top of page

Լեզվին նոր ձև հաղորդելը

Լուսինե (Լյուսի) Կիրակոսյանը՝ մշակութային հիշողության, ինտերակտիվ արվեստի և հայոց այբուբենի վերափոխման մասին։

Հոկտեմբերի 23, 2026թ. |  հեղ.` Creative Armenia

MacBook-Pro-14_---12.png

Լուսինե (Լյուսի) Կիրակոսյան, 2025 Creative Innovation Fellow

Աշխատելով դիզայնի, ձայնի, լույսի և ինտերակտիվ մեդիայի ոլորտներում՝ ստեղծարար տեխնոլոգիաների մասնագետ և 2025 Creative Innovation Fellow Լուսինե (Լյուսի) Կիրակոսյանը ծանոթ մշակութային ձևերը վերածում է նոր թվային փորձառությունների։ Նա պատմում է «LEZU» նախագծի պատմության, հայոց այբուբենի՝ որպես փորձարկման և կապի միջոցի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաներն ընդլայնում նրա գեղարվեստական ​​լեզուն։

Պատմեք մի փոքր ձեր անցած ուղու մասին և թե ինչպես արվեստը, դիզայնն ու տեխնոլոգիաները մուտք գործեցին ձեր կյանք։

​

Ես միշտ հետաքրքրվել եմ կերպարվեստով, իսկ նկարչությունը սիրել եմ դեռ վաղ տարիքից։ Սկսել եմ ինդուստրիալ դիզայն սովորելով, որտեղ կերպարվեստը նույնպես կրթության կարևոր մասն էր։ Հետագայում աշխատել եմ որպես գրաֆիկ և պրոդուկտ դիզայներ, ապա անցել եմ ստեղծագործական տեխնոլոգիաների ոլորտ, որտեղ բացահայտեցի հնարավորությունների մի ամբողջ նոր աշխարհ, հատկապես ինտերակտիվ փորձառությունների և այնպիսի գործերի տեսքով, որոնք ես անվանում եմ «թվային քանդակներ»։

​

Ինձ միշտ գրավել է զրոյից ինչ-որ բան ստեղծելու կամ որևէ խնդրի լուծում գտնելու գաղափարը։ Ոգեշնչվում եմ առօրյա կյանքից՝ մարդկանցից, շրջապատից, նույնիսկ եղանակից։ Գաղափարներն ինձ մոտ գալիս են անընդհատ, և երբեմն դրանք մնում են պարզապես գաղափարներ։ Վերջին շրջանում աշխատանքներս ավելի սերտորեն են կապված մշակույթի և համագործակցության հետ։

​

Ինձ գրավում են պարզ ձևերն ու տարրերը, ինչպիսիք են լույսը, գույնը և ձայնը։ Մութ տարածքում դրանց համադրումը ստեղծում է ընկղմման լրացուցիչ շերտ և փոխում է այն, թե ինչպես ենք մենք դրանք ընկալում։ Ինձ ամենից շատ հետաքրքրում է այնպիսի գործեր ստեղծելը, որոնց հետ մարդիկ կարող են կապ հաստատել յուրովի՝ մի բան, որը հույզեր է արթնացնում և տեղ է թողնում անհատական մեկնաբանության համար։ Ինձ համար ստեղծագործելու ամենաարժեքավոր պահերից մեկն այն է, թե ինչպես են մարդիկ ընկալում իմ աշխատանքը և ինչպես են արձագանքում դրան։

«Երազում եմ, որ տեխնոլոգիաները շարունակեն օգնել մեզ կյանքի կոչել մեր գաղափարները, հատկապես նրանք, որոնք ժամանակին անհնարին էին թվում։»

Ինչպե՞ս անցաք դիզայնից դեպի ավելի փորձարարական աշխատանք, որով հիմա զբաղվում եք։

​

Կարծում եմ՝ դիզայնը և փորձարարական աշխատանքը դեռևս միասին գոյություն ունեն իմ պրակտիկայում։

Ես դիզայն եմ անում առօրյա օգտագործման համար, մինչդեռ իմ փորձարարական աշխատանքն ինձ համար ավելի անձնական բան է, և ես սիրում եմ այն կիսել մարդկանց հետ։

​

Ինձ ոգեշնչում են այնպիսի արվեստագետներ, ինչպիսին Էս Դևլինն է։ Ես հիացած եմ նրանով, թե ինչպես կարող են պարզ առարկաները վերափոխվել լույսի և պրոյեկցիայի միջոցով։ Ինձ հատկապես գրավում են մութ միջավայրերը, որտեղ կարելի է խաղալ լույսի, ձևերի և հեռանկարի հետ՝ ստեղծելով մոգական մի բան։ Ահա թե ինչն է ինձ շարունակում ձգել դեպի փորձարարական աշխատանքը։

Fellowship-ի ընթացքում դուք շարունակել եք զարգացնել ձեր «LEZU» նախագիծը։ Կպատմե՞ք, թե ինչ է «LEZU»-ն և որտեղից առաջացավ գաղափարը։

​

Գաղափարը ծնվեց Նյու Յորքում ապրելու փորձառությունից․ այնտեղ ես հասկացա, որ իմ հանդիպած մարդկանցից շատերը Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեն։ Միաժամանակ, իմ երկիրը բարդ քաղաքական իրավիճակում էր (2023 թ․), և ես անընդհատ մտածում էի, թե ինչ կարող եմ անել ես՝ որպես արվեստագետ։ Հայաստանում ապրելուց հետո Նյու Յորք տեղափոխվելն ինձ ստիպեց գիտակցել, թե որքան կարևոր է մշակույթի միջոցով կապեր ստեղծելը։ Խոսքը ոչ միայն սեփական մշակույթը ներկայացնելու, այլև մյուսների նկատմամբ հետաքրքրասեր լինելու, միմյանցից սովորելու և համագործակցության ուղիներ գտնելու մասին է։ Արվեստը կարող է միավորել բոլորովին տարբեր ծագում ունեցող մարդկանց, ովքեր ունեն ընդհանուր հետաքրքրություններ։ Երբ մարդիկ ճանաչում են միմյանց, հասկանում են միմյանց մշակույթն ու պատմությունը, նրանք սկսում են հոգ տանել միմյանց մասին և աջակցել իրար։

​

Ահա թե ինչպես առաջացավ «LEZU»-ի գաղափարը։ Ես ցանկանում էի ստեղծել մի բան, որը մարդկանց կծանոթացներ հայկական մշակույթին՝ միաժամանակ հրավիրելով նրանց մասնակցել և ներդնել իրենց սեփական տարրը։ Ես ընտրեցի հայոց այբուբենը և դրա 39 տառերը վերածեցի ինտերակտիվ աուդիովիզուալ գործիքի՝ կապելով յուրաքանչյուր տառ ձայնի և իրական ժամանակում գեներացվող վիզուալ պատկերների հետ։

​

Ես ուզում էի, որ «LEZU»-ն լինի մի բան, որը մարդիկ կարող են ստեղծագործաբար օգտագործել, այլ ոչ թե պարզապես դիտել։ Երաժիշտներն ու արվեստագետները կարող են համագործակցել դրա հետ, ներառել այն իրենց երաժշտության, ներկայացումների կամ ֆիլմերի մեջ, կամ նույնիսկ ուսումնասիրել այն գրավոր աշխատանքների միջոցով։ Ինձ համար նպատակը մշակութային փոխանակման մի տարածք ստեղծելն է, որտեղ մարդիկ կարող են կապ հաստատել և միասին ինչ-որ բան ստեղծել։

«LEZU»-ն տարբեր ձևեր է ընդունել՝ մինչ դուք շարունակում էիք զարգացնել և ներկայացնել այն։ Ինչպե՞ս է նախագիծը փոխվել իր զարգացման ճանապարհին։

​

Ամենամեծ փոփոխություններից մեկը տեղի ունեցավ, երբ հնարավորություն ստացա ներկայացնել «LEZU»-ն Բելֆաստում անցկացվող «Sonorities» փառատոնին։ Սկզբնապես նախատեսված էր, որ նախագիծը կներկայացվի որպես ֆիզիկական ինստալյացիա և փորձարարական երաժշտական գործիք, սակայն տեխնիկական պատճառներով չկարողացա անձամբ ներկայացնել այն։ Այնուամենայնիվ ուզում էի, որ մարդիկ զգան այն, ուստի մշակեցի վիրտուալ տարբերակ, որտեղ այցելուները կարող էին տառերը նվագել հպման ինտերֆեյսի միջոցով և տեսնել, թե ինչպես են դրանք հայտնվում և թրթռում մեծ էկրանին՝ ի պատասխան ձայների։ Սա նախագծի համար նոր ուղղություն բացեց, և ես շարունակեցի ուսումնասիրել դրա վիզուալ հնարավորությունները։

​

Օգոստոսին հնարավորություն ունեցա այս տարբերակը ներկայացնել այլ վիզուալ արվեստագետների հետ Նյու Յորքի Չելսիում գտնվող «Gallery AP Space» պատկերասրահում «Cubicten» ցուցադրության շրջանակներում։ Այս ցուցադրության համար ես ավելացրի խաղային վահանակ (ջոյստիկ), որը թույլ էր տալիս այցելուներին փոխել մեծ LED էկրանին ցուցադրվող տառերի դիտանկյունը՝ միաժամանակ փոխազդելով դրանց հետ հպումային վահանակի (touchpad) միջոցով։ Այն, ինչ սկզբում նախագիծը հեռավար ներկայացնելու լուծում էր, հետագայում դարձավ դրա զարգացման կարևոր մի մաս։ Իմ հաջորդ քայլը այս վիզուալ տարրերը ֆիզիկական գործիքին վերադարձնելն ու այդ երկու փորձառությունները միմյանց կապելն է։

Որո՞նք էին Creative Innovation Fellowship-ի ամենանշանակալի կողմերը ձեզ համար։ Ի՞նչ եք վերցրել դրանից։

​

Ամենանշանակալի կողմերից մեկը բազմաթիվ հետաքրքիր մարդկանց, հատկապես իմ մենթորների հետ ծանոթանալն էր։ Իրոք շնորհակալ եմ բոլոր զրույցների, կապերի և աջակցության համար։

​

Ֆինանսական աջակցությունը նույնպես շատ կարևոր էր։ Այն օգնեց ինձ շարունակել «LEZU»-ի, հատկապես դրա վիրտուալ տարբերակի զարգացումը, և ինձ ավելի շատ ազատություն տվեց փորձարկումներ անելու համար։

​

Կարծում եմ՝ ամենաշատը գնահատում եմ այն, որ հնարավորություն ունեցա զարգացնել իմ գաղափարները՝ շրջապատված լինելով մարդկանցով, ովքեր անկեղծորեն ցանկանում էին աջակցել այդ գործընթացին։

Ի՞նչ եք ծրագրում ուսումնասիրել հաջորդիվ՝ թե՛ «LEZU»-ի, թե՛ ձեր ընդհանուր ստեղծագործական գործունեության շրջանակներում։

​

Ես դեռ զարգացնում եմ ֆիզիկական գործիքը և աշխատում եմ «LEZU»-ի հաջորդ փուլի վրա։ Հատկապես հետաքրքրված եմ ուսումնասիրելու դրա շրջակա միջավայրը, մասնավորապես՝ պրոյեկցիան (լույսի աղբյուրները) և այն, թե ինչպես դա կարող է դառնալ փորձառության մի մաս։

​

Նաև նախատեսում եմ համագործակցել և ելույթ ունենալ այլ արվեստագետների հետ։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես կարող է նախագիծը զարգանալ, երբ այլ մարդիկ բերեն իրենց սեփական մոտեցումներն ու մեկնաբանությունները։

Ինչպե՞ս եք պատկերացնում տեխնոլոգիաների դերն արվեստի և ստեղծագործական աշխարհի ապագայի ձևավորման գործում։ Ունե՞ք արդյոք երազանքներ այն մասին, թե դրանք ուր կարող են մեզ տանել։

 

«LEZU»-ն ստեղծելիս հաճախ էի մտածում Մեսրոպ Մաշտոցի և այն մասին, թե ինչպես հայոց այբուբենը, որը ստեղծվել է մոտ 405 թվականին, օգնեց պահպանել մեր լեզուն ու մշակույթը։ Ես պատկերացնում էի, որ գուցե 100 տարի անց ինչ-որ մեկը բացահայտի «LEZU»-ն և տեսնի նույն այդ տառերը՝ ներկայացված այլ ձևաչափով՝ հնչյունների, երաժշտության և տեսողական պատկերների միջոցով։

​

Տեխնոլոգիաները վաղուց են արվեստի մաս կազմում․ էլեկտրոնային հնչողության հետ կապված առաջին փորձարկումները սկիզբ են առել դեռևս 19-րդ դարի վերջին, իսկ էլեկտրոնային երաժշտությունը զարգացում է ապրել 20-րդ դարի ընթացքում։ Այսօր արհեստական բանականության, վիրտուալ իրականության և այլ տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություններն էլ ավելի արագ են ընդլայնվում։ Սակայն հույս ունեմ, որ մենք միշտ կպահպանենք մարդկային ներկայությունը։ Ինձ համար ամենահետաքրքիրը մարդկանց և տեխնոլոգիաների փոխազդեցությունն է։ Նույնիսկ այնպիսի պարզ մի բան, ինչպիսին է ձեռքդ առարկայի վրայով անցկացնելը և լույսի արձագանքը տեսնելը, ինձ համար ոգևորիչ է։ Երազում եմ, որ տեխնոլոգիաները շարունակեն օգնել մեզ կյանքի կոչել մեր գաղափարները, հատկապես նրանք, որոնք ժամանակին անհնարին էին թվում։

Եվ վերջում՝ արդյոք սպասվո՞ւմ են ցուցահանդեսներ կամ այլ հնարավորություններ, որոնց միջոցով հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ ձեր աշխատանքներին։

​

Այո, ներկայումս պլանավորում եմ նոր հնարավորություններ՝ 2027 թվականին իմ աշխատանքը ներկայացնելու համար։ Հստակ ամսաթվեր դեռ չկան, բայց ես փոքր քայլերով շարժվում եմ դեպի հաջորդ ցուցադրությունը և, անշուշտ, ավելի մանրամասն կպատմեմ, երբ ամեն ինչ հաստատվի։

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page