղին դեպի ազդեցիկ մանկական գրքերի ստեղծումը

Հանդիպեք Հարություն Թումաղյանին՝ բազմակողմանի նկարազարդող, հեղինակ, կոնցեպտուալ արտիստ և մեր 2023 Creative Armenia-AGBU Fellow

Սեպտեմբերի 1 2023թ. |  հեղ.` Creative Armenia

Harutyun Tumaghyan_Profile.jpg

Հարություն Թումաղյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Ծանոթացեք Հարություն Թումաղյանին՝ 2023 Creative Armenia-AGBU Fellow, Հայաստանցի նկարազարդող, հեղինակ և կոնցեպտուալ արտիստ: Նրա գեղարվեստական ճանապարհորդությունը սկսվել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում և զարգացել է Լոնդոնյան Արվեստի Թագավորական Քոլեջի ամառային դպրոցում ուսանելու միջոցով: Հետագայում Հարությունի ստեղծագործական տեսլականը ավելի է հարստանում ճարտարապետ-քաղաքաշինության մագիստրոսի կոչումով։ Տարիների ընթացքում նա նկարազարդել է բազմաթիվ կրթական և մանկական պատկերազարդ գրքեր՝ համագործակցելով Հայաստանի, Ուկրաինայի, Չեխիայի և Գերմանիայի հրատարակիչների հետ: Ներկայումս նրա աշխատում է «Սևանիկ» մանկական գրքի վրա, որը անդրադառնում է բնության, ընկերության և անհատականության թեմաներին, կախարդական հեքիաթային աշխարհում:

Վայելեք մեր բացառիկ հարցազրույցը Հարություն Թումաղյանի հետ, որտեղ նա կներկայացնի իր դինամիկ գեղարվեստական ​​կարիերան, անզիջում արժեքները, որոնք սնուցում են և՜ իր ստեղծագործական, և՜ հայկական արվեստի ու մշակույթի ապագայի տեսլականը:

Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք ձեր վիզուալ նկարիչ դառնալու ճանապարհը։

Վիզուալ արվեստի իմ լեզուն անցել է կայացման շատ երկար և բազմազան ճանապարհ։ Ինչպես հայտնի է, ամեն բան սկսվում է մանկությունից և միջավայրից՝ ընտանիքը, դպրոցը և իհարկե նկարչական դպրոցը՝ որտեղից էլ սկիզբ առավ իմ մասնագիտական գործունեության ճանապարհը։ Հետո արդեն, ԲՈՒՀ-ում ուսումնասիրեցի ճարտարապետություն և գրաֆիկա։ Վիզուալ պատումներում ինձ համար շատ կարևոր էր հասկանալ նյութը, նյութի հետ աշխատանքը, և նաև սկզբունքային էր թվային աշխարհում չհրաժարվելը ֆիզիկական նյութերից՝ ներկեր ու կավագործություն, զոդում ու  էմալապատում: Մատերիայի հետ աշխատանքը ավելի իրական և «շոշափելի» է դարձնում այն երազանքները ու պատումները, որոնք ուզում ես բարձրաձայնել։ 

Անիմացիան ու խաղերի աշխարհը իմ կյանք մտան դեռ ուսանողական տարիներից, երբ հասկացա, որ շարժումը դինամիկ վիզուալ արվեստում ինձ գերում է և մեծ հնարավորությունների հորիզոն է ստեղծում, որպես հանդիսատեսին պատմելու ու ներկայացնելու գործիք։ Պատումը շարժում է, և իմ նպատակն էր վիզուալ լեզվով պատմել ինչ որ բան։  

Հմտանալով բազմաթիվ գործիքներին և իրացնելով տարբեր վիզուալ մեթոդներ անցում կատարեցի անիմացիոն ստուդիաներից դեպի մանկական նկարազարդ գրականություն, խաղերից մինչև ժամանակակից գրականություն, և հետագայում կրկին վերադարձ կատարեցի ուրբան պլանավորմանը։ Այս բազմաբնույթ գործունեության սինթեզը օգնում էր ավելի լավ հասկանալ այն միջավայրը և կերպարները, որոնք ստեղծում էի իմ վիզուալ պատումներում։ 

«Ինձ ամենից շատ ոգեշնչում է բազմաշերտ  և միջոլորտային համագործակցությունը...»

Պատմեք ձեր ստեղծագործական ոգեշնչումների և դրանցից քաղած դասերի մասին:

Ես, որպես արվեստագետ ձևավորվել եմ մշակութային և քաղաքական շատ բարդ, անցումային և ճգնաժամային շրջանում։ Բոլորիս առջև շատ հստակ և հասկանալի կերպով ուրվագծվում էր մեր բարդ անցյալը, որը իսկապես ցանկանում էինք թողնել անցյալում՝ բերելով նոր կյանք և նոր արժեքներ։ 

Սրանք պայքարի փոփոխությունների և նորարարության փնտրտուքների տարիներ էին և կայացման հենց այս շրջանը դարձավ կարևորագույն հիմքը, որը մշտապես դրսևորվում է իմ վիզուալ արվեստում և արտահայտվում է մշակութային և հումանիտար հիմնախնդիրների հարցադրմամբ։ Ինձ համար շատ կարևոր է, թե ինչի մասին է վիզուալ պատումը, ինչ է այն ամփոփում, քննարկում, քննադատում կամ խնդրականացնում։ Տարատեսակ ոլորտի իմ գործընկերների հետ, քաղհասարակության ներկայացուցիչներից մինչև մշակութային գործիչներ, ես մշտապես փորձում եմ արվեստի միջոցով ջատագովել ժողովրդավարության համար պայքարը, վիզուալ լեզվով բարձրաձայնել մարդու իրավուքնների և ազատության մասին։

Այս ամենի համատեքստում անչափ կարևորում եմ ճարտարապետական և քաղաքային պլանավորման իմ դասական կրթությունը, որը ստացել եմ Ճարտարապետական համալսարանում։ Նկարազարդողի և ռեժիսիորի իմ գործունեությանը զուգընթաց, նաև ներգրավված եմ բազմաթիվ ուրբանիստական նախագծերում և չնայած հետագա բոլոր տրասնֆորմացիաների, ճարտարապետական կրթությունը շատ կարևոր հիմք է ինձ համար, որն օգնում է խորքային կերպով հասկանալ քաղաքը, միջավայրը, տարածության հետ մարդու հարաբերությունը և լիարժեք փոխանցել այս ամենը վիզուալ արվեստի լեզվով։ 

Ինձ ամենից շատ ոգեշնչում է բազմաշերտ  և միջոլորտային համագործակցությունը, որն օգնում է բացել նոր հորիզոններ և այլ տեսանկյունից հարցադրել մեզ ծանոթ երևույթները։ Տարատեսակ ձևաչափերում ճարտարապետների, ուրբանիստների, գրողների, անիմատորների, մարդաբանների, մշակութաբանների հետ աշխատանքը տալիս է երևունթերի մասին խորքային, բազմաշերտ ընկալում և ստիպում է նորովի պատասխանել մշակութային ու սոցիալական մի շարք հիմնահարցերի։ 

Ձեր կարիերայի ընթացքում աշխատել եք ավելի քան 20 ուսուցողական, պատկերազարդ մանկական գրքերի շուրջ՝ համագործակցելով հայ, ուկրաինական, չեխական և գերմանական հրատարակչությունների հետ: Ինչպե՞ս եք ամեն գրքի համար հստակ վիզուալ ոճ մշակում:

Դեռ ուսանող էի, երբ մասնակցեցի մի փոքրիկ մրցույթի, որտեղ ստացա հնարավորություն նկարազարդելու «Քաջ Նազար» անիմացիոն գիրքը։ Այդ նախագծի շրջանակներում գիտակցեցի թե ինչ մեծ պատասխանատվություն է իմ առջև դրված։ Չափազանց բարդ էր ստեղծել նոր լեզու և նոր մոտեցում, երբ նախքան քեզ նույն ստեղծագործությունը բազում արվեստագետներ նկարազարդել են ամենատարբեր ձևերով։ Մեծ պատասխանատվության ներքո մեր թիմը փորձեց համատեղել անիմացիան և թվային գիրքը՝ տեքստը և պատկերը ինտերակտիվ հարթությունում։ 

Այս նախագիծը և փորձառությունը օգնեց հասկանալ, որ վիզուալ պատումը չի կարող ապրել առաց տեքստի և գաղափարի, և նկարազարդ գրքերը դարձան իմ ինքնարտահայտման լավագույն տիրույթը, որտեղ յուրաքանչյուր տեքստ օգնում է ձևավորել յուրահատուկ վիզուալ լեզու, որն էլ իր հերթին դարձնում է պատումը առավել կեդանի և շարժուն։ Բազմաթիվ փառատոնների և նախագծերի շրջանակներում հնարավորություն եմ ունեցել համագործակցելու գրողների և հրատարակիչների հետ աշխարհի ամենատարբեր անկյուններից։

Ստեղծագործական ուղղու այս բոլոր մարտահրավերները շարունակ փոխել են իմ ձեռագիրը, օգնել են հղկել և հարստացնել այն՝ հնարավորություն տալով մշտապես լինել հետաքրքիր և ինքնատիպ։  Յուրաքանչյուր հրատարակիչ ունի իր պատկերացումները, ընկալումը, և ամենակարևորը մշակութային հիմքը, և այս ամեհը իհարկե հաշվի են առնվում ստեղծագործական պրոցեսում։ 

Այժմ աշխատում եք «Սևանիկ» մանկական պատկերազարդ գրքի վրա, որը հետագայում նույնպես ցանկանում եք վերածել ֆիլմի՝ ուսումնասիրելով բնության, բարեկամության և անհատականության հասկացություններ: Ի՞նչը ձեզ գրավեց այս պատմության մեջ: Որո՞նք են այն կարևոր դասեր, որ ընթերցողները կքաղեն գրքից:

Եվրոպական տարբեր երկրների գրողների ու հրատարակիչների հետ համագործակցելու արդյունքում, ինձ համար նկատելի էր, որ այդ երկրներում կան բազմաթիվ թեմաներ որոնք պատկերազարդ գրականության տեսքով ներկայացված են և արդեն իսկ դարձել են կրթական ծրագրի մաս։ Ցավոք մեր երկրում  նոր-նոր են ի հայտ գալիս այն մանկակար գրքերը, որ բարձրաձայնում են միջավայրի, բնապահպանության, երեխաների հավասար իրավունքների ու սովորելու պայմանների, կանանց և փոքրամասնությունների իրավունքների, և այլ թեմաներ։  «Սևանիկ» գիրքը և անիմացիան այս կարևոր հիմնահարցերին անդրադառնալու մեր փորձն է։

«Սևանիկ»-ը յուրահատուկ  հնարավորություն է մեկտեղելու ինձ հուզող մի քանի  առանցքային խնդիրներ, որոնց անդրադարձել եմ և որոնք բարձրաձայնել եմ երկար տարիներ։ Բնությունը, բնության ընկալումը և մարդու կենսագործունեության արդյունքում շրջակա միջավայրի վնասումը առաջնային թեմաներն են, որ պատկերվում են գրքում և անիմացիոն ֆիլմում: Այս աշխատանքը նպատակ ունի նաև միջազգային հանդիսատեսի համար հանրահռչակել Սևանա լիճը, իր կենդանական աշխարհը և շրջակա բնաշխարհը, որպես ամբողջ երկրի և տարածաշրջանի մշակութային հիշողության, ավանդույթների, լեգենդների և պատումների ամբողջացում։ «Սևանիկում» առանձին և շատ կարևոր թեմա է բազմազանությունը. գլխավոր հերոսը, որը ունիկալ և տարբերվող առասպելային կերպար է, փորձում է ինտեգրվել այն միջավայրում որտեղ ծնվել է։ 
 

"Յուրաքանչյուր մարդ ի վերջո բախվում է չընկալված, չընդունված և մեկուսացված դառնալու խնդրին։ «Սևանիկը» խնդրականացնում է այս սոցիալական ու հոգեբանական հիմնահարցերը․․․"

Սցենարի հեղինակ Արմեն Հայաստանցու(Արմեն Օհանյան) հետ, գրքում փորձում ենք բացել անհատի և միջավայրի փոխհարաբերման բարդ թեման, փոխըմբռնման, ընկալման և համախմբման հարցերը։ Այսօր բազմազանության ընդունումը և ինտեգրումը համընդհանուր խնդիր է, քանի որ հանրությունը դառնում է առավել փակ և բևեռացված, դուրս է մղում և չի ընդունում, օտարին, այլին և ուրիշին։

Արդյունքում յուրաքանչյուր մարդ ի վերջո բախվում է չընկալված, չընդունված և մեկուսացված դառնալու խնդրին։ «Սևանիկը» խնդրականացնում է այս սոցիալական ու հոգեբանական հիմնահարցերը և ցույց է տալիս հանրային վախերի, տաբուների և կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։  Ընդհանուր առմամբ  «Սևանիկը» առողջ միջավայրի մասին է , որտեղ հնարավոր է բազմազանությունը և համակեցությունը

 Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow, իսկ հետագայում՝ որպես Հայաստանի ստեղծագործ դեսպան:

 

Ժամանակակից աշխարհում ծայրահեղ բարդ է մշակութային նախագծի ստեղծման համար ստանալ որևէ աջակցություն: Առավել բարդ է դառնում, երբ մեր լոկալ արվեստագետները փորձում են հանրահռչակել հայաստանյան խնդիրները և ինտեգրել իրենց ստեղծագործությունները միջազգային մշակութային համակարգում: Այդ առումով  Creative Armenia-ի դերն անգնահատելի է և ես անչափ շնորհակալ եմ, որ Creative Armenia-ն կարևորել է իմ ստեղծագործական գործուներությունը և հնարավորություն է տվել իրականություն դարձնել «Սևանիկ» գիրքը: Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է աշխատել հայաստանյան  նուրբ  ու զգայուն թեմաների շուրջ, բարձրաձայնել դրանք, իրազեկել դրանց մասին և կրթության միջոցով հաղթահարել դրանք։ 

 

Այս նախագիծը շատ կարևոր և դժվարին ուղղու առաջին քայլերից է և կարծում եմ, որ համատեղ ջանքերի միջոցով կկարողանանք հրատարակել Սևանիկի պատմությունը և հասանելի դարձնել այն հայաստանի ու աշխարհի երեխաների համար։ Վստահ եմ, որ համագործակցային և նվիրված աշխատանքի միջոցով, մշակույթի և արվեստի ազդեցիկ լեզվով, մենք կհաջողենք հաղթահարել արդի խնդիրները և կկարողանանք գրավել նոր հորիզոններ։

bottom of page