top of page

«ՓAST»-ի աճը. Վահան Ստեփանյանը ստրատեգիկ ոգի է գտնում Բելգիայում

Լուսանկարիչ և 2023 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության մասնակից Վահան Ստեփանյանը հստակեցրել է իր ընթացիկ ֆոտոարխիվային «ՓAST» նախագծի ստեղծագործական ուղղությունը և կլանել Բրյուսելի բուռն մշակույթը

Մարտի 28, 2024թ. |  հեղ.` Creative Armenia

Vahan Stepanyan_small.png

Վահան Ստեփանյան, 2023թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից

Վահան Ստեփանյանի Բրյուսելում գտնվելու ժամանակ կախարդական բան է տեղի ունեցել: Մինչ լուսանկարչի, մեկամսյա կացության համար, Վիլա Էմպեն մեկնելը «ՓAST» ֆոտոարխիվային շարքի ինստագրամյան էջն ուներ շուրջ 2000 հետևորդ: Երեւան վերադառնալուն պես էջը առանց գովազդների աճեց՝ հասնելով 11000-ի և դա պատահականություն չէ:

Բացահայտեք այս թվերի գաղտնիքը և այլ մանրամասներ 2023 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության մասնակից, լուսանկարիչ և Rambalkoshe-ի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ բացառիկ հարցազրույցում:

Վերջերս ավարտեցիք ձեր East-West Residency ստեղծարար կացությունը Բրյուսելի Վիլա Էմպենում: Պատմեք ձեր փորձառության նշանակալից դրվագների մասին:

Ամենակարևորը ժամանակն էր, որն ապրելով Հայաստանում մեզ այդքան չի հերիքում. վերջապես ինչ-որ մտքեր իրար հավաքելու և շատ կարևոր գեշտալտներ փակելու ժամանակը։ Ի վերջո, դեպի ապագան նայելու մի փոքր հնարավորություն ունենալու ժամանակը, ինչը նույնպես ապրելով Հայստանում չենք էլ հասցնում։ 

 

Եվ, իհարկե, խոհանոցի ապակյա կտուրը և կողքի անտառը աննկարագրելի էին։

«Տեսնել, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց պատմությանը, իրենց արվեստին, մարդկանց, ովքեր այդ ամենը ստեղծել ու պահպանել են։ Տեսնել, թե դարերի ընթացքում իրենց բաժին հասածը ինչ զգուշությամբ են պահպանում ու ներկայացնում մարդկանց։ Դա մի քանի դասագիրք ու մի քանի համալսարան արժեր

Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում եղե՞լ է որևէ կոնկրետ փորձառություն, գաղափար կամ պահ, որը երկարատև տպավորություն է թողել ձեզ վրա: Ինչպե՞ս է հենց այդ տպավորությունն ազդել ձեր ստեղծագործական ընթացքի կամ նախագծի վրա, որի վրա աշխատում էիք:

Վիլա Էմպենում մեկ ամիս գտնվելու ընթացքում աշխատում էի «ՓAST» նախագծի վրա։ Շատ էի ուզում գտնել այն ձայնի տոնայնությունը և առանցքային ասելիքը, որով ես, իմ ընկերները, նախագծի աջակցողներն ու միաբան մարդիկ կկարողանային ուրիշներին պարզ բացատրեին, թե ինչի մասին է այն, ինչով է տարբերվում այլ նախագծերից և ինչու է այն կարևոր։ 

Ինձ մոտ շատ լավ տպավորվել է այն պահը, երբ կարողացա այդ ամենը բացատրող մտքի բոլոր բառերը ճիշտ հերթականությամբ շարել իրար հետևից և նախադասություն դարձնել։ Սա փաստացի աշխատեց ու բերեց իմ ուզած արդյունքին։

Ինչպես նշեցիք, Վիլա Էմպենում գտնվելու ժամանակ շարունակեցիք աշխատել «ՓAST» նախագծի վրա՝ նպատակ ունենալով թվայնացնել հայերի և աշխարհասփյուռ հայ լուսանկարիչների վինտաժ լուսանկարների եզակի հավաքածուն: Ի՞նչ առաջընթաց եք գրանցել կացության ընթացքում:

Վերջապես կարողացա կառուցել նախագծի անելիքները և այն կիսել փուլերի։ Առաջին փուլը այնպես նախագծեցի, որ Ինստագրամում մարդիկ իրար պատմելով շարունակաբար էջը զարգացնեն թե՛ հետևորդների առումով, և թե՛ հետաքրքրության։ Սա միանշանակ ստացվեց։ Երբ մեկնում էի Բրյուսել, նախագծի ինստագրամյան էջը ուներ մոտ երկու հազար հետևորդ։ Հիմա տասնմեկ հազարից ավել է և առանց գովազդի ամեն օր աճում է։

Պահեր Վահան Ստեփանյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությանից

Որպես արվեստագետ և ստեղծագործ առաջնորդ, ձեր կարիերան ներառում է բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ, ինչպիսիք են PAN Photo Agency-ի համահիմնադրումը և Rambalkoshe-ի հիմնումը: Ինչպե՞ս է Բրյուսելյան մեկամսյա կացությունը ազդել ձեր ստեղծագործական գործունեության մոտեցման վրա՝ լինի արվեստի, թե առաջնորդության մեջ:

Իմ այցելությունները դեպի այն բոլոր թանգարանները ու արխիվները ոչ միայն Բրյուսելում, այլև Բելգիայի մի քանի այլ քաղաքներում անգնահատելի փորձառություն էր։ Տեսնել, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց պատմությանը, իրենց արվեստին, մարդկանց, ովքեր այդ ամենը ստեղծել ու պահպանել են։ Տեսնել, թե դարերի ընթացքում իրենց բաժին հասածը ինչ զգուշությամբ են պահպանում ու ներկայացնում մարդկանց։ Դա մի քանի դասագիրք ու մի քանի համալսարան արժեր։

bottom of page