top of page

Արևելքից արևմուտք  

«East-West Residency» ծրագրի արվեստագետ Ռուբեն Մալայանը վերադարձել է Բրյուսելից 

Հուլիսի 10, 2019  |  հեղ.` Creative Armenia

Գեղարվեստական ղեկավար, գեղագիր և 2019 «East-West Residency» ծրագրի արվեստագետ Ռուբեն Մալայանը հունիս ամիսն անցկացրեց Բրյուսելի Վիլա Էմպենում։ Այժմ, վերադառնալով Հայաստան, նա պատմում է իր փորձառության և գալիք ստեղծարար ծրագրերի մասին։   

CA-RubenMalayan-Milton_edited.jpg

CA. «East-West Residency-ն» Ձեր առաջին ստեղծարար կացության ծրագիրն էր։ Կպատմե՞ք Ձեր ընդհանուր տպավորությունների մասին։ Ինչպե՞ս ծրագիրը նպաստեց Ձեր ստեղծագործական աշխատանքներին։ 

ՌՄ. Կացության ծրագիրը տեղի ունեցավ Վիլա Էմպենում, որը 1930-ականներին կառուցված արտ-դեկո առանձնատուն է, որի էսթետիկ մթնոլորտը նրբագեղ ու տպավորիչ էր։ Ընդհանուր առմամբ, Բրյուսելի այդ շրջանը հայտնի է իր ճարտարապետական կոթողներով՝ հատկապես հենց 1930-ականներին կառուցված։ Մեկ ժամում կարելի է հասնել Ֆլանդրիա և այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Գենտը, Բրյուգգեն և Անտվերպենը, որոնք ինձ մեծապես տպավորեցին, քանի որ ես մեծացել եմ Հին Վարպետների կտավներով։ Անտոնիս վան Դեյքի և Պիտեր Բրեյգելի կտավները տեսնելը շատ հաճելի էր։ Իսկ երբ տեսնում ես այն գեղեցկությունը, որը ամբողջ կյանքում գնահատել ես, իհարկե ոգեշնչվում ես։ Տառերի մշակույթը ամենուրեք է, և պարզվում է, որ Բրյուսելն ավելի շատ Նոր արվեստի և արտ-դեկոյի ազդեցություններ ունի, քան գոթական արվեստի։ Քաղաքը լի է այգիներով և հանգիստ կյանքի ռիթմ ունի։ Հեծանվով տեղաշարժվելը հեշտ է, որը ինքս ամեն օր անում էի։ Գրեթե ամենուրեք կարելի է տեսնել վարպետորեն արված դասական հոյակերտ քանդակներ՝ նվիրված առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին։   

 

CA-RubenMalayan-AntonyVanDyck_edited.jpg

CA. Ստեղծարար կացության ընթացքում աշխատում էիք Ձեր «The Art of Armenian Calligraphy» գրքի  վրա։ Կպատմե՞ք գրքի մասին։ Նախագիծը առաջընթաց ունեցա՞վ, փոփոխությունների կամ անսպասելի շրջադարձների ենթարկվե՞ց։  

ՌՄ. Գրքի վրա իրականում սկսել եմ աշխատել դեռ 2010 թ.-ից, բայց դասական և արդի հայկական գեղագրության մասին ամբողջական ու օգտակար ուսումնասիրություն ստանալու միտքը հիմա ավելի իրական անհրաժեշտություն է դարձել, քանի որ մինչ այժմ նմանօրինակ գիրք չի հրատարակվել։ Գրքի կապը գրաֆիկ դիզանի և գրատպության հետ այն ավելի անհրաժեշտ է դարձնում գալիք սերնդի համար, որը չունի հղման աղբյուրներ և դժվարանում է ինքնուրույն առաջ շարժվել։ Գեղագրությունը գրատպության արգանդն է, որն էլ իր հերթին տեսողական արվեստի մեծ մասի հիմքն է։ Փորձարկումները կատարվում են թղթի վրա, և նրանք, ովքեր գիտեն ինչպես թղթի վրա աշխատել, հետագայում ավելի վարպետորեն են աշխատում թվային տարբերակով։ Խնդիրն այն է, որ սա պահանջում է համբերատարություն և կազմակերպվածություն, խորը կենտրոնացում և վճռականություն. այն հատկանիշները, որոնք ավելի ու ավելի հազվադեպ են դառնում։ Ես տեսնում եմ, որ իմ ուսանողների ամենամեծ խնդիրը կենտրոնացման ունակությունն է։ 

Նախագիծն առաջ տանելու համար ես դեռ պետք է գտնեմ խմբագիր և գրքի հրատարման համար ֆինանսավորում, որը, հուսով եմ, մոտ ապագայում կստանամ։ Մինչ այդ, ես շարունակում եմ իմ ուսումնասիրությունները՝ փորձելով ավելի շատ նյութեր հավաքագրել, որոնք ցաքուցրիվ են և դեռևս չարձանագրված։ 

 

CA-RubenMalayan-VillaEmpain-residence_ed

CA. Ստեղծարարացության ընթացքում հանդիպե՞լ եք դժվարությունների։ 


ՌՄ. Միակ անհարմարությունը անկանխատեսելի եղանակն էր։ Բայց Եվրոպայի այդ շրջանում մարդիկ իրենց օրը չեն պլանավորում ըստ եղանակի, այլ անում են այն, ինչ պետք է անեն։ 

 

CA. Կպատմե՞ք նախագծի ամենահիշարժան դեպքերի մասին։    

ՌՄ. Մի քանի դեպքեր կարող եմ նշել։ Ես հարցազրույց ունեցա Openhouse  իսպանական ամսագրի հետ։ Բավականին  հետաքրքիր զրույց ստացվեց գրական արվեստի և անհատական ու հավաքական հիշողության հետ դրա կապի մասին։ Հարցազրույցը շուտով կտպագրվի։

Մյուսը միջոցառում էր Վիլա Էմպենում. սիրիացի երգիչ, հարվածային գործիքների երաժիշտ Խալեդ Ալհաֆեզի համերգը՝ նվիրված արևելքի և արևմուտքի մշակութային երկխոսությանը։ Հարվածային գործիքներ շատ եմ սիրում, իսկ երաժշտի ձայնը խորաթափանց էր՝ սուֆիական ազդեցությամբ։ Միայն ափսոսում եմ, որ համերգն ավելի երկար չընթացավ։  

CA. Դուք ցանկանում էիք Բրյուսելի գրադարաններում և թանգարաններում հայկական գեղագրության ավանդույթի շուրջ ուսումնասիրություններ իրականացնել։ Հաջողվե՞ց դա անել։

    

ՌՄ. Բելգիայի թագավորական գրադարանը ունի գրքերի և ձեռագրերի հարուստ հավաքածու, բայց ես արդեն ծանոթ էի բոլոր նրանց, որոնք առնչվում են մեր ավանդույթին։ Ձեռագրերի հասանելի լինելն ու դրանք ուսումնասիրելն անշուշտ ավելի դժվար է, բայց պետք է մի բան հասկանալ. գեղագրությունը որպես արվեստի ոլորտ լայնորեն ընդունված է դարձել միայն ուշ 18-րդ դարում, և տպագիր գրքերի մեծ մասը համապատասխանեցվել է եվրոպական օրինակներին։ Իհարկե, Վենետիկն ու Վիեննան ունեն իմ հարցերի մեծ մասի պատասխանները, բայց հետազոտական ճամփորդությունը դեպի այդ քաղաքներից որևէ մեկը ապագայում է սպասվում։ Քանի որ չեմ սահմանափակվում հայկական ավանդույթով, ունեմ մեծ հետաքրքրություն նաև լատիներեն ձեռագրերի հանդեպ, որոնք եվրոպական լեզուների մեծ մասի գրավոր հիմքն են։ Ես ժամեր շարունակ ընթերցել եմ Ռուդոլֆ Կոխի և Հերման Ցափֆի գրքերը և վերջապես տեսել «Manuale Typographicum» գրքի ֆիզիակական օրինակը, որը ներառված է Հայաստանի ամերիկյան համալսարանի իմ դասընթացում։ Ես նույնիսկ ձեռքերումս պահեցի Ցափֆի բնօրինակ գործերից մեկը։ Կոխն ու Ցափֆը տպագրիչներ էին, որոնք ունեին ամուր գեղագրական հիմք՝ մի բան, որին այժմ հաճախ չես հանդիպի։ 

  

CA-RubenMalayan-Biblioteque-ZapfOriginal

CA. Ինչպե՞ս եք պատրաստվում կիրառել «East-West Residency» ծրագրի Ձեր փորձառությունը և ինչպե՞ս եք պատրաստվում շարունակել Ձեր աշխատանքը Հայաստան վերադառնալուց հետո։ 


ՌՄ. Տպավորություններս աշխատանքում ներդնելու համար ինձ որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի։ Ես սովորել եմ գոթական էսթետիկան հայկական ավանդականի հետ միաձուլելու մի քանի նոր ձևեր ՝ առանց ընթերնելիությունը վտանգի տակ դնելու։ Նոր «Այբ» ծնվեց ծրագրի վերջին օրերին, և ընդհանուր առմամբ ես շատ գոհ եմ արդյունքներից։

Իսկ մոտակա ապագայում, ես որոշել եմ Հայաստանում բացել գեղագրության դպրոց և պատրաստվում եմ աշխատել այդ ուղղությամբ։ Ես սիրում եմ տառերը ու սիրում եմ ուսուցանել, որը, կարծում եմ, մեր ժամանակների ամենակարևոր մասնագիտությունն է։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ունեն ժամանակի և փորձառության թեստն անցած գիտելիքներ և հմտություններ, այդ ամենը մյուսների հետ կիսելու քայլ անել։ Դա ամենակարևոր բանն է, որ կարող ենք անել, եթե ուզում ենք զարգացնել մեր երկիրը։

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Creative Armenia-ին ինձ էսթետիկորեն հարստանալու հնարավորություն տալու համար, և Պողոսյան հիմնադրամին՝ իրենց հյուրընկալության համար։  

bottom of page