Ուրվականը դաշնամուրի դիմաց. Տիգրան Համասյանի վաղնջական կանչը
Գյումրեցի ջազ-ֆենոմենը գրեթե 30 տարեկան է, բայց ձգտում է 2,000-ի։
Հունիսի 6, 2017 | հեղ.` Քրիստոֆեր Ադամյան
«Բարեբախտաբար, թրեշ-մետալի կորուստը ջազի օգուտը եղավ»:
Ջոն Լուիս
«Ամբողջ երաժշտությունն էլ ժողովրդական է։ Հեչ լսած կա՞ս, որ ձին երգ երգի»:
Լուի Արմսթրոնգ
Դաշնամուրին կռացած, սեւ երկար բաճկոնով ու երկար մազերով, ըստ վիճակի՝ ծորուն կամ ստակատոներով բեկբեկվող նվագով՝ Տիգրան Համասյանն ասես մի թռչնապատկեր լինի, որ կախված՝ կենսատու շունչ է հաղորդում իր ստեղներին։ Առաջին ակորդները թրթռում ու արձագանքում են՝ ինչպես քարի անվերջ ճողփյունը լճի հայելու վրա։ Հանկարծ դուրս է թռչում թեթեւ մի հառաչ, ու նա կերպափոխվում է հափշտակված թմբկահարի։ Վայելչության ու գաղտնիքի մթնոլորտում՝ ռիթմագար այս ալքիմիկոսը փղոսկրյա տանիքին հորդառատ անձրեւի թակոցի թափ առնող արագությամբ վերուվար է անում ստեղնաշարի երկայնքով։ Ռիթմերն անվերջ վարիացիաներով մեղմ «գլիսանդոյից» փոխվում են հարդ-ռոքի ու նրբաոճ դասական ռիֆերի։ Կաթիլը դառնում է շառաչուն ջրվեժ ու դարձյալ հետ մարում կաթիլի։ Եվ վերջում փոթորկի այդ ամպերը քեզ՝ դյութահարվածիդ, տեղափոխում են վաղնջական մի վայր՝ ե՛ւ մութ, ե՛ւ լուսավոր։
Տիգրան Համասյանի համերգը Գյումրիում։
Արեւմտյան Հայաստանում համերգային շրջագայության ընթացքին Կարսում արված մի լուսանկարում դաշնակահարն ասում է. «Իմ ընտանիքի նախնիներն այստեղից են»[1]։ Սա պարզ մի փաստ է, որը հասնում է ոչ միայն նախացեղասպան մեր արմատներին, այլեւ սեփական իսկ երաժշտական հիմքերին։ Համասյանը ծնվել է 1987 թվականին հարուստ պատմություն ունեցող Գյումրի քաղաքում։ Հայաստանի հյուսիսում թուրքական սահմանին մոտ ընկած նախկին Ալեքսանդրապոլը հնում Մետաքսի ճանապարհի կարեւոր կայաններից էր եւ, չնայած 1988 թվականի ավերիչ երկրաշարժին, որը քաղաքի մեծագույն մասը հավասարեցրեց գետնին, շարունակում է մնալ աշխույժ մշակութային կենտրոն[2]։ Համասյանը հասակ է առել ստեղծագործական միջավայրում։ Նրա հայրը ոսկերիչ էր, իսկ մայրը՝ հագուստի դիզայներ։ Թեեւ երաժշտական դպրոց սկսել է հաճախել Հայաստանում, այս հրաշամանուկը հետո անցել է աստանդական կյանքի՝ ընտանիքի հետ տեղափոխվելով Լոս Անջելես, մինչեւ որ վերջերս վերադարձել է Հայաստանի մայրաքաղաք՝ բնակության։ 16 տարեկանում նա, իբրեւ դաշնակահար, Մոնտրյո քաղաքի (Շվեյցարիա) ջազի հեղինակավոր փառատոնում արժանացել է քննադատների մրցանակին, որն առաջինն էր գալիք բազում պարգեւների շարքում։ Դրանից հետո համերգներով շրջագայել է աշխարհով մեկ եւ անդադար ձայնագրվել։ Նրա ութերորդ ալբոմը՝ An Ancient Observer («Վաղնջական դիտորդ») ձայներիզը, լույս է ընծայվել այս տարվա մարտին եւ նրա խոշորագույն ու ամենաընդգրկուն ստեղծագործությունն է ցայսօր։
Համասյանին ես առաջին անգամ հայտնաբերել եմ տարիներ առաջ՝ Բրուքլինի եկեղեցիներից մեկում նրա «իմերսիվ» կատարումներից մեկի ժամանակ։ «Սեր առաջին հնչյունից» դա չես անվանի։ Հիշում եմ նույնիսկ, թե ինչ անցավ մտքովս՝ «Հոգեւոր երաժշտություն՝ սինթեզատորով։ Եւ ի՞նչ մի մեծ բան…»։ Նրա ամբողջ վիրտուոզությամբ հանդերձ՝ ես չըմբռնեցի, թե Համասյանին ինչն էր առանձնացնում տաղանդավոր կատարողների հոծ բազմությունից, որոնք արդեն մեծ հաջողությունների էին հասել ջազի, ռոքի եւ ֆոլքի միաձուլման արվեստում։ Բայց ես աներեւակայելի սխալ էի ու գիտակցելու էի դա շատ ուշ՝ նրա 2015 թ. «Mockroot» ալբոմի թողարկումից հետո միայն։
Ունկնդրե՛ք «Երգ Մելանին եւ Ռաֆիկին» ստեղծագործությունը:
Mockroot-ի ոճական խառնուրդը պարզապես շշմեցնող է։ Վերցնենք թեկուզ երկրորդ գործը՝ «Երգ Մելանին եւ Ռաֆիկին»։ Այն սկսվում է կանացի երգեցողությամբ, որին վոկալ կոնտրապունկտով սկսում են պատասխանել այլ ձայներ։ Օդը սկզբում ինտելեկտուալ է՝ կրկնվող ֆրազներով, պոստմոդեռնիստական (հիշեցնելով Ֆիլիպ Գլասին), բայց շատ չանցած՝ այս ամբողջը սկսում է ձեւավորել սրբազնականի մի զգացողություն՝ նման դեկոնստրուկցիայի ենթարկված գրիգորյան տաղի։ Համասյանի կողմից սաքսոֆոնի, հարվածայինների, ստեղնայինների եւ բասային ուղեկցության գործածությունը թույլ չի տալիս, որ գործը դառնա միալար կամ կրկնվող։ Ալբոմի վերջին երկու ստեղծագործությունները՝ «The Grid» եւ «Out of The Grid», շատ ավելի էկլեկտիկ են ու հոգեպարար, եւ ուրախ բեբոփի տարրերը միախառնում են այնպիսի երգերի ու ձայների հետ, որոնց անմիջապես արձագանքում են մերձավորարեւելցիներն ու հայերը՝ որպես միեւնույն երաժշտական ԴՆԹ-ի կրողներ։ Կոկորդային ջենթ-անման հառաչանքները հիշեցնում են արաբա-անդալուզական եղերերգի ու պորտուգալական ֆադուի արնածածան կանչերը՝ կարծես ներկա լինես դեպի սգո գիրկը մեկի գահավիժումին։ Էֆեկտը դրամատիկ է ու սպասումնալից։ Համասյանին անհնարին է լսել իմիջիայլոց։ Դու միշտ եզրին ես, սպասում ես ռիթմի ու ոճի հաջորդ փոփոխությանը, նոր թեմայի մուտքին, դեպի թարմ՝ ուրախ կամ տխուր զգացմունքի տանող արագացմանը։
«Ես համարում եմ, որ սա ջազ է այն իմաստով, որ ես իմպրովիզներ եմ անում»,– ասում է Տիգրան Համասյանն իր գործի մասին։ «Բայց լեզուն, որը փորձում եմ օգտագործել հընթացս ստեղծագործելիս, բեբոփ չէ, այլ հայկական ժողովրդական երաժշտություն... Գնացեք Հայաստանի գյուղական շրջաններ ու տեսեք՝ մարդիկ ինչպես են երգում ու հանպատրաստից համաձայնեցնում-ներդաշնակում։ Ապշեցուցիչ բան է. կարծես ականատես դառնաս ինքնին երաժշտության ծննդին»[3]։ Նրա երաժշտությունն ինչ էլ կոչելու լինեք, Համասյանն այլեւս ծագող աստղ չէ ջազի աշխարհում։ Մոլորակի տարբեր ծայրերում մինչեւ վերջին տոմսը վաճառված դահլիճների առջեւ ելույթ ունենալով՝ նա մեծարանքի խոսքերի է արժանացել այնպիսի ականավոր անհատականությունների կողմից, ինչպիսիք են Չիք Քորեան եւ Հերբի Հենքոքը։ Վերջինս ասել է. «Տիգրան, դու արդեն իմ ուսուցիչն ես»։ Ինձ՝ աթեիստիս, Անի Դիֆրանկոյի եւ 80-ականների էլեկտրոնային երաժշտության սիրահարիս, Համասյանի երգերում մասամբ հուզում է նաեւ այն միտքը, որ դրանք Գյումրիից ծագող արվեստագետի անքակտելի մասն են՝ նրա կերած ուտեստները, նրա շնչած օդը։ Ի տարբերություն էքսպերիմենտալ ջազի մեծ մասի՝ դրանք երբեք չեն թողնում անմարմին ու անհաղորդ ինտելեկտուալ ճիգերի տպավորություն։
Սա կարող է նաեւ սահմանափակում լինել։ Լրջորեն առանձնանալով հանդերձ ժանրերի ու ավանդույթների միահյուսման ուրույնությամբ՝ չեմ կարծում, որ Համասյանն արդեն հասել է համաշխարհային մեծության։ Նա, անշուշտ, չի հասել ջազի հեղափոխության ֆանտաստիկ բարձունքներին, որին հասավ, ասենք Մայլզ Դեյվիսը 1969 թվականին իր «Bitches Brew» ալբոմով, եւ գուցե երբեք ինքնին ուղի չհարթի նոր շարժումների համար, ինչպես արեցին Ժան-Լյուկ Պոնտին կամ «Soft Machine» ու «Mahavishnu Orchestra» խմբերը։ Թե որքանով է դա կարեւոր, իհարկե, վիճելի հարց է։ Նոր շարժումների հիմքում հաճախ ընկած է լինում մաքրամոլությունը՝ իդեալ, որն ըստ ամենայնի՝ ավելի շատ վտանգավոր է, քան ճշմարիտ։
Այդուհանդերձ, կարծում եմ, որ լարվածության պակասը որոշակիորեն սահմանափակում է «Լույս ի լուսո» ձայներիզը, որը Համասյանը լույս է ընծայել 2015 թվականի վերջին՝ ի շարունակումն «Mockroot»-ի եւ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի։ Գովազդված լինելով իբրեւ հայկական 1,500-ամյա հոգեւոր երաժշտության ու պատմության վերագործարկ՝ ալբոմն ընդգրկում է ստեղծագործություններ, որոնք հիմնված են հայկական ժողովրդական ու հոգեւոր երաժշտության այնպիսի վարպետների գործերի վրա, ինչպիսիք են Կոմիտասը, Պահլավունին, Նարեկացին եւ Շնորհալին։ Երաժշտությունը ծանրաքայլ է ու վերամբարձ, ինչպես աղբյուր ստեղծագործություններն իրենք։ Նույնքան ազդված լինելով այսօրինակ հնչյուններով՝ որքան եւ ես՝ Համասյանը թերեւս կարող էր ավելի համարձակ լինել դրանք փոխադրելիս։ Բայց թեման կամ տեխնիկան փոխելու տեղը՝ նա, թվում է, միանգամայն բավարարված է «Լույս ի լուսո»-ի ռիֆերով դասականների թեմաների շուրջ։
«Մարկոս եւ Մարկոս». պաշտոնական տեսահոլովակ։ Անիմացիան՝ Նաիրա Մուրադյանի։
«An Ancient Observer» ալբոմը Համասյանի լավագույն կողմերի հայելին է։ Սա մի հարուստ, բազմաշերտ ձայներիզ է, որն ասես կառուցվում է նրա նախորդ ստեղծագործությունների վրա՝ միավորելով բազում-բազմազան ոճեր։ Երիզի առաջին ստեղծագործությունը կոչվում է «Մարկոս եւ Մարկոս», որը Համասյանի ամբողջ ստեղծագործական ուղու թերեւս ամենաուրույն հանգրվանն է, եւ հիմնված է պոլսահայ հանգուցյալ բանաստեղծ եւ մինիմալիստական ոճի վարպետ Զահրատի[4] կատակային մի պոեմի վրա։ Երաժշտությունը վարպետորեն վերարտադրում է ոտքերը լվանալու համար ծովափ գնացած եւ ընթացքում ընկնող աստղ տեսած երկու ընկերների՝ Մարկոսի ու Մարկոսի սիրտ խոցող գեղեցկությունն ու ծայր առօրեականությունը։ Գլխավոր ֆրազների կրկնությունը, ընդելուզված գուժկան ալիքներով ու ռիթմիկ տաղասացությամբ (գրեթե բարոկ մի մեղեդի, որ հիշեցնում է Վլադիմիր Կոսմայի «Սենտիմենտալ զբոսանք»-ը), ունկնդրին օրորելով ընկղմում է ռոմանտիկ անուրջների մեջ, մինչեւ որ ամբողջ կոմպոզիցիան հանգում է զվարթ ավարտի՝ արտացոլելով Զահրատի ուրույն պարզ զգացականությունը։
Ելան գացին ծով
ու փարոսին քով
Մարկոս ու Մարկոս
– երկուքն ալ Մարկոս –
ոտք կը լուային
– Տես, Մարկոս, ըսաւ
Մարկոս Մարկոսին
– Աստղ մը ինկաւ վար –
Մարկոս ծռեցաւ
Ծովուն մէջ – չիկար –
Սուտ ըսիր ըսաւ
Մարկոս Մարկոսին
Իրենց ոտքերը երբ որ չորցուցին
Փոքրիկ աստղ մը կար
Մարկոսի ոտքին
Թեեւ Մարկոսները բոլոր առումներով տարօրինակ զույգ են, Համասյանը հաջողացնում է բռնացնել պոեմի տոնն ու լսողին, ձեռքից բռնած, հասցնել այս հրաշալիորեն անօրինակ պատումի սրտի խորքը։ Սրան անմիջապես հաջորդում է «Cave of Rebirth» ստեղծագործությունը, որը ժամանակի ու տարածության միջով առաջնորդում է քեզ հոգեմաշ մի փնտրտուքի եւ կարող է հեշտորեն ծառայել իբրեւ հոլիվուդյան մի մեծ գիտաֆանտաստիկ էպիկայի երաժշտություն։ Այստեղ ֆլեյտայանման բարձրատոն արտաբերումների համասյանական համադրությունը արագասահ մատների խելացի աշխատանքի հետ ստեղծում է տարաշխարհիկ մի մթնոլորտ։ Հղացված լինի սա իբրեւ այլաբանություն մարդկային գոյատեւման համար, թե հայ մշակույթի փյունիկանման վերածննդի, թե գուցե պարզապես փաստի, որ բոլորս առավոտյան զարթնում ենք, իսկ ապա քնում՝ նորից սկսելու համար, երաժշտական այս գործն ինչ-որ ձեւով հաջողացնում է հավերժական ճշմարտությունը հասցնել ունկնդրին։ Ոճականորեն՝ կոմպոզիցիան հետեւում է հայկական ժողովրդական երաժշտության տետրակորդային հիմքին, որում մի պարբերության վերջին նոտան դառնում է հաջորդ պարբերության սկիզբը՝ անվերջ հոսելով անծայրածիր ժամանակի ու տարածության մեջ՝ ասես կարող է շարունակ ծավալվող տիեզերքի նման հար ու հանապազ ծնունդ տալ նոր ելեւէջների։ Իսկ (վերա)ծննդի իրական ընթացքը կարծես զարգանալով բացվի լույսի ու խավարի անցումներում, թեթեւի ու ծանրի վերակերպումներում, արագացող ու դանդաղող տեմպի մեջ, որը վերջիվերջո, գրեթե աննշմար, մոտենում է ավարտին։
«Ancient Observer» գործն արտացոլում է ինչպես Համասյանի խորը արմատավորվածությունն իր մշակույթում, այնպես էլ անցողիկի ու հավերժականի միջեւ դարավոր փոխազդեցությունը։ Ինչպես հեղինակը բացատրում է ալբոմի գովազդային նկարագրության մեջ, ամեն առավոտ պատուհանից նայելով Արարատի ձյունոտ գագաթին՝ «… Ես դիտում եմ այն վեհությունը, որ ունի այս նիրհող հրաբխային հսկան, որը գոյություն է ունեցել միլիոնավոր տարիներ, եւ որին նայել են դարերով՝ Արարատյան դաշտի Կուր-արաքսյան մշակույթի կրողներից մինչեւ մերօրյա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։ Ես կարող եմ տեսնել միեւնույն թռչուններին, կենդանիներին, միեւնույն գետերն ու լեռները, որոնք 4,000 տարի առաջ ապրած արհեստավորը պատկերել է կավե անոթներին։ Նա դիտել է նույնը, ինչ ես հիմա՝ թողնելով արդյունքում արվեստի գեղեցիկ ստեղծագործություն»։ Միեւնույն զգացողությունն ես ունենում, երբ լսում ես Համասյանին։ Սա նկարագրելու լավագույն ձեւն այն է, որ կարծես թե զգում ես՝ ինչպես ես ինքդ՝ կենդանի, բայց անջատ, սավառնում տիեզերական տարածության մեջ ու նայում ցած՝ աշխարհին։ Եւ, այո, այս երաժշտության մեջ կա նաեւ մի քիչ ցնորածին բան, որի պատճառով ամենածանոթ բաները դառնում են տարօրինակորեն ուռճացված ու աղճատված։
Մեզնից դարեր հետո երեւի տակավին անհայտ մի տեխնոլոգիայի օգնությամբ որեւիցե նկարիչ կամ երաժիշտ ուրիշ պատուհանից կհիանա միեւնույն լեռով, միեւնույն թռչուններով ու կենդանիներով։ Բայց այս անգամ, նկարազարդ կավե սափորի փոխարեն, նա դիտելու է գեղեցիկ մի սիմֆոնիա, որը հեղինակել է ոչ այլ ոք, քան ինքը՝ Տիգրան Համասյանը։
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ - ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԻՍԿՈԳՐԱՖԻԱՆ
Սոլո-ալբոմներ
2006 «World Passion» (Nocturne)
2007 «New Era» (Plus Loin Music)
2009 «Aratta Rebirth: Red Hail» (Plus Loin Music)
2013 «Shadow Theater» (Verve)
2015 «Mockroot» (Nonesuch Records)
2015 «Luis i Luso» (ECM Records)
2017 «An Ancient Observer» (Nonesuch records)
Մինի-ալբոմներ
2011 «EP No. 1»
2014 «The Poet»
Համատեղ ալբոմներ
2010 «Abu Nawas Rhapsody» with Dhafer Youssef (Jazzland Records)
2011 «Lines Of Oppression» with Ari Hoenig (Naive/AH-HA)
2012 «Liberetto» with Lars Danielsson (The Act Company)
2012 «Lobi» with Stéphane Galland (Out There / Out Note)
2013 «Jazz-Iz-Christ» with Serj Tankian, Valeri Tolstov & Tom Duprey (Serjical Strike Records)
2013 «The World Begins Today» with Oliver Bogé, Sam Minaie & Jeff Ballard (Naïve Jazz)
2014 «Liberetto II» with Lars Danielsson (The Act Company)
2015 «Ancient Mechanisms» with LV (Brownswood Recordings)
2016 «Atmosphères» with Arve Henriksen, Eivind Aarset, and Jan Bang (ECM)
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[1] 2015 թ. հուլիսի 10-ի ֆեյսբուքյան գրառումից։
[2] Այստեղ է տեղի ունենում հայտնի ու քննադատների կողմից ճանաչում ունեցող Գյումրիի արվեստի բիենալեն։
[3] Ջոն Լուիս (24 հոկտեմբերի, 2013 թ.), The Guardian, «Տիգրան Համասյան. Դաշնակահար, որը ջազին հայկական շունչ է հաղորդում» ("Tigran Hamasyan, the Pianist Giving Jazz an Armenian Twist," The Guardian)
[4] Զահրատը արեւմտահայ գրող Զարեհ Յալտըզճյանի (1924-2007) գրական կեղծանունն էր։ Նա ծնվել էր բյուզանդական հինավուրց մայրաքաղաքի Նիշանտաշը թաղամասում եւ գրում էր պարզ ու միաժամանակ լիրիկական պոեմներ, որոնք ազդված էին դասական պարսկական բանաստեղծությունից եւ մոդեռնիստական ու մինիմալիստական փորձարկումներից։ Նրա «Մեծ քաղաքը» դասական գործը (1960) մնում է 20-րդ դարի հայկական եւ եւրոպական պոեզիայի որոշիչ հանգրվաններից մեկը։
ՀԵՂԻՆԱԿ
Քրիստոֆեր Ադամյանը բնիկ նյույորքցի է։ Լինելով Հարվարդի համալսարանի, Կոլումբիայի բիզնես դպրոցի եւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոդպրոցի շրջանավարտ՝ նա տարվում է պատմությունը պատմելու բոլոր ձևերով՝ լրագրողական, վիպական եւ ֆիլմային։ Նա գրել եւ թարգմանել է յոթ գիրք եւ հեղինակել մի քանի մրցանակակիր ֆիլմեր ու պիեսներ, այդ թվում՝ «Տագնապ դրախտում» ("Trouble in Paradise") 2006 թ.-ին։