top of page

Կյանքից մինչև ֆիլմ. Ալիկ Թամար Բարսումյանի որոնումները՝ բացահայտելու հայկական ինքնությունը

Ծանոթացե՛ք մեր 2023 Creative Armenia-AGBU Fellow, կինոռեժիսոր Ալիկ Թամար Բարսումյանի հետ:

Հունիսի 16, 2023թ. |  հեղ.` Creative Armenia

Alik Tamar Barsoumian_2023.jpg

Ալիկ Թամար Բարսումյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Շրջապատված լինելով արվեստով և  մեծանալով արվեստի միջավայրում՝ Ալիկ Թամար Բարսումյանը զարգացրել է ստեղծագործականությունը գնահատելու իր կարողությունը՝ իր տարբեր ձևերով և դրսևորումներով: Իսկ երբ եկավ ստեղծագործական գործիք ընտրելու ժամանակը, նա ձգտեց դեպի տեսախցիկը: Ֆիլմն իր դինամիկ և արտահայտիչ բնույթով կինոռեժիսորին տվեց անհրաժեշտ գործիքներ ուսումնասիրելու մարդկային փորձառության և սեփական ինքնության բազմաշերտությունը: Նրա ուշագրավ աշխատանքներից մեկը՝ Antuni/Homeless կարճամետրաժ ֆիլմը, որի և՛ սցենարիստը, և՛ ռեժիսորն Ալիկ Թամարն է, զգալի հաջողություն է ունեցել՝ արժանանալով «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին (Best Short Film) Newport Beach Film Festival-ում, ինչպես նաև ուշադրության արժանանալով մի շարք այլ համաշխարհային հեղինակավոր փառատոներում:

Միացե՛ք մեզ՝ ծանոթանալու մրցանակակիր կինոռեժիսոր և մեր 2023 Creative Armenia-AGBU Fellow Ալիկ Թամար Բարսումյանի հետ, ով կուղեկցի մեզ իր ստեղծագործական աշխարհ և կպատմի իր գալիք նախագծերի մասին:

Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեց լուսանկարիչ և կինոռեժիսոր դառնալու Ձեր ճանապարը։

 

Մեծանալով արվեստագետների և երաժիշտների ընտանիքում՝ իմ գիշերներն ու հանգստյան օրերի մեծ մասն անցել է երգչախմբի փորձերով, պարային բեմադրություններում և դաշնամուրային համերգներով: Իմ շուրջը ստեղծագործական համագործակցության ոգի կար, որն էլ, կարծում եմ, ի վերջո պատրաստեց ինձ որպես կինոռեժիսորի: Այս միջավայրերում հաճախ տարիքով ամենափոքրը լինելով՝ ես շատ ժամանակ ունեի հետևելու շուրջս կատարվողին և այդպես  սովորեցի լսել աչքերով: Ես իմ օրագրերում գրառում էի այն ամենը, ինչ տեսնում էի, ապա պահեցի դրանք մեքենագրված պատմությունների մեջ, և հետո, երբ 16 տարեկան էի, վերջապես ձեռքս վերցրի տեսախցիկը։ Իմ մեջ զարգացել էր մարդկային փորձառության նկատմամբ ունեցած հետաքրքրասիրությունը, և ստեղծագործելը դարձավ ինքս ինձ և իմ շրջապատը հասկանալու միջոց:

«Որպես սփյուռքահայ՝ ես շարունակում եմ կռիվ տալ միևնույն հարցի հետ. ինչպե՞ս ենք մենք սահմանում հայ լինելը:»

Պատմեք Ձեր ստեղծագործական ոգեշնչումների մասին՝ լինեն դրանք մարդիկ, իրեր, թե երևույթներ, և ինչ եք սովորել նրանցից:

 

Ինձ ամենաշատը ոգեշնչում են պատկերները՝ դրանք լինեն լուսանկարներ, կտավներ, թե ֆիլմերից կադրեր: Մեկ պատկերը կարող է առանց որևէ բառի պատմել մի ամբողջ պատմություն, և իմ աշխատանքն է հաջորդական պատկերների մեջ ամփոփել մի ամբողջական պատմություն։  Երբ նոր էի սովորում մոնտաժել իմ վաղ ժամանակ նկարահանած ֆիլմերը, ես հիացած էի պատկերները իրար միացնելու ալքիմիական գործընթացով: Յուրաքանչյուր պատկերի նպատակային տեղադրումը կարող է նոր իմաստ հաղորդել և օգնել ձևավորել դիտողի փորձառությունը:

Ձեր մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ Antouni/Homeless (2017), պատմում է մի սիրիահայ աղջկա մասին, ով բացահայտում է իր հոր՝ հայրենիքը լքելու մտադրությունը և չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ի՞նչը Ձեզ մղեց նկարահանել հենց այս պատմությունը:

 

Ինձ խորապես հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք սահմանում տան զգացումը, և իմ աշխատանքում ես շարունակաբար վերադառնում եմ այս թեմային: Որպես սփյուռքահայ՝ ես շարունակում եմ կռիվ տալ միևնույն հարցի հետ. ինչպե՞ս ենք մենք սահմանում հայ լինելը: Antouni ֆիլմով ես ձեռնամուխ եղա նկարահանելու այն տխրալի զգացողությունը, երբ կապված ես մի վայրի հետ, որը քեզ անհասանելի է թվում։Ես ուզում էի, որ հանդիսատեսը երիտասարդ աղջկա աչքերով տեսնի և ապրի տան բաղձալի զգացողությունը, ում ապագան վտանգված է տեղահանությամբ պայմանավորված:

Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow, իսկ հետագայում՝ որպես ստեղծագործ դեսպան:

Որպես Creative Armenia-AGBU Fellow, ես ցանկանում եմ ավարտել իմ վավերագրական ֆիլմի արտադրությունը և այլ հայ ստեղծագործողների հետ ստեղծել համայնք՝ մեզ բոլորիս միավորող այս փորձառության շուրջ: Որպես ստեղծագործ դեսպան՝ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ՝ դասավանդելով, վարելով սեմինարներ, կիսելով ֆիլմարտադրության ռեսուրսները և ապագա հայ կինոռեժիսորներին մենթորություն տրամադրելով:

bottom of page